HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ- 4

Աշտարակ։ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ։ Պինդմարմնային լազերների ֆիզիկայի և սպեկտրասկոպիայի լաբորատորիա։ Ռադիկ Կոստանյան 

Այս անգամ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում հանդիպումը` Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ շարքից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Պինդմարմնային լազերների ֆիզիկայի և սպեկտրասկոպիայի լաբորատորիայի վարիչ Ռադիկ Կոստանյանի հետ էր:

Պարո՛ն Կոստանյան, կպատմե՞ք Ձեր գործունեությունից, լաբորատորիայի անցած ուղուց, հեռանկարներից, ձեռքբերումներից, խնդիրներից, եթե կան առաջարկություններ, նաև դրանցից:

Ինչի՞ց սկսենք… հավանաբար սկզբում փոքր պատմական ակնարկ: Լազերային ֆիզիկայով զբաղվել սկսել ենք դեռևս 1962 թ.-ից: Այն ժամանակ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ.Լ. Տեր-Միքայելյանի նախաձեռնությամբ, Մոսկվայի ռադիոօպտիկայի ինստիտուտի հետ համատեղ, ռուբինային լազերների վերաբերյալ 1962 թ. սկսած հետազոտությունները սկիզբ դրեցին «լազերային ֆիզիկա» նոր բնագավառի զարգացմանը Հայաստանում: Ուսումնասիրությունները սկսվեցին Երևանի պետական համալսարանի՝ Ճառագայթային ֆիզիկայի, այնուհետ ԵՊՀ և Հայաստանի գիտությունների ակադեմիայի՝ Ճառագայթային ֆիզիկայի միացյալ լաբորատորիայում: Այսպիսով, առաջին լազերների հայտնագործումից կարճ ժամանակ անց, Հայաստանում ձևավորվեց լազերային ֆիզիկայի և տեխնիկայի բնագավառում հետազոտությունների, ինչպես նաև դրանց հիման վրա ստեղծվող սարքերի կիրառման ոլորտների բացահայտմանն ուղղված լաբորատորիա: Ուսումնասիրությունները նվիրված էին գիտական հարցերի լայն տիրույթի՝ սկսած լազերային ճառագայթման և նյութի փոխազդեցության երևույթներից ու քվանտային գեներատորների և ուժեղացուցիչների տեսական հիմունքների մշակումից մինչև դրանց բնութագրերի փորձարարական հետազոտումը, ռուբինային լազերների մշակումը, ստեղծումը, դրանց արտադրության կազմակերպումը:

Ճառագայթային ֆիզիկայի լաբորատորիայում մեր խմբի կողմից (Պ. Պողոսյան, Ռ. Կոստանյան, Ռ. Գյուզալյան, Թ. Փափազյան) փորձարարորեն ուսումնասիրվեցին ռուբինային լազերների և ուժեղացուցիչների այնպիսի կարևորագույն բնութագրեր, ինչպիսիք են ելքային հզորության և օգտակար գործողության գործակցի կախվածությունը օպտիկական ռեզոնատորի պարամետրերից, կորուստների գործակցից, գրգռման էներգիայից, ակտիվ միջավայրերի չափսերից և այլն: Բացահայտվեց լազերային ճառագայթման կոհերենտության դերը գեներացիայի և ուժեղացման երևույթներում, պարզաբանվեցին տեսական և փորձարարական արդյունքների համապատասխանության պայմանները: Իրականացվեցին ռեզոնանսային միջավայրով անցնող էլեկտրամագնիսական ալիքների փուլերի փոփոխման առաջին փորձարարական հետազոտությունները:

Լաբորատորիայում ստացվեցին մի շարք տեսական և փորձարարական կարևոր արդյուքներ: Մասնավորապես, քվանտային գեներատորների և ուժեղացուցիչների բալանսային տեսությանը վերաբերվող արդյունքները հիմք հանդիսացան պինդ մարմնային լազերների ստեղծմանն ուղղված հետագա բոլոր ճարտարագիտական հաշվարկների համար: Ռուբինային լազերների վերաբերյալ կատարված աշխատանքների հետևանքով Մոսկվայի ռադիօպտիկայի ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ մշակվեց և արտադրության հանձնվեց Խորհրդային միությունում առաջին` «АРЗНИ» անվամբ արդյունաբերական լազերը:

1980 թ. լազերների հետազոտման, մշակման և արդյունաբերության մեջ ներդրման համար հեղինակների կոլեկտիվը արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի:

Հետագայում հետազոտությունների հիմնական թեմատիկան ընդլայնվեց և լազերային ֆիզիկայի բնագավառում հետազոտություններին և տարբեր տիպի լազերների և լազերային տարրերի ուսումնասիրմանը և ստեղծմանը նվիրված աշխատանքները շարունակվեցին ՀԳԱ Ֆիզիկական հետազոտությունների նորաստեղծ ինստիտուտում:

Կառանձնացնե՞ք մի քանի հանգրավանային արդյունք, և ի՞նչ կոնկրետ կիրառություններ են եղել:

Լաբորատորիայում ստացված այդպիսի արդյունքները շատ են, թվարկելը երկար կլինի, սակայն հակիրճ կարելի է նշել հետևյալը՝ բացահայտվել է «ինքնահագեցող» անցումների վրա աշխատող լազերների աշխատանքային մեխանիզմը և որոշվել են այդ լազերների գործողության արդյունավետության բարձրացման հնարավորությունները: Կանխատեսվել և ուսումնասիրվել է նոր` լուսամակածված պեզոէլեկտրական երևույթը բևեռային դասի բյուրեղներում: Ուսումնասիրվել է լազերային ֆիզիկայի բնագավառում հիմնարար և կիրառական կարևոր արժեք ունեցող մի շարք խառնուրդային ակտիվ և ոչ գծային բյուրեղների լազերային հատկությունները բնորոշող պարամետրերի համալիրը, ստեղծվել են մերձակա և միջին ինֆրակարմիր տիրույթի նոր լազերներ, մշակվել են լազերային բյուրեղների բնութագրիչների չափման նոր մեթոդներ: Իրականացվել են նաև աշխատանքներ ռազմական կիրառությունների համար:

Պարո՛ն Կոստանյան, Դուք արժանացել եք հանրապետության նախագահի մրցանակի։ Կասե՞ք, թե դա կոնկրետ ո՞ր աշխատանքների համար էր:

2009 թ.-ին մեր խումբը (Ռ.Բ. Կոստանյան, Է.Պ. Կոկանյան, Գ.Գ. Դեմիրխանյան և Վ.Գ. Բաբաջանյան) արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ «Ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ և ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծում և հետազոտում» թեմայով հոդվածաշարի համար: Իրականացված փորձարարական և տեսական համալիր հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել լեգիրված բազմաֆունկցիոնալ բյուրեղների սպեկտրադիտական, լազերային, ոչ գծային օպտիկական, ֆոտոռեֆրակտիվ բնութագրերր, դրանց հիման վրա կանխասել այդ բյուրեղների լազերային հնարավորությունները և ստեղծել ղեկավարվող հատկություններով նոր նյութեր ֆոտոնիկայում և քվանտային օպտիկայում, օպտիկական կապում, նոր սերնդի գունավոր հեռուստատեսությունում և բժշկության մեջ լայն պահանջարկ ունեցող ժամանակակից լազերային համակարգերի համար:

Դուք ֆիզիկայի բնագավառի էլի կարևոր մրցանակ եք ստացել, ինչո՞ւ Ձեր աշխատասենյակում չեն ներկայացված Ձեր մրցանակները:

Կարծում եմ, որ ինքնագովազդով զբաղվելը այնքան էլ բարեհնչեղ երևույթ չէ: Ֆիզիկոսների մոտ ընդհանրապես ընդունված չէ մրցանակները ցուցադրության դնելը: Կարևորն այն է, որ իմ ասպիրանտների, հետագայում գործընկերներիս հետ համատեղ, լաբորատորիայում կատարել ենք այն հետազոտությունները, ինչը համարել ենք արդիական, կարևոր և ինչի իրականացման հնարավորությունն ունեցել ենք:

Ի՞նչ կասեք լաբորատորիայի կազմի վերաբերյալ. նախկինում և այժմ:

 Իհարկե գիտական աշխատողների կազմը զգալիորեն կրճատվել է: Աշխատում էին մոտ 15 հոգի, հիմա, ռեալ աշխատողների թիվը կիսով չափ պակաս է: Ցավոք սրտի, բացակայում են միջին տարիքի (35-50 տարեկան) գիտնականները: Ներկայում երիտասարդներից լաբորատորիայում ունենք թեկնածուական ատենախոսությունը վերջերս պաշտպանած մեկ գիտաշխատող և երկու ասպիրանտ: Լաբորատորիայում գործում է նաև ինստիտուտի այլ բաժանմունքներին սպասարկող խումբ:

Շատե՞րն են հեռանում:

Ես կասեի՝ ընդհանրապես քչերն են մնում: Փորձում ենք ասպիրանտուրա ընդունել այն մագիստրոսներին, որոնք խոստանում են մնալ և աշխատել գիտության ասպարեզում: Նրանց նկատմամբ ուշադրությունը սովորաբար առանձնահատուկ է լինում:

Կմնա՞ն:

Չգիտեմ, եթե կարողանանք բավարար պայմաններով ապահովել, կմնան, եթե ոչ` չեն մնա: Նույնիսկ այն երիտասարդները, որոնք նվիրված են գիտությանը, կմնան, եթե ապահովենք իրենց հետաքրքիր գիտական խնդիրներով, դրանց լուծման համար անհրաժեշտ գիտական միջավայրով, մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ հնարավորություններով և կյանքի համար անհրաժեշտ սոցիալական պայմաններով: Գիտնականը մարդ է, որն ուտում է, որ ապրի և արարի, ոչ թե ապրում է, որ հարստանա և ավելի շատ ուտի:

Ցավոք, այսպիսի պայմանների ապահովումը միայն գիտնականների գործը չէ, և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո երիտասարդն իր ընտանիքի հոգսերը հոգալու համար ստիպված է լինում զբաղվել երկրորդ կամ նույնիսկ երրորդ՝ համեմատաբար բավարար վարձատրվող ոչ գիտական աշխատանքով ևս, ինչը փոշիացնում է նրա ունակությունները և, իմ կարծիքով,  նշանակում է ոչ մի տեղ լիարժեք չաշխատել:

Ինչքա՞ն է աշխատավարձը:

Միջին աշխատավարձը հանրապետության միջինից ցածր է մոտ երկու անգամ, (երևի այս առումով մենք աշխարհում առաջին տեղն ենք գրավում. այլ երկրներում սովորաբար այն լինում է միջինից մոտ երկու անգամ ավել), իսկ 2014-ի հունվարից պետական ծառայողների աշխատավարձի միայն ավելացված մասը որոշ դեպքերում 2-3 անգամ ավել է գիտնականների միջին աշխատավարձից: Գիտության բնագավառում աշխատողների համար այս ցավալի թեման շատ արծարծվածներից է և կարիք չկա, որ ես ևս այդ մասին երկար խոսեմ: Միայն կցանկանայի նշել, որ գիտության հանդեպ ներկայիս մոտեցումների պահպանման դեպքում մոտակա ժամանակում գիտության բնագավառի միջին աշխատավարձը գիտելիքահեն Հայաստանում կհավասարվի նվազագույն աշխատավարձին:

Դրությունը երբեմն փոքր-ինչ մեղմում է դրամաշնորհների առկայությունը, սակայն դա հարցի լուծման եղանակ հանդիսանալ չի կարող: Դրանք սովորաբար հնարավորություն չեն տալիս ձեռք բերել անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ, և կարող են միայն կարճաժամկետ խնդիրներ լուծել` առանց զարգացնելու գիտական որևէ ուղղություն: Այսպիսի պայմաններում երիտասարդ կամ միջին տարիքի գիտնականների մշտական առկայությունը գիտական հիմնարկներում դառնում է անհնար: Հանրապետության գիտական ներուժը պահպանելու համար անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը գիտնականների և ընդհանրապես գիտության նկատմամբ:

Կան նաև գիտության և գիտնականի դերը նվաստացնող այլ հանգամանքներ ևս, որոնք նույնիսկ ֆինանսավորման հետ կապ չունեն: Օրինակ՝ 1. գիտնականը նույնիսկ բազային ֆինանսավորման պայմաններում չունի պետականորեն հաստատված որևէ կարգավիճակ, հանդիսանում է մեկ տարի ժամկետով վարձու աշխատող և ստիպված է լավագույն դեպքում ամեն տարի նոր աշխատանքային պայմանագիր կնքել: 2. գիտնականը իրավունք չունի օգտվելու մտավոր աշխատանքով զբաղվող անձանց օրենքով տրամադրված իրավունքներից. օրինակ՝ լրացուցիչ արձակուրդի իրավունքից և այլն: Հետաքրքիր է՝ որ՞ աշխատանքն է համարվում մտավոր, եթե ոչ՝ գիտականը:

Բայց կարծես վերջին շրջանում բավական ուշադրություն է դարձվում երիտասարդների վրա:

Մենք ունենք հիանալի երիտասարդություն, և իհարկե, լավ է, որ երիտասարդների նկատմամբ ուշադրությունը համեմատաբար աճել է: Գիտության պետական կոմիտեն փորձում է տարբեր դրամաշնորհների միջոցով, գործուղումների աջակցությամբ և այլ միջոցներով խթանել երիտասարդների աշխատանքը: Սակայն այս բոլորը դեռևս բավարար չեն երիտասարդներին գիտության ասպարեզում պահելու, առավել ևս՝ գիտության զարգացման համար: Հինգ տարի ԲՈՒՀ-ում, երեք-չորս տարի ասպիրանտուրայում սովորելուց և մասնագիտական գիտելիքների ինչ-որ պաշար և հմտություններ ձեռք բերելուց հետո մարդը պետք է ապահովված լինի լավ վարձատրվող մշտական աշխատանքով, բավարար կենցաղային պայմաններով և մասնագիտական զարգացման ապագայով իր հայրենիքում, այլ ոչ թե կախված լինի ժամանակավոր դրամաշնորհներից: Դրամաշնորհները մեծ խթան կարող են հանդիսանալ այս պայմանների առկայության դեպքում: Գիտական կոլեկտիվները ձևավորվում են տասնյակ տարիների ընթացքում և անհնար է այն պահպանել դրամաշնորհից դրամաշնորհ: Ընդհանրապես, գիտության պահպանման և, հետագայում նաև զարգացման համար անհրաժեշտ է ոչ թե և ոչ միայն մեծ ուշադրություն դարձնել առանձին տարիքային խմբերին, այլ անհրաժեշտ է ուշադրություն և պատշաճ վերաբերմունք գիտության ողջ համալիրի նկատմամբ:

Պարո՛ն Կոստանյան, այս հարցը շատերին է տրվել՝ եթե ամեն տարի ընդամենը մեկ գիտնական գա ու մնա, քանի՞ տարի է պետք սերնդափոխության համար:

Այդպես սերնդափոխություն տեղի չի ունենա ընդհանրապես։ Դրա անունը դեգրադացիա է (ժպտում է, և այդ ժպիտը պարունակում է ցավ ու դառնություն): Նախկինում որոշ տարիների մեր ինստիտուտում միաժամանակ ունենում էինք 25-26, ասպիրանտներ, որոնց հիմնական մասը հետագայում աշխատում էր գիտության բնագավառում, իսկ այժմ ունենում ենք 4-5 ասպիրանտ, որոնց ապագան անորոշ է:

Երիտասարդների համար գիտության նկատմանբ գրավչության պակասը, միջին սերնդի պրակտիկորեն բացակայությունը գիտության մեջ և ավագ սերնդի գիտնականների թվաքանակի տարեց-տարի նվազումը արդեն ազդանշան է մեր գիտության վտանգված ապագան ահազանգելու: Կարծում եմ, որ նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ գիտական արդյունքի հիմնական մասը ներկայում ստանում է ավագ սերունդը: Նրանք, իրենց գիտելիքները և փորձը օգտագործելով, կարողանում են արդիական խնդիրներ դնել, նշել դրանց լուծման ուղիները, աճեցնել բարձրորակ երիտասարդ մասնագետներ, սակայն գիտության համար կարևորագույն՝ սերնդափոխության հարցը, միևնույն է, հայտնի պատճառներով, մնում է չլուծված: Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ապագայի նկատմամբ պատկերացում կազմում են նաև՝ տեսնելով ավագ սերնդի վիճակը, ինչը այժմ ամենևին հրապուրիչ չէ գիտության ոլորտում իրենց մնալու համար:

Կարծում եմ, գիտությունը Հայաստանի միակ բնագավառն է, որը նույնիսկ չնչին ֆինանսական ներդրումների պարագայում մեր երկիրը դրական առումով դարձնում է առավել ճանաչելի միջազգային հանրությանը, և նրա նկատմամբ կառավարության վերաբերմունքը պետք է լինի պատշաճ իր դերին և նշանակությանը:

Գիտության պահպանման և հետագա զարգացման համար անհրաժեշտ է կազմել համապարփակ պլան, որը, բացի ստրատեգիական դեկլարատիվ հայտարարություններից, կներառի նաև նպատակներին հասնելու հստակ ուղիներ (կազմակերպչական, ֆինանսական, ինտեգրացիոն և այլն), նշելով կատարման համար պատասխանատու օղակները, ժամկետները, և անվերապահորեն հետևել դրան: Հակառակ դեպքում, մենք՝ միայն գիտության կարևորության վերաբերյալ անվերջ և անպտուղ խոսակցություններից առաջ գնալ չենք կարող: 

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter