HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թքած ունեն քեզ, գրականության ու քո արած-չարածի վրա»

Օրեր առաջ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ Հասմիկ Հակոբյանը ԳՄ-ից դուրս գալու մասին որոշում են կայացրել: ԳՄ-ում նկատելի աժիոտաժ է ստեղծվել ԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանի՝ «Է» բանաստեղծությունների ժողովածուն պետական մրցանակի ներկայացնելուց հետո: ԳՄ-ից դուրս գալու մասին զրուցեցինք Արքմենիկ Նիկողոսյանի հետ.

-Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ գրողների միությունից:

-Եթե հիմա պտասխանեմ, գուցե մի քիչ պոետիկ հնչի, բայց իմ մեջ վիրավորվածության զգացողություն կա: Ասեմ՝ ինչո՞ւ: Ես տեսա, որ այն միջավայրում, որտեղ ես ու իմ ընկերներն ուզում ենք որևէ լավ բան անել գրականության համար, թքած ունեն քեզ վրա, գրականության առաջընթացի համար քո թափած ջանքերի, քո արած-չարածի, և ամենակարևորը՝ հենց գրականության վրա, որովհետև այն մղումները, որոնք մեզ շահագրգռում էին աշխատել այս դաշտում, գրողների միության, մեր գրականության համար, պարզվեց, որ ավելի ստորադասելի են, քան անցողիկ, պահի թելադրմամբ ծնված որոշումները և ցանկությունները: Այդպես էլ չընկալվեցին՝ թե պետական մրցականաբաշխությունից առաջ արված իմ հայտարարությունները, թե իմ և Հասմիկ Հակոբյանի այս քայլը, որը հանուն գրականության և հանուն գրողների միության էր: Սա նաև յուրօրինակ բողոք էր այն քարացվածության դեմ իմ սերնդի և իմ ապրած ժամանակի համար: Իմ ժամանակն ու իմ սերունդը ստեղծում են արժեքներ, բայց մենք անընդհատ հետ ենք նայում՝ այդպես էլ առաջընթաց չգրանցելով այդ միությունում:

Անկեղծ ասած, սպասում էի, որ պարոն Միլիտոնյանի առաջին քայլը՝ որպես գրողների միության նախագահի, կլիներ իսկական շոկային, իսկ ավելի շոկային բան մտածել, քան հրաժարվելն էր այդ պետական մրցանակաբաշխությանը մասնակցելուց, չէի էլ պատկերացնում: Ցավոք, այնպիսի վիճակ է ստեղծվել, որ այդ վիճակի դեմն առնելը, փաստորեն, ստացվեց, որ չենք կարող առնել: Ցավո՛ք, ցավո՛ք, ցավո՛ք, մեր երկրում, հատկապես գրականության բնագավառում, հատկապես այն ոլորտներում, որտեղ գումարի, մրցանակի հարց կա, շարունակում են դեր խաղալ ծանոթ-բարեկամ-ընկեր հարաբերությունները, անունները, և մրցանակներ ու որոշումներ են տրվում անգամ առանց գրքերը կարդալու:

Վիրավորվածություն կա նաև մասնագիտական առումով: Ես, որ ծանոթ եմ մեր ամբողջ գրական դաշտին, բարեխղճորեն կարդում եմ գրեթե այն ամենն, ինչ տպագրվում է, սակայն  բարեխիղճ մարդու ձայնը, փաստորեն, որոշիչ չէ և ստորադասվում է այն մարդկանց քմայքին, որոնցից շատերը 20 տարի է՝ գիրք չեն կարդացել, գիրք ընդհանրապես չեն բացում և առաջնորդվում եմ լոկ անձնական նկատառումներով:

-Եթե կարելի է, կհիմնավորե՞ք կամ կմանրամասնե՞ք՝ ինչո՞ւ, օրինակ, գրողների միության նոր նախագահն իր թեկնածությունը չէր կարող ներակայացնել պետական մրցանակի:

-Սա երևի ամենակարևոր կողմն է: Ես ընդունում եմ և նաև կողմ եմ (սա նախկինում նույնպես ասել եմ), որ պարոն Միլիտոնյանը գրողների միության նախագահ լինելուց առաջ կամ նախագահ լինելուց զատ, գրող է, ընդ որում՝ տաղանդավոր մարդ, որ բոլոր իրավունքներն ուներ իր գիրքը ներկայացնելու պետական մրցանակի և իրավունք ուներ ստանալ այդ պետական մրցանակը, բայց այսօր մրցանակներ ստանալուց, բարեկեցություն ապահովելուց, մեր անձնական խնդիրները լուծելուց զատ, ապրում ենք մի ժամանակում, երբ չափանիշներ հաստատելու խնդիր ունենք, մեր հանդեպ՝ գրողների և գրողների միության հանդեպ խարխլված հավատքը վերականգնելու, ընթերցողին դեպի գրականությունը բերելու խնդիր ունենք: Սա ոչ թե արժեքայնության առումով եմ ասում, որ նա պետք է չմասնակցեր, այլ լոկ՝ որպես ժեստ իր կողմից:

Ես վստահ եմ, որ նա այդ քայլն անելուց հետո վաղը կամ մյուս օրը այլևս չի կարողանա ինչ-որ բան չափանշել՝ թե՛ գրողների միությունում, թե՛ մեր գրական կյանքում: Եթե նա սկսի չափանշելու փորձ անել, այլևս չի կարող, քանի որ նախադեպն արդեն կա: Իմ ասած ձևաչափը, եթե կարելի է այդպես անվանել, պարոն Միլիտոնյանն այդ մի քայլով միանգամից կարող էր բարձրացնել՝ և գրողների միության նախագահի, և գրողների միության հեղինակությունը:

-Այսինքն՝  պետական մրցանակի մի՞թե միայն մեկ հոգի իրավունք ունի ներկայացնել իր թեկնածությունը:

-Ոչ, պետական մրցանակի իրավունք ունի ներկայացնել ՀՀ  յուրաքանչյուր ստեղծագործող քաղաքացի, ով գիրք է ստեղծում, ով գիրք է գրել: Խոսքն, ախր, ոչ իր գրքի արժեքայնության մասին է: Իմ մասնագիտական խղճի առջև մեղք գործած կլինեմ, եթե ասեմ, որ նրա գիրքը վատ գիրք է: Խոսքը դրա մասին չէ:

Հայաստանում 4-5 գրողներ կան, որոնք եթե անգամ պետական մրցանակի հանձնաժողովին ներկայացնեն գիրք, որի մեջ միայն սպիտակ թղթեր կլինեն, իսկ կազմի վրա իրենց անունները, կստանան այդ մրցանակը, որովհետև չեն բացում, չեն կարդում, պարզապես ասում են՝ այս հեղինակն է, մրցանակը տալիս ենք նրան:

Իմ քայլը պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է մի միջավայր, որտեղ թքած ունեն ջանքի, զոհողության, և ամենակարևորը՝ գրականության վրա: Ես չեմ ուզում շարունակել իմ աշխատանքն այդ մկջավայրում, որովհետև մի շատ կարևոր փաստարկ էլ կա (թող սա գլուխգովանություն կամ մեծամտություն չլինի). ես գրողների միության շարքային անդամ չեմ, այլ գրողների միության համար աշխատող, մեր գրականության համար գոնե մի բան անող անդամ եմ և ուզում եմ, որ իմ ջանքերը շարունակելով ծառայեն մեր գրականությանը, ծառայեն ճիշտ ուղղությամբ՝ ոչ գրողների միության շահերին: Ես վերջնականապես համոզվեցի, որ գրողների միություն և գրականություն կատեգորիաներն իրար հետ կապ չունեն:

-Ձեր դուրս գալու մասին որոշմանն ինչպե՞ս է արձագանքել գրողների միության նախագահը:

-Այդ որոշումն ինձ հեշտ չի տրվել: Ես համբերատար մարդ եմ և արդեն 12-13 տարի այդ ոլորտում եմ: Այդպես չէ, որ հեշտությամբ որոշել եմ դուրս գալ այդ միությունից, կապերս խզել այդ կազմակերպության հետ: Տարբեր զանգեր են եղել, իմ ընկերները, բարեկամները տարբեր գնահատականներ են տվել: Առավոտյան խոսել եմ պարոն Միլիտոնյանի հետ: Նա հարցրեց, թե արդյոք իմ որոշումը վերջնական է: Ես ասացի՝ այո: Մենք ունեցել ենք շատ ջերմ զրույց: Ես իրեն ասացի, որ այս ամբողջը ոչ իր դեմ է, ոչ իր գրքի դեմ է, ոչ էլ գրողների միության դեմ է, այլ գրողների միության կաստայական խմբի ձևավորած անառողջ մթնոլորտի դեմ է:

-Արքմենիկ, Դուք՝ որպես գրականագետ, ի՞նչ եք կարծում՝ Միլիտոնյանի գիրքն արժանի՞ էր պետական մրցանակի ներկայացնելուն:

-Ուզում եք՝ համարեք պատասխանից խուսանավում... Ես պարբերաբար կրկնում եմ՝ պետական մրցանակի պետք է արժանան այն գրքերը՝ լինի ժողովածու, վեպ, վիպակ, որոնք մեր գրականության համար ունեն հանգրվանային արժեքներ: Ես այն կարծիքին եմ, որ պետական մրցանակը պետք է շնորհվի ոչ թե 2 տարին մեկ, այլ 5 կամ 10 տարին մեկ:

Մեկնաբանություններ (6)

Լ. Մ.
Նախ դու իրավունք չունես հեգնաբար խոսել վաստակ ունեցող մարդկանց մասին, հետո ինչ ես արել, քանի արժեքավոր գիրք ես գրել, կամ ով է ասել, որ գրականգետը, որ դեռ կայացման խնդիր ունի, պետք է ինքը որոշի գրողների ճակատագիրը? Հասմիկն ով է, քանի արժեքավոր գիրք ունի գրած, դուք ձեզ համար սայթեր եք ստեղծում և ուրախանում? Միլիտոնյանն արժանի էր, նա քեզնից շատ բան ունի արած, ոնց ես համարձակվում քեզ այդպես պահել? Դե այնպես լինի որ ձեր թքածը չլիզեք: Եթե քո ուզած մարդը չի անցել, ուրեմն բարի եղիր անցնողին հարգես: Այդ նույն գրողների միության մեջշատ մեծ ու պատկառելի գրողներ են եղել, և դուք, նորելուկներդ իրավունք չունեք վիրավորել մարդկանց:
ominac
Ճիշդ է որ գրողներու միութեան եւ գրականութեան կարգերը իրար հետ կապ չունին, բայց նաեւ պետութիւն եւ գրականութիւն կարգերն ալ իրար հետ կապ չունին․ Գրողներու միութիւնը իրականութեան մէջ ձրի դրամի աղբիւր է, այն ինչ որ գրողը չի կրնար առնել ազատ շուկայական պայմաններու դիրքերէն, պիտի փորձէ գրողներու միութեան նման կազմակերպութիւններէն առնել, եւ ուր ձրի դրամ կայ, միշտ երկար հերթ պիտի ըլլայ․ Պետութեան գործը չէ գրականութիւն գնահատելը, փոխանակ իր գործով զբաղուի, մարդու իրաւունքը պաշտպանէ, իրաւական մարմիններու անարդարութեան հետեւէն երթան, նայիր ինչով ժամանակ կանցնեն․ մի քանի մրցանակով, բոլոր գրողները իրենց ազդեցութեան տակ կառնեն․ Եթէ պիտի գրես բան մը որ ժողովուրդը պէտք ունի, արդէն շուկան պիտի վարձատրէ քեզի, եթէ ժողովուրդին անպէտք է, եւ դուն ալ քու դիրքդ փոխելու միտք չունիս, եւ շուկային ենթարկուիս, այն ժամանակ, գրողներու միութիւնը այն միջավայրերէն մէկն է որուն մէջ պիտի ձգտիս, եթէ դրամ պիտի շահիս, գլուխդ բարձր պիտի ապրիս, շուկան միակ ընկերդ է, երանի կեանքը աւելի դիւրին ըլլար, բայց պիտի պայքարիս եւ գտնես այն շուկայի պահանջը որ եւ դուն կրնաս օգտուիլ եւ կարդացողը․ Դժբախտաբար, բարձր գրականութիւնը որ կը ձգտիք ստեղծել, ձեր օրուան ժամանակի միայն փոքր մասը կրնաք անցնել, մնացածը, առօրեայ հոգսերով,ոչ բարձր մակարդակի գրականութեան մշակմամբ պիտի անցնէք․ որոնք ոչ մրցանակի համար ոչ ալ յարատեւութեան համար․ Հաւատայ որ, առանց ծանօթի դրամ սարքելը ամէնէնն մեծ մրցանակն է որ կեանքիդ մէջ պիտի ունենաս․ Մրցանակ մը որ բոլոր կեանքդ, եւ պիտի յիշես եւ պիտի գնահատես․
Marine
Գրականության մեջ վաղուց կան հաստատված չափանիշներ, դուք չէ, որ պետք է նոր չափանիշ ստեղծեք: Միլիտոնյանն արժանի էր ու ստացավ: Իսկ ձեր դուրս գալ, չգալը ոչինչ չի փոխի, և ոնց դուրս գաք, այնպես էլ հետ եք կգնաք: Առաջ բողոքում էինք, որ Անանյանը գրող չի, հիմա էլ այդ մարդը գրող է, էլի դժգոհում եք:
Եսիմ
Հիմա համացանցը ցնցելն ավելի պատվավոր գործ է քան գիրք գրելն ու գրող դառնալը... ցավոք սրտի.
Եսիմ
Հիմա գրողներին ով ե ճանաչում.... օրինակ ` ձեզ խառնում են կենտրոնի հաղրդավար Գոռ Հագոպյանի(Antivirus) հետ. 0
ARTAVAZD
Tankagin Arqmenik yev Hasmik MINCH DUQ GNATSEL EQ END AMENAYN DZEZ TARAQ, YES, MILITONYANS, AYS AVERAKATS VORPES TAGAVOREM???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter