HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռետրո ակումբ». աշխարհում ամենաշատը հնչել են այս երգերը

Նաիրա Հայրապետյան

2009թ. «BBC Radio 2» ռադիոկայանը ներկայացրեց հանրահայտ երգերի մի ցանկ, որը ներկայացնում էր աշխարհում`  հասարակական վայրերում,  ամենաշատը հնչած  երգերի և երաժշտական կոմպոզիցիաների անուններ: Այս վարկանիշային ցուցակի համաձայն`  վերջին մի քանի տասնամյակների ընթացքում  աշխարհում ամենաշատ հնչած երգը 1960-ական թվականների բրիտանական «Procol Harum» խմբի հայտնի «A Whiter Shade of Pale»-ն էր, որը 1967թ-ին շուրջ վեց շաբաթ անընդմեջ գլխավորել է երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր հիթ-շքերթները:

Լավագույն հնգյակի մեջ ընգրկված էին լեգենդար «Queen»-ի «Bohemian Rhapsody»(2-րդ տեղում), «The Everly Brothers»-ի «All I Have To Do Is Dream» (3-րդ տեղում), շոտլանդական  «Wet Wet Wet փոփ-ռոք խմբի «Love Is All Around» –ը (4-րդ տեղում, cover  տարբերակ)  և Բրայըն Ադամսի (Everything I Do) «I Do It For You» երգերը:

«Procol Harum»  խումբը 1960-ականների բրիտանական ռոք երաժշտության վառ ներկայացուցիչներից է : Այն համարվում է պրոգրեսիվ ռոքի և սիմֆոռոքի  հիմնաքարային խմբերից մեկը: Երաժշտական ոճային ուղղությունը կրում է բարոք, դասական, հետագայում` բլյուզի, արընդբիի և սոուլի ազդեցություններ:

«A Whiter Shade of Pale» բալլադը խմբի դեբյուտային սինգլն է` թողարկված  1967 թ. մայիսի 12-ին,  և, երաժշտագետների բնորոշմամբ, այն կառուցվացքային առումով հիմնված է Յո.Ս. Բախի «Նվագախմբային սյուիտ ռե մաժոր թիվ 3» ստեղծագործության վրա, բացի այդ,  իր մեջ ներառում է երաժշտական Լոնդոնի ամբողջ մթնոլորտը, որտեղ ձևավորվում էր համաշխարհային ռոք-մշակույթը:  Հունիսի 8-ից արդեն երգը գլխավորում էր բրիտանական սինգլների ցանկը և այս «ապահով» տեղում էլ մնաց վեց շաբաթ շարունակ: Առանց հատուկ գովազդային միջամտության` «A Whiter Shade of Pale»-ը հայտնվեց նաև ամերիկյան հիթ-շքերթների լավագույն հորիզոնականներում` զբաղեցնելով 5-րդ, իսկա ահա Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում և Իռլանդիայում`  առաջին  պատվավոր հորիզոնականը:  

Անդրադառնալով «BBC Radio 2» ռադիոկայանի ցանկին` խմբի առաջնորդը` Գարի Բրուքերն ասել է.  «Մեծ պատիվ է հայտնվել այս յուրօրինակ ցուցակի առաջին տեղում, տարիներ առաջ, երգը գրելիս, ես երբևէ չէի էլ պատկերացնի, որ այս ընթացքը կունենար  «Procol Harum»–ի  լեգենդար ձայնագրությունից հետո: Յուրաքանչյուր երաժիշտի և երգիչ իր մեջ հույս է փայփայում հասնել իր հանդիսատեսին և շփվել նրա հետ. Իսկ այս շարքը մեծ վկայությունն երգի այսպիսի աննկարագրելի ճանաչման և հանրության հետ երկարատև կապի» :  

«A Whiter Shade of Pale»-ն ունի բալլադային փսիխոդելիկ երաժշտություն և միստիկ տեքստ: Երգի հեղինակները  Գարի Բրուքերը (խմբի գլխավոր վոկալ, դաշնակահար) և երգահան Քիթ Ռիդն էին: Բրուքերի մեկնաբանությամբ` երգի ստեղծման ժամանակահատվածում նա շատ էր լսում դասական և ջազային ստեղծագործություներ, և «A Whiter Shade of Pale»-ի համար գրված երաժշտությունն իսկապես մի քանի տակտ մեջբերում է Բախի ստգեղծագործություններից, իսկ Քիթ Ռիդը երգի վերնագիրը, ինչպես նաև նրա ստեղծման գաղափարը գտավ մի երեկոյան միջոցառման ժամանակ. նա պատահական լսեց, թե ինչպես մի տղամարդ երեկոյի ժամանակ մի կնոջ ասաց` դու գունատից էլ ավելի սպիտակ ես դարձել(«You’ve turned a whiter shade of pale»): Երգի տեքստային իմաստը տարբեր մեկնաբաններ տարբեր կերպ են մատուցում, օրինակ` «Procol Harum: beyond the pale» գրքի հեղինակ  Քլեյս Յոհանսենը ենթադրում է, որ այն անդրադառնում է կնոջ և տղամարդու միջև մետաֆորիկ` փոխաբերական հարաբերություններին, որոնց հաջորդում են ինտիմ հարաբերությունները: Ոմանք էլ պնդում են, որ այն թմրանյութերի մեծ չափաբաժնից վրա հասած մահվան մասին է, իսկ գունատությունը հատած ավելի ճերմակն էլ խորհրդանշում է մահացածի գույնը:

Ինչևէ, երգն իսկապես հասել է իր ունկնդիրներին և բոլոր տեսակի գիտություններից ու մեկնաբանություններից դուրս` այն իր ուրույն տեղն ունի ամեն մի երաժշտասերի զգացողության և ընկալման սահմանում: Մի բան պարզ է, որ աշխարհում ստեղծվել և թերևս ստեղծվում են գործեր, որոնք ոչ թե պարզապես երկարակյաց են, այլ քայլում են բոլոր ժամանակների միջով` իրեն խորքում թաքնված արժեքների շնորհիվ և դրանցից մեկն էլ «Procol Harum»  խմբի` 1967թ. ստեղծված   «A Whiter Shade of Pale» երգն է:

Լուսանկարը՝ dailymail.co.uk-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter