HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

42 տարվա գիտահետազոտական ինստիտուտում 15 աշխատող է մնացել

«Մենք 4000 աշխատակից ենք ունեցել, նրանց թվում՝ նաև վաստակաշատ քիմիկներ, հիմա 15-ն են մնացել: «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտը» 1972 թ.-ին է հիմնադրվել, 42 տարվա պատմություն ունենք: Քիչ գիտահետազոտական ինստիտուտներ են Հայաստանում կարողացել փրկվել խորհրդային կարգերի փլուզումից հետո: Մեր ինստիտուտը փրկվել է նվիրյալների շնորհիվ: Հիմա փոխանակ գիտությանը զարկ տանք, գիտության մարդկանց ոգևորենք, մարդկանց գլխին սարքում, բանտերն են տանում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտի» լաբորատորիայի վարիչ Միսակ Բալայանը, ում հանդիպեցինք «Քիմիկների գործով» հերթական դատական նիստին:

Միսակ Բալայանը պատմեց, թե 1990-ականներին ինչպիսի քայքայված վիճակում էր գիտահետազոտական ինստիտուտը, և միայն ներկայիս տնօրեն Սամվել Խաչատրյանի ջանքերով է կարողացել դեղերի արտադրության նոր գործքիներ ձեռք բերել, եվրոպական արտադրողների հետ պայմանագրեր կնքել, 2006 թ.-ից կառավարության կողմից ստացել դեղերի արտադրությամբ անժամկետ զբաղվելու արտոնագիր:

«Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն, տնտեսագետ Սամվել Խաչատրյանը, սակայն, 2010 թ.-ից անազատության մեջ է: Նա և ևս 8 անձ (այդ թվում քիմիկոսներ) մեղադրվում են «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց արտադրելու և իրացնելու մեջ: Փաստորեն, 9 անձ Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 7-12 տարվա ազատազրկման (Սամվել Խաչատրյանը՝ 12 տարվա ազատազրկման): Վերաքննիչ բողոք են բերել բոլոր ինն էլ՝ գտնելով, որ թե նախաքննությունը, թե դատավարությունը կատարվել են թերի ու խախտումներով: Երկու անգամ կատարվել է դատաքիմիական փորձաքննություն, երկու անգամ էլ իրար հակասող արդյունքներ են ստացվել: Առաջին անգամ ինստիտուտում հայտնաբերված մի քանի հատիկ հաբերն, ըստ փորձաքննության, չեն պարունակել  «Ամֆետամին», երկրորդում՝ հայտնաբերվել են թմրամիջոցի բաղադրատարրեր: Հետևաբար ամբաստանյալների բոլոր փաստաբանները միջնորդեցին, որպեսզի կատարվի կրկնակի փորձաքննություն ԱՆ փորձագիտական կենտրոնում: Դատախազ Միլիտոնյանը, սակայն, առարկեց՝ նշելով, որ երկու անգամ արդեն կատարվել է այդ փորձաքննությունը:

Ինստիտուտի տնօրեն Սամվել Խաչատրյանը դատարանին հայտնեց, որ իրենց ընտանիքներին սպառնացել են, ամբաստանյալներից Արմենի նկատմամբ էլեկտրաշոկ կիրառել, Աղվանի տղային, Սամվել Խաչատրյանի խոսքով ասած, ծեծել-ջարդել են, որ հիմնականում գործը կազմված է վկաների ցուցմունքների հիման վրա. «Վկաներից մեկը համր էր, մեկն էլ սարի հովիվ՝ 4-ամյա կրթությամբ, բայց քիմիկոսի պես շարադրել էր, թե ոնց է մեր ինստիտուտի մոտով անցել ու դույլերով նյութ տեսել, նաև ճանաչել, որ դա «Ամֆետամին» է: Ծիծաղելի է…»,- ասաց ինստիտուտի տնօրենը:

Բացի դրանից, այս գործով տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ կան: Օրինակ՝ Հակոբ Համբարձումյանը 30 տարի տառապում է «Անձի օրգանական խանգարում՝ ինքնասպանության հակումով» հոգեկան հիվանդությամբ, ամբուլատոր դատահոգեբանական փորձաքննությունը նրան մասնակի մեղսունակ է ճանաչել:

10 տարվա անազատության դատապարտված Աշոտ Առաքելյանի փաստաբանն էլ միջնորդեց, որ Աշոտի խափանման միջոց կալանքը փոխարինվի ստորագրությամբ չհեռանալու մասին, քանի որ նա տառապում է 10-ից ավելի հիվանդություններով, որոնցից 4-ը խոչընդոտ են ազատազրկման ձևով պատիժը կրելուն:

Դատախազ Միլիտոնյանն էլ ընդգծեց, որ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի որոշումը վերաբերում է արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին, որ այդ հարցը դատարանը պետք է քննարկի պատժի նշանակման ժամանակ:

Վերաքննիչ քրեական դատարանը միջնորդություններին կանդրադառնա դեկտեմբերի 19-ի նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter