HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՕԵԿ-ն ու կուսակցության պատգամավորը 7 մլն դրամ են պահանջում «Ժողովուրդ» օրաթերթից

«Օրինաց երկիր» կուսակցությունը եւ ՕԵԿ-ական նորընտիր պատգամավոր Լեւոն Դոխոլյանը դիմել են դատարան` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Յուրաքանչյուրը օրաթերթից պահանջում է 3.5 մլն դրամ, որից 3 մլն դրամը Լեւոն Դոխոլյանը պահանջում է իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու համար, իսկ ՕԵԿ-ը նույնքան գումար պահանջում է բարի համբավին պատճառված վնասը փոխհատուցելու համար: 500 հազարական դրամ էլ պահանջում են փաստաբանական ծախսերի փոխհատուցման համար:

Բացի գումարային պահանջից՝ թե՛ կուսակցությունը, թե՛ պատգամավորը օրաթերթից պահանջում են ներողություն խնդրել եւ հերքել իրենց բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունն արատավորող հրապարակումները:

Հայցադիմումները ներկայացվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ արդեն ընդունվել են վարույթ (դատավոր` Սամվել Թադեւոսյան):

Նշենք, որ ՕԵԿ հայցադիմումով որպես ներկայացուցիչ ներգրավված է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

ՕԵԿ-ի կարծիքով՝ իր բարի համբավին վնաս է հասցվել օրաթերթի նոյեմբերի 19-ի համարում հրապարակված հոդվածով, ըստ որի` «ՕԵԿ-ական պատգամավորը քաղաքական պատվերներից խոսելուց առաջ երեւի մոռանում է, որ իրենց կուսակցությունը տեղով իսկ քաղաքական պատվեր է, քաղաքական պատվերներ կատարելու հարցում պրոֆեսիոնալ եւ այն աստիճանի է վարկաբեկվել, որ վեր է ածվել քաղաքական դիակի: Ուստի ի՞նչ կարիք կա քաղաքական պատվեր կատարել մի կուսակցության, ուժի դեմ, որը, կարելի է ասել, արդեն վաղուց մեռած է: Սովորաբար, մեռածների մասին կամ լավն են խոսում, կամ՝ ոչինչ: Թե՞ Մարգարյանն ուզում է ասել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իրենից բան է ներկայացնում: Լավ, էլիԱնլուրջ է»:

ՕԵԿ-ը որպես իր բարի համբավին հասցված վնաս՝ հայցադիմումի հիմքում դրել է թերթի մի քանի հրապարակումներ եւս, ինչպես նաեւ www.armlur.am կայքում տեղադրված մի հրապարակում, որտեղ տեղ են գտել ֆեյսբուքյան օգտատերերից մեկից արված մեջբերումները:

Իսկ Լեւոն Դոխոլյանը վիրավորվել է թերթի մի քանի հրապարակումներից, որոնցում իրեն անվանել են «Քույրիկ Լեւոն»:

Մասնավորապես, թերթի նոյեմբերի 26-ի համարում հրապարակվել է մի հոդված`«Էլի քույրիկ» վերտառությամբ, որտեղ տեղ գտած արտահայտություններն էլ վիրավորել են նորընտիր պատգամավորի արժանապատվությունը: Ըստ հայցադիմումի՝ հոդվածը հետեւյալ բովանդակությունն է ունեցել.

«Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ԱԽՔ-ը հոկտեմբերին գնել է կրակմարիչներ: Բնականաբար, այդ գնումն իրականացրել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ուշագրավը, սակայն, ոչ թե ծախսված գումարի չափն է` 121 հազար ՀՀ դրամ, այլ թե ումից է ձեռք բերել կրակմարիչները: «Ժողովուրդը» պարզեց, որ դրանք գնվել են «Մարուս Դոխոլյան» անհատ ձեռնարկատիրոջից: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանի կուսակից ընկեր, էգ առյուծ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան, որն ՕԵԿ ցուցակով հավակնում է դառնալ ԱԺ պատգամավոր, Լեւոն Դոխոլյանն է` «Քույրիկ Լեւոնը»: Համաձայնեք, որ Մարուս եւ Լեւոն Դոխոլյանների ազգանունների նույնությունն ամենեւին էլ չի կարող պատահական համընկնում լինել: Ինչից կարելի է ենթադրել, որ Ա. Բաղդասարյանը բավական ուշադիր է եւ հոգում է իր կուսակից ընկերների բիզնեսի ծաղկման մասին, ավաղ, ՀՀ քաղաքացիներիս հաշվին»:

Իսկ նոյեմբերի 3-ի համարում թերթը հրապարակել է «Բիշարյանը` թիկնապահ» վերտառությամբ հոդվածը, որի մի քանի տողը, մասնավորապես` «Երեկ վերջապես եկավ այն «բաղձալի օրը», երբ խորհրդարան ոտք դրեց ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը` Քույրիկ Լեւոնը…», համարվել են վիրավորական:

Ըստ հայցվոր Լեւոն Դոխոլյանի` օրաթերթի վերը նշված հոդվածները նպատակ են հետապնդել անվանարկել իրեն, արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը: «Այն փաստի պնդումը եւ հրապարակային`զանգվածային լրատվության միջոցով տարածումը, թե Լեւոն Դոխոլյանին հարեւանները ճանաչում են «Քույրիկ Լեւոն» մականվամբ, չի համապատասխանում իրականությանը եւ չի կարող հետապնդել որեւէ այլ նպատակ, քան արատավորել, նսեմացնել Լեւոն Դոխոլյանի պատիվն ու արժանապատվությունը»,- գրված է հայցադիմումում:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վերը նշված երկու պահանջները չի ընդունում, ավելին, ըստ նրա` «հայցը փուչիկ է, իրավազուրկ ու հիմնազուրկ»:

«Մենք մեր գրած յուրաքանչյուր բառը պատրաստ ենք դատարանում ապացուցել»,-ասաց «Ժողովուրդի» գլխավոր խմբագիրը: Թագուհի Թովմասյանը նշեց, որ հայցադիմումում աբսուրդային բաներ կան, օրինակ` հայցի հիմքում դրված 2 նյութերը զուտ մեկնաբանություն են եւ թերթում հատուկ այդպիսի խորագիր ունեն, որի համար չեն կարող պատժել, թեեւ դատարանում մեկնաբանության հիմքերն էլ կարող են բերել:

«Նյութերից մեկը, որը տեղադրվել է մեր կայքում, lurer.com-ի նյութն է, բայց, չգիտես ինչու, մեզ են դատի տվել, մյուսը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրածն է, որը արտատպվել է մեր կայքում, նաեւ երկու այլ կայքերում, բայց իրենք միայն մեզ են դատի տվել ու այդպիսի շատ հիմար բաներ»,- ավելացրեց Թ. Թովմասյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց հրապարակումներից մեկով էլ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դիմել է դատախազություն, իբր թերթը գրել է, որ Հովիկ Մարգարյանը 150 հազար դոլար գումար է տվել Արթուր Բաղդասարյանին, որը հետ չի վերադարձնում:

«Վստահ եմ, որ մենք նման բան չենք գրել, բայց չի բացառվում, որ ինչ-որ այլ հրապարակումից օգտված լինենք, բայց հաստատ մեր հեղինակային նյութը չէ»,- ասաց «Ժողովուրդի» գլխավոր խմբագիրը:

«Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ իրենք դատախազությունից որեւէ գրություն չեն ստացել դրա համար հիմնվում են միայն Հովիկ Մարգարյանի հայտարարության վրա ու չեն հասկացել, թե որոնք են վիճահարույց հրապարակումները:

Լևոն Դոխոլյանի լուսանկարը՝ ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (1)

rafayel
«ՕԵԿ-ական պատգամավորը քաղաքական պատվերներից խոսելուց առաջ երեւի մոռանում է, որ իրենց կուսակցությունը տեղով իսկ քաղաքական պատվեր է, քաղաքական պատվերներ կատարելու հարցում պրոֆեսիոնալ եւ այն աստիճանի է վարկաբեկվել, որ վեր է ածվել քաղաքական դիակի: Ուստի ի՞նչ կարիք կա քաղաքական պատվեր կատարել մի կուսակցության, ուժի դեմ, որը, կարելի է ասել, արդեն վաղուց մեռած է: Սովորաբար, մեռածների մասին կամ լավն են խոսում, կամ՝ ոչինչ: Թե՞ Մարգարյանն ուզում է ասել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իրենից բան է ներկայացնում: Լավ, էլի…Անլուրջ է»: Ստորագրում եմ յուրաքանչյուր բառի դիմաց,ավելի դիպուկ հնարավոր չէ ներկայացնել այդ հորինած թուրիմացությանը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter