HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ոստիկանությունը հաստատել է դպրոցականին ծեծելու փաստը

«Դեկտեմբերի 7-ին Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի հարակից տարածքում նույն դպրոցի աշակերտներ Հ.Գ.-ի և Գ.Շ-ի միջև վիճաբանություն է ծագել, որը դեկտեմբերի 9-ին նույն վայրում շարունակվել է և վերածվել նրանց միջև քաշքշուկի: Ներկա գտնվող Կ.Մ.-ն ծեծի է ենթարկել Հ.Գ.-ին, իսկ վերջինիս հորեղբայր Ա.Գ.-ն երկու անգամ ապտակել է Կ.Մ.-ին: Կ.Մ.-ն եղել է տասներորդ դասարանի աշակերտ: Հանգամաքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,- պարզաբանում է ոստիկանությունը` ի պատասխան «Ծեծկռտուք դպրոցում.պայմանավորված լռություն» հրապարակման: Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հանգամանքները պարզել է այսօր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիս քաղաքի թիվ 1 դպրոցի բակում տեղի էր ունեցել վիճաբանություն դպրոցականների միջև: Վիճաբանությանը միջամտել է դպրոցի տասներորդ դասարանցիներից մեկը:  Նա փորձել է հարթել վիճաբանությունը` հանդիմանելով վեճի մասնակիցներից մեկին: Վերջինս զանգահարել է հորը, ով դեպքի վայր է եկել այլ տղամարդկանց հետ: Վերջիններիս շարքում եղել է նաև ոստիկան: Նրանք դաժանաբար ծեծել են տասներորդ դասարանցի տղային:  

Այս դեպքի վերաբերյալ ոչ ծեծվողի ծնողները, ոչ դպրոցի ուսուցիչները և ոչ էլ տնօրենը ոստիկանությանը չէին հայտնել: Գորիսի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենց դպրոցում վիճաբանություն չի եղել: 

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 10-ին: Բացի այդ՝ ծեծկռտուքի ականատեսները մեզ դեպքի մասին ավելին են հայտնել. տղան ծեծի արդյունքում ուղեղի ցնցում է ստացել և ամբողջ շաբաթ դպրոց չի հաճախել: Վիճաբանության ականատեսների պատմելով` տղայի ընկերները փորձել են միջամտել, օգնել իրենց համադասարանցուն, աղջիկներից ոմանք նույնիսկ կծոտել են ծեծողների ձեռքերը, երբ նրանք տղային մտցրել են մեքենայի մեջ: Ծեծված տղան միայն այսօր է դպրոց գնացել, դեմքին` ամբողջությամբ կապտուկներ:

Ականատեսները վախենում են ծեծողների անունները տալ. նրանք նշում են միայն, որ տղային ծեծողներից մեկը ուսադիրներով էր: Մեր տեղեկություններով` տասներորդ դասարանցուն ծեծողների թվում է եղել ոչ միայն աշակերտ Հ.Գ.-ի հորեղբայրը, ինչպես հայտնում է ոստիկանությունը, այլև Գորիսի ճանապարհային ոստիկանության պետի եղբոր տղան, որը ճանապարհային ոստիկանության` մեքենաների առքուվաճառքը ձևակերպող մարմնի ( ՄՌՈՒ)  աշխատակից է: 

«Հետաքննություն է ընթանում, բոլոր տեղեկությունները նախնական են, միգուցե հետո ուրիշ բան պարզվի»,- առայժմ հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter