HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատարանը վճիռ է կայացրել` առանց պարզելու գործի հանգամանքները»,- ասում է զինվորի փաստաբանը

Ալավերդի քաղաքի Ակներ գյուղական թաղամասի բնակիչ Հայկազ Ծատինյանը 2012թ. հունիսի 30-ից զինվորական ծառայության է անցել ՊՆ Երեւանի N զորամասում` որպես հրաձիգ: Ծառայությունից մեկ տարի անց` 2013թ.  հունիսի 18-ին, զորամասի պահեստանոցում Հայկազը սակրավորային բահով հարվածել է նույն զորամասի զինծառայող, շարքային Արսեն Գասպարյանի գլխին: ՊՆ Քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում 12.07.2013թ.  որոշմամբ  Հայկազ Ծատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օրենսգրքի 359 և 112 հոդվածների առաջին մասերով: Ըստ առաջադրված մեղադրանքի` Հայկազ Ծատինյանը 6-րդ վաշտի պահեստանոցում  խախտել է ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները և, վիճաբանելով ու  բռնություն գործադրելով, սակրավորային բահով դիտավորությամբ հարվածել է շարքային Արսեն Գասպարյանի գլխին` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնասվածք: ՊՆ ԿՌԲՀ-ի 2013թ. հուլիսի 10-ի որոշմամբ` Արսեն Գասպարյանը խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի, պատերազմի ժամանակ` սահմանափակումով պիտանի:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր  Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 2013թ. սեպտեմբերի 24-ի դատական նիստում վճռել է  Հայկազ Ծատինյանին մեղավոր ճանաչել և ՀՀ քր. օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով դատապարտել ազատազրկման վեց ամիս ժամկետով, 112 հոդվածի 1-ին մասով` ազատազրկման դատապարտել երեք տարի ժամանակով: Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Հայկազ Ծատինյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման երեք տարի երեք ամիս ժամանակով:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռից հետո զինվոր Հայկազ Ծատինյանի շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը քրեական գործի շրջանակներում նախաքննող մարմնի, ապա դատարանի կողմից  դատահոգեբանահոգեբուժական բժշկական փորձաքննության չի ենթարկվել: Ըստ պաշտպանի և ամբաստանյալի մոր` Հասմիկ Ծատինյանի` 1998թ.  օգոստոսին 4-ամյա Հայկազի քիթը ձին կծել և պոկել է: «Պատահարից հետո իմ պաշտպանյալը ենթարկվել է ծանրագույն սթրեսի, ինչի հետևանքով նրա  հոգեկան առողջությունը խարխլվել է, և նա դարձել է նյարդային և դյուրագրգիռ: Հայկազ Ծատինյանը հիմա հանգիստ վիճակում է, եթե նրան ջղայնացնում են, դառնում է խիստ վտանգավոր»:

Պատիժը կրելուց հետո Հայկազ Ծատինյանը պետք է շարունակի զինվորական ծառայությունը. «Նա գործ է ունենալու զենքի հետ, ո՞վ կարող է երաշխավորել, որ ավելի ծանր արարք չի կատարի»,- ասում է պաշտպանը: Ալեքսանդր Ծատինյանը նաև կարծում է, որ գործի նախաքննության ընթացքում չի պարզվել, թե ինչն է դրդել իր պաշտպանյալին սակրավորային բահով  հարվածել տուժողին: Պաշտպանը անհիմն է համարում նաև Հայկազ Ծատինյանին 359 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը. «Նա չի խախտել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կարգը: Չի ծաղրել, չի հալածել և այլ բռնության չի ենթարկել տուժողին: Նա դատարանի կողմից չպարզված հանգամանքներում մի անգամ բահով հարվածել է տուժողին»,- ասում է պաշտպանը:

Հայկազ Ծատինյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2013թ. հունիսի 18-ին գտնվել է զորանոցում, երբ ժամը 11:00-ի սահմաններում զորանոց է եկել շարքային Արսեն Գասպարյանը և իրեն ասել, որ դուրս գա միջանցք: Հայկազը դուրս է եկել միջանցք, որտեղ Արսեն Գասպարյանն իրեն 200 դրամ է տվել և ասել է` գնա սուրճ բեր: Հայկազը հրաժարվել է կատարել Արսենի պահանջը, որի համար էլ Արսենը ապտակել է  նրան, ապա Հայկազին քաշելով տարել է պահեստանոց, հայհոյել է և սակրավորային բահի հարթ մասով հարվածել Հայկազի ձախ կողքին: Երբ Արսենը 2-րդ անգամ է փորձել հարվածել բահով, Հայկազը վերցրել է բահն ու սուր մասով հարվածել Արսեն Գասպարյանի գլխին:

Դատարանը  դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում Հայկազ Ծատինյանի արաքը հիմնավորել է վերջինիս մասնակի խոստովանական ցուցմունքով, ապա`տուժողի ցուցմունքով այն մասին, որ բահը տեղը դնելու ընթացքում միաժամանակ Հայկազ Ծատինյանին ասել է, որ նա ընդգրկված է վերակարգում: Վերջինս իրեն պատասխանել է, որ վերակարգում ընդգրկված չէ: Այդ ժամանակ Արսենը նորից է կրկնել, որ Հայկազը վերակարգում ընդգրկված է, որին Հայկազը նորից պատասխանել է, թե վերակարգում ընդգրկված չէ, ինչից իրենք սկսել են լեզվակռիվ տալ: Կռվի ընթացքում ինքը Հայկազին ասել է. «Հո գիժ չես»: Իր այդ խոսքի վրա էլ Հայկազ Ծատինյանն իր ձեռքից վերցրել է սակրավորային բահը և հարվածել է իր գլխի ճակատային մասին:

ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի ապահովման ջոկի հրամանատար, դեպքի ականատես վկա Վարդան Սարոյանն իր ցուցմունքում հայտնել է, որ պահեստարանում լսել է, որ Հայկազն ու Արսենը բարձր տոնով խոսել են միմյանց հետ, սակայն չի հիշել, թե ինչ թեմայի շուրջ է եղել վեճը:  Պաշտպան Ալեքսանդր Ծատինյանը Երևանի Էրեբունի և Նուբարաշենի  վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի 24.09. 2013թ. ԵԷԴ /0124/01/13 դատավճռի դեմ վերաքննիչ քրեական դատարանին ուղղված  բողոքում և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հ.Գ. Տեր-Ադամյանին ուղղված միջնորդությամբ խնդրել է բողոքը վերաքննության կարգով քննել եւ իր պաշտպանյալի նկատմամբ  դատահոգեբանահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակել:  

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը և միջնորդությունը  կքննարկի դեկտեմբերի 18-ին նշանակված դատական նիստում: 

Մեկնաբանություններ (1)

Armen
shoumen Alik, du chempion es...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter