HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրեցին պիտի իր աչքով տեսնի իր քաղաքի վերականգնումը»

Երկրաշարժից 25 տարի անց

Բեմի վրա էլեկտրասյան թեք պատկերն է: 25 տարվա վաղեմություն ունեցող աղետից դեռ լիովին չապաքինված Գյումրու սիմվոլիկ ներկայությունն են ապահովել համերգի կազմակերպիչները: Մեկ ժամից «Բամբիռ» խմբի համերգն է՝ նվիրված երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Վերջին փորձն է: Ջագը (Գագիկ Բարսեղյան, «Բամբիռ» խմբի հիմնադիր եւ ղեկավար.-հեղ.) ուսերին է գցում բրդյա տաք ծածկոցն ու տեղավորվելով աթոռին՝ խնդրում է բեմ բերել երկաթյա վառարանը:

Ես կրկին հիշում եմ այդ օրը՝ 1988թ-ի դեկտեմբերի 7-ը, եւ հոգեմաշ նվվոցի մեջ անցնող հաջորդող բոլոր օրերը: Աչքիս առաջ հառնում են ավերակ քաղաքը, անտուն, անօթեւան մարդիկ, շենքերի փլատակներ, գիշերները ծածկոցների տակ պատսպարված, ձմռան ցրտին խարույկների մոտ տաքացող, անտանելիորեն ուշացող լուսաբացին անհամբեր սպասողներ: Ու անվերջանալի, մաշող ժամեր, րոպեներ, վայրկյաններ, որոնք դառնում են օրեր, շաբաթներ ու… հարազատին, բարեկամին կենդանի, թե մեռած գտնելու հույսը սրտերում մի դագաղից մյուսն անցնող, փլված շենքերի մոտ ողբացողների ու կորցրածին գտածի ուրախությամբ միմյանց աչքալույս տվող մարդկանց տխուր դեմքեր:

«Ժաժքն ելավ՝ իր հետ բերելով հոգսերի ձմեռ: Քաղաքն ավեր, փողոցները կույր», -երգում է Ջագը: «Հերիք է ոռնաս, հերիք երգես՝ հոգսերի ձմեռ, երգիր մի քիչ մեղմ»,- խնդրում է երգիչը: Դահլիճում արտասվում են: Երիտասարդ մի աղջիկ երգչի հետ կամացուկ մրմնջում է. «Օ՜ տխուր է, տխուր է, տխուր է…»:  

Դահլիճում ազատ տեղ չկա ու երիտասարդներից շատերը նստած են աստիճաններին: Նոյեմբերի 24-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում հիմնականում հավաքվել են «մեծ եւ փոքր», ինչպես գյումրեցիներն են սիրում նրանց անվանել, «Բամբիռ»-ների երկրպագուները: Համերգն ավարտվում է լավատեսական նոտայով: Ինչպես նախապես պայմանավորվել էին, ծափերը հնչում են միայն ամենավերջին երգի ավարտին:

Ջագի հետ հանդիպում ենք համերգից մի քանի օր անց իր բնակարանում: Ասում եմ, եկել եմ` զրուցենք, ոչ մի պաշտոնական բան: Քմծիծաղ է տալիս: Խնդրում է «Բամբիռի» ստեղծման պատմությանը չանդրադառնալ: Ասում է, որ հոգնել է ամեն անգամ նույն բանը լրագրողներին ասելուց եւ հետո` 1978 թ-ից մինչեւ օրս անցած իր ուղին արժանի է, որ մարդիկ առանց իր պատմելու էլ դա իմանան: Վերջին միտքն ասում է ծիծաղելով, հանգցնում ծխախոտը՝ այդպես էլ չխոստանալով, որ չի ծխի:

«Պրոյեկտը՝ նվիրված երկրաշարժին, ծնվեց 1998թ-ին, այդ ժամանակ համերգներով Ամերիկայում էինք»,- ասում է Ջագն ու տեղից վեր կենալով` սկսում է պահարանում ինչ-որ բան փնտրել: «Ահա, գտա, -ձեռքին ձայներիզ է, -էս դիսկը Ամերիկայում ձայնագրեցինք ու կոչեցինք «Ժաժք», անգլերեն՝ «Quake»: Կարող էինք գրել նաեւ «Երկրաշարժ», բայց մեր բարբառով ասած, դա իսկական ժաժք էր, ավեր: Մինչեւ հիմա էլ գյումրեցիք ասում են ժաժք՝ էդ բառի մեջ դնելով եւ էդ օրվա սարսափը, եւ ցնցումները, եւ իրենց կորուստը»:

«Չինացին մի լավ խոսք ունի, ասում է արհավիրքները երկնքից են գալիս, բայց Աստված մի արասցե, եթե մարդկային արհավիրքների հանդիպես, -Ջագը ալիքի նմանվող շարժումով ձեռքով ինչ-որ բան է գծում օդում, հետո կտրուկ իջեցնելով՝ մեկնում սեղանին դրած ծխախոտին,- ջղայնացա, ես էլ հենց ջղայնանում եմ, պիտի ծխեմ: Էս թեմայով խոսալուց ներսս եփվում է, որովհետեւ մինչեւ հիմի էլ մարդիկ համոզված են, որ սա սովորական ժաժք չէր. էստեղ մարդու մատը խառն էր: Ամեն դեպքում ինչ-որ մի բան եղավ: Չորս ալիք խփեց, հետո էդ գվվոցը, էդ ձեւի բան ոչ մեկս չէինք տեսել ու զգացել: Չէ՜, սովորական երկրաշարժ չէր, ժաժք էր, որ ելավ ու Գյումրին ավիրեց»:

Ասում եմ, թե ես էլ եմ լսել այդ վարկածը: Տարին մեկ անգամ այդ մասին գրում են, բայց պաշտոնապես ոչ ոք դա չի հաստատում: Ջագը, տեղից բարձրանալով, նորից է մոտենում պահարանին ու ձեռքին ինչ-որ մի փոքրիկ գրքույկ՝ վերադառնում սեղանի մոտ: Կազմին «Փակ փողոցի» նշանն է: Մեքենա վարողներն այդ նշանը լավ են ճանաչում:

«Ես ուզում էի, որ բեմին, սյան վրա փակ փողոցի նշանը լիներ: Գիտես, «փակ փողոց» արտահայտությունը թե հայերեն, թե անգլերեն մի քիչ ուրիշ է հնչում, ոնց ասեմ, մի տեսակ կուլտուրական: Տուպիկ՝ իսկական իմաստը սա է, փակուղի: Ասելիքս ինչ է, որ մենք էսօր տուպիկի առաջ ենք կանգնած: Ժաժքից անցել է 25 տարի, ու վստահ կարող եմ ասել, որ մեր իրականությունը տուպիկի առաջ է. փակուղի է, ոչ թե փողոցի իմաստով, այլ ինտելեկտի, վիճակային, ընտրության առումով: Ասում են արտագաղթ: Դժգոհում են, թե մարդիկ ինչու են գնում, բա ի՞նչ անեն: Ընտրությունը տուպիկային է, հասկանու՞մ ես: Մարդկանց մեղադրում են, թե ինչի են լքում երկիրը… ելքը չեն տեսնում, լույսը չեն տեսնում, դրա համար էլ գնում են»:

Շունչս պահած` հետեւում եմ Ջագին ու չեմ սխալվում՝ ձեռքը մեկնում է ծխախոտին ու ես նորից չեմ կարողանում ստիպել ինձ, որ խնդրեմ չծխի: Ախր համ իրեն է վնաս, համ ինձ, բայց հասկանում եմ նաեւ, որ ջղայնացած է ու պիտի քաշի «համբերանքի չիբուխը»:

«Վերցնենք թեկուզ մեր քաղաքի վերականգնումը, -շարունակում է Ջագը՝ ծխից կկոցելով աչքերը,- 25 տարի է կսարքեն, էլի դոմիկավոր ընտանիքներ, էլի անտուն մարդիկ, վերջը չի երեւա: Էս մեր հայերի արյան մեջ է երեւի էդ կիսատ-պռատության զգացումը: Մերոնք պրոցեսն են սիրում: Ավարտե՜լ, տեսքի բերել, չէ՜, չկա էդ հասկացությունը: Նարեկիս հետ Դուբայ էինք գնացել, գործիք պիտի առնեինք, մեր աչքի առաջ շենք սարքեցին 10-15 օրվա մեջ: Այ էս մեր շենքի դիմացը 25 տարի է չեն կարողանում սարքեն, բայց պրոցեսը սիրում են: Սաղ գաջոտ ման են գալիս, բայց մեջտեղը բան չկա: Ռեժիսորները մի լավ խոսք ունեն, որ ասում են. «ես սիրում եմ ներկայացման պրոցեսը, ոչ թե ավարտը»: Մեր հայեր այ էդ աշխատանքի պրոցեսն են սիրում: 25 տարի է էդ պրոցեսի մեջ ենք, սարքում են, սարքում, չենք պրծնում, էդպես էլ բա՞ն կլինի: Այ դրա համար էլ սաղ կիսատ է: Կիսատ քաղաք են սարքում, կիսատ-պռատ կրթություն են տալիս, ամեն ինչ թողնում են վերջին վայրկյանին ու վախենամ էս քաղաքն էլ թողնեն էսպես կիսատ»:

Կրկին վերադառնում ենք մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած համերգին: Ջագը խոստովանում է, որ հիացած էր հատկապես դահլիճում հավաքված երիտասարդ հանդիսատեսով:

«Սա նշանակում է, որ կա մի լուրջ հատված, որ լուրջ երաժշտություն է լսում՝ ռաբիսը, անորակը մերժող սերունդ ունենք: Չնայած, ասեմ քեզ, սովորեցնելու խնդիր է ընդամենը: Կուզես ամեն օր, մի տարի շարունակ, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան դիր, հետո հենց էդ երաժշտությունն են շվշվացնելով փողոցում քայլելու էս ջահելությունը, բայց եթե էս խեղճ երեխեքի ամեն օրվա լսածը ռաբիսն է, ես դրան անվանում եմ «բոշ-արդ», այսինքն էժան արվեստ, շատ դժվար է լինելու ինչ-որ բան փոխելը: Ամեն ինչի էժանը, ցավոք մարդուն ավելի է դուր գալիս, արագ է ընկալում, մտածելու բան չունի: Բայց երաժշտությունը հենց մտածելու համար է: Իսկ մերոնց կարծիքով, երաժշտությունը ստեղծվել է մենակ քեֆ անելու համար, կրքերը դուրս տալու միջոց են համարում, այ էդ է վատը»:

«Բամբիռ»-ի ղեկավարն այն քիչ ավեստագետներից էր, որ մնաց ու չլքեց Գյումրին: «Շունչս կտրվում է,-խոստովանում է Ջագը,- թեկուզ Երեւանում: Չեմ կարողանում երկար ուրիշ տեղ մնալ: Գյումրին ուրիշ է: Ել, քո համար ման գալով գնա թատրոն, փորձդ արա, արի տուն: Սիրտդ ուզեց, հանդիպի ընկերներիդ, նստեք մի լավ քեֆ արեք, ենթադրենք, օրինակ եմ բերում: Ուրիշ տեղ Գյումրիի համն ու հոտը չկա, հնարավոր է պատճառն էդ է, որ չեմ կարողանում մնալ»:

Խոստովանում է, որ շատ է սիրում գյումրվա հանդիսատեսին, ասում է` ամենաանկախատեսելին է, ամենապահանջկոտն ու անհավատը: «Ինչու՞ անհավատ»,-հարցնում եմ զարմացած: «Բա՜, չգիտեի՞ր, ասեմ իմանաս,- Ջագը ծիծաղում է,- ասենք ներկայացում է: Բեմին, սեղանի վրա հեռախոս կա դրած, էդ հեռախոսը պիտի լար ունենա, ու էդ լարը գյումրեցին պիտի տեսնի, թե չէ չի հավատա. «ըբը զանգն ու՞րդից գուկար», էդ հարցը հնչելու է անպայման: Դրա համար էլ, որ  փեչը համերգի ժամանակ դրել էինք, էնպես արեցինք, որ մեջը կրակն երեւար: Ստանիսլավսկու «նե վերյուն» հենց գյումրեցի հանդիսատեսի համար է ասված: Գյումրեցին, եթե զգաց, որ խաբված է, հետո շա՜տ դժվար է հավատալու: Ասելիքս ինչ է, պետք չէ էս ժողովրդին խոստումներով կերակրել, խոստացել եք, արեք: Գյումրեցին պիտի իր աչքով տեսնի ամենակարեւորը՝  իր քաղաքի վերականգնումը»:

Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Շնորհակալություն, սիրելի Երանուհի Սողոյան շատ զգացմունքային և գեղեցիկ հոդվածի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter