HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղավիացիայի պետի հորեղբայրը հայտնվել է միջազգային սկանդալում

Բրիտանական «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հայտարարել է 19 անձի եւ ընկերության (Եվրոպայից եւ Ասիայից) մասին, որոնք օժանդակել են իրանական «Mahan Air» ավիաընկերությանը: ԱՄՆ-ն այս մասնավոր ընկերությանը մեղադրում է Իրանի զինված ուժերին միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտ, տրամադրելու եւ Սիրիա զենք տեղափոխելու մեջ: Այդ իսկ պատճառով ամերիկյան իշխանությունները արգելել են «Mahan Air»-ին որեւէ գնում կատարել ԱՄՆ-ից:

Բայց ահա, փաստորեն, հայտնվել են միջնորդներ, որոնք «ներգրավված են ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»: Հայտարարության մեջ նշվում է, որ միջնորդների մեծ մասը Թուրքիայից են, մյուսները՝ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Թայլանդից եւ Միացյալ Արաբական Էմիրություններից: Ըստ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի՝ դրանց մեջ են հունական «Aeolian Airlines» եւ հայկական «Վերթիռ» ավիաընկերությունները: Վերջիններս ընդգրկվել են հատուկ ցուցակում, որից հետո նրանց արգելվել է ԱՄՆ-ից որոշ ապրանքներ գնել, մասնավորապես՝ ավիացիոն շարժիչներ եւ  թռիչքային մասեր:

Առանց ԱՄՆ իշխանությունների թույլտվության ամերիկյան ոչ մի ընկերություն իրավունք չունի Իրանին որեւէ ապրանք վաճառել: Պատճառը հայտնի է. Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է միջուկային զենք պատրաստելու մեջ եւ կասկածներ ունի, որ Իրանին վաճառվող ապրանքները կարող են օգտագործվել՝ միջուկային ծրագիրը կյանքի կոչելու համար:

ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը «Mahan Air» ընկերությանն առաջին անգամ «սեւ ցուցակ» է գցել 2008-ին, երբ հայտնի է դարձել, որ իրանցիները 3 հատ «Boeing 747» են գնել՝ առանց թույլտվության: Այս պատճառով էլ բրիտանական «Balli Group»-ը ստիպված էր 2 մլն դոլար տուգանք մուծել քրեական գործով եւ 15 մլն՝ քաղաքացիական գործով: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ հետագայում էլ «Mahan Air»-ը խախտել է ԱՄՆ արտահանման օրենքները՝ փորձելով ձեռք բերել ինքնաթիռներ, շարժիչներ, համակարգչային դետալներ: ԱՄՆ-ն իրանական ընկերությանը մեղադրում է նաեւ զինուժ եւ զինտեխնիկա տեղափոխելու մեջ՝ Սիրիայի նախագահ Ասադին քաղաքացիական պատերազմում աջակցելու նպատակով:

«Ռոյթերսի» տեղեկացմամբ՝ այնուամենայնիվ, համաշխարհային 6-յակը անցյալ ամիս Իրանին թույլատրեց սահմանափակ ձեւով ավիացիոն մասեր գնել՝ հին օդանավերի վերականգնման համար:

Վերադառնալով միջնորդական սկանդալում հայտնված հայկական «Վերթիռ» ընկերությանը՝ նշենք, որ այն ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբորը՝ Ռաֆիկ Մովսիսյանին, որի որդին՝ Կարենը, տակավին վերջերս իր նորաստեղծ «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության» միջոցով փորձում էր շուկա մտնել: «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՔԱԳՎ պետն անձամբ հայտարարեց, որ դա իր հորեղբոր տղան է՝ չմոռանալով մի քանի դրական բնութագրական տող ավելացնել:

Ընդ որում՝ «Վերթիռը» 4 տարի (2009-2013 թթ.) ղեկավարել է հենց Կարենը, որը նաեւ ընկերության տնօրենն էր: Այս տարվա մայիսին նա իր 100-տոկոսանոց բաժնեմասը փոխանցել է հորը:  

Հիշեցնենք, որ 2009-ին վերահսկիչ պալատը կոնկրետ թվեր էր հրապարակել մի շարք ավիաընկերությունների վերաբերյալ, որոնք 2007-2008 թթ. գրանցվել էին Հայաստանում, սակայն աշխատել էին դրսում՝ ՀՀ պետբյուջե մուծելով չնչին հարկեր: Դրանց մեջ էր նաեւ «Վերթիռ» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2007-ի սեպտեմբերի 14-ին: Նույն տարում ընկերությունը, ըստ ՎՊ-ի, շահագործել է 2 ինքնաթիռ եւ պետբյուջե մուծել 0 դրամ շահութահարկ, իսկ 2008-ին, շահագործելով կրկին 2 օդանավ, մուծել ընդամենը 6900 դրամ:     

Լուսանկարում՝ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը

Մեկնաբանություններ (4)

Լուսվա
գոնե 69000 դրամ լինի, ախր 6900 դրամ է, մի վարսավիր, թե ամսական ինչքան կաշխատի, կամ հաճախորդ կունենա, թե ոչ, ամսական բյուջե է վճարում 12000դրամ։ Ինչ խայտառակ երկրում ենք ապրում, քավ լիցե
Փաստ
Նյութը կարդացի,տենելով,որ վերաբերվում է պարոն Մովսիսյանին,շատ ցավում եմ,որ հասել են այդտեղ,գիտեք ես լինելով օդաչուի կին,ասեմ ` փայլուն օդաչուի և ՄԱՐԴՈՒ : Ձեր ավիացիայում պաշտոններին նստած է մի ծերակույտ,որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում իրենցից ավելի երիտասարդ օդաչու-մասնագետներ գտնվեն իրենց վարչությունում,հանկարծ հետագայում իրենց աթոռը չզբեղացնեն,օդաչու հրահանգիչը ընդանենը ցանկանում էր ,որ իր աշխատավարձը բարձացվեր/բալտայանը և սերոբը ասում են շատ ճիշտ ես , պահանջի բա ինչ/ ու հետո Ձեր մոտ ասում հակառակը/օձերով եք շրջապատված/Ձեր նոր հրահանգիչները անգամ Արտաշատից այն կողմ չեն թռնում,որովհետև չգիտեն այդ օդանավի վրա թռնել:Ըստ Ձեր ավիացիայի օրենքների օդաչուն մի անգամից 2 ,ոչ նմանատիպ օդանավերի վրա իրավունք չունի թռնելու ,ուր մնաց օդաչու պատրաստեն,նրանք արդեն հոգնած են,իրենք են ուսանողներին ասում ,որ դժվար է 2 տիպի վրա թռնել:Այս երկիրը էլ մերը չի, պարոն Մովսիսյան ,սա նաև Ձերը չի : Աս մեր երեխաներինն է,այս ապագա օդաչուները Ձեր երեխաներին,թոռներին են տեղափոխելու,փրկեք բոլորիս երեխաների կյանքը,ուսանողներ են գալիս խնդրում,բալտայանը ծերակույտներին բերել է,որովհետև,հեշտ են կառավարվում,իրենք թքած ունեն,օդաչուի կյանքի վրա,շատ ենք կորցրել,ուսանողների մեկի հայրը հենց զոհվել է թռիչքի ժամանակ,նույն ճակատագրին չարժանացնեք որդուն,Ձեր հրահանգիչների օգնությամբ,նրանք իրենցից ,ոչինչ չեն սովորեցնում:
Վեհարի
6900 ? և ավիաընկերություն՞, ո՞վ կհավատա:
Վեհարի
Փաստորեն պետությունները եթե փորձ անեն պաշտպանվելու նպատակով միջուկային զենքը ուսումնասիրել կամ թեկուզ պատրաստել ապա այդ գործողությունները համարվում են քրեական հանցանք, Իսկ ԱՄՆ-ի միջուկային զենք պատրաստելու և միջուկային ռումբերով ռմբահարելու գործողությունը համարվում է մարդասիրական իրավունք: Այդ դեպքում ինչու՞ ենք զարմանում, որ մեկ ՀՀ անձնագրի պատրաստումն արժե 23000 դրամ իսկ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունը ՀՀ պետբյուջե է մուծում տարեկան 69000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter