Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հասմիկ Խաչատրյանի՝ ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:
Դատական քննությանը չէին ներկայացել վկաներ Վարսիկ եւ Համլետ Հակոբյանները` Սարգիս Հակոբյանի ծնողները: Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը դատալսմանը ներկայացել էր առանց փաստաբանի՝ պատճառաբանելով. «Ֆինանս չունեմ, որ փաստաբան վարձեմ» :
Դատավոր Աղվան Պետրոսյանն առաջարկեց Սարգիս Հակոբյանին դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ եւ օգտվել անվճար փաստաբանական ծառայություններից: Տուժող Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն առարկեց դատարանի առաջարկին՝ նշելով. «Մենք առարկում ենք այս միջնորդության դեմ՝ գտնելով, որ այս դրսեւորումն ուղղակի փորձ է գործի քննությունը ձգձգելու համար»:
Դատավոր Պետրոսյանը հետաձգեց դատը՝ Սարգիս Հակոբյանին հնարավորություն տալով դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ պետական բյուջեից վարձատրվող փաստաբան ունենալու համար:
Տուժող Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այս միջնորդությունը փաստաբան Մուրադյանը հիմնավորում է գործում առկա բացթողումներով եւ այն հանգամանքով, որ Սարգիս Հակոբյանը նախաքննության փուլում սպառնացել եւ խփել է տուժող Հասմիկ Խաչատրյանի դեմքին (/գ.թ 138/ , /գ.թ. 42/ ):
![]() |
![]() |
2012թ. հոկտեմբերի 10-ի դատավճռով Սարգիս Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից/: Նրա նկատմամբ նշանակվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամի չափով։ Սարգիս Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ /գ.թ 82/:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը: Դատվածությունը մարվում է՝ ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո:
![]() |
![]() |
Փաստաբան Տիգրան Մուրադյանը նշում է, որ դեռևս 12.10.2012թ. դատավճռով Սարգիս Հակոբյանի դատվածությունը չմարված՝ նրա կողմից կատարվել է նոր հանցանք՝ սույն գործով մեղադրական եզրակացությամբ նշված հանցավոր արարքը:
Միջնորդությունը ներկայացնելիս հաշվի է առնվել նաեւ գործում առկա ոստիկանության Գավառի բաժնի գրությունը /գ.թ 95/, որում նշված է, որ Սարգիս Հակոբյանը բնութագրվում է բացասական, հաճախ օգտագործում է ալկոհոլ, որի ազդեցության տակ գտնվելով՝ ստեղծում է լարված իրավիճակ ինչպես տանը, այնպես էլ շրջապատում:
«Ազատության մեջ մնալով՝ ամբաստանյալ Ս. Հակոբյանի կողմից դրսևորվել է ոչ պատշաճ վարքագիծ, նա շարունակել է ծեծի ենթարկել և անհանգստություն պատճառել տուժողին, բազմիցս, ինչպես անձամբ, այնպես էլ իր ընտանիքի անդամների և ծանոթների միջոցով սպառնացել, փորձել է համոզել, որ տուժողը հրաժարվի իր բողոքից, պարտավորվելով ներկայանալ քննությանը՝ չի ներկայացել, օգտագործել է ալկոհոլ և լարված հարաբերություններ է ստեղծել: Ելնելով նշվածից՝ խնդրում եմ վերացնել ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը»,- ասվում է փաստաբան Մուրադյանի միջնորդության մեջ:
Միջնորդությունը կքննարկվի հաջորդ դատալսման ժամանակ՝ հունվարի 13-ին, ժամը՝ 13:00-ին:
Մեկնաբանել