HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիա-Իրան ներկա հարաբերությունների շուրջ

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Տարիներ առաջ արդի ժամանակաշրջանի ճանաչված արեւելագետ Բեռնարդ Լյուիսը կանխատեսել էր, որ մոտ է այն ժամանակը, երբ Իրանն ու Թուրքիան կփոխեն իրենց տեղերը` Իրանը կդառնա աշխարհիկ պետություն, իսկ նրա նախկին դերը կվերապահվի Թուրքիային: Այսօր, իհարկե, ժամանակավրեպ է խոսել Իրանում աշխարհիկ կարգեր հաստատվելու մասին, սակայն այն, որ Արեւմուտքի համար Իրանը բոլորովին նոր դերեկատարություն է ստանձնում, իսկ Թուրքիան էլ իշխող իսլամամետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքականության պատճառով մղվում է առավել բարդ միջազգային հարաբերությունների տիրույթ` փաստ է:

Նոյեմբերի 24-ին Ժնեւում Իրանի եւ «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ նախնական համաձայնությունը Մերձավոր Արեւելքում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել: Գրեթե բոլոր երկրները փորձում են գնահատել ռիսկերը, հաշվեկշռել հնարավոր մարտահրավերներն ու հնարավորությունները: Այս օրերին կարելի է նկատել, որ ողջ տարածաշրջանն ընկղմվել է «փոխըմբռնման հասնելու» գործընթացի մեջ: Իրան-Արեւմուտք հարաբերություններում տերությունների զգուշավոր լավատեսությունն ու հարաբերությունների բարելավման ցանկությունը տարածաշրջանի բոլոր երկրներին մղել է վերագնահատել իրենց արտաքին քաղաքական ծրագրերը:

Արեւմուտքի հետ մերձենալու արդյունքում Մերձավոր Արեւելքում Իրանի կողմից նոր դիրքեր գրավելու հավանականությունն առաջ է բերել տարածաշրջանի մի շարք երկրների հիմնավոր անհանգստությունը: Այնուամենայնիվ, Պարսից ծոցի երկրների վարքում միաժամանակ նկատելի է նաեւ ստեղծված իրավիճակին համապատասխան վերադասավորվելու անսքող ցանկությունը: Այդ են վկայում ժնեւյան համաձայնագրի ստորագրման կապակցությամբ պաշտոնական Դոհայի, Աբու Դաբիի, Էլ Քուվեյթի ողջույնի կոչերը, ԱՄԷ-ի արտգործնախարարի այցը Իրան եւ այլն: Ի տարբերություն դրա, շատ անհարմար վիճակում են հայտնվել տարածաշրջանի ծանր քաշայինները` Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան: Ուստի մտավախությունները փարատելու եւ ԱՄՆ դաշնակցային պարտավորությունների անբեկանելիությունը վկայելու համար ԱՄՆ նախագահին հարկ էր զանգել Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարներին: «Նախագահ Օբաման ընդգծել է ԱՄՆ-ի կոշտ հավատարմությունը Պարսից ծոցի իր բարեկամների ու դաշնակիցների նկատմամբ»,- նշվում էր Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի խոսքը հղող պաշտոնական լրատվության մեջ:

ԱՄՆ-ի այն ծրագիրը, որ Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան որդեգրեն արեւմտյան դաշնակիցների մատուցած «բարիդրացիության» նոր կուրսը, կարծես թե բավական խոստումնալից առաջընթաց է արձանագրել: Այդ է վկայում, մասնավորապես, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի պատրաստակամությունը` հանդիպել Իրանի նախագահին: «Ես պատրաստ եմ հանդիպել Ռուհանիի հետ, ես չունեմ թշնամիներ, ու մենք Իրանին չենք դիտարկում որպես թշնամի»,- ասել է Պերեսը Թել Ավիվում այս օրերին ընթացող բիզնես համաժողովի ժամանակ: Ամեն դեպքում թե՛ արաբական երկրները եւ թե՛ Իսրայելն առավել շատ հիմքեր ունեն հավատալու ԱՄՆ-ին եւ հավակնել, որ Իրան-Արեւմուտք նոր կառուցվող հարաբերություններում իրենց ազգային անվտանգության սպառնալիքները կփոխարինվեն համապատասխանաբար կամ տնտեսական համագործակցությամբ, կամ` ռազմաքաղաքական ծավալման նոր ծրագրերով:

Վերջին մի քանի օրերին Արեւմուտքի կողմից տարածաշրջանում Իրանի նոր դիրքերի ճանաչման առարկայական նշանները լուրջ մարտահրավեր են դարձել հատկապես Թուրքիայի համար: Այդ իսկ պատճառով, ոչ մի հեռախոսազանգ կամ պաշտոնական հավաստիացում չի կարող երաշխավորել պաշտոնական Անկարային (ի տարբերություն սաուդցիների ու հրեաների), որ նա կմնա այն նույն կարգավիճակում, որն ունեցել է Արեւմուտքի համար վերջին տասնամյակներում: Առաջին հայացքից թվում է, թե Իրանի շուրջ ընթացող նոր զարգացումների ֆոնին Մերձավոր Արեւելքում Թուրքիան շահավետ վիճակում է հայտնվել: Իր աշխարհագրական դիրքով նա հենց Իրանը Եւրոպային կապող օղակն է եւ էներգակիրների փոխադրման եւ առեւտրաշրջանառության գլխավոր պատուհանը կարող է դառնալ: Միաժամանակ վերջին տասնամյակներում Անկարան մշտապես որոշակի վերապահություն է ունեցել Արեւմուտքի հակաիրանական բոլոր ձեռնարկումներում, ինչպեսեւ «տարածություն» է պահել Իրանին բացահայտ վիրավորելու հարցում: Ի տարբերություն Իսրայելի եւ արաբական աշխարհի (սուննի իսլամի երկրների), նա Իրանի նկատմամբ մշտապես փորձել է պահել հարաբերությունների գործընկերային բնույթը: Սակայն նման զգուշավորությունը միեւնույն է չի կարող համոզել ոչ արտաքին աշխարհին եւ ոչ էլ հենց իրենց` թուրքական ու իրանական քաղաքական շրջանակներին (որքան էլ մեծ լինեն ցանկությունները), թե եկել է երկու երկրների ռազմավարական համագործակցության ժամանակաշրջանը: Մասնավորապես այդ է վկայում մեկ շաբաթ առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Թեհրանում արտասանած խոսքը: Նա Թուրքիայի և Իրանի ներկայիս հարաբերությունները համեմատել է Ֆրանսիայի ու Գերմանիայի հարաբերությունների հետ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաշնակիցներ են դարձել ու հիմնել Եվրամիությունը: Ըստ Դավութօղլուի թուրք-իրանական հարաբերությունները ունեն նույնպիսի կարեւոր ներուժ:

Երբեւէ միմյանց նկատմամբ անտագոնիզմով լցված Ֆրանսիայի եւ Գերմանիայի օրինակը վկայակոչելով` Թուրքիայի ԱԳ նախարարը լավագույնս ցուցանում է, թե ինչպիսի խորը հակադրություն կա ժամանակակից թուրքական եւ իրանական հանրությունների միջեւ: Եւ որքան էլ Թուրքիան փորձի թաքցնել իրական կանխատրամադրվածությունը, ակնհայտ է, որ Իրան-Արեւմուտք հարաբերությունների սերտացման նախաշեմին որքան էլ ցանկանա օգտվել Իրանի դեպի արտաքին աշխարհ բացվելու գործընթացից, նա այդ երկրի հարցում (եւ ոչ միայն այդ) լուրջ մարտահրավերների առաջ է կանգնել:

Այսօր արդեն նշմարելի են աշխարհաքաղաքական նշանակության մի քանի խնդիրներ, որոնք կարող են խաթարել Թուրքիայի բնականոն ընթացքը: Առաջին հերթին դա վերաբերում է «միջուկային զենք» կոչվող «ձեռնաշղթաներից» ձերբազատվող Իրանի շուրջ նոր կապանքներ ստեղծելու անհարժեշտության հետ: ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար առաջիկայում նոր կապանքներով Իրանին օղակելը կենսական նշանակություն ունի: Իսկ դա կարող է լինել ոչ թե Թուրքիայի միջոցով, այլ` Թուրքիայի հաշվին: Իրաքում եւ Սիրիայում բուֆեր տարածքներ դարձած Ինքնավար Քրդստանների գոյությունը, արտաքին աշխարհի կողմից Թուրքիայի տարածքում այդ կարգի հնարավորությունների օգտագործումն ամբողջությամբ տրամաբանական են դարձնում:

Մյուս խնդիրը վերաբերում է Իրանի հետ մերձենալու Թուրքիայի ցանկությանը: Նման դրվածքը եթե իսկապես կյանքի կոչվի, ապա ամբողջությամբ կոչնչացնի Մերձավոր Արեւելքի ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Ուստի Թուրքիայի այդ ցանկությունը, չնայած Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորման դրական ընթացքին, ամբողջությամբ հակասում է արեւմտյան տերությունների շահերին, որոնք պատրաստ են ամեն ինչ անել` խոչընդոտելու համար դեպքերի նման ընթացքը:

Մեկ այլ խնդիր է դարձել Հարավային Կովկասի եւ Սեւ ծովի նկատմամբ Ռուսաստանի գրգռված ախորժակի ի հայտ գալը, որը Թուրքիային Ռուսաստանի հետ «Լենին-Քեմալական» նոր պայմանագիր կնքելու հնարավորություններ է ընձեռում: Վերջինս որքան անընդունելի է Արեւմուտքի համար, նույնքան վտանգավոր է Իրանի համար: Եւ այդ իսկ պատճառով Հարավային Կովկասում ռուս-թուրքական երկուստեք շահավետ քաղաքականությունը դեմ է առնելու Իրանի եւ Արեւմուտքի նույնքան համակարգված դիմադրությանը (մասնավորապես Հայաստանում գազի գնի շուրջ Իրանի դեսպանի հայտարարությունները տեղավորվում են հենց այս համատեքստում):

Նշված խնդիրներն իրենց ամբողջության մեջ ցույց են տալիս, որ չնայած տեսականորեն դրական հնարավորությունների առկայությանը, Իրանի հարցում Թուրքիան գտնվում է բոլորովին աննախանձելի իրավիճակում: Հենց այս խնդրահարույց իրավիճակում էլ մեկ շաբաթից սպասվում է Իրանի նախագահի այց Թուրքիա: Բացի այդ, լրահոսում շրջանառվում են նաեւ տեղեկություններ Թուրքիայի վարչապես Էրդողանի Իրան կատարելիք հնարավոր այցի մասին: Թուրքական դիվանագիտությունն իր պատմության ընթացքում շատ խութեր է հաղթահարել, թվում է թե առաջիկայում սպասվելիք այցերի միջոցով կհաղթահարվեն նաեւ նոր մարտահրավերները: Ամեն դեպքում նապոլեոնյան ժամանակներից ի վեր` ուղիղ երկու հարյուր տարի, Թուրքիան (որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ) Մերձավոր Արեւելքում գործ չէր ունեցել միաժամանակ ծավալվող ռազմաքաղաքական երեք ուժերի հետ: Եւ ուստի այս քննությունը թուրքական դիվանագիտությունը իսկապես պետք է կարողանա հանձնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter