HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14 հիվանդությամբ՝ 10 տարվա ազատազրկում

Փաստաբան Գագիկ Պապոյանը ՀՀ վերաքննիչ դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալ՝ 58-ամյա տնտեսագետ, շինարար, մեծածախ առևտրով զբաղվող, 4 երեխաների հայր Աշոտ Առաքելյանի առողջական վիճակի մասին նյութեր: Աշոտ Առաքելյանն այս տարվա փետրվարից անազատության մեջ է, մեղադրվում է թմրանյութերի ստացման համար հումք ներկրելու մեջ: Այս պահին նա գտնվում է  «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը տառապում է 14 անուն հիվանդություններով, որոնցից 4-ն անհամատեղելի են պատժի կրման հետ (2006 թ-ի Կառավարության մայիսի 26-ի N 825-Ն որոշման  հավելված 2-ում ներկայացված է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը):  Գագիկ Պապոյանն իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը ներկայացրել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրաասության դատարանին՝ միջնորդելով իր պաշտպանյալին ազատել պատժի կրումից: Սակայն Աշոտը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:

Այսպես՝ ըստ բժշկական հետազոտությունների, Աշոտը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, ունի հիպերտոնիկ  հիվանդություն՝ 3-րդ աստիճանի, արտերիալ հիպերտենզիա, խոշոր օջախային սրտամկանի ինֆարկտ` հաղորդականության և ռիթմի կայուն խանգարումներով, արյան շրջանառության պրոգրեսիվ անբավարարությամբ, արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ, ունի զարկերակների հիվանդություններ` վերջույթների մագիստրալ և պերեֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով (գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով), դաստակների և ներբանների մակարդակով (ոչ պակաս, քան 2 վերջույթների), Պոդագրա` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ  երիկամային  անբավարարությամբ տերմինալ փուլում: 

Մեկ ամբողջ պարբերությամբ թվարկված հիվանդություններով տառապող Աշոտ Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը, թերևս, քննության առարկա կդառնա դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստի ժամանակ (նախագահող դատավոր՝ Մհեր Արղամանյան):

«Քիմիկների գործ»-ի մանրամասները

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է 9 քաղաքացիների կողմից  բերված բողոք: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վերջիններիս դատապարտել է 7-12 տարվա ազատազրկման: 9 քաղաքացիներից ( բոլորն էլ նախկինում չդատված, հիմնականում 55 տարեկանից բարձր) ոմանք «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտում» աշխատած քիմիկներ են, ովքեր մեղադրվել են թմրանյութ (Ամֆետամին տեսակի) արտադրելու և իրացնելու մեջ, մի քանիսն էլ մեղադրվում են դրանք իրացնելու մեջ: Քրեական գործը հարուցվել է դեռ 4 տարի առաջ: Ընկերությունում, որը գտնվում է Երևանում՝ Արցախի 4ա հասցեում, հաստոցի տակ, ըստ մեղադրանքի, հայտնաբերվել է Ամֆետամին տեսակի մի քանի հաբ: Քիմիկների փաստաբանները պնդում են, որ գործը սարքովի է, որ հիմնված է միայն տարբեր անձանց ցուցմունքների վրա, որ ինստիտուտում գտնվող հաստոցներով անհնար էր արտադրել Ամֆետամին: Բացի այդ, վերջին շրջանում Ամֆետամինը համարվում է հոգեմետ դեղամիջոց և ոչ թմրանյութ: 

«Մեղադրանքում անընդհատ նշվում է հետևյալ նախադասությունը՝ «թմրանյութը իրացվել է չպարզված  հանգամանքներում չպարզված անձանց»: Ինչպես կարելի է այդքան չպարզված հանգամանքներով մարդկանց մեղավոր ճանաչել»,-վերջին դատական նիստում նշեց «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ խորհրդի ղեկավար Սամվել Խաչատրյանի (դատապարտվել է 12 տարվա ազատազրկման) պաշտպան Վարդան Նիկողոսյանը:   

Իսկ Սամվել Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ առաջին ատյանի դատավորին չթողեցին ազատ դատավճիռ կայացնել. «Հիմա Դուք կարո՞ղ եք վեր կանգնել ճնշումներից ու արդար դատավճիռ կայացնել»,- դիմելով նախագահող դատավոր Մհեր Արղամանյանին՝ ասաց Սամվել Խաչատրյանը:   

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 12-ին: 

Լուսանկարում  Գագիկ Պապոյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter