Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Գյուղնախարարն այցելել է Ծառուկյանի և Աբրահամյանի ձկնաբուծարան



ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ: Նախարարն այցելել է մարզի «Էկոֆիշ Թրեյդ» և «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ձկնաբուծարաններ:

Վերոնշյալ ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ջրի խնայողության նպատակով ներդնել ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգեր:

Աշխատանքային այցը նախարարը սկսել է Զորակ գյուղի «Էկոֆիշ Թրեյդ» ընկերությունից: «Հետքի» ընթերցողներին հիշեցնենք, որ «Էկոֆիշ Թրեյդ» ընկերությունը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա խնամի` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տնտեսությունն է

ՀՀ ԳՆ-ն հայտնում է, որ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, զրուցել է աշխատակիցների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Հայաստան ժամանած գերմանական E.M.F-ի ընկերության մասնագետ Լ. Լեբուսի հետ, ով ևս կարծում է, որ պետք է անցում կատարվի ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգին, քանզի անհամեմատ մեծ ծավալներով ջուր է օգտագործվում:

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքը. «Կարևորելով Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի ռացիոնալ օգտագործման հանգամանքը, ՀՀ Նախագահի մոտ 2013 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է գործնական քայլեր կիրառել Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում ջրի խնայողական համակարգերի, մասնավորապես, կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման ուղղությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության խնդրանքով հանրապետություն են ժամանել «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության և դանիական` «Բիոմար» ընկերության փորձագետները, որի արդյունքում մշակվել է ջրի կիսափակ համակարգի ներդրման տիպային նախագծեր»,- նշել է նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այնուհետ այցելել է Սիփանիկ գյուղում գտնվող «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ:

Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և զբաղվում է թառափազգի, ծիածանափայլ ու ոսկեփայլ իշխանի և կարմրախայտ տեսակի ձկների բուծմամբ: Նախարարն այցի ավարտին անդրադարձել է կիսափակ ջրամատակարարման համակարգի ներդրման կարևորությանը. «Այս համակարգի ներդմամբ մենք կտրուկ կնվազեցնենք ձկնաբուծության նպատակով օգտագործվող Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի պաշարները: Վերոնշյալ տեխնոլոգիան թույլ է տալիս ձկնաբուծական ավազանի ելքային ջրերի 70%-ը դարձյալ օգտագործել: Քանզի օգտագործված ջուրը, մեխանիկական և կենսաբանական ֆիլտրերի միջոցով մաքրվելուց և թթվածնով հարստացվելուց հետո, հետ է մղվում ձկնաբուծական ավազաններ»,- ասել է նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների համաձայն, հանրապետության ձկնաբուծության ոլորտում, ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի ևս կարձանագրվի կտրուկ աճ: 2013 թվականին հանրապետությունում կարտադրվի 11.0-11.5 հազար տոննա ապրանքային ձուկ, որը 30%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Ընթացիկ տարում ավելացել են նաև ձկան արտահանման ծավալները. 2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 1885 տոննա ձուկ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 2000 տոննա ձուկ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ