HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քայլ հետ, երկու քայլ առաջ. ճգնաժամը մեր Ուկրաինայում

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ընդամենը չորս տարի առաջ էր, որ այս երկիրը, ինչպես ներկայում, փորձում էր հաղթահարել իր առջեւ հերթական անգամ ծառացած քաղաքակրթական երկընտրանքը: Արդյո՞ք այդ գործընթացում տեղ գտած անհաջողություններն են ընկած ներկայիս քաղաքական ճգնաժամի հիմքում:

Մոտ չորս տարի առաջ տեղ գտած նախագահական ընտրությունները ձեռք էին բերել աշխարհաքաղաքական նշանակություն, քանզի 2004թ. «Նարնջագույն հեղափոխությունից» հետո, երբ Ուկրաինայում իշխանության էին եկել արեւմտամետ ուժերը, ըստ էության քննություն էր հանձնում «արեւմտյան ժողովրդավարությունը»: Ընդ որում քննությունն առաջին անգամ տեղ էր գտնելու մի երկրում, առանց որի անցյալում չէր կարող ծագել «Երրորդ Հռոմի» աստղը Եւրասիա մայրցամաքում: Դա Եւրոպայի օժանդակությամբ գործող արեւմտամետների, բայց նաեւ հենց Արեւմուտքի ու իր դավանած արժեհամակարգի քննությունն էր երբեմնի Ռուսական կայսրության սրտում` Ուկրաինայում:

2010թ. երկիրը բաժանվել էր երկու հիմնական ճամբարի եւ ընտրություն էր կատարում «Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք» նախապատվությունների միջեւ: Նախընտրական շրջանում, քննության հաջողությունը կասկածի տակ առնող «ուժային» մի քանի լուրջ միջադեպեր այնուամենայնիվ գրանցվեցին: Հիշատակելի է հատկապես հունվարի 25-ին Ուկրաինայի ՆԳՆ «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկների գիշերային ներխուժումը «Ուկրաինա» պոլիգրաֆկոմբինատի շենք, որտեղ տպագրվում էին նախագահական ընտրությունների բլանկները: Այդ օրը Ուկրաինայի կառավարության լիազորությամբ գործող «Բերկուտի» գործողությունները դեմ առան կոմբինատի պահպանությունն իրականցնող անձնակազմի, ինչպես նաեւ Գերագույն Ռադայի «Ռեգիոնների կուսակցությունը» ներկայացնող պատգամավորների (այդ թվում` Ուկրաինայի ներկայիս վարչապետ Ն. Ազարովի) դիմադրությանը: Վերջիններս անգամ գրավեցին կոմբինատի տնօրենի աշխատասենյակը` ընդդիմանալով Կառավարության որոշմանը` վերահսկողության տակ վերցնել պոլիգրաֆկոմբինատի գործունեությունն ու փոխել նրա ղեկավար կազմը:

Դրանից հետո երկրի նախագահ Յուշենկոյին հարկ եղավ գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ կոմբինատի պահպանությունը վերցնել իր անմիջական վերահսկողության տակ: Միաժամանակ Գլխավոր դատախազության կողմից հարուցվեց քրեական գործ, իսկ Գերագույն Ռադան էլ որոշում կայացրեց ՆԳ նախարար Լուցենկոյին պաշտոնանկ անելու մասին: Ռադայի որոշումից մեկ ժամ հետո հետեւեց վարչապետ Տիմոշենկոյի որոշումը` Լուցենկոյին նշանակել ՆԳ նախարարի պաշտոնակատար: Չնայած նման լարված իրավիճակին, այնուամենայնիվ տվյալ միջադեպը դժվարությամբ հնարավոր եղավ ինչ-որ չափով հարթել եւ գնալ նախագահական ընրությունների: 2010թ. փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ընտրվեց «Ռեգիոնների կուսակցությունը» ներկայացնող թեկնածու Վիկտոր Յանուկովիչը (48,95%)` առաջ անցնելով իր հիմնական մրցակից վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից (45,47%):

Ընտրություններից հետո, երբ ակնառու դարձավ արեւմտամետ վարչախմբի ընտրությունների միջոցով փոփոխության փաստը, անկախ նախընտրական միջադեպերից ու լարվածությունից, դեպքերին հետեւող բոլոր երկրների քաղաքական շրջանակները առավելապես սկսեցին խոսել Ուկրաինայում «արեւմտյան ժողովրդավարության» հաջող քննություն անցնելու մասին: Սակայն, այդ օրերին մի խնդիր շատ արդիական էր դարձել: Խորհելու տեղիք էր տալիս Ուկրաինայի աշխարհաքաղաքական նշանակությունը տերությունների շահերի հաշվեկշռում: Եւ յուրաքանչյուրի մոտ հարց էր ծագում, թե ինչպես կարող էր Արեւմուտքը, հանուն իր դավանած եւրոպական արժեհամակարգը ցուցանելու, մեկ անգամ արդեն իր «ձեռքում» հայտնված Ուկրաինան բաց թողնել դեպի «անհայտություն»: Չէ որ մեծ էր հավանականությունը, որ նա կարող էր այլեւս չվերականգնել Ուկրաինայի նկատմամբ իր ուղղակի ազդեցությունը:

Այսօր Ուկրաինան քաղաքական ճգնաժամ է ապրում, բայց նաեւ «ապրում է» իր քաղաքացիական ազգի ծննդով: Եկել է նետված եւրոպական արժեքարերը հավաքելու Արեւմուտքի ժամանակը: Կարելի է վստահությամբ պնդել, որ Արեւմուտքն իր ազդեցության ծավալման աշխարհաքաղաքական գործընթացներում լավագույն ձեւով կարողացել է չեզոքացնել եւ ծնկի բերել Ռուսաստանին: Իսկ կայսերական Ռուսաստանի «սիրտը»` Ուկրաինան, «շահելու» գործում նա ապավինել է հենց ռուսական քաղաքական մտքի յուրահատուկ զինանոցին: Փոխակերպելով լենինյան ներկուսակցական բանաձեւը` կարելի է ասել, որ Արեւմուտքը Ռուսաստանի արտաքին քաղաքական ծրագրերը խաթարելու համար այս չորս տարիների հանրագումարի արդյունքում կատարել է «քայլ հետ, երկու քայլ առաջ»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս յուրահատուկ տեխնոլոգիան: Այն առաջին հերթին ենթադրում է առանձին տարածաշրջանների նկատմամբ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դերի նախնական ճանաչում: Վերջինս գործնական հողի վրա դրսեւորվում է Ռուսաստանի կենսական տարածքներից Արեւմուտքի ժամանակավոր հետ քայլով` ցուցաբերվող քաղաքական պատրոնաժից հրաժարմամբ: Որպես հաջորդ քայլ` թույլ է տրվում Ռուսաստանին անել այն ամենն, ինչ նա կարող է: Սակայն հաշվարկը իրեն բոլորովին արդարացնում է:

Կրեմլը անընդունակ է նոր քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել կամ գրավիչ տնտեսական ծրագրեր առաջարկել հետխորհրդային տարածքին: Նա անհագ գայլի նման ստիպված է գնալ «ավանդական» ճանապարհով` բոլոր ոլորտներում մատուցել իր երկրի ողջ հնացածն ու հետամնացը, բայց բռնագրավել, արգելափակել կամ ոչնչացնել ամենայն առաջադեմը, որ կա կայսրության երբեմնի այս պերիֆերիաներում: Դեռեւս կենսունակ բոլշեւիկյան քարոզչամեքենան ու «մարդաորսով» զբաղվող ռուսական հատուկ ծառայությունները, իրենց հերթին առավել քան բավարար են հիասթափեցնելու համար հետխորհրդային հանրությանը: Արդյունքում տրված շանսը մեծ «հաջողությամբ» Մոսկվան մսխել ու մսխում է սեփական «պալիտբյուրոյի» հարստացման գործը գլուխ բերելու վրա ու կրկին ապացուցում տեւական աշխարհաքաղաքական խաղում դիրքեր նվաճելու եւ պահելու իր անընդունակությունը:

Ռուսաստանի դեպքում կրկին անգամ ի ցույց է դրվում առաջին հայացքից անտրամաբանական թվացող մի ճշմարտություն: Արեւմտյան հանրության կողմից Ռուսաստանին տրված գործելու ազատությունը որքան մեծանում է, նույնքան էլ մեծանում է նրա գործելու անկարողությունը եւ փոքրանում ազատությունը յուրացնելու ու գործը հաջողելու հնարավորությունը: Այսօր Ռուսաստանը ազատ է Կիեւում ուժ բանեցնելու գործում, դրա համար բացված են բոլոր դռները: Բայց այսօր գրեթե բոլորն են հասկացել, որ նման ազատությունը կդառնա Ռուսաստանի անկարողության վերջնական ապացույցն ու հոգեհոր օրինակով տրված վերջին կռիվը «Մանազկերտի ճակատամարտում», որն էլ կփլուզի ողջ կայսրությունը: Քաղաքակրթական մրցակցության մեջ Ուկրաինան թանկ գին ունի եւ այս երկրում տեղ գտած «արեւմտյան ժողովրդավարության» 2010թ. հաջողություններն այսօր տալիս են իրենց պտուղները: Այսօրվա քաղաքական ճգնաժամը հնի վերջն է եւ նորի սկիզբը: Հավանաբար փուլային անցումների այս տարբերակը այն հաջողված մեխանիզմն է, որը Ուկրաինային առավել անցնցում կբերի եւրոպական քաղաքակրթական տարածք, իսկ Ռուսաստանին էլ կմղի դեպի ազգային պետություն կառուցելու մատույցներ:

Թվում էր, թե «Երրորդ Հռոմի» իրականացրած Տարոնի, Տայքի, Վասպուրականի, Անիի, Կարսի նորօրյա կտակումները` վերջին տասնամյակի եւ մերօրյա «գույք պարտքի դիմաց» գործարքները (Սեւան-Հրազդան կասկադ, Հրազդանի ՋԷԿ, Հայռուսգազարդ եւ այլն) դեռ նոր են թափ հավաքում: Բայց արի ու տես, որ ապրում ենք կայսրության տարածքում «Կիլիկյան իշխանության ծննդի» փուլում: Ինչ արած, ժամանակներն են այդպիսին. պատմական գործընթացները տեւում են ընդամենը մի քանի տարի եւ ոչ դարեր, ինչպես միջնադարում էր: Ուրեմն այսօր իսկ մտածենք «կիլիկյան» մեր անկախ պետականության վերականգնման մասին, վաղը միգուցե ուշ լինի: 

Մեկնաբանություններ (1)

vahe
ankax mer kamqic u cankutyunic Rusakan kaysrutyun@ kangnac e qayqayman ezrin, voric kshahi voch miayn voxj qaxaqakirt ashxarh@, ayl naev rus azg@, verjapes na kveradarna ir sepakan akunqnerin, kazatvi verjin mi qani dareri ntacqum cerq berac imperialistakan nkrtumneric,kzbaxvi sepakan erkri barenorogmamb. gitakcelov ays anxusapeli gorcntac@ mez mnum e azgayin hamaxmbum mek ndhanur azgayin (HAYAKENTRON) shahi shurj, vorpeszi i vijaki linenq dimakayelu artaqin u nerqin martahravernerin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter