HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Մինասյան. «ՀՀ-ն խաչ է քաշում էներգետիկայի ոլորտում ինքնիշխան դրսևորումների վրա»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ և ՌԴ կառավարությունների կողմից «գազային» համաձայնագրերը դիտարկեց 3 հարթությունում` քաղաքական, տնտեսական և իրավական:

Պատգամավորի խոսքով` քաղաքական գնահատկանով` ստրկացուցիչ պայմաններում կնքված համաձայնագրեր են: «Սա ոչ գործընկերոջ, ոչ էլ արդյունավետ համագործակցության համաձայնագիր է: Եթե դուք ուշադիր կարդաք համաձայնագրի դրույթները, ուշադիր, այլ ոչ թե ընթերցեք որպես գեղարվեստական փասթաթուղթ, կհասկանաք, կտեսնեք, որ սրանով, ըստ էության,  մեր ինքնիշխանության ամբողջ լիազորությունները փոխանցվում են ոչ թե ՌԴ-ին, այլ «Գազպրոմ» ԲԲԸ-ին, այսինքն`  առևտրային մի կազմակերպության, որն իր հայեցողությամբ, ցանկությամբ ցանկացած  ժամանակ կարող է իրականացնել գործողություններ»,- ասաց Ա. Մինասյանը` ավելացնելով, որ քաղաքական տեսակետից սա կարող է դուռ բացել մեր երկրի ինքնիշխանության այլ ոլորտները զիջելու ուղղությամբ:

Իրավական առումով` այդ համաձայնագիրը չի համապատասխանում ոչ միայն միջազգային պայմանագրերի կոնվենցիայի, այլև ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքին:

«Ես խիստ զարմացած եմ, որ մեր Սահմանադրական դատարանը նման եզրակացություն է տվել: Սարսափելի բան է, երբ Սահմանադրական դատարանի որոշման մեջ անգամ չկա անդրադարձ այս պայմանագրի կնքման ընթացակարգերի մասին: Իսկ ՍԴ-ն պարտավորություն ուներ ուսումնասիրել ընթացակարգն ամբողջությամբ` ո՞վ է նախաձեռնել, որտեղի՞ց է եկել, ինչպե՞ս են պահպանվել ընթացակարգերը, արդյոք իրավասու բոլոր մարմիները ներգրավված են եղել առնվազն  տեղեկատվության տեսակետից: Չկան»,- ասաց Ա. Մինասյանը:

Պատգամավորև նաև նշեց, որ այդ համաձայնագիրը վավերացնելով` ՀՀ-ն խաչ է քաշում  ինքնիշխանական բոլոր հնարավոր դրսևորումների վրա էներգետիկայի ոլորտում, այդ թվում`  առոչինչ դարձնելով Հայաստան-Իրան գազի պայմանագիրը: Մինչդեռ այդ պայմանագրով, ըստ Ա. Մինասյանի, կային այնքան լավ դրույթներ մեր երկրի գազի ոլորտում քաղաքականության իրականացման տեսակետից:

«Այդ պայմանագրով գազի նվազագույն կալորիականությունը 8200 կգ է, իսկ սրանով և սրան հարակից պայմանագրով` 7500-ը համարվում է լավագույն ցուցանիշ: Իրանի հետ կնքված նույն պայմանագրով` ՀՀ-ն կարող է մինչև 2,3 մլրդ խմ գազ ներմուծել զգալիորեն ավելի նախընտրելի գներով և ավելի նախընտրելի իրացում ապահովելով,- նկատեց նա,- իսկ «Գազպրոմի» հետ կնքված համաձայնագրով  տալիս ենք լիազորություն, որ  ռուսական ընկերությունը ցանկացած նման գործողություն կարող է համարել իր շահերին դեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter