HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների ազատությունը ՀՀ-ում

(2013 հունվար-հոկտեմբեր)

Արա Ղազարյան, Աշոտ Վարելջյան

Օրենսդրական նախաձեռնություններ և փոփոխություններ

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որի նպատակն էր կարգավորել առցանց լրատվադաշտում հեղինակային իրավունքի լայնածավալ խախտումները նույն առցանց լրատվամիջոցների և լրագրողների կողմից։ Մասնավորապես, տարածված ու անվերահսկելի պրակտիկա է դարձել մի լրատվամիջոցի կողմից մեկ այլ լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվության արտատպումը կամ վերարտադրումը առանց հեղինակի թույլտվության կամ առանց որևէ աղբյուրի վկայակոչման, նույնիսկ եթե տվյալ լրատվական նյութն իր բովանդակությամբ հեղինակային իրավունքի օբյեկտ է։

Այսինքն, շատ առցանց լրատվամիջոցներ, այդ թվում՝ նաև բլոգերներ, լայնորեն խախտում են այլոց հեղինակային իրավունքները, սակայն իրավական պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի բացակայության պատճառով նման խախտումները մնում են անպատիժ, իսկ հեղինակները՝ առանց պաշտպանության միջոցի։ Օրենքի փոփոխությամբ սահմանվել են իրավական պաշտպանության նյութաիրավական և ընթացակարգային առավել հստակ ու լայն հիմքեր, որոնք կոչված են ապահովելու հեղինակային իրավունքի պաշտպանությունը արագ զարգացող ինտերնետի տիրույթում։ Մասնավորապես, թեև լայնորեն հայտնի է, որ օրվա լուրերը կամ ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվական նյութը որպես կանոն հեղինակային իրավունքի օբյեկտ չեն, սակայն նույնիսկ այս ոճով շարադրված լրատվական նյութը կարող է անցնել հեղինակային իրավունքի պաշտպանության տակ, եթե դրա մատուցման եղանակը (ըստ օրենքի՝ «արտահայտման ձևը») պարունակում է «ստեղծագործական» աշխատանքի տարր(եր)։ Սա «հեղինակային իրավունքի» ոլորտի համընդհանուր մոտեցում է, ըստ որի հեղինակային իրավունքով պաշտպանվում է միայն «ստեղծագործական» աշխատանքի արդյունքը։ Մյուս կողմից՝ տվյալ դեպքում այս դրույթը կարող էր նույնիսկ շարադրված չլինել, քանի որ դատական ստուգման տիրույթում դատարանները բոլոր դեպքերում պարզում են, թե արդյոք տվյալ լրատվական նյութը պարունակում է ստեղծագործական աշխատանքի տարրեր։ 

Օրենքի փոփոխությամբ սահմանվել է նաև լրատվական նյութը վերարտադրելիս հնարավոր խախտումներից պաշտպանվելու երկշերտ պաշտպանական համակարգ։ Առաջինը նշում է, որ ցանցային լրատվության միջոցներից քաղվածքների մեջբերումը կարող է կատարվել միայն «նպատակն արդարացնող ծավալով»։ Օրենքը չի սահմանում, թե ինչ է նշանակում այս հասկացությունը, այլ թողում է դա դատարաններին, որպեսզի վերջիններս դա մեկնաբանեն ու կիրառեն յուրաքանչյուր կոնկրետ գործով։ Նման մոտեցումը, կարծում ենք, իրավաչափ է և բխում է տարածված միջազգային ու ներպետական դատական պրակտիկայից։ Նախ՝ անհնար է տալ որևէ սպառիչ սահմանում, թե ինչ է նշանակում «նպատակն արդարացնող ծավալ», երկրորդ՝ երբեմն առավել արդյունավետ է օրենսդրական ակտում սահմանել լայն հասկացություններ, որպեսզի հնարավոր լինի դրանց երկարաժամկետ կիրառումը հասարակական և տեխնոլոգիական զարգացումների շարունակ փոփոխվող միջավայրում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի «առհավետ» ու արագ զարգացող միջավայրի, ինչպիսին է համացանցը։ Երկրորդ պաշտպանական համակարգը սահմանում է, որ վերարտադրումը չպետք է «բացահայտի լրատվական նյութի էական մասը»՝ անկախ վերարտադրման ծավալից։ Այս երկրորդ պայմանը գործում է առաջին պայմանից անկախ։ Այսինքն, նույնիսկ եթե քաղվածքը կատարվել է փոքր ծավալով (մեկ կամ երկու նախադասությամբ), եթե դա բացահայտում է լրատվական նյութի բովանդակության էական մասը, դա հիմք է քաղվածք կատարողին պատասխանատվության ենթարկելու համար, և վերջինս չի կարող վկայակոչել քաղվածքի փոքր ծավալը՝ որպես պաշտպանություն։

Բացի նշված նյութաիրավական հիմքերից, օրենքը սահմանում է նաև մի շարք ընթացակարգային երաշխիքներ։ Օրինակ՝ հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող լրատվական նյութերից քաղվածքներ կատարելիս պահանջվում է հղում կատարել սկզբնաղբյուրին, իսկ վերնագրում պահանջվում է նշել տպագիր լրատվական միջոցի անվանումը։ Էլեկտրոնային կայքերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում պահանջվում է տեղադրել էլեկտրոնային կայքի ակտիվ հղումը և տիրույթային անվանումը (դոմեյնը)։

Օրենքի փոփոխությամբ սահմանվում է նաև հեղինակային իրավունքի խախտման համար նյութական փոխհատուցման հնարավորություն հարյուրից երկուհարյուր հազար դրամի չափով։ Վիրավորանքի և զրպարտության հիմքով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի ներմուծումից հետո սա, կարելի է ասել, երկրորդ ոլորտն է քաղաքացիական իրավունքի տիրույթում, որտեղ օրենսդիրը սահմանում է վնասի դիմաց դրամական փոխհատուցման հնարավորություն։ Այստեղ, սակայն, տիրում է անորոշություն այն առումով, թե «վնաս» հասկացության դիմաց արդյոք օրենսդիրը նկատի է ունեցել և՛ նյութական և՛ ոչ նյութական (բարոյական) վնաս հասկացությունները։ Մի կողմից, որպես կանոն, նյութական վնասը շատ դժվար է հիմնավորել դատարանում, մյուս կողմից՝ ոչ նյութական վնասի մասով ցանկացած դիմում սպառնում է արժանանալ դատարանի մերժմանը այն հիմնավորումով, որ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում բարոյական վնասի համար նյութական փոխհատուցման հնարավորություն։ Այստեղ, գուցե, հարկ կլինի Սահմանադրական դատարանի միջամտությունը, որպեսզի վերջինս, բացահայտելով այս նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը, բացատրի, թե արդյոք այս դրույթով սահմանված վնասի փոխհատուցման հնարավորությունը իրականում հանդիսանում է բարոյական վնասի համար նյութական փոխհատուցման միջոց: Վերջինս նման նախաձեռնություն դրսևորեց վերը նշված 1087.1 հոդվածի առումով, որի առնչությամբ սահմանեց, որ այդ հոդվածով սահմանված նյութական փոխհատուցումը իրականում ոչ թե բարոյական վնասի համար փոխհատուցման հիմք է, այլ զուտ իրավական պաշտպանության միջոց։[1] Սույն ուսումնասիրությունը գրելու պահին, 2013թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց մի կարևոր որոշում, որով սահմանեց, որ բարոյական վնասի համար նյութական փոխհատուցում ստանալու համար օրենսդրական հիմքերի բացակայությունը[2] խախտում է քաղաքացիների իրավունքները Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածների հիմքերով։ Սահմանադրական դատարանը նույն որոշումով մինչև մեկ տարի ժամանակ տվեց Ազգային ժողովին, որպեսզի վերջինս մինչև 2014թ. հոկտեմբերի 1-ը մշակի անհրաժեշտ բոլոր իրավական կառուցակարգերը Քաղաքացիական օրենսգրքում և վերաբերելի այլ օրենսդրական ակտերում բարոյական վնասի համար նյութական վնասի փոխհատուցման իրավական կառուցակարգերը մշակելու համար։

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելը

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեականացված է և պատժվում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (200,000-ից 400,000 դրամ)։ Եթե նույն արարքը կատարվել է պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ Իսկ եթե վերը նշված արարքները կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Սույն ուսումնասիրության ժամանակահատվածում լրագրողների մասնագիտական գուծունեությանը խոչընդոտելու դեպքեր արձանագրվել են վերը նշված բոլոր հանցակազմերի ներքո և ուղեկցվել են բռնությամբ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով, խտրական վերաբերմունքի կիրառմամբ, անհարկի սահմանափակումների կիրառմամբ (օրինակ՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակմամբ), տեսախցիկների և այլ սարքավորումների առգրավմամբ, նկարահանված տեսանյութի ոչնչացմամբ և տեսաերիզների բովանդակության միջամտությամբ, անձնական կյանքի ու բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքի ու գույքային իրավունքի միջամտությամբ։ Նշված միջամտող բնույթի գործողությունները դրսևորվել են և՛ պաշտոնատար անձանց (օրինակ՝ ոստիկանության աշխատակիցների) և՛ մասնավոր անձանց, քաղաքացիների կողմից։ Պաշտոնատար անձանց միջամտող բնույթի գործողությունների արձագանքը հիմնականում հանդիսացել է ծառայողական քննությունը, այլ ոչ թե քրեական գործի հարուցումը, մեղավորների հայտնաբերումը, դատապարտումը և համարժեք պատժի նշանակումը։ 

Ֆիզիկական բռնություններ 

2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների օրը ֆիզիկական բռնության զոհ է դարձել լրագրող Արտակ Համբարձումյանը, ում մի խումբ անձինք բռնության կիրառումով (բռնելով նրա ձեռքերը) թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել Արարատի մարզի 17/05 ընտրատեղամասում։ Բռնություն է կիրառվել նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության անդամ Նարինե Էսմայելի նկատմամբ, ում ձեռքերը նույնպես բռնել են, որպեսզի վերջին չկարողանա լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեաթերթիկների լցոնումը։[3] Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայության կողմից (այսուհետ՝ ՀՔԾ) հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) հիմքերով։ Նշված երկու հոդվածներով սահմանված հանցակազմերը իրենց օբյեկտիվ կողմերով որևէ առնչություն չունեն բռնության ուղեկցությամբ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի հետ և հնարավորություն են տալիս շրջանցել լրագրողի նկատմամբ կիրառված բռնության փաստը՝ դրսևորված վերջինիս կողմից իր մասնագիտական պարտականությունների իրականացման կապակցությամբ։ Հետևաբար, քրեական գործի հարուցումը նշված հոդվածներով պետական իրավասու մարմնի անհամաչափ ու անհամապատասխան արձագանք էր։ Պատահական չէ, որ հարուցված քրեական գործն այնուհետև կարճվել է, քանի որ դրա շրջանակներում երկու անձանց առաջադրված մեղադրանքները հանվել են նրանց վրայից՝ երկուսին էլ արդարացման հիմքերով։

«Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի լրագրողներ Գայանե Սարիբեկյանը և Մարինե Խառատյանը նույն օրը այլ ընտրատեղամասում ենթարկվել են հարձակման մի խումբ անձանց կողմից, երբ վերջիններս փորձել են նկարահանել ՀՀԿ շտաբի մոտ հավաքված մի խումբ մարդկանց։ Վերջիններս խլել են նրանց տեսախցիկները և հայհոյել նրանց։ ՀՔԾ-ն կրկին քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 149 և 153 հոդվածների հատկանիշներով։ ՀՔԾ-ն այնուհետև կարճել է քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով։ Մինչդեռ առկա էին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներ և այդ առումով տուժողի կողմից ներկայացված հստակ վկայություններ բռնություն կիրառած անձանց ինքնության մասին։

Անպատասխան է մնացել նաև Maxinfo.am լրատվական կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանի կողմից տարածած հայտարարությունը իր նկատմամբ ոմն Անդրանիկ Սարգսյանի (ըստ ԶԼՄ-ների՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը) կողմից կիրառված բռնության (դեմքին հարվածելու) փաստի առթիվ, որն ուղեկցվել է իր գույքի նկատմամբ ոտնձգությամբ (մեքենայի բանալիները հանելը և դրանք տնօրինելը՝ զրկելով լրագրողին իր գույքից անարգել օգտվելու հնարավորությունից, որի արդյունքում լրագրողը ստիպված է եղել հեռանալ դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով մեքենան)։ Դեպքից քիչ անց ոստիկանությունը տեղեկացրել է նրան, որ մեքենան գտնվում է ոստիկանության տարածքում, որտեղից էլ լրագրողը վերցրել է իր մեքենան՝ միաժամանակ տալով հանցագործության մասին հաղորդում։ Դեպքի առթիվ որևէ քրեական գործ չի հարուցվել։

Մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն միջամտելու գործողություններ են կատարվել Երևան-Սևան մայրուղու վրա միանգամից մի քանի լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ՝ կապված այն միջադեպի հետ, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել զոհվածի դին։ Ըստ ԶԼՄ-ների բազաթիվ հաղորդումների՝ համազգեստավոր ու քաղաքացիական հագուստներով մի շարք անձինք բռնի ուժով, հայոյելով, սպառնալիքներ հնչեցնելով՝ խլել ու կոտրել էին «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի, www.lragir.am կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի, «Երկիր մեդա» հեռուստաընկերության և «Հ2» հեռուստաընկերության աշխատակցի տեսախցիկներն ու տեսասարքերը։ Այս դեպքերի վերաբերյալ մայիսի 20-ին համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և հինգ լրագրողական կազմակերպություններ։ Թվում է, թե ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունները միանգամայն բավական էին առնվազն 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հիմքերով քրեական գործեր հարուցելու համար, սակայն որևէ քրեական վարույթ, հետաքննություն չի հետևել այս դեպքերին։

Սպառնալիքներ 

Բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողի հասցեին հնչեցված սպառնալիքը, որի արդյունքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը, քրեաիրավական որևէ  հետևանքի չի հանգեցրել: Նույնիսկ եթե կատարվել է որևէ քննություն, դա հանդիսացել է  ծառայողական բնույթի քննություն, որը սկզբունքորեն, ինչպես նաև գործնականում չի համարվում իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։ Որպես օրինակ կարելի է բերել www.hetq.am լրատվական կայքի լրագրող Անի Հովհաննիսյանի նկատմամբ Հյուսիսային պողոտայում ոստիկանության աշխատակցի կոպիտ վերաբերմունքը՝ ընդհուպ լրագրողին քաշքշելը։ Միջադեպի վերաբերյալ առկա է տեսանյութ։ Այս միջադեպի հետևանքով ոստիկանության աշխատակցի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում վերջինս հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից՝ տեղափոխվելով կադրերի ռեզերվ։ Ծառայողական քննությունը և դրա հետևանքը չի կարելի համարել իրավական պաշտպանության միջոց տուժողի՝ տվյալ դեպքում լրագրողի համար, քանի որ ոստիկանին իր պաշտոնից ազատելը լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու միջոց չէ։ Անհրաժեշտ էր կատարել քրեական ուղղությամբ հետաքննություն՝ պարզելու Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առնվազն 1-ին մասով սահմանված հանցակազմի հատկանիշներ։ Որոշ միջոցներ են ձեռնարկվել Անի Հովհաննիսյանի նկատմամբ կրկնակի սպառնալիքի փաստի առնչությամբ, որն այս անգամ դրևսորվել է Ռուսաստանից ստացված հեռախոսազանգով, որով անհայտ անձը Անիին սպառնացել էր «կհայտնվես փոսում, կամ դու, կամ հարազատներիցդ մեկը» արտահայտությամբ, որը լրագրողը կապում է Հյուսիսային պողոտայում ոստիկանի հետ ընդհարվելու փաստի հետ։ Այս միջադեպի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը դեռ ընթացքի մեջ է: Որևէ հետաքննություն չի կատարվել Սամվել Ալեքսանյանի թիկնապահների կողմից www.news.am լրատվական կայքի լրագրող Գայանե Ապրունցի նկատմամբ հնչեցված սպառնալիքների կապակցությամբ, այդ թվում՝ նաև հենց Սամվել Ալեքսանյանի կողմից նույն լրագրողի թևից կոպտորեն քաշելու դեպքի առթիվ։[3]

Որոշ դեպքերում սպառնալիքի հիմքով իրավասու մարմինները կատարել են հետաքննություն, սակայն դրա շրջանակներում որոշվել է, որ լրագրողի նկատմամբ հնչեցված սպառնալիքն իրական չի եղել, և որ լրագրողական գործունեությանը հնչեցված արտահայտությունների հիմքով միջամտություն չի եղել, այսինքն՝ բացակայել են Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով սահմանված հիմքերը։ Օրինակ՝ www.asparez.am և www.aravot.am կայքերի լրագրողներ Մարինե Պետրոսյանի և Նունե Արևշատյանի հասցեին 2013թ. փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների օրը 35/22 ընտրատեղամասում մեքենայում նստած մի կին բարկացած ասել է. «Ով եք եղած, որ մեզի նկարեք, եդքան չկաք, եկա՝ աչքերներդ կհանեմ»։ Հետաքննության ընթացքում լրագրողները նշել են, որ հնչեցված խոսքերն իրենք իրական սպառնալիք չեն համարել և դրա արդյունքում իրենց լրագրողական գործունեությունը չի տուժել, քանի որ միջամտություն չի եղել։ Ի հավելումն, լրագրողները նշել են, որ նկարահանումներ կատարելիս իրենք չեն եղել լրագրողական տարբերանշաններով, որի առնչությամբ էլ սպառնալիք հնչեցրած կինը հետաքննության ընթացքում ասել է, որ ինքը չի իմացել, որ նկարողները լրագրողներ էին։ Այս ամենի արդյունքում ոստիկանությունը որոշել է քրեական գործ չհարուցել 164-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության հիմքով, որը, կարծում ենք, իրավաչափ մոտեցում էր։

Որոշ դեպքերում էլ լրագրողները որոշել են հայցել ոչ թե քրեական, այլ քաղաքացիական իրավունքով սահմանված պաշտպանության միջոց։ Օրինակ՝ կրկին նախագահական ընտրության օրը թիվ 17/4 տեղամասում տեղամասի հանձնաժողովի նախագահը «New York Institute of Fotography»-ի թղթակից Ծովինար Նազարյանին անվանարկել է «հիստերիկի նման» արտահայտությամբ, ինչպես նաև նրա հասցեին ասել «կտամ կսպանեմ» արտահայտությունը։ Միջադեպի տեսագրությունը տեղադրված է Youtube.com կայքում։ Ծովինարը նախընտրել է դիմել քաղաքացիական դատարան՝ հայցելով պաշտպանություն Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով։

Որոշ դեպքերում իրավական պաշտպանության միջոցը՝ սահմանված քրեական օրենսգրքով, հանդիսացել է արդյունավետ պաշտպանության միջոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնելու համար սույն թվականի սեպտեմբերի 13-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Ռաֆիկ Սահակյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման և 800,000 դրամ տուգանքի։ Դեպքը տեղի է ունեցել 2013թ. հունվարի 30-ին ճանապարհային ոստիկանության ծառայության հատուկ պահպանվող տարածքում։ Ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար այս տարածք էր տեղափոխվել Ռաֆիկ Սահակյանի մեքենան, որտեղ լրագրող Գագիկ Շամշյանը փորձել է տեսանկարահանել մեքենան և մեքենայի տիրոջը, որին վերջինս խոչընդոտել է և նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, սպառնալիքներ և նրա ուղղությամբ նետել իր բջջային հեռախոսը։ Դատարանը Ռաֆիկ Սահակյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ առանց բռնության կամ սպառնալիքի կիրառումով) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով (խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնության կիրառումով կամ բռնության սպառնալիքով): Փաստորեն, դատարանը Գագիկ Շամշյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքները կապել է ոչ թե վերջինիս մասնագիտական գործունեության իրականացման, այլ Ռաֆիկ Սահակյանի խուլիգանական բնույթի արարքների հետ։[4] Հակառակ դեպքում Ռաֆիկ Սահակյանը   կդատապարտվեր 164-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով։ Ի դեպ, այս գործում բավականին լայնորեն կիրառվել է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԴ/0176/01/11 և թիվ ԵԷԴ /0091/01/11 գործերով նախադեպերը, որոնք վերաբերում են «սպառնալիք» հասկացության մեկնաբանությանը, որը կարելի է կիրառել լրագրողների նկատմամբ սպառնալիքների փաստերով գործերի նկատմամբ՝ որպես ուղեցույց։

Միջամտող բնույթի այլ գործողություններ 

Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը ուղեկցվել է ոչ միայն բռնութան, սպառնալիքի, այլ նաև տեղաշարժի ազատության սահմանափակմամբ, սարքավորումները խլելով կամ խլելու փորձով, տեսանյութի ոչնչացմամբ և խտրական վերաբերմունքի կիրառմամբ։ Միջամտող բնույթի նման գործողությունները նույնպես Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առարկա են։

Վերևում արդեն նշվել է Երևան-Սևան ճանապարհի վրա տեղի ունեցած դեպքերի մասին, որտեղ համազգեստով և քաղաքացիական հագուստներով անձինք առգրավել են չորս ԶԼՄ-ների լրագրողների տեսախցիկները և տեսասարքերը, իսկ այնուհետև վերադարձրել են դրանք բոլոր տեսանյութերը ջնջված վիճակում: Այս փաստերի մասով որևէ քրեական վարույթ չի իրականացվել (տե՛ս վերևում)։

Լրագրող Բաբկեն Հարությունյանի տեղաշարժի ազատության սահմանափակման (մեքենայի ընթացքը կասեցվել է մեկ այլ մեքենայի միջոցով) և գույքային իրավունքի միջամտության (մեքենայի բանալին առգրավվել է, որի արդյունքում լրագրողը զրկվել է իր գույքից` մեքենայից օգտվելու հնարավորությունից) փաստերի հիմքով նույնպես որևէ վարույթ չի իրականացվել։

Երևանու ավագանու ընտրություններում ավագանու թեկնածու Աշոտ Պապյանը հարվածել է լրագրող Հակոբ Կարապետյանին և այնուհետև խլել տեսասարքը։ Այս դեպքերին ներկա է եղել ոստիկանը, ով չի միջամտել ու կանխել։ Կարճ ժամանակ հետո վերադարձվել է տեսասարքը, սակայն բոլոր տեսանյութերը ջնջված են եղել։ Սակայն այս միջադեպի հիմքով հարուցված քրեական գործն այնուհետև կարճվել է, քանի որ Աշոտ Պապյանը հրապարակավ ներողություն է խնդրել, որից հետո լրագրողը որոշել է հաշտվել Աշոտ Պապյանի հետ։ Ըստ ոստիկանության՝ նման հանգամանքներում քրեական գործը որոշվել է կարճել Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով, համաձայն որի՝ քրեական գործը կարող է կարճվել Քրեական օրենսգրքի 72, 73 և 74-րդ հոդվածներով սահմանված դեպքերում։ Նշված հոդվածներից կիրառելի է տվյալ դեպքում 73-րդ հոդվածը, համաձայն որի ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը: Ստացվում է, որ ոստիկանությունը Աշոտ Պապյանի արարքները (լրագրողի դեմքին հարվածելը, նրան մարմնական վնասվածք հասցնելը, տեսասարքը խլելը) որակել է ոչ թե Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, այլ 1-ին մասով (լրագրողի աշխատանքին խոչընդոտելը` առանց բռնության կիրառելու կամ սպառնալիքի), հակառակ դեպքում, այսինքն՝ եթե արարքը որակվեր 3-րդ մասով (լրագրողի աշխատանքի խոչընդոտումը բռնության կամ սպառնալիքի զուգորդմամբ), գործը չէր կարող կարճվել կողմերի հաշտվելու հիմքով, քանի որ 3-րդ մասով սահմանված հանցագործությունը ոչ մեծ ծանրության հանցագործություն չէ։ Ակնհայտ է, որ քրեական գործը կարճելու մասին որոշումը հակասում է գործի փաստերին։ Այդուհանդերձ, միևնույն ժամանակ պետք է  արձանագրել, որ լրագրողը չի բողոքել այս որոշման դեմ, ավելին՝ հրապարակավ հայտարարել է, որ համաձայն է սույն որոշման հետ։  

Իրավական պաշտպանության միջոցն արդյունավետ կերպով գործել է «Հայկական ժամ» օրաթերթի լրագրող Հերմինե Մանուկյանի նկատմամբ։ Այս գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հակոբ Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ու նրան դատապարտել տուգանքի 200.000 դրամի չափով այն բանի համար, որ վերջինս խոչընդոտել է «Հայկական ժամ» օրաթերթի լրագրող   Հերմինե Մանուկյանին հարցազրույց վերցնել Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ղազարյանից։  Արարքը դրսևորվել է նրանում, որ Հակոբ Ղազարյանը փորձել Է լրագրողի ձեռքից խլել լուսանկարչական ապարատը, չի թողել, որպեսզի լրագրողը լուսանկարահանի և հարցազրույց վերցնի Սամվել Ղազարյանից, որի արդյունքում լրագրողը ստիպված է եղել լքել տարածքը՝ առանց Սամվել Ղազարյանից հարցազրույց վերցնելու։[5]

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է նաև խտրական վերաբերմունքի արդյունքում։ Մասնավորապես, նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ժամանակ խոչընդոտվել է Yerkir.am կայքի թղթակից Ագնեսա Խամոյանի մասնագիտական գործունեությունը։ Լրագրողը զրկվել է ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը թեկնածուի հետ կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից՝ չնայած որ հավատարմագրված էր եղել լուսաբանելու երկու հանդիպումներն էլ։

Շարունակելի

[1] Տե՛ս ՍԴՈ-991 որոշումը։

[2] Խոսքը վերաբերում էր Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին, որը սահմանում է  քաղաքացիաիրավական հարաբերություններում «վնաս» հասկացության շրջանակները։

[3] Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը 2013թ. Երրորդ եռամսյակի վերաբերյալ. Տե՛ս khosq.am/wp-content/.../3-CPFE-Quarterly-Report-17.10.2013-arm.doc‎ ինտերնետ էջում։

[4] Տե՛ս թիվ ԵԿԴ/0029/01/13 դատական գործը www.datalex.am տեղեկատվական առցանց համակարգում։

[5] Տե՛ս թիվ ԳԴ3/0039/01/13 դատական գործը www.datalex.am տեղեկատվական առցանց համակարգում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter