HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տեր Վահրամ Մելիքյան. «Մայր Աթոռի մեքենաների պարկը մեծ թիվ չի կազմում»

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը հերքեց այն լուրերը, որ Մայր Աթոռը 309 հազար դոլար արժողությամբ Toyota ավտոմեքենաներ է գնել: Տեր Վահրամի խոսքերով՝ այդ ավտոմեքենաները երկու տարի առաջ Մայր Աթոռին է նվիրաբերել բարերար Սամվել Կարապետյանը, իսկ Մայր Աթոռն ինքը գնում չի արել:

Հիշեցնենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, հղում կատարելով «Արմինֆո» գործակալությանը, հաղորդագրություն է տարածել այն մասին, որ միայն վերջին տարում Մայր Աթոռը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցիչ Toyota-Երևան ընկերությունից ձեռք է բերել 7 ավտոմեքենա՝ 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

«Հիշեցնենք, որ երկու օր առաջ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Մելիքյանը հայտարարել է, որ Էջմիածինը միջոցներ չունի ողբալի վիճակում գտնվող Սանահինի վանական համալիրի, ինչպես նաև քանդման վտանգի տակ գտնվող այլ եկեղեցիների վերականգնման համար՝ ավելացնելով, որ այդ հարցում Էջմիածինը կախված է բարերարներից»,- նշել է «Չենք լռելուն»:

Երիտասարդական նախաձեռնությունը նշել էր, որ եկեղեցին ձեռք է բերել նաև Toyota HiAce միկրոավտոբուս, որն արժե 56.000 դոլար: Տեր Վահրամն ասաց, որ միկրոավտոբուսն իրականում Մայր Աթոռին է նվիրաբերել մի հոլանդացի ուխտավոր, և Մայր Աթոռը որևէ միջոց դրա վրա ևս «չի վատնել»:

«Բացի այդ՝ ինձ թվում է՝ ծիծաղելի է մտածել, որ 6.000 աշխատակից ունեցող հաստատության համար, ինչպիսին Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն է, ունենալ մի քանի մեքենաներ, որոնք այսօրվա մեր փողոցում երթեևեկող մեքենաների համեմատությամբ ճոխ չեն և զեխություն չեն նկատվում, գնահատականները ձեզ եմ թողնում: Ինչ վերաբերում է նվիրատվություններին, մարդիկ իրենց նվիրատվությունը կատարում են իրենց ցանկությամբ, և ես որևէ անպատշաճություն դրա մեջ չեմ տեսնում, որ մարդը իր ուզած մեքենան նվիրաբերում է եկեղեցուն՝ օգտագործման համար»,- ասաց Տեր Վահրամ Մելիքյանը:

Նա վերջերս եղել է Վրաստանում ու տեսել, որ նախագահ Սահակաշվիլին անձամբ բարձրաստիճան եկեղեցական դասին նվիրաբերել է բարձրակարգ ավտոմեքենաներ: Բացի դրանից՝ վրաց պետությունը տարեկան 20 մլն դոլարի ուղղակի հատկացում է անում եկեղեցու գործունեության համար:

«Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը նման օժանդակություն որևէ կառուցից չունի, և Վեհափառ Հայրապետը ինքը անձամբ է գնում և հայթայթում բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Մայր Աթոռի գործունեության համար: Իսկ Մայր Աթոռի Ձեր վկայակոչած այդ մեքենաների պարկը մեծ թիվ չի կազմում. այդ Toyota-ներն են և մի քանի խորհրդային տարիների արտադրանք մեքենաներ են, և Վեհափառ Հայրապետին սպասարկող մեքենան»,- ասաց Տեր Վահրամը:

Նրա խոսքերով՝ Մար Աթոռի բյուջեի 16-18 %-ը գոյանում է եկեղեցում մոմավաճառությունից, գրականության վաճառքից, գանձանակների մեջ եկեղեցու այցելուների թողած դրամից: Մնացած գումարը գոյանում է անհատ բարերարների և ազգային կառույցների, կազմակերպությունների նվիրատվություններից:

«Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը ունի Գերագույն հոգևոր խորհուրդ, որտեղ յուրաքանչյուր տարի հրապարակվում է Մայր Աթոռի գործունեության հաշվետվությունը, այդ թվում նաև ֆինանսական հաշվետվությունը, որոնք հետագայում հրապարակվում են «Էջմիածին» պաշտոնական ամսագրում»,- ասաց Տեր Վահրամը:

Նրա խոսքերով՝ հաճախ տվյալ ծրագիրն իրականացվում է ոչ թե Մայր Աթոռի միջոցով, այլ տվյալ բարերարի: Օրինակ՝ Երևանի կենտրոնում՝ Կաթողիկե եկեղեցու կողքին կառուցվող Սբ. Աննա եկեղեցին և կաթողիկոսի երևանյան նստավայրը, որոնք մեծ դժգոհություն առաջացրին հանրության շրջանում, կառուցում է ուղղակիորեն «Հովնաթանյան» հիմնադրամի գումարներով: «Ուղղակի իրենց կողմից է իրականացվում, և Մայր Աթոռը որևէ առնչություն չունի այդ գումարների հետ»,- ասաց Տեր Վահրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter