HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատրյան. «Գազի պարտքը եղել է ընտրությունների գինը»

Հարցազրույց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ

-Երեքշաբթի ԱԺ-ում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե Հայաստանը Ռուսաստանին պարտք է 300 մլն դոլար գազի մատակարարումների համար: Մինչդեռ 2011-2013 թթ. նույն նախարարն ասում էր, թե բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ, և մինչ վերջերս գաղտնի էին պահում այդ պարտքը: Ինչո՞ւ էին թաքցնում այդ պարտքը հանրությունից:

-Նախ՝ շնորհակալություն հարցի համար, որ հենց այդտեղից եք սկսում, որովհետև շան գլուխը հենց այդտեղ է թաղված: Եթե զուտ ժամանակագրական առումով հետևեք, թե երբ է ձևավորվել այդ պարտքը՝ 2011-2013 թթ., և եթե անդրադառնանք, թե դրանք ինչ տարիներ էին Հայաստանի համար, եզրակացությունը մեկը կլինի՝ 2012 թ. տեղի են ունեցել խորհրդարանական, 2013 թ.՝ նախագահական և ՏԻՄ ընտրություններ: Կարող եմ ասել, որ այդ պարտքը եղել է այդ ընտրությունների գինը, որի միջոցով հնարավորություն է տրվել գործող իշխանությանը վերարտադրվել: Դա եղել է հենց այդ վերարտադրվելու, իրենց իշխանությունը պահելու գինը:

-Մի քիչ ավելի կմանրամասնեք՝ ի՞նչ է ենթադրում Ձեր ասածը:

-Այսինքն՝ դա նշանակում է 2 հարց. մեկն ուղղակի նշանակում է, որ այդ գումարները եղել են PR ակցիաներ, նախընտրական քարոզչություն ապահովելու համար, և երկրորդը՝ քանի որ երբևիցե գործող իշխանությունն ընտրության արդյունքներով չի ընտրվել, ինքը միշտ ընտրվել է իր հայտարարած թվերի արդյունքում, և հասարակության մեջ մեծ դժգոհություն չառաջացնելու համար, չի խոսել այն մասին, թե ինչու գազը թանկացավ և այլն, և այլն: Այդ հանգամանքից ելնելով՝ թաքցրել են: Սա եղել է իշխանության վերարտադրության համար ծախսված գումարներ:

-Ի՞նչ կլինի գազի գնի «ճակատագիրը»:

-Քանի որ դեռևս Արմեն Մովսիսյանը և այն մարդիկ, ովքեր մասնակցել են գործընթացին, պաշտոնավարում են, նշանակում է սա իսկապես ամենաբարձր մակարդակով հովանավորվող մի գործընթաց է եղել՝ թալանի գործընթաց, որովհետև եթե նույնիսկ պարտք է ձևավորվել, ապա դրա մասին եթե ոչ քաղաքացիները, ապա Ազգային ժողովը պետք է տեղյակ լիներ: Դա Հայաստանի Հանրապետությունում գործող կարգն է, օրենքներն այդպիսին են:

Ո՛չ 2011, ո՛չ 2012, ո՛չ 2013 թվականներին և ոչ այսօրվա ընդունված բյուջեում այդ պարտքի մասին ոչ մի խոսք չկա: Այսինքն՝ դա եղել է գաղտնի: Ավելին ասեմ՝ չգիտեմ, թե այդ գումարի մեծությունն ինչքան է: Ես ինչքանո՞վ հավատամ Արմեն Մովսիսյանի որևէ խոսքին, որը 2 տարի և ավելի մեզ թյուրիմացության մեջ է գցել: Շատ մեղմ եմ ասում: Նա պարզապես խաբեությամբ է զբաղվել, որովհետև երբ լրագրողները հարցեր են տվել, երբ Ազգային ժողովում են հարցեր տվել, երբ տարբեր առիթներով ինքն է խոսել ինչ-որ ծրագրերի մասին, անընդհատ ասել է, թե գազի գինը սահմանի վրա չի փոխվել: Իրականում այդպես չի եղել՝ 2011 թ. երկրորդ եռամսյակից սկսած գազի գնի փոփոխություններ են եղել, որի մասին լռել է: Դա պայմանավորված է միայն ու միայն քաղաքական նպատակներով:

-Պարոն Խաչատրյան, նշում են նաև, որ մինչ 2043 թ. Հայաստանը պարտավորվում է գազը գնել Ռուսաստանից: Ինչո՞վ եք պայմանավորում սա:

-Մոտավորապես է այդպես ասված: Դա հերթական խայտառակությունն է: Գիտե՞ք ինչ է. նշանակում է, որ Ռուսաստանի համար Հայաստանը՝ որպես գործընկեր, գոյություն չունի: Դա ավելի շատ վասալային պայմաններ են, և սրա մեղավորությունը ոչ թե ռուսական կողմինն է, այլ Հայաստանի իշխանություններին:

-Ինչո՞ւ Հայաստանը «Հայռուսգազարդի» վերջին 20 % բաժնեմասն էլ վաճառեց Ռուսաստանին:

-Զուտ հենց այսօրվա իշխանության ոչ լեգտիմության, երկրի ներսում զրո ռեյտինգ ունենալու, իր քաղաքացիների մոտ զրո վստահություն ունենալու հանգամանքով: Գործող իշխանությունը կարող է միայն և միայն գոյատևել ուժով, միայն ռեպրեսիաների, օրենք խախտելու միջոցով, մարդկանց խաբելու միջոցով: Հասկանում եմ, թե ռուսական կողմն ինչու է այդպես վարվում. եթե իրեն հնարավորություն են տալիս, ինքն օգտագործում է այն: Եթե հայկական կողմը բոլոր պայմանավորվածություններին համաձայնում է, դեռ մի բան էլ ավելի: Նույնը զգում եմ Մաքսային միության այս գործընթացների ժամանակ: Այդ դեպքում այս իշխանությունը հենց միայն նրա համար, որ վաղն էլ կարողանա շարունակի իշխանավորել, գնում է այդ ամեն ինչին: Դա շատ վտանգավոր է:

Շատ է խոսվում Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու մասին, բայց [գազային] պայմանագրի այդ տեքստը, որ եկել է Ազգային ժողով, ավելի շատ նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ, նշանակում է, որ մեզ կզրկեն ալտերնատիվ ցանկացած գազ ստանալու հնարավորությունից՝ թեկուզ նույն Իրանից, իսկ, ինչու ոչ, ապագայում հնարավոր է նույնիսկ Ադրբեջանից, նշանակում է, որ մենք անընդհատ, ամեն տարի պետք է սպասենք, թե Ռուսաստանն ինչ վերաբերմունք է դրսևորովելու մեր հանդեպ: Ես, օրինակ, չեմ ուզում, որ այդպես լինի: Արժանապատիվ ապրելու խնդիր կա, որն ինձ համար սկզբունք է, որը պետք է լինի ցանկացած պետության համար: Ինքը այդ պահվածքով պետք է հանդես գա Ռուսաստանի հետ հարաբերություններում, իսկ դա եղել է մինչև 1998 թ.:

-Ստեղծված իրավիճակում Հայաստանը ելք ունի՞: Այլընտրանք կա՞:

-Այլընտրանքը նորմալ իշխանությունն է: Տնտեսական առումով այլընտրանք կա: Ես հավատացնում եմ, որ Հայաստանի ներսում գազի գնի հետ կապված խնդիր կա: Գազի գինը չի կարող սահմանից հասնի սպառողին, 2 անգամ թանկանա: Սա այլընտրանքներից մեկն է: Գազի գինը կարող է թանկանալ 30 %-ով, այսինքն՝ եթե նույն սահմանում 270 դոլարով են տալիս, ուրեմն, դա չի կարող ինձ վաճառվել 540-ով, հետո ինձ ասեն, թե լավություն ենք անում քեզ, մի հարյուր դոլար իջեցնում ենք: Այդպես չի կարող լինել: Եթե նորմալ հարաբերություններ ունենանք, եթե երկրում նորմալ կարգավիճակ լիներ, իշխանությունն իսկապես ընտրված լիներ ժողովրդի կողմից, ինքը կգնար դրան, բայց քանի որ նրա խնդիրը միայն իշխանություն պահելն է, կոռուպցիան, շորթելը, որևէ մեկը ցույց չի տալիս մեզ, որպեսզի խորանանք այդ հարցում: Կարծում եմ, հիշում եք, 2011 թ. ՀԱԿ-ը կազմակերպեց ստորագրահավաք՝ 10.000 ստորագրություններով, և դատարանում փորձում էինք պաշտպանել գազի գնի հետ կապված մեր տեսակետները: Մեզ այդ հնարավորությունից զրկեցին, և այդ առումով այլընտրանքներ կան՝ քաղաքական, տնտեսական, բայց միայն և միայն կանի այն իշխանությունը, որ ունի ժողովրդի վստահությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter