HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բոստանջյան. «Հայ գրականության ջահը երբեք չպիտի հանգչի Թբիլիսիում»

«Հետքի» հարցերին պատասխանում է թբիլիսաբնակ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջյանը: Նա 29 գրքի հեղինակ է, որից 15-ը` թարգմանական (վրացերենից հայերեն և հայերենից վրացերեն): Թարգմանել է վրացի դասական և ժամանակակից գրողների  80 ստեղծագործություն:

-Վրաստանում ապրող հայ ստեղծագործողը, գրողը այսօր ի՞նչ խնդիրների է բախվում իր գործունեության ընթացքում: Ի՞նչ միջոցներով են հրատարակվում հայ գրողների գրքերը, և արդյո՞ք պետական որևէ ծրագիր կամ աջակցություն կա ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության տարածման համար:

Խնդիրներ, բախման պատեր շատ կան, ինչպես ամեն տեղ: Տարաբնույթ մարտահրավերներով լի, համաշխարհայնացման մեր օրերում ահագին բան է փոխվել: Իմ օրինակով շատ բան կարող եմ ասել, քանզի և՛ խորհրդային շրջանում, և՛ այսօր էլի նույն ցանցում եմ ծավալում գործունեություն՝ գրական, հրատարակչական ու լրագրողական: Առաջ կար աշխատանքային, հրատարակչական պլան, ընտրվում էին լավագույն գործերը, հետո հովանավորում էր պետությունը: Այս խնդրի հետ հեղինակը չէր բախվում:  «Մերանի» հրատարակչության հայերեն հրատարակություններին Վրաստանի կառավարությունը  տրամադրում էր տարեկան 60 հրատարակչական մամուլ, որից 20-ը` «Կամուրջ» տարեգրքին: Տպագրում էին, հեղինակին էլ լավ վարձատրում՝ հոնորարով: Հիմա Վրաստանում պետությունն այս կերպ ընդհանրապես չի հովանավորում: Եվ ոչ միայն հայերեն գրքերը, վրացերեն գրքերն էլ: Առանձին ծրագրեր կան, որոնց միջոցով էլ գրքերը հովանավորվում են պետության կողմից (մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության): Այս կարգը տարածվում է նաև վրացերեն հրատարակությունների վրա: Ազգային փոքրամասնությունների դեպքում էլ (դե Վրաստանը բազմազգ է, շատ են այդ փոքրամասնությունները ախր)՝ հիմնականում թարգմանականները: Նախանցյալ տարի, օրինակ, լույս տեսավ Նահապետ Քուչակի հայրենների հայերեն ու վրացերեն լեզուներով ժողովածուն՝ Գիվի Շահնազարի թարգմանությամբ, այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ՝ իմ  բանաստեղծական երկհատորյակը՝ հայերեն ու վրացերեն լեզուներով: Հայերեն առանձին հրատարակություններն այսօր չեն հովանավորվում…դեռ որ: Հուսանք... Ուրախալի է  շատ ու ոգևորող, որ այսօր մեր մշակութային ծրագրերին, այս թվում գրքերի հրատարակություններին բավականին աջակցում են ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունները՝ միջնորդությամբ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի՝ ի դեմս թեմակալ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ( հատկապես վերջին երկու-երեք տարում): Հակառակ պարագայում գրողը կամ իր միջոցներով պիտի տպագրի կամ հովանավոր գտնի, որոնք այնքան էլ շատ չեն համայնքի ներսում:

Կուզեի առանձնացնել գործարար Ռաֆիկ Աղաջանյանի անունը, ով բավականին աջակցում է մի շարք ծրագրերի կենսագործմանը, հատկապես մշակութային: Թբիլիսիի քաղաքապետարանի, Ավիկ Դերենցի ու Սոնա Վանի  հետ միասին հովանավորեց իմ բանաստեղծական երկհատորյակը (հայերեն ու վրացերեն) և սփյուռքի նախարարության հետ միասին՝ «Կամուրջ» տարեգրքի վերջին համարը: Ամերիկաբնակ բանաստեղծ Ավիկ Դերենցը վերջերս հանձն առավ իմ հիմնադրած ու մինչ այսօր իմ սուղ միջոցներով հրատարակվող «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարի գրքերի հովանավորությունը: Վերջերս, օրինակ, տպագրվեց հայ բանաստեղծ Սամվել Մարգարյանի վրացերեն գիրքը, մինչ այդ՝ Ավիկ Դերենցի գիրքը վրացերեն (իմ թարգմանությամբ), ավելի վաղ (2012թ.)՝ նշանավոր  վրաց գրողներ Ռևազ Միշվելաձեի,  Արչիլ Սուլակաուրու, Գրիգոլ Աբաշիձեի գրքերը հայերեն (իմ  թարգմանությամբ), Շոթա Ռուսթավելու «Աֆորիզմներ» գիրքը՝ Հովհաննես Կարայանի թարգմանությամբ: Մոտ օրերին լույս կտեսնի ռուսագիր բանաստեղծ Վալերի Հունանյանցի հայերեն գիրքը: Սփյուռքի նախարարությունն աջակցում է «Վերնատուն» գրողների միության գրքերի հրատարակմանը, որն իրականացնում է միության նախագահ, բանաստեղծ Ժորա Սնխչյանը՝ Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի միջոցով:

«Առաջին գրքի գրադարան» մատենաշարն աջակցում է երիտասարդ գրողներին, լավագույն գրողներին:  2011թ.  տպագրել եմ տաղանդաշատ երիտասարդ արձակագիր Անրի Գրիգորյանի  «Վայրկյաններ» պատմվածքների ժողովածուն, իսկ 2012թ.՝ «Ութ սրտի տրոփ» ժողովածուն, որտեղ տեղ գտան ութ երիտասարդ գրողների ստեղծագործություններ: «Կամուրջ» ՀԿ-ի հրատարակություններին օգնելու պատրաստակամություն է հայտնել նաև իմ գրչընկեր, գրականագետ Հովսեփ Նալբանդյանը:

Ինչպիսի՞ն է վիճակը Ջավախքում: Ջավախքցի գրողների գրքեր տպագրո՞ւմ եք:

Այո, անշուշտ, «Վերնատունը»: Արդեն նշեցի քիչ առաջ: Վերջերս, օրինակ, «Հայարտանը» կայացավ ջավախքցի գրող Հովհաննես Մարիկյանի «Մայրամուտներ» գրքի շնորհանդեսը, անցյալ տարի` բանաստեղծուհիներ Սիլվա Սիփանուհու, Արաքսյա Սնխչյանի, մինչ այդ՝ Ժորա Սնխչյանի գրքերը: Ջավախքում մենք ունենք շնորհալի ու տաղանդավոր գրողներ:

Կա՞ն տվյալներ, թե տարեկան քանի հայերեն գիրք է տպագրվում:

 -Կոնկրետ թիվն այս պահին դժվարանում եմ ասել, բայց բոլոր դեպքերում «Վերնատունը», «Հայարտունը», «Կամուրջը» միասին, հավանաբար, 15-20, ոչ ավելի: Սա առավելագույնը ասացի: Այս տարի միայն 7 գիրք «Կամուրջն» է տպագրել, այդ թվում՝ 550 էջանոց: Կան նաև, արդեն ասել եմ, սեփական ծախսով ու այլ հովանավորների միջոցով տպագրվող հեղինակներ: Նրանք հիմնականում Ջավախքից են: Իսկ նախկինում հենց «Մերանին» էր տպագրում նրանց ստեղծագործությունները:

Հայազգի գրողները հիմնականում հայերեն են ստեղծագործում, թե՞ զուգահեռաբար նաև վրացերեն:   

Հայազգի գրողները ստեղծագործում են հայերեն, զուգահեռաբար այլ լեզուներով գրողներ գրեթե չկան, ավելի շուտ կան օտարագիր՝ ռուսերեն ու վրացերեն ստեղծագործող հայ գրողներ: Որպեսզի հայ ընթերցողը լավ ճանաչի հանգամանքների բերումով ռուսագիր կամ վրացագիր դարձած գրողներին, «Կամուրջում» ևս պարբերաբար ներկայացվում են այդ գրողների ստեղծագործությունները: Նրանք են՝ ռուսագիր Արտեմ Կիրակոզով, Մարինա Կիրակոսյան-Մոսեսովա, Վալերի Հունանյանց, Միքայել Անանով,  վրացագիր Գարի Ղալամքարով:  

Վրաստանում հայերենով տպագրվում է «Վրաստան» թերթը, «Կամուրջ» տարեգիրքը, տպագրվում էր նաև «Նորաշեն» եկեղեցական ամսագիրը ( հիմա այլևս չի տպագրվում): Բավարա՞ր են այս միջոցները հայ գրողի, ստեղծագործողի համար՝ արտահայտվելու տեսանկյունից:

Այո «Վրաստան» թերթը, գրական-մշակութային 100-ամյա «Կամուրջ» տարեգիրքը ու նաև  ուրախությամբ ավելացնեմ, որ այժմ տպագրվում է և ավելի նորը` 10-11 տարվա կենսագրությամբ «Վերնատուն» տարեգիրքը:  Եվ բոլորն էլ շարունակում են հին օրերի թումանյանական ավանդույթները: Լավ է սա, բայց քանի որ առաջվա համեմատությամբ շատ են քչացել ստեղծագործողները, ուրեմն, կարծում եմ` բավարարում է: Շատ բեղմնավոր ստեղծագործողներ գրեթե չունենք, ցավոք: Մի քանիսը, թերևս, չի նշանակում շատ: Իսկ ահա առաջ անվանի անունների մի ողջ բույլ կար՝ Մկրտիչ Ասլանյան, Ծերուն Թորգոմյան, Սուրեն Ավչյան, Բենիկ Սեյրանյան, Հովհաննես Կարայան, Մարտին Քարամյան, Սահակ Մանվելյան, Գևորգ Գրիգ, Պահարե, Հենրիկ Սահակյան, Արտաշես Մխիթարյան, Անահիտ Խառատյան: Այսօր, ցավոք, գրաքննադատություն էլ չունենք: Հազարից մեկ, թե նման խոսք հնչի: Ինձ շատ մեծ ցավ է պատճառում այն, որ երբ, ասենք, «Կամուրջի» հերթական թողարկման համար նյութ եմ ուզում, որոշ գրողներ պատասխանում են, թե չունեն, նոր բան չեն գրել կամ ունեցել, տվել են մյուս տարեգրքին՝  «Վերնատանը»: Մինչդեռ անցյալ դարասկզբին Թիֆլիսում լույս էր տեսնում շուրջ 180 հայերեն պարբերական:  

Դուք հաճախ Ձեր բանաստեղծությունները տարածում եք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Օգտագործո՞ւմ են, արդյոք, նորագույն տեխնոլոգիաները որպես հարթակ մյուս գրողները:

Իմ սերնդից ոչ մեկը՝ որքան գիտեմ, հետևում եմ, չէ՞: Ես շատ եմ խոսում այս մասին, բայց դե Թումանյանի ժամանակներն ու էն ժամանակվա գրողներն այլ էին, հիմա` այլ: Իսկ երիտասարդ սերնդից  երիտասարդ երկու գրողներ՝ արձակագիր Անրի Գրիգորյանն  ու բանաստեղծուհի Դիանա Տեր-Բաղդասարովան են օգտվում նորագույն տեխնոլոգիաներից: Անրիի արձակը փայլուն է: Նա է մեր արձակի ապագան: Անրին  հայ գրողների «Վերնատուն» միության եւ «Շեմ» գրական ակումբի անդամ է: Մեկ տարի ուսումը շարունակեց Լոնդոնում, այժմ Բուդապեշտում է, շուտով կվերադառնա: Խոստումնալից ուժ է նաև Դիանա Տեր- Բաղդասարովան: Նա նաև դասաժամեր ունի Թբիլիսիի պետական համալսարանում:  Բանաստեղծություններ է գրում: Երկուսն էլ հիանալի տիրապետում են նաև վրացերենին, թարգմանում են: Թարգմանում են նաև իմ աղջիկները՝ Մարինա և Գայանե Բոստանջյանները: Ուրիշ թարգմանիչներ էլ ունենք: Ես պարզապես խոսում եմ գեղարվեստական թարգմանությունների մասին: Երիտասարդ գրողներ ունենք և՛ Մառնեուլի շրջանում և՛ Ջավախքում:

Երիտասարդ հայ գրողները «իրացվելու» լսարան ու պահանջարկ ունե՞ն այսօր:

Երիտասարդ գրողները շատ չեն, հետևաբար, «իրացվելու լսարանը» մեծ չէ:

Իսկ ընդհանուր առմամբ ես ցավում եմ մի բանի համար` մեր գրողները կյանքից քիչ են գրում, չեն արծարծում արդիական թեմաներ, մինչդեռ թեմաներն այսօր վխտում են մեր շուրջը:

Առաջվա կապույտ երկինքը, զուլալ ջրերն ու լուսին-աստղերը պիտի այսօր բացառիկ հանճարեղորեն ներկայացվեն, որ հմայեն: Այսօր ավելի կենդանի խոսք է պետք, ավելի կյանքային ու կյանքին մոտ: Սա պակասում է մերոնց, որքան էլ ասես, որքան էլ բացատրես ու սովորեցնես: Իսկ դա, ինձ թվում է, աշխարհաճանաչողության պակասից է ու համաշխարհային գրականութուն քիչ կարդալուց: Դրա համար էլ, երևի որպես դեղամիջոց նաև, վերջին տարիներին «Կամուրջ» եմ բերել նաև աշխարհասփյուռ հայերի ստեղծագործությունները: Իսկ այս տարի արդեն նոր խորագրեր ենք բացել` ««Արևելք», «Արևմուտք», «Մեր լեզուն, մեր գիրը» և այլն: Գիտե՞ք, բոլոր դեպքերում, ես չեմ կարող, այսպես ասած, արդարացման եզրեր էլ չփնտրել մերոնց համար: Կան տարեց գրողներ, որոնք քիչ են շփվում հայ իրականության, Հայաստանի հետ, առօրյա հոգսերով զբաղված՝ քիչ են կարդում մամուլ, գիրք, համակարգչից էլ գլուխ չեն հանում: Եվ հետո գրականությունը, մեծ բանաստեղծի խոսքերով, անտառ է, որտեղ աճում են և՛ կաղնիներ և՛ թփեր: Սփյուռքում, երևի, այս թփերին էլ պիտի չանտեսել: Ի՜նչ արած...Բայցևայնպես, աշխատել կաղնի աճեցնելու ուղղությամբ: Սա է լինելու մեր գերխնդիրը:

Հայ գրողներն ունե՞ն թումանյանական «Վերնատան» ավանդույթներին համահունչ հավաքներ. կազմակերպվո՞ւմ են գրական երեկոներ կամ այլ տիպի հավաքներ, որտեղ քննարկվում են գրականությանն առնչվող խնդիրներ և հասարակական հարցեր:

-Այո: Նման հավաքներ առաջներում էլ միշտ եղել են: Նկատի ունեմ խորհրդային այն շրջանը, երբ ես եմ գրել ու աշխատել՝ իմ սերնդակիցների հետ միասին: Ամեն շաբաթ, երբեմն շաբաթը երկու անգամ Վրաստանի գրողների միությունում անցկացվում էին քննարկումներ մի բանաստեղծության, մի պատմվածքի երեկոներ: «Կամուրջ», այլ գրքեր էին քննարկվում, հոբելյաններ նշվում, ասուլիսներ անցկացվում: Եռում էր գրական կյանքը՝ գլխավորությամբ Բենիկ Սեյրանյանի: Տարբեր հանդիպումներ ու հավաքներ էին գումարվում նաև «Վրաստան» թերթի խմբագրությունում: Դե հետխորհրդային լճացման տարիները ամեն տեղ էլ կանգառներ առաջ բերեցին: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Թեև գրահրատարակություններն, օրինակ, ես չթողեցի պարզապես, որ կանգ առնեն. միշտ եմ տպագրել, ամեն տարի, անընդհատ. հայ գրականության ջահը երբեք չպիտի հանգչի Թբիլիսիում, որը երբեմնի եղել է հայ մշակույթի փառավոր կենտրոնը:

Այսօր արդեն մշակութային կյանքի կենտրոնն ու սիրտը «Հայարտունն» է: Շուտով երևի մշակությային նոր օջախ կդառնա և Թումանյանի թբիլիսյան տունը: Գրական երեկոներ անցկացվում են «Վերնատանը», «Հայարտանը», դպրոցում, բայց դրանք հիմնականում շնորհանդեսային բնույթ են կրում: Առաջվա առողջ քննադատությունը չկա, ինչպես ամենուրեք, բանավեճերը տարերային են: Քչերն են, որ կարողանում են առողջ բանավեճի մեջ մտնել: Սա էլ է ցավոտ խնդիր:

Հասարակական-քաղաքական, տնտեսական կամ մշակութային կյանքն արտացոլվո՞ւմ է Վրաստանում ապրող հայ գրողների ստեղծագործություններում: Հաջորդ սերունդը, նրանց գործերը կարդալով, պատկերացում կկազմի՞ իր նախնիների ապրած ժամանակաշրջանի մասին:

Արտացոլվում է, բայց միայն մասամբ ու ոչ հիմնավոր: Ցավալի է, բայց այդպես է: Կրկնում եմ` քիչ են անվանիները, արհեստավարժները, հնամյաներն` այսպես ասած:  Քիչ են և շնորհալի երիտասարդները, հայագիր գրողների մասին է խոսքս: Գուցե այդ քչերը գարուն բերե՞ն: Ո՞վ իմանա: Թեև ասում են, չէ՞, մի ծաղկով գարուն չի գա: 

Տիկին Բոստանջյան, Հայաստանում կատարվող իրադարձություններին Վրաստանում ապրող հայերը, մասնավորապես մտավորականությունը, կարծես թե որևէ կերպ չի արձագանքում: Նրանց ակտիվությունը դրսևորվում է ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով: Ձեր կարծիքով` սա նորմա՞լ է, թե՞, այնուամենայնիվ, նրանք նույնպես պետք է մասնակցություն ունենան Հայաստանում կատարվող իրադարձություններին` թեկուզ իրենց կարծիքն արտահայտելով:

Միջոցառումներին ակտիվ են, իսկ հրապարակավ խոսելու, բարձրաձայն որևէ բան ասելու մեջ` պասիվ: Թեև հիմա «Հայարտան» բացումից հետո բավականին մեծ աշխուժություն նկատվում է երիտասարդության շրջանում, կարելի է ասել` շատ, աննախադեպ մեծ, և սա մեծ հույս է ներշնչում:  

Ռուսախոս շնորհալիներ էլ ունենք, հայախոս էլ, բայց ոչ միայն գրողների մեջ, այլև ընդհանրապես երիտասարդության: Վիրահայության մեջ, ինչպես միշտ, այսօր էլ  բարձունքի վրա է նկարչությունը, գեղարվեստը, նաև՝ երգ-երաժշտությունը, պարարվեստը: Հիանալի հայ նկարիչներ ու երաժիշտներ ունենք այսօր, նրանց բոլորին միավորում է «Հայարտունը»:  

Իսկ եթե  գրողները, արվեստագետները այլևայլ հարթակներում պասիվ են կամ չեն խոսում, ինձ թվում է՝ պարզապես համարձակության պակասից է` հակաերևույթ փնտրելու, ստեղծագործողին բնորոշ «խասյաթը», գիծը, իսկ սա արարողի համար մտածելու, խորհելու, ինքնուրույն գաղափարներ առաջ քաշելու կարևոր նախապայման է, որի պակասը, ցավոք, զգացվում է: Իսկ երբ դա չկա, դրան փոխարինելու է գալիս միայն ենթարկվելու, կամակատար լինելու «ունակությունը»: Երևի դա է պատճառը, որ բեղուն ստեղծագործողները օրավուր քչանում են: 

Հ.Գ. Անահիտ Բոստանջյանը Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության հայերեն հրատարակությունների խմբագիրն է, «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ նախագահն ու համանուն հայատառ տարեգրքի գլխավոր խմբագիրը, «Վրաստան» թերթի տարածման և բաժանորդագրության ծառայության ղեկավարը, հայաստանյան Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչը, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ է, Վաժա Փշավելայի մրցանակի դափնեկիր, Վրաստանի Պատվո շքանշանակիր, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, ՀԳՄ «Գրական վաստակի համար» և ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր է, «Նարցիս» հանդեսի մրցանակակիր: Վրաց մշակույթի դեսպան է:  

Լուսանկարը՝ Անահիտ Բոստանջյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter