HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

78-ամյա քիմիկոսին մեղադրում են թմրամիջոցի հումք պատրաստելու մեջ

«Թույլ կտա՞ք Ձեզ լուսանկարել»,- հարցրեցի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դահլիճում նստած «Քիմիկների գործով» առաջին ատյանի դատարանի կողմից 7.5 տարվա ազատազրկման դատապարտված քիմիկոս Սիրաժ Ղամբարյանին: «Ես արդեն ոչնչից չեմ վախենում, նկարե՛ք, գրե՛ք, թող իմանան, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում գիտության մարդկանց»,- ասաց քիմիկոսը, ում մեղադրում են «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի համար անհրաժեշտ նյութեր ապօրինի պատրաստելու մեջ: 

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել քիմիկոս Սիրաժ Ղամբարյանին՝ դատապարտելով 7.5 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի, նա աշխատելով Երևանի Արցախի 4-րդ նրբանցք 10ա հասցեում գտնվող «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ու որպես լաբորատորիայի վարիչ, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու շուրջ համաձայնության է եկել նույն ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանի, փորձարարական արտադրության պետ Արա Ռոստոմյանի և ընկերության աշխատակից Արմեն Լեպեջյանի հետ, 2007 թվականի դեկտեմբեր ամսին ընկերության այլ աշխատակիցների հետ պատրաստել է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի պրեկուրսոր: 

Սիրաժ Ղամբարյանը 78 տարեկան է, երկրաբանական գիտությունների թեկնածու: Պատմեց, որ 2 տարեկանից ապրել է Երևանում, սակայն վերջին տարիներին, ծանր նյութական պայմաններից ելնելով, ստիպված վաճառել է Երևանի բնակարանն ու տեղափոխվել գյուղ. «Գետամեջում փոքր տուն գնեցինք, ընտանիքով տեղափոխվեցինք գյուղ, այլ ելք չկար: Իսկ հիմա օր ծերության ինձ մեղադրում են թմրամիջոցի հումք արտադրելու մեջ: Երկար պարապուրդից հետո 9 ամիս օժանդակ աշխատանք եմ կատարել Քիմտեխում, ստացել աշխատավարձ, ապրել աշխատավարձով՝ ծայր ծայրին հասցնելով»,- «Հետքին» պատմեց Սիրաժ Ղամբարյանը: 

Նույն գործով դարձյալ 7,5 տարվա անազատության դատապարտված մեկ այլ քիմիկոս, օրգանական սինթեզի մասնագետ, քիմիական գիտությունների թեկնածու, 65-ամյա Սամվել Մկրտումյանը «Հետքին» պատմեց, որ «Քիմտեխ»-ի համար աշխատել է ընդամենը 6 ժամ: «Իսկապես չեմ հասկանում՝ ինչու եմ հիմա դատարանում: Ամբողջ կյանքում չեմ իմացել դատարանն ինչ բան է»: 

Այս գործով 9 մեղադրվողներից  4-ի խափանման միջոց ստորագրությամբ չբացակայելը դեռ գործում է, քանի որ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: 5-ը տարբեր ՔԿՀ-ներում են: Բոլոր ինն էլ բողոք են բերել վերաքննիչ դատարան՝ պնդելով, որ 7-12 տարվա ազատազրկման են դատապարտվել սարքովի գործի պատճառով: Դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ վերաքննիչ բողոքի քննությունը դեկտեմբերի 12-ին հետաձգվեց մինչև դեկտեմբերի 17-ը՝ փաստաբաններից մեկի նիստին հարգելի պատճառով չներկայանալու համար: 

Մեկնաբանություններ (1)

hasmik
es zarmanum em inchu 4-i xapanman mijocy chen poxum kalanqi, 78 tarekanin el kalanavoreq, inchqan shat kalanavor, ajnqan lav, ed 4 hoguc patkeracnum eq inchqan gumar eq korcrel, heraxosi poxy, qnelu poxy..., verjapes nor tari e, sexanin vonc eq bud dnelu, kalamavoreq prceq,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter