HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Միշտ մտքումս կա, որ վերադառնամ Հայաստան». Անի Բատիկյան

«Երաժշտական դպրոցում երեխաները տարբեր գործիքներով գալիս-գնում էին: Ինձ գրավեց ջութակի ֆուտլյարը: Ասեցի՝ ինչ հետաքրքիր է, ես էլ կուզեի մի բան ուսիս գցեի, գնայի-գայի, ինձ ուրիշ բաներ չէր հետաքրքրում էդ ժամանակ»,- ժպտալով պատմում է ջութակահարուհի Անի Բատիկյանը:

Այդպես է սկսվել նրա և ջութակի կապը: Ծնողները գնում են գործիքը: Անին ուսին գցած գնում-գալիս է երաժշտական դպրոց. արդեն տասներկու տարեկան էր, հիշում է, զգաց, որ շատ է սիրում «ֆուտլյարի» միջինը: Երաժշտական դպրոցում գիտեին, թե նա տանը ժամերով պարապում է, բայց Անին դասից առաջ տասը րոպե էր նվագում: Պարզապես, ասում է, շատ էր սիրում գործիքը ու ստեղծագործությունները տրվում էին նրան առանց չարչարանքի:  

«Ես չեմ կարողանում զգացմունքներս խոսքով արտահայտել, երաժշտության միջոցով եմ անում: Էդ զգացողությունը, որ ես ունեմ, եթե կարողանայի փոխանցել հանդիսատեսին…,- ասում է նա,- ամեն անգամ, երբ մարդիկ մոտենում ու ասում են, թե ինչքան իրենց համար կարևոր էր համերգին ներկա գտնվելը, ինչպես իրենց աշխարհը փոխվեց կամ հանգստացան… Դա է ինձ համար կարևոր: Ուզում եմ հաճույք պատճառել մարդկանց երաժշտության միջոցով»:

Երաժշտական դպրոցից հետո` կոնսերվատորիա, դրանից հետո էլ` Լոնդոնի՝ Երաժշտության թագավորական ակադեմիա: Եվ արդեն մոտ տասը տարի է, ինչ ջութկահարուհին բնակվում է Անգլիայում: Ասում է` հաջողության հասնելու համար տաղանդից բացի անհրաժեշտ է, որ գտնվեն մարդիկ, ովքեր ժամանակին կոգևորեն քեզ: Երբ տասնհինգ տարեկանում ընդունվում է կոնսերվատորիա, և այստեղ էլ երկար կոնցերտներն էին արագ «հանձնվում», դասախոս Հենրի Սմբատյանը «անակնկալ է» պատրաստում Անիի համար:

«Մի անգամ եկա, մտա կոնսերվատորիա, տեսնեմ համերգի աֆիշա էր պատրաստել,   վրան գրված է անունս ու համերգային ծրագրի գործերը: Պանիկայի մեջ ընկա, որ առանց ինձ հետ համաձայնեցնելու էդպիսի բան էր արել, ասեցի չէ, չեմ ուզում նվագեմ, պաստառները գնացի հանեցի: Բայց հետո որ տուն հասա, մտածեցի, լավ, պետք չէր էդպես անել: Դասախոսիս ցանկությանը պետք չէր էդպես դեմ գնալ»,- պատմում է Անին:

Գնում, համերգի պաստառը նորից կախում է իր տեղում ու սկսում է պատրաստվել: Մեկ շաբաթում սովորում է ծրագրում գրված բոլոր անծանոթ գործերը ու նվագում համերգին. «Ինձ թվում է`ամեն մարդ էլ շատ ավելի կարողություն ունի, քան կարծում է: Բոլորի մեջ էլ կա էդ ուժը, որ կարճ ժամանակում հավաքվես, կենտրոնանաս ու հասնես քո ուզածին: Շնորհակալ եմ դասախոսիս, որ էդ վստահությունը ինձ տվեց»:

Հայաստանը փոքր է. տեղ չկա բոլոր տաղանդավոր երաժիշտների համար

Կոնսերվատորիան հիանալի երաժիշտներ է տվել` ասում է Անին, բայց հիմա մի քիչ թուլացել է, քանի որ ուժեղ դասախոսները ծերանում են, ու երիտասարդները հիմնականում դուրս են գնում:  Հարցնում եմ` իսկ ինչու են երիտասարդ երաժիշտները Հայաստանից գնում: Ասում է` բոլորը մտածում են, որ դրսում ավելի շատ հնարավորություներ ու հաջողություններ կունենան. ոչ բոլորի մոտ է ստացվում, բայց հարմարվում են դրսի կյանքին և դժվարանում է վերադառնալը:

Անիի դեպքում ամեն ինչ ստացվել է իր նախատեսածից լավ: Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում, որտեղ ոչ մի հայ ուսանող մինչ այդ չէր սովորել կրթաթոշակով, Անին սովորում է լոնդոնաբնակ Րաֆֆի Մանուկյանի(Վաչե Մանուկյանի եղբայրը) հովանավորությամբ: Իսկ Րաֆֆի Մանուկյանին դիմել էր ակադեմիայի ռեկտորը` Անիի կատարումը ընդունելության քննության ժամանակ լսելուց հետո:

«Լոնդոնում ֆինանսական որևէ խնդիր չունեի, մտածում էի միայն սովորելու մասին»,- պատմում է Անին: Ծիծաղելով ավելացնում է, թե որն էր միակ դժվարությունը.  եթե Հայաստանում մայրն էր ճաշերը եփում, ապա Անգլիայում մենակ էր, ինքն էր ամեն ինչ անում: «Մամաս ասում է փոշմանել եմ, որ ուղարկել եմ ձեզ դրսում սովորելու,- ասում է Անին. նրա քույրն էլ աշխատում է Լոնդոնի հայկական դեսպանատանը,- ասում է` հիմա կողքիս կլինեիք, և այլն, բայց ստացվեց այնպես, որ գործունեությունս այստեղ  է ծավալվում»:

Հարցնում եմ` իր համար էլ դժվար կլիներ, եթե ուզեր վերադառնար Հայաստան: «Հայաստանում շատ են տաղանդավոր երաժիշտները, - պատասխանում է նա,-Հայաստանը փոքր է, ու էդքան տեղ չկա բոլորի համար: Եթե վերադառնաս, պետք է նվագախումբ մտնես (եթե ստացվի), ու միաժամանակ փորձես Կոնսերվատորիայում կամ դպրոցում դասավանդել, բայց կարծում եմ` Հայաստանում տաղանդավոր կադրեր կան, մրցույթը մեծ է, էնպես չէ, որ արտասահմանից վերադարձել ես, պետք է  քեզ բաց ձեռքերով ընդունեն»: Հայաստանում, նրա կարծիքով, դժվար է նաև համերգներով հանդես գալը,ինչը հիմա Անին անում է Անգլիայում: Փոքր երկրում մարդիկ կհոգնեն անընդհատ նույն անունը լսելուց` ասում է նա:

Լոնդոնի ակադեմիան ավարտելուց հետո Անին մեկնում է Շոտլանդիա` Երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիայում մեկամյա մագիստրոսական ծրագրով սովորելու, և աշխատանքի առաջարկ ստանում նույն ակադեմիայում: Վեց տարի Շոտլանդիայի թագավորական ակադեմիայում ջութակի դասեր է տալիս:  

Շոտլանդիայի առաջին վարչապետ Դոնալդ Դյուըր-ի (Donald Dewar) անվան արվեստի մրցանակը տրվում է 2002թ.-ից: 2007թ.-ին այդ մրցանակին արժանացել է Անի Բատիկյանը: «Բոլոր պատգամավորները և քաղաքական գործիչները ներկա էին, ու էնտեղ ասեցին` ինչ լավ է, որ ծանոթացան հայ երաժշտի հետ, ստացվում է` գլուխ եմ գովում (ծիծաղում է- Մ.Մ.), բայց ինձ հաճույք պատճառեց այն, որ իմ միջոցով նրանք ճանաչում են Հայաստանը: Սովորաբար երբ հարցնում են` որտեղից ես, ասում եմ՝ Հայաստանից, ասում են` էդ որտեղ է: Չգիտեն… Կարևոր է, որ լավ տպավորություն թողնենք»,- ասում է Անին:

Շոտլանդիայի «Դյուըր» արվեստի մրցանակի պաշտոնական կայքում Անիի մասին գրել են. «Շոտլանդիայի թագավորական ակադեմիա ժամանելուց հետո Անին որպես երաժիշտ ընդգծել է իր համբավը` արժանանալով Հիլդա Բեյլիի (Hilda Bayley ) անվան մրցանակին, Շոտլանդիայի վարչապետի` կամերային երաժշտության մրցանակին և Մեյբլ Գլովերի անվան լարային քառյակի մրցանակին: Նա իր ժամանումից կարճ ժամանակ անց ձևավորեց բազմազգ լարային քառյակը, որը ղեկավարում է մինչև հիմա: Այդ քառյանկը ելույթներ է ունենում Շոտլանդիայում և Լոնդոնում»:

«Դյուըր» արվեստի մրցանակը ջութակ էր, որն Անին նվագում է հիմա իր համերգներին: Նոր ջութակը շուտով կհնչի նաև Հայաստանում: «Միշտ մտքումս կա, որ վերադառնամ Հայաստան,  միշտ մտածում եմ, որ կարելի է վերադառնալ, ինչ-որ ձևով օգնել երեխաներին սովորել երաժշտություն: Հայաստանում, օրինակ, Սյունիքի մարզ կարելի է գնալ, Մեղրի կամ ուրիշ տեղեր, որ համերգներ չեն կազմակերպում,  ուշադրություն չկա: Սահմանամերձ գյուղերում գնալ և ծրագրեր անել: Կուզեի ինչ-որ ձևով օգտակար լինեի: Վաղուց չեմ նվագել Հայաստանում»,- ասում է Անին: Նա ուզում է մասնակցել Վերադարձի դասական փառատոնի ութերորդ համերգաշրջանին, որը տեղի կունենա մյուս տարի: 

Երաժիշտների ընտանիքը՝ Անգլիայի արևոտ քաղաքում

«Շոտլանդիայի ակադեմիայում Ռոլանդի հետ կոլեգաներ էինք: Ես դասավանդում էի, ինքն էլ դեկան էր որոշ ժամանակ: Միասին քննություններ էինք վերցնում, գնահատում էինք ուսանողներին: Շփման մեջ կամաց-կամաց կոլեգայից դարձանք ավելի մտերիմներ ու վերջում ամուսնացանք»,- պատմում է Անին ամուսնու` անգլիացի Ռոլանդ Ռոբերթսի մասին: Երաժիշտներն ամուսնացել են Շոտլանդիայում, բայց հետո տեղափոխվել են Անգլիա: Եվ քանի որ Անգլիայում «ցուրտ ու մութ է, միշտ եղանակը` մռայլ», որոշում են ապրել երկրի հարավում գտնվող «ամենապայծառ» քաղաքում` Բրայթնում: Ռոլանդը նվագում է ջութակ և դաշնամուր: Հիմա նա է Անիին դաշնամուրով նվագակցում համերգների ժամանակ:


Ամուսինները վեց ամսական դուստր ունեն, անունը` Կարին: Նա չի խանգարում, որ ծնողները շարունակեն համերգներ տալ, ավելին` նրանց հետ գնում է համերգներին ու սպասում բեմի հետևում: Կարինի անունը Անին է որոշել: Ասում է` ուզում էր, որ հայկական անուն լինի, Ռոլանդն էլ առաջարկել է ընտրել այնպիսի անուն, որ եվրոպացիների համար հեշտ լինի արտասանել: Եվ ընտրվել է Կարինը:

Կարինը

Երբ զրուցում էինք Անիի հետ, Ռոլանդը տանը չէր: Նա մեկնել էր Շոտլանդիա` համերգի: Անիին հարցնում եմ` դժվար չէ երկու երաժիշտ մի ընտանիքում:  Ասում է` չէ, Ռոլանդը իրենից մեծ է և մասնագիտական մրցակցություն չկա. «Եթե նույն տարիքի երաժիշտներ լինեինք, գուցե մրցեինք, թե ով ավելի շատ պարապեց, ում մոտ ավելի շատ հաջողություններ եղան, բայց  ինքը ավելի հանգիստ է, ուզում է ամեն ձևով օգնի, որ ես հաջողությունների հասնեմ»:

Ամուսիններն արդեն թողարկել իրենց առաջին ձայնասկավառակը

Այն ընդգրկում է տասներկու ստեղծագործություն, որոնցից երկուսի հեղինակը Ռոլանդ Ռոբերթսն է: Դրանցից մեկը հայկական հիմներգի թեմայով գրված վարիացիան է (մանրանվագ): «Ինքը շատ է հետաքրքրվում հատկապես Կոմիտասով,- ասում է Անին,- հիմներգի թեմայով վարիացիան էլ համերգներում մի քանի անգամ նվագել ենք, շատ լավ ընդունում են»:

Ռոլանդի մյուս ստեղծագործությունը, որը ընդգրկվել է ձայնասկավառակում օրորոցային է՝ նվիրված դստերը՝ Կարինին: «Երբ որ պետք է ծնվեր, էդ ժամանակ գրեց: Առաջին անգամ Լոնդոնի համերգին ենք նվագել: Ծրագրում ընդգրկված չէր, պարզապես վերջում, երբ հանդիսատեսը ուզեց, որ մի գործ էլ նվագենք, սա կատարեցինք»,- պատմում է Անին:

Ձայնասկավառակում ընդգրկված մնացած կատարումները հայտնի գործեր են, այդ թվում՝ հայ հեղինակների երեք ստեղծագործություն՝ Արամ Խաչատրյանի «Պար N1»,  Կոմիտասի «Կռունկը» և Էդվարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան»: Ջութակով նվագում է Անին, իսկ դաշնամուրի կատարումը Ռոլանդ Ռոբերթսինն է:

Համերգային գործունեությանը շուտով կմիանա ևս մեկ աշխատանք: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նվագախումբ է հիմնել Անգլիայում, որը մյուս տարվանից սկսելու է գործել: Անին նշանակվել է նվագախմբի ղեկավար և մենակատար: «Ուզում են նվագախմբի միջոցով տարածել հայկական երաժշտությունը: Նվագախմբում կլինեն նաև տեղացի և եվրոպացի այլ երաժիշտներ, քանի որ հայ երաժիշտները էստեղ շատ չեն: Տեսնենք ինչ հաջողություններ կունենա»,- ասում է Անին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter