Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Չգիտեմ, չեմ տեսել, քննիչն է ինձ ուղղորդել». Շարբաթյանի գործով վկաներ



Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության քրգործով երեկ` դեկտեմբերի 17-ին, կայացած դատական նիստը շարունակվեց նախորդ նիստերի տրամաբանությամբ: Դատակոչված մյուս վկան՝ գուսան Ջիվան Չիլինգարյանը, ով 2012 թ.-ի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանում Սամվել Շարբաթյանի սպանությունից առաջ երգել էր խնջույքի մասնակիցների համար, «չգիտեմ, չեմ տեսել, քննիչն է ինձ ուղղորդել» սցենարով նույնպես հրաժարվեց իր նախաքննական 20.10.2012 թ.-ի ցուցմունքից:

Նախաքննական ցուցմունքում վկան դեպքի այլ հանգամանքերի հետ նաև հայտնել էր «Ես գինովցել էի, անձնական կարիքներով դուրս եկա սենյակից, ռեստորանի ներսում էի: Դա կլիներ ժամը 21-22-ի սահմաններում: Լսեցի, որ այն սենյակից, որտեղ Էդվարդենք էին նստած, աղմուկի, հայհոյանքի ձայներ են գալիս, կարճ ժամանակ անց ձայներն արդեն լսվում էին միջանցքից: Ես հանգստի սենյակում էի, ինքս խուսափում էի վիճաբանությունների, կռիվների մեջ ընկնելուց, դրա համար էլ սենյակից դուրս չեկա: Քիչ անց ձայները հեռացան, հասկացա, որ ռեստորանից դուրս եկան վիճողները: Վիճաբանության ձայներից հասկացա, որ վիճում են Սամվելները, մյուսների ձայները չեմ հասկացել»:

Ջիվան Չիլինգարյանը դատարանին հայտնեց, երբ գնացել է ռեստորան, ջերմ մթնոլորտ է եղել: Հետո ինքը իրեն լավ չի զգացել: Գնացել է ռեստորանի սենյակներից մեկում հանգստացել է: Չի հասկացել որքան է քնել, երբ արթնացել է, վերադարձել է խնջույքի սենյակ, որտեղ Ազատիչը (Էդուարդ Խլղաթյանը) իրեն ասել է` նախ բարի ճանապարհ մաղթենք մեր հյուրերին: «Որից հետո նոր երգ ունեի, սկսեցի երգել: Մի ջահել տղա երեխա կար, եկավ Ազատիչին կանչեց, թե դրսում վիճում են: Ազատիչը դուրս եկավ: Ես չգիտեմ ինչքան ժամանակ անց դուրս եկա, էնտեղ մութ էր: Դռնից նայեցի դուրս: Տեսա, որ էնտեղ մարդ ա ընկած: Ես անմիջապես նորից ներս մտա, գնացի»,- ասաց վկան: «Ընկածը մենա՞կ էր, կողքը մարդ չկա՞ր»,- վկային հարցրեց դատավոր Նարինե Հովակիմյանը: «Մարդիկ կային, բայց ես չգիտեմ, չգիտեմ ովքեր էին»,- պատասխանեց վկան:

Ակնհայտ է, որ վկա Չիլինգարյանը դատարանում նախաքննական ցուցմունքներից հրաժարվող վերջին վկան չի լինելու: Ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը իր պաշտպանական գործողություններում դատարանում վկաների տված ցուցմունքները մասնագիտական բարձր մակարդակով օգտագործում է գործի վարույթը իրականացրած քննչական մարմնի դեմ: Այսկերպ պաշտպան Ռուբեն Հակոբյանը ոչինչ չի խնայում դատարանից ստանալ իր պաշտպանյալներին առաջադրված ծանր մեղադրանքները վերացնելու կամ փոխելու որոշում: Հիշեցնենք, որ հոկտեբերի 4-ին քրգործի վարույթն իրականացնող դատախազ Աշոտ Գրիգորյանին և Լոռու մարզի դատախազությանը ընդհանրապես բացարկ հայտնելու մասին պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջնորդության իր պատասխան խոսքում դատախազ Աշոտ Գրիգորյանը դատարանում հայտարարեց. «Մեր ինֆորմացիայով, պարոն Հակոբյան, Ձեր սցենարներով են փակվում շատ վկաներ: Մենք շատ բան գիտենք, բայց դատաքննությունը կընթանա, կտեսնենք, որը որից հետո է»:

Այժմ, երբ դատարանում վկաները մեկը մյուսի հետևից հրաժարվում են նախաքննական իրենց ցուցմունքներից, նախաքննությունը վերահսկող և մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանը պաշտպան Ռ. Հակոբյանին հարցեր ուղղելու հնարավորություն չունի, քանի որ նա իր դիմումի համաձայն անցել է կենսաթոշակի և այլևս որպես մեղադրող չի մասնակցում դատաքննությանը: Պաշտպան Ռուբեն Հակոբյանը երեկ դատարանում շուրջ 9 րոպե ընթերցեց ցուցմունքներ տալուց առաջ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով սահմանված վկայի իրավունքներն ու պարտականությունները: «Քննիչը ծանոթացրե՞լ է Ձեզ այս իրավունքներին»,- ընթերցումն ավարտելուց հետո վկա Ջիվան Չիլինգարյանին հարցրեց պաշտպանը: «Ոչ»,- պատասխանեց վկան: Ռուբեն Հակոբյանը այս դեպքում վկայի նախաքննական ցուցմունքը դատարանում կիրառելը համարեց անթույլատրելի: «Խնդրում եմ այլևս հղումներ չանել այս ցուցմունքներից»,- մեղադրող Պետրոս Մարտիրոսյանին դիմեց նա:

Դատարանի դահլիճը զբաղեցրած ամբաստանյալների համակիրները ծափահարեցին պաշտպանի պահանջից հետո: Տուժողի իրավահաջորդ քույրը` Հասմիկ Մանուչարյանը, բարձրաձայն արտասվելով, նախատեց ծափահարողներին: Դատավոր Նարինե Հովակիմյանը կարգի հրավիրեց դահլիճին. «Մի մոռացեք, այստեղ նստած է սպանվածի հարազատ քույրը»: Պաշտպանի ընթերցանությունից մի բառ ընդամենը ասեք»,- վկային խնդրեց մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը: «Որ պետք ա ես փաստաբանիս հետ ներկա լինեմ քննիչի մոտ: Բոլորը լսեցի, բայց որ դուք ասում եք կրկնի, կներեք, ես չեմ կարող կրկնել»,- պատասխանեց վկան:

Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը պահանջեց դատարան հրավիրել քրգործի վարույթն իրականացրած քննիչներին: Դատավոր Նարինե Հովակիմյանը պատասխանեց, որ քննիչներին դատարանը կանդրադառնա, բայց ավելի ուշ: Դատարանում ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Արտակ Վերանյանի մտերիմ ընկեր, գործով վկա Արեն Վիրաբյանը: Վերջինս նոյեմբերի 18-ին՝ փաստաբան Շարբաթյանի սպանության օրը, իր երեխայի համար մատաղի միջոցառում է ունեցել եղբոր` Աղասի Վիրաբյանի տանը, որին օրվա ընթացքում մասնակցել են նաև Արեն և Արտակ Վերանյանները: Արեն Վիրաբյանը դատարանին հայտնեց, որ դատարան գալուց առաջ իր եղբայրը` Աղասի Վիրաբյանը, իրեն խոստովանել է, որ մատաղի օրը երեկոյան, տեսնելով, որ ընկերը` Արտակ Վերանյանը, ուշանում է, իրենց ընդհանուր մյուս երկու ընկերների` Արկադի Բութուլյանի և Տիգրան Պետրոսյանի հետ գնացել են «Մուշ» ռեստորան, Արտակ Վերանյանի ամուսնության հետ կապված խնջույքում բաժակ բարձրացնելու, նաև պարզելու նրա ուշանալու պատճառները: Մոտենալով ռեստորանին` նրանք հեռվից տեսել են, թե ինչպես են տղաները` Սամվել Դիլոյանը, Արեն և Արտակ Վերանյանները բարեկամաբար հրաժեշտ տալիս Սամվել Շարբաթյանին: Վկա Արեն Վիրաբյանը հայտնեց, որ, տեսնելով դատարանի օբյեկտիվությունը, եղբոր հետ խոսելուց հետո, որոշել է այդ մասին հայտնել դատարանին:

Դատարանը որոշեց հարցաքննության հրավիրել Աղասի Վիրաբյանին, Արկադի Բութուլյանին և Տիգրան Պետրոսյանին: Հաջորդ դատական նիստը տեղի կունեն դեկտեմբերի 27-ին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ