HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը

Ամուսնու կողմից բռնությունների եւ խոշտանգման ենթարկված Հասմիկ Խաչատրյանի մասին «Հետք»-ի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 28-ին, նրա ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը, Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամլիրից վերցրել է իրենց 7-ամյա դստերն ու մինչ այժմ չի վերադարձրել: Երեխան գտնվում էր մոր՝ Հասմիկ Խաչատրյանի խնամակալության ներքո, բայց աղջկան դպրոցից տանելու մասին Սարգիսը որեւէ կերպ չի զգուշացրել նրան: Դպրոցում խոստացել է մի քանի ժամից երեխային հետ բերել, սակայն փոքրիկ Վարսիկի գտնվելու վայրի մասին մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը առ այսօր որեւէ տեղեկություն չունի:  

«Ես երեխային առողջ վիճակում տարել եմ դպրոց: Ժամը 11:00-ին դասղեկը զանգեց, ասաց՝ ամուսինդ տարավ երեխային, բայց խոստացավ 14:30 անպայման բերել: Այդ ժամին բարերար էր գալու դպրոց, որ երեխաներին լսողության ապարատներ բաժաներ: Երեխան անպայման ներկա պիտի լիներ, ինքը չբերեց: Հետո դասղեկը թե՝ գիտե՞ս, մեկ էլ տնօրենից թույլտվություն է վերցրել, որ երեխային տանի դատաբժշկի մոտ: Ինձ համար դա զարմանալի չէր, քանի որ գիտեի, որ ինքը պատրաստ է ինձ ամեն տեսակի վատություն անել»,- պատմում է Հասմիկ Խաչատրյանը:

«Հետքը» խոսեց Վարսիկ Հակոբյանի հոր՝ Սարգիս Հակոբյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով. «Հիմա ահավոր խառը իրավիճակ ա, ոչ մի բան չեմ կարող ասել: Թող ամեն ինչ դզվի, հետո կխոսեմ: Էլ մի շարունակեք»:

Սարգիս Հակոբյանը երեխային դպրոցից տարել է Գավառի հիվանդանոց՝ պատճառաբանելով, թե երեխան վատ է զգում եւ կապտուկներ ունի: Նա հրավիրել է նաեւ Գավառի դատաբժիշկ Վանիկ Զանյանին՝ արձանագրելու երեխայի կապտուկները՝ նշելով, թե մայրը բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ:

Վարսիկ Հակոբյանին պառկեցրել են Գավառի հիվանդանոցի մանկական բաժանմունքում՝ բժիշկ Անիկ Մհերյանի խնամակալության ներքո: Մոր՝ երեխայի վիճակն իմանալուն ուղղված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ Մհերյանը գոռացել է, թե ասելու ոչինչ չունի եւ եթե շատ է ուզում տեղեկություն իմանալ դստեր մասին, թող այցելի Գավառի հիվանդանոց:    

Վարսիկի մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը նոյեմբերի 29-ին նամակ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին, որում ասվում է. «Բժիշկ Մհերյանն, ակնհայտորեն դրսեւորելով շահագրգիռ մոտեցում եւ ցանկանալով անօրինական միջոցներով օգնել Վարսիկ Հակոբյանի (բախտագուշակ Վարսիկի) որդուն, առանց բժշկական ցուցումների երեխային պահել է հիվանդանոցում եւ հրաժարվել ինձ տեղեկատվություն տրամադրել դստերս առողջական վիճակի մասին: Գտնում եմ, որ բժշկի նման աշխատելաոճը հարիր չէ բուժաշխատողի կոչմանը եւ ակնհայտորեն ոտնահարում է իմ՝ որպես ծնողի իրավունքները»:

ՀՀ առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնեցին, որ հարցը դեռ ուսումնասիրման փուլում է եւ իրենք հետեւողական են լինելու այս գործին:

«Հետքը» փորձեց նաեւ կապ հաստատել բժիշկ Անիկ Մհերյանի հետ՝ ցանկանալով տեղեկանալ Վարսիկ Հակոբյանի առողջական վիճակի եւ ախտորոշման մասին: Անիկ Մհերյանը մեզ եւս հրավիրեց հիվանդանոց. «Էնքան են զանգել, արդեն չգիտեմ՝ ում ինչ պատասխանեմ: Եկեք տեղում, երեխային տեսեք, քարտին ծանոթացեք, եթե դրա իրավունքն ունեք ու ամեն ինչ իմացեք: Կամ դատական բժշկին դիմեք, ընկերներ: Երեխան դուրս է գրվել, տանն է, կայուն վիճակում գնացել է տուն, ինքը դուրս գրվելիս խնդիր չի ունեցել»,- նշեց Անիկ Մհերյանը:

Մեր հարցին ի պատասխան, թե հիվանդանոց ընդունվելու պահին երեխան ինչ խնդիրներ է ունեցել, բժշկուհին ուղղակի անջատեց հեռախոսը: Մենք հետեւեցինք Անիկ Մհերյանի խորհրդին եւ դեկտեմբերի 3-ին ուղեւորվեցինք Գավառի հիվանդանոցի մանկական բաժանմունք: Անիկ Մհերյանին բաժանմունքում չգտանք, իսկ երբ զանգահարեցինք, պատասխանեց, թե երեխայի բժշկական քարտն այս պահին հիվանդանոցում չէ, դատաբժիշկ Վանիկ Զանյանն առավոտյան այն վերցրել է:

Գավառի դատաբժիշկ Վանիկ Զանյանը մեր հարցին, թե արդյո՞ք Վարսիկ Հակոբյանի բժշկական քարտն իր մոտ է եւ ի՞նչ ախտորոշմամբ են երեխային ընդունել հիվանդանոց, պատասխանեց. «Քա՞րտը, հա ինձ մոտ է: Վրան ախտորոշված է սուր ալիմենտար գաստրիտ: Մեկ կապտուկ կա նաեւ աջ ազդրի վերեւի հատվածում՝ 8-10 օրվա վաղեմության: Ոչ մի այլ կապտուկ կամ ծեծի հետք չկա: Ես այդ մասին իմ եզրակացությունը վաղը կուղարկեմ հետաքննիչին»,- նշեց դատաբժիշկը:

Գավառի ոստիկանության հետաքննիչ Արմեն Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ դատաբժշկի եզրակացությունը դեռեւս չի ստացել: Եւ քանի որ գործը նախաքննության փուլում է, որեւէ այլ տեղեկություն տալ չի կարող:

Երեխայի աջ ազդրի կապտուկի մասին մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը տեղյակ է. «Ես այդ կապտուկը տեսել եմ, հարցրել եմ՝ էս ինչու է կապտել Վարսիկ ջան, ինքն էլ բացատրեց, որ ճոճանակին է խփել»:

Հասմիկ Խաչատրյանն արդեն 6 ամիս է, ինչ աղջկա՝ Վարսիկի հետ ապրում է Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցման կենտրոն» հկ-ի ապաստարանում: Նշյալ վայրում երեխայի հետ աշխատում են սոցիալական աշխատողները, ովքեր որեւէ անգամ չեն նկատել Հասմիկի կողմից բռնություն՝ աղջկա նկատմամբ:

Վարսիկին Գավառի հիվանդանոց տեղափոխելու օրը «Կանանց աջակցման կենտրոն»-ի  սոցիալական աշխատող Ալվարդ Կարապետյանը զանգահարել է բժիշկ Անիկ Մհերյանին. «Ինքն ինձ ասաց, որ երեխան փսխումով է ընդունվել հիվանդանոց: Բացի աջ ազդրի հատվածի կապտուկը՝ նաեւ սրունքներն են կապտած, բայց ասաց, թե այդ կապտուկներն իրեն չեն հետաքրքրում: Պետք է երեխան մնա հիվանդանոցում, որ մի շարք հետազոտություններ անցնի»,- ասում է սոցաշխատող Ալվարդ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հասմիկ Խաչատրյանը Գավառի հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսն է: Հասմիկը ենթարկվել էր բազմաթիվ եւ տեւական բռնությունների ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի կողմից, որից հետո գիշերը փախել էր տնից: Հասմիկ Խաչատրյանը դիմել է Գավառի ոստիկանություն, որից հետո մի շարք պաշտոնյա անձինք, ինչպիսիք են պատգամավոր Հեղինե Բիշարյանը եւ Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, զանգահարել եւ հորդորել են նրան՝ հետ վերցնել դիմումը: Այդ անձինք ծանոթ-բարեկամական կամ հաճախորդական կապերի մեջ են Հասմիկի սկեսրոջ՝ հայտնի բախտագուշակ Վարսիկի հետ:

«Տեսնելով, որ ծանոթների լայն շրջանակով չեն կարողանում ազդել Հասմիկի որոշման վրա, հիմա որոշել են երեխային փախցնելու միջոցով նրան հետ պահել: Եւ ցավալին այն է, որ  երեխայի հայրը վատ չի զգում սեփական աղջկան որպես գործիք օգտագործելուց: Դա էլ այն դեպքում, երբ երեխան արդեն բազմաթիվ սթրեսների միջով է անցել, չի լսում եւ դժվարությամբ է արտահայտվում: Նման երեխային բժշկի հետ անօրինական համագործակցությամբ հիվանդանոցում պահելը, մորից զրկելն ուղղակի անընդունելի է»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն» հկ-ի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը:

Հ.Գ. Դեկտեմբերի 9-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հասմիկ Խաչատրյանի եւ Սարգիս Հակոբյանի երեխաների բնակության վայրը որոշելու պահանջի մասին հայցի քննությունը

Լուսանկարում Հասմիկ Խաչատրյանն է:    

Մեկնաբանություններ (3)

Anna
այս պատմությունը Հայաստանի մինչեւ ողնուծուծը ծախու համակարգի պատմություն է, որը թքած ունի մոր ու երեխայի իրավունքների վրա, եւ վախենամ թե իրավապահ մարմինների, դատարանի, բժիշկների՝ բախտագուշակից ծախվածությունը (միգուցե վախենում են որ Վարսիկն իրենց վրա վրա թուղթ ու գիր անի՞... ) արդար ելքի հույս գրեթե չի թողնում: Շնորհակալ ենք լրագրողներից, Թուֆենկյան հիմնադրամից, բոլորից ովքեր աջակցում են Հասմիկին: Եւ այնուամենայնիվ հուսանք որ հնարավոր է որ աղքատի արդարությունը միլիոնից մեկ դեպքում հաղթի մեր այս մոլորված երկրում...եւ ամոթ երեխայի տատ ու պապին ովքեր ամեն գնով պատրաստ են քողարկել իրենց հանցավոր որդու քայլերը, խաղալով երիտասարդ կնոջ ու երեխայի ապագայի հետ:
Anna Sh
nrank ovker mor@ vaxecnum en erexayov, chpetk e tex unenan ays hoxi vra. uxaki hasarakutyun@ petk e kazmakerpvats paykari ayspisi molaxotneri dem. bayc ,cavok, mer hasarakutyun@ shat antarber e urishi cavi nkatmamb. isk iravakan marminer@ gone ayspisi depkerum tox moranan kasharki masin ev ajakcen ays vijakum gtnvats kananc. tox mtatsen vor nranc texum karox e haytnvi irenz kuyr@ kam axjik@...........
Marine
amen kerp payqarele petq nman erevutyuneri vra. Nman kendaninere tex chunen es kyanqum, ovqer ogtagorcelov sepakan erexayin porcum en vrezh lucel. Astvac hamberutyun ta Hasmikin, huysov em mi or ardarutyune ir koxme klini. P.S. aprelov US-um, aveli apahov em zgum indz, imanalov vor bolorn orenqi araj havasar en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter