«Արտագաղթին նպաստում է ծնողների եւ մանկավարժների՝ «սա երկի՞ր է» արտահայտությունը»
Դեկտեմբերի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տարեվերջյան իր մամուլի ասուլիսի նախաբանում լրագրողներին հայտնեց, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի 2013թ.-ին անցկացրած մոնիթորինգի արդյունքներով` Լոռու մարզպետարանի կայքէջը երկրի 50 պետական կառույցներում գրավել է 4-րդ, իսկ 10 մարզերում` 2-րդ տեղը: Մարզպետը դա համարեց Լոռու մարզպետարանի 2013թ.-ի կարեւոր ձեռքբերումը:
Ասուլիսի սկզբում Արթուր Նալբանդյանն ասաց, որ մարզում ամենամեծ հաջողություններն արձանագրվել են գյուղատնտեսության ոլորտում: Նշեց, որ 2013թ.-ին Լոռու տարածաշրջանի 42 հազար հա վարելահողերից մշակվել է 27,200 հա-ը 2012թ.-ի 22¸612 հա-ի դիմաց: Արտադրվել է 35 հազար տոննա հացահատիկ, որը 15 հազար տոննայով ավել է նախորդ տարվա համեմատությամբ: Ընթացիկ տարում մարզում շահագործվել են Ախթալայի, Գուգարքի ամբուլատորիաների եւ Սպիտակի հիվանդանոցի վերանորոգված շենքերը: Շինարարության ընթացքի մեջ են Ալավերդու եւ Վանաձորի բժշկական կենտրոնների շենքերը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Արթուր Նալբանդյանը չթաքցրեց, որ մարզի ամենացավոտ խնդիրը մնում է արտագաղթը:
Պաշտոնական տվյալներով 47¸500 մարդով Լոռու մարզի բնակչության թիվը նվազել է: Արտագաղթի գլխավոր պատճառը նա համարեց գործազրկությունը: Ասաց, որ գործազկությունը Վանաձորում կարող էր մեղմել «Քիմպրոմի» վերագործարկումը, սակայն վերջինս այդպես էլ չգործարկվեց: Արտագաղթի պատճառների մեջ Արթուր Նալբանդյանը վտանգավոր համարեց դպրոցներում եւ տանը երեխաների մոտ ծնողների եւ մանկավարժների՝ «սա երկի՞ր է» դժգոհ հարցադրումը: Մարզպետը կարծում էր, որ դրա հետեւանքով էլ երեխաները շտապում են դպրոցը մի կերպ ավարտել ու արագ հեռանալ երկրից: «Հայաստանում արտագաղթելը նաեւ մոդա է դարձել»,- ասաց նա եւ հավելեց, որ արտագաղթողները մարզում իրենց առաջարկած աշխատանքը չեն ընդունում, սակայն գերադասում են դրսում կատարել ամենաստորացուցիչ աշխատանքները: «Ի վերջո¸ աշխատանքի մեջ միայն վատը տեսնել, միայն վատ խոսելըն էլ ճիշտ չէ»,- լրագրողներին դժգոհեց բանախոսը:
Արթուր Նալբանդյանն անդրադարձավ նաեւ արտագաղթի ծանր հետեւանքներին. «Մարզի 151 դպրոցներում աշխատում են 3400 մանկավարժներ: Վերջին 10 տարիներին դպրոցների աշակերտների թիվը 10 հազարով նվազել է, դրա արդյունքում 10 հազար աշակերտի ֆինանսավորում պակասել է, որն ստեղծել է մանկավարժների աշխատավարձի անհավասարություն¸ եւ իրենք հարկադրված են կրճատել մանկավարժներին»:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը արտագաղթի կանխումը համարեց 2014թ.-ի իր կարեւորագույն խնդիրը: Լրագրողները խնդրեցին նրան ներկայացնել արտագաղթը կանխելու իր տեսլականը: «Մենք շատ լավ ենք գիտակցում, որ առանց փոքր ու միջին բիզնեսի մարզի տնտեսությունը չի կարող զարգանալ: Մենք շատ լավ նաեւ տեսնում ենք, որ մեր մարզում փոքր ու միջին բիզնեսը զարգացած չէ»,- ասաց նա: Վերջերս Արթուր Նալբանդյանը եղել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում¸ որտեղ իր ասելով բնակչության 80%-ն աշխատում է մինչեւ 10 աշխատատեղ ունեցող ձեռնարկություններում: «Մենք էլ ունենք նման հնարավորություն, որոնք ճիշտ չենք օգտագործում»,- խոստովանեց նա:
Մարզպետին ուղղված մարզի լրագրողների հարցերը բացահայտում էին մոռացված, սակայն արտագաղթին նպաստած շատ խնդիրներ: Լրագրողներից մեկի հարցին Արթուր Նալբանդյանը պատասխանեց, որ աղետի գոտում այս պահին կա 505 անավարտ բնակարան, որից մոտ 246-ն ընթացքի մեջ են, մնացածի շինարարությունը սկսված չէ: Քաղաքաշինության նախարարությունից եւ «Գլենդել Հիլզից» մարզպետին վստահեցրել են, որ անավարտ բնակարանային շինարարությունը 2014թ.-ին անպայման կվերսկսեն:
«Հետքը» Լոռու մարզպետից բացատրություն խնդրեց մասնավորապես Ալավերդու եւ Վանաձորի համայնքապետարաններում քաղաքապետերի բարեկամներով «բեռնված» աշխատակազմերի մասին: «Այն, ինչ ահազանգում են լրատվամիջոցները, իմացեք, որ անհետեւանք չեն մնում: Ձեր բարձրացրած հարցերի շուրջ համայնքապետերի հետ քննարկումներ ընթանում են: Նրանք փորձում են իրենց արդարացնել, բայց ես կարծում եմ, որ այդ խնդիրը ոչ միայն համայնքապետարաններում, նաեւ մարզի դպրոցներում կա: Մենք այդ հարցը շատ խիստ ենք դնում»,- վստահեցրեց մարզպետը:
Արթուր Նալբանդյանից նոր տեղեկություններ խնդրեցինք հայ-վրացական սահմանի Ջիլիզայի անցակետի բացման ձգձգման մասին: «Վերջերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի պատվիրակության հետ այցելեց Վրաստան: Հայ-վրացական սահմանների ճշտման հարցը, մասնավորապես` Ջիլիզայի հատվածում, մենք բարձրացրել ենք: Երկու երկրների Աժ նախագահները պայմանավորվեցին հարցը տեղափոխել Հայաստանի եւ Վրաստանի նախագահների քննարկման»,- պատասխանեց Ա. Նալբանդյանը:
Մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից համայնքներում կատարվող բյուջեի ծախսերի ուսումնասիրությունների հետ կապված «Հետքի» հարցին Արթուր Նալբանդյանը պատասխանեց, որ վարչական հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում մարզի 113 համայնքներից միայն մեկ երրորդում է կարողանում ուսումնասիրություններ կատարել: Սակայն անարդյունավետ ծախսերի մասին մամուլի հրապարակումները հայտնվում են իր ուշադրության կենտրոնում եւ դրանք, իր հանձնարարությամբ, վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբն ուսումնասիրում է:
Վանաձորի 83 վթարային շենքերի ճակատագրի մասին լրագրողների հարցին պրն Նալբանդյանը պատասխանեց, որ այդ շենքերում բնակչության 60%-ը չի բնակվում: Նրանց մի մասը բացակայում է հանրապետությունից, մի մասն էլ՝ իրենց համար նոր բնակարաններ է ձեռք բերել: Ըստ մարզպետի՝ Կառավարության հանձնարարությամբ քաղաքաշինության նախարարությունը եւ Վանաձորի քաղաքապետարանը կրկին ուսումնասիրելու են դրանց տեխնիկական վիճակը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել