HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը` Մովսիսյանին. «Չեմ կարծում, որ «կրուտիտն» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ»

Մինչ ԱԺ-ում արտահերթ նստաշարջանին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ամբիոնին հենված փորձում էր արդարացնել 2013թ. ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերը գազի մասին, ԱԺ դարպասների մոտ լարված իրավիճակ էր, ակտիվիստներն իրենց բողոքն էին արտահայտում 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված  «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված  բնական ադամանդների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ», ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ ոստիկանությունը կրկին սկսել է իր ապօրինությունները, մասնավորապես՝ մի քանի մարդկանց, նույնիսկ տասից ավելի ակտիվիստների լցրել է ոստիկանական մեքենաները: Պատգամավորը պահանջեց անհապաղ ազատ արձակել ակտիվիտներին և հնարավորություն տալ նրանց իրականացնել Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները:

«Դեկտեմբերի 17-ին ԱԺ-ում լսումներ տեղի ունեցան, և Դուք ասացիք, որ գազի գինը փոխվել 2011թ. ապրիլի 1-ից, այդ թվում` Ձեր մասնակցությամբ է տեղի ունեցել այդ բանավոր, թե գրավոր որոշումը: Հետո մարդիկ ասացին՝ բա ինչու՞ չեք ասել, Դուք ասացիք` «ո՞վ էր հարցրել, որ ասեմ»: 2012թ. փետրվարի 17-ին լրագրողները մամուլի ասուլիսին հարցրեցին, Դուք ասացիք, որ նման բան չկա, հարցրել եմ ես`  2013թ. մայիսի 25-ին, այս դահլիճում, լսումների ժամանակ, Դուք կրկին հերքել եք այդ փաստը, և հիմա էլի ԱԺ պատգամավորների հարցերին անընդհատ կոնկրետ պատասխաններ չեք տալիս: Կներեք համեմատության համար, բայց եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այս ձևը, բայց չեմ կարծում, կներեք, հազար ներողություն էս բառի համար, որ «կրուտիտն» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ: Այս կոնտեքստում ես անիմաստ եմ համարում Ձեզ որևէ հարց տալ»,- ասաց Ն. Փաշինյանը` հավելելով, որ ինքը հարց չունի տալու Ա. Մովսիսյանին, մանավանդ, որ վերջինս` որպես նախարար, իրավունք չուներ կանգնել, քանի որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ այն կառավարությունը, որը 7% տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա: «Էս տարի լավագույն դեպքում Դուք կարող եք ապահովել 4% տնտեսական աճ, և մինչև հիմա հրաժարական չեք տվել: Ինչից պետք է ենթադրենք, որ Ձեր կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից»,- նկատեց Ն. Փաշինյանը:

Ա. Մովսիսյանը որևէ դիտարկում չարեց Ն. Փաշինյանի խոսքին: Նա շրջվեց դեպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ կարծես հասկանալու՝ արժե՞ որևէ դիտարկում անել, ապա լռեց:

Մեկնաբանություններ (1)

Նահապետ
Սիրելի ժողովուրդ, ում համար թանկ է Հայաստանի անկախությունը, վաղը հավաքվենք Ազգային ժողովի մոտ, շրջափակենք մուտքերը և թույլ չտանք դավաճան հհկ-ականներին մտնելու շենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter