HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Չխանգարել, ռեկտորները հանգստանում են

Այն, որ Հայաստանում տուրիզմի ոլորտը զարգացման տեմպերով մի քանի անգամ հետ է մնում մեր հարեւան երկրների ցուցանիշներից, վաղուց գաղտնիք չէ: Բայց որ, մասնավորապես, հյուրանոցային բիզնեսի տերերը եւ սպասարկման ոլորտի ներկայացուցիչներից շատերը շարունակում են թքած ունենալ տուրիստների վրա, էլ ավելի ցավալի է դարձնում իրականությունը եւ հանգեցնում այն մտքին, որ, հարեւանների մեծ աճին զուգահեռ, մենք առաջ ենք գնում շատ դանդաղ, երբեմն էլ ուղղակի դոփում ենք տեղում: Առավել պարզ լինելու համար խոսենք կոնկրետ օրինակով:

Շաբաթ օրը ընկերոջս հետ մեկ օրով գնացել էի Ծաղկաձոր: Նախապես որոշել էինք մնալ Երեւանի պետական համալսարանի հյուրանոցում, որը գտնվում է դեպի ճոպանուղի տանող ճանապարհին: Տնօրենից եւ ադմինիստրատորից նախապես պարզել էինք, որ ազատ սենյակներ կան, եւ տեղեկացրել էինք, որ տվյալ օրը ժամանելու ենք:

Սակայն անակնկալի եկանք, երբ հյուրանոցի ընդունարանի երկու աշխատակիցները հայտնեցին, թե իրենց ասել են, որ մարդ չընդունեն: Մեր զարմացած ու մի քիչ էլ վրդովված «ինչու՞» հարցին պատասխանեցին. «Ռեկտորների խորհրդի նիստ է»: Փաստորեն, «վերեւից» հրահանգել էին փակել «օբյեկտը»: Պատկերացնու՞մ եք, հայրենի ռեկտորները ոչ մի քայլ հետ չեն մնում նույնքան հայրենի օլիգարխներից՝ սեփական նախաձեռնությամբ «օբյեկտ» փակելով: Եթե այդ հյուրանոցն իրենց սեփականությունը լիներ, կարելի էր ինչ-որ տեղ եւ հասկանալ «տիրոջը» կամ «տերերին», սակայն երբ «Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսումնաարտադրական բազայի հյուրանոցը փակվում է հանգստանալ ցանկացողների առաջ, ինչ է թե այնտեղ ինչ-որ խորհրդի նիստ է, մնում է միայն քմծիծաղել: ԵՊՀ-ն պետական բուհ է, նրա հյուրանոցը նույնպես պետության սեփականությունն է, մյուս կողմից՝ մեզ նման արտահամալսարանական (ԵՊՀ-ականները ուղեգրով են գալիս այստեղ, նրանց համար հանգստյան տան վճարն ավելի ցածր է) հանգստացողների հաշվին ԵՊՀ-ն հավելյալ գումարներ է ուղղում իր բյուջե: Եվ քանի որ հյուրանոցը բիզնեսի մի ճյուղ է, դասական բիզնեսի կանոններով հյուրանոցն ամեն ինչ պետք է անի՝ տուրիստներ գրավելու, իր ծառայություններով նրանց աչքը շոյելու եւ ի պատասխան՝ գումար վաստակելու համար:  

Բայց Հայաստանում, ինչպես շատ այլ բնագավառներում, տուրիզմում էլ համաշխարհային, ընդունված, դասական կանոնները չեն գործում, փոխարենը կիրառվում է ղեկավարին ամեն կերպ քծնելու, նրան հաճոյանալու, նրան եւ ոչ թե գումար ծախսող զբոսաշրջիկին գոհացնելու վարքագիծը:

Ադմինիստրատորի հետ հստակեցնելուց հետո մեզ, ի վերջո, սենյակներ հատկացրին: Միաժամանակ ճշտեցինք ճաշարանի ժամերը. նախաճաշը՝ 10:00-11:00-ին, ճաշը՝ 14:00-15:00-ին, ընթրիքը՝ 19:00-20:00-ին: Ընդունարանի աշխատողը, սակայն, կաշկանդվելով ասաց, թե ճաշի համար ճաշարան իջնենք մեկ ժամից՝ 14:30-ին: Չհասկացա, թե ինչու այդպես ասաց, բայց գլխով արեցի: 14:30-ին իջանք ճաշարան: Մեծ սրահի կենտրոնում սեղանները միացրել էին իրար, եւ ռեկտորներն արդեն ճաշում էին, նրանց հետ էր նաեւ կրթության եւ գիտության նախարարը: Փաստորեն, մեզ խնդրել էին ուշ իջնել ճաշելու, որպեսզի չխանգարենք ղեկավարությանը: Վերջիններիցս բացի՝ ուրիշ ճաշողներ չկային: Ոչինչ չկռահելով՝ նստեցինք ազատ սեղաններից մեկի մոտ: Մատուցողուհիներին դա ակնհայտ դուր չեկավ, մեկը մոտեցավ եւ առաջարկեց կես ժամից գալ: Ընկերս իրեն վատ էր զգում եւ ճանապարհից հետո ցանկանում էր հնարավորինս արագ ճաշել, այդ իսկ պատճառով կտրուկ մերժեց առաջարկը: Հետո էլ մեկ ուրիշն ասաց, թե ընդունարանում լավ չգիտեն. ճաշի ժամը 15:00-16:00-ն է (չհավատացինք): Թե իրենց, թե մեզ անհարմար վիճակի մեջ դնելուց մի որոշ ժամանակ անց սկսեցին մատուցել:

Ռեկտորների կենացները քաղցրանում էին (չեմ ցանկանում մանրամասնել դրանց բովանդակությունը): 

Ընթրիքի ժամանակ, ցավոք, նույն պատմությունը կրկնվեց: Իջանք ճաշարան 19:30-ին մոտ, այնտեղ նորից միայն բուհերի ղեկավարներն էին: Մատուցողուհիներից մեկը մոտեցավ եւ բառացիորեն ասաց. «Բարձրացեք, երկու րոպեից կիջնեք»: Սա վերջն էր: Նման վերաբերմունքը առնվազն վիրավորական էր: Մեր զայրույթը զսպելու նպատակով տիկինն ասաց, թե քանի որ մենք համալսարանից չենք, պետք է երկրորդ խմբի մեջ լինենք, քանի որ իրենք առաջինը սպասարկում են համալսարանականներին: Մեզ նման բան ոչ մի տեղ չէին ասել, ոչ մի տեղ գրված էլ չէր: Ճաշասրահում ազատ սեղաններ շատ կային, եւ այնպես չէր, որ ռեկտորների հետեւից մատուցողուհիները չէին հասցնում: Ստացվում էր, որ «օբյեկտը» փակելուց զատ «շեֆերի» համար անորոշ ժամանակով փակվում էր նաեւ ճաշարանը, իսկ մյուսները (այդպիսիք, որքան հասկացա, քիչ էին) պարտավոր էին սպասել մինչեւ խնջույքի ավարտը:

Չհամակերպվելով նման վերաբերմունքի հետ, չնայած նախապես վճարել էինք երեքանգամյա սննդի համար՝ դուրս եկանք՝ դրսում ընթրելու: Վերադարձանք մոտ մեկ ժամից՝ 20:40-ին, ընդունարանի աշխատողը հայտնեց, թե հիմա կարող ենք իջնել ճաշարան: «Գոհ եմ»,- ասացի:

Առավոտյան նույնպես չիջանք ճաշարան: Գիտեինք, որ նույն դեմքերն ու խոսքերն են լինելու: Նախասրահից լսելի էինք նախաճաշող ռեկտորների ձայները, այնպես որ ամեն ինչ պարզ էր: Կեսօրին, երբ դուրս էինք գալիս հաշվառումից, ընդունարանի տիկինը զարմացավ, թե ինչու չենք ընթրել իրենց մոտ: Ասացի, որ խելքի հրավիրեն իրենց մատուցողուհիներին եւ մարդկանց հետ շփվեն ըստ պատշաճի. «Ես ոչնչով լավը չեմ ռեկտորից, բայց եւ նա ինձնից լավը չէ»: Տիկնոջ հետ աշխատող երիտասարդը ներողություն խնդրեց:

Կարծում եմ, որ տեղի ունեցածում կա մեկ մեղավոր. դա այն անձն է, ով իր վերադասին սիրաշահելու համար կարգադրել է փակել հյուրանոցը, այդ թվում՝ ճաշարանը: Ընդունարանի աշխատողները, մատուցողները ընդամենը հրահանգ կատարողներ էին: Բայց այստեղ էականն այն է, որ նման վարքագիծը ընդունվում, հավանության է արժանանում ղեկավարության կողմից: Ոմանց համար արդեն սովորական դարձած ու, չեմ խուսափի ասել, կենսական կարեւորություն ունեցող ինքնակամ ստորադասվելու, քծնանքի վերաբերմունքն իր ամբողջ նողկանքով արտահայտվում է կրթության եւ գիտության բնագավառում: Այնինչ, հենց այդ ոլորտի մարդիկ են կոչված սերունդ դաստիարակելու: Մեր բուհերի տարեց վերնախավերում սովետական նոմենկլատուրային բնորոշ հատկանիշներն ու բարքերն այսօր էլ ապրում են ու հաջողությամբ փոխանցվում են ավելի երիտասարդներին: Եվ այսպես կլինի այնքան, մինչեւ պետական ամենաբարձր մակարդակով ցույց չտրվի (սեփական օրինակով), որ քծնանքն ու շողոքորթությունը պիտի հեռու լինեն պաշտոնյաներից, առավել եւս՝ ԿԳ ոլորտի: Ցավոք, մոտ ապագայում նման հեռանկար չի ուրվագծվում:

Հ.Գ. Վերադառնալով հայկական տուրիզմի թերություններին՝ նշենք, որ հայ բիզնեսմեններն առ այսօր օգտվում են զբոսաշրջիկների ուրիշ ճար չունենալու հանգամանքից: Օրինակ՝ եթե սովորական սուրճը Ծաղկաձորի ճոպանուղու հարեւանությամբ կրկնակի թանկ է Երեւանի գներից, միեւնույն սրճարանային ցանցի գները տարբեր են Ծաղկաձորում եւ Երեւանում, հյուրանոցներից ամենաէժանի մեկ օրվա գինը (երեքանգամյա սնունդով) 12.000 դրամ է, եւ պարզապես երբ տուրիստական կենտրոն համարվող քաղաքում տեսնում ես միայն թանկարժեք մեքենաներ, հասկանում ես, որ միջին խավը (քիչ թե շատ լավ ապրող, էլ չենք խոսում ավելի ցածր մակարդակի մասին) հնարավորության դեպքում կգերադասի հարեւան երկրներում նույն գումարով ավելի լավ հանգստանալ, քան հայրենասիրական ճառերով տոգորված՝ զարկ տալ ներգնա տուրիզմին:

Մասնավորապես սպասարկման ոլորտի հայ բիզնեսմեններին խորհուրդ կտայինք փորձառության համար մի քանի օրով լինել Թուրքիայում ու տեսնել, թե ինչպես են այդ երկրում «գլխի վրա պահում» հաճախորդին, տուրիստին՝ փորձելով տարատեսակ ծառայությունների ու բարեհաճ վերաբերմունքի միջոցով շատ փող «պոկել», այլ ոչ թե դժկամ դեմքով «մուննաթ» գալ հաճախորդի վրա՝ այդպես էլ չհասկանալով բիզնեսի ոսկե կանոնի իմաստը. «Հաճախորդը միշտ ճիշտ է»:  

Մեկնաբանություններ (2)

artak
դէ ինչ ասեմ Հրանուշին դիմի որ ի լոզւնգին այսինքն այս լոզունգին հայրակից տուն դարձի հայրենիքը սպասում է քեզ այսինքն ես սպասում եմ արի միհատ թափ տամ գրպաներտ ու լարեմ այստեղից
roocaya
vse verno, turisticheskaya infrastructura uzhasna, vernee, otsutstvuet... edinstvennoe, v chem ne soglasna s avtorom, eto ceny coffee ryafom s kanatkoi: takoe sootnoshenie cen blizko k ob'ektu interesa v norme s mirovymi standartami ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter