HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի ինքնիշխանության կապիտուլյացիայի» պայմանագրերի «սահմանադրական» հակասահմանադրականությունը. գազային պայմանագրերը պարզապես չեն կարող վավերացվել

Ստյոպա Սաֆարյան
քաղաքական վերլուծաբան

Դեկտեմբերի 19-ին, հինգշաբթի օրը, ՀՀ կառավարությունը «միջազգային մի շարք պայմանագրեր» վավերացնելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշում ընդունեց: Խոսքը վերաբերում է ժողովրդի, լրագրողների, քաղաքական գործիչների եւ փորձագետների շրջանում այլեւս «գազային», «Հայաստանի ինքնիշխանությունը հանձնելու» կամ «Հայաստանի կապիտուլյացիայի» փաթեթ անվանումները ստացած երեք պայմանագրերին, որոնք ստորագրվել են դեկտեմբերի 2-ին Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության կառավարությունների ներկայացուցիչների միջեւ՝ Երեւանում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման շրջանակում: 

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, Աժ-ում բազում ելույթներ եղան այս պայմանագրերի բովանդակության, դրանում ամրագրված դրույթների դեմ: Այդ ելույթներից որոշներում պայմանագրերը չվավերացնելու նպատակահարմարության քաղաքական հիմնավորումները, մատնանշած քաղաքական ու տնտեսական ռիսկերը, անխոս, համոզիչ էին: Սակայն պատգամավորներից (այդ թվում՝ ընդդիմադիր, ոչ իշխանական) եւ ոչ մեկ չխոսեց այդ պայմանագրերի հակասահմանադրականության մասին, ինչը, թերեւս, ամենակարեւորն է դրանց վավերացման անթույլատրելիության տեսանկյունից: Ջախջախիչ քննադատության չենթարկվեցին Հայաստանում սահմանադրական արդարադատության բարձրագույն ատյանի՝ ՍԴ-ի արձակած որոշումները, որոնք հակիրճ պարզապես կեղծիք են, անգամ՝ դավաճանություն ՀՀ ինքնիշխանության հանդեպ: Անդրադարձ չեղավ այն խնդրին, թե ինչո՞ւ է ՍԴ-ն իր որոշումներից մեկում հղում կատարել Սահմանադրության 9-րդ, այլ ոչ թե այլ՝ ավելի համարժեք հոդվածների, իսկ մյուս երկու որոշումներում անգամ Սահամանադրության հոդվածներին հղումներն են բացակայում:

Որքան էլ քաղաքական փաստարկները կարեւոր են, այդուհանդերձ, պայմանագրերի վավերացումը իրավական գործընթաց է եւ պահանջում է իրավական ձեւակերպում ունեցող փաստարկներ: Թե’ որպես ՀՀ քաղաքացի, թե’ որպես վերլուծաբան, թե’ որպես նախկին գումարման ԱԺ պատգամավոր, իմ համար անասելի տխրեցնող էր, որ խորհրդարանում չգտնվեց որեւէ պատգամավոր, ով իր ելույթում կկապակցեր պայմանագրերի դրույթները միջազգային պայմանագրային իրավունքի, ՀՀ Սահմանադրության դրույթների հետ,  մի խոսքով՝ կներկայացներ այդ պայմանագրերի հակասահմանադրականության ողջ ողբերգականությունը: Իսկ դրանք չափազանց շատ են.... 

Ինքնիշխանությունը, ինքնիշխանությանը ներհատուկ արտաքին եւ ներքին իրավունքները միջազգային իրավունքում եւ ՀՀ Սահմանադրության մեջ

Ինչպես նշվեց, «2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով կայացված  ՍԴ-ի որոշման մեջ դրանք (պարտավորություններ) քննության են առնվել երկրի հիմնական օրենքի 9-րդ հոդվածի համատեքստում: Սահմանադրության այդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: Այսինքն` ՍԴ կարծիքով, «գազային» պայմանագրերը բացառապես ՌԴ-ի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակ են հետապնդում: Սակայն թե ինչպե՞ս եւ ի՞նչ գնով՝ ՍԴ-ն լռել է...

Այս էլ հերթական դեպքն է, երբ Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող պայմանագրերի քննության (ասվածի ամենականառու փաստը հայ-թուրքական զույգ արձանագրություններն էին) ժամանակ ՍԴ-ն «խնամքով» շրջանցում է ՀՀ Սահմանադրության առանցքային՝ 1-ին եւ 2-րդ հոդվածները եւ չի դիտարկում պայմանագրերի համապատասխանությունը հենց դրանց:

Ի ցավ մեզ բոլորիս եւ ի ուրախություն ՀՀ Սահմանադրական դատարանի նոմենկլատուրային դատավորների, ՀՀ որեւէ նորմատիվ ակտով սահմանված չեն չափանիշները, որոնք թույլ կտային «չափել» այս կամ այն պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը պետության ինքնիշխանության, քաղաքական ազատության եւ անկախության, ինքնիշխան քաղաքականություններ վարելու կարողության հետ: Ու այդ բացը ամեն անգամ երանելի «հնարավորության պատուհանն» է դառնում ՍԴ «դոկոտորապրոֆեսուրային» անդամների համար՝ նախագահական պատվերով որոշումներ «երկնելու» համար: Սակայն, բարեբախտաբար, երկրում տառաճանաչ ու միջազգային իրավունքից տեղյակ անձինք ամենեւին չեն վերացել...

Դեռ «լավ» է, որ ՍԴ դատավորները ունակ են Սահմանադրության մեջ գտնել այնպիսի հոդված, որի մեջ առկա է «արտաքին քաղաքականություն» բառը եւ ՍԴ որոշումներում հղում են տալիս դրան: Կարող էին չէ՞, օրինակ, ամոթը եւ խիղճը իսպառ մի կողմ դնել եւ պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները գնահատել տեղական ինքնակառավարմանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող սահմանադրական հոդվածներին չհակասող...

Մինչդեռ անգամ ՍԴ որոշումներում մեջ հղման արժանացած հոդված 9-ի բովանդակությունը հիշյալ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների սահմանադրականության օգտին չեն: Դրանք երեսուն տարի շարունակ Հայաստանի Հանրապետությանը թույլ չեն տալու արտաքին քաղաքականություն իրականացնել միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով: Ավելին, դրանք խոչընդոտելու են երկրի ներսում ժողովրդի կողմից ձեւավորված իշխանության ու Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների կողմից օրենսդիր, գործադիր բնույթի ներքին կարգավորումներ եւ օրենքներ սահմանելու ու կիրառելու եւ այլ իրավունքների իրականացմանը, որոնք միջազգային իրավունքում եւ սահմանադրորեն ամրագրված են իբրեւ ինքնիշխանությանը ներհատուկ ներիքին ու արտաքին իրավունքներ:  

Միջազգային իրավունքում երկրի ինքնիշխանության չորս կարեւոր չափանիշ է առկա, որոնք գալիս են «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի կոնվենցիայից» (ընդունվել է 1933թ. դեկտեմբերի 26-ին, ուժի մեջ մտել 1934թ. դեկտեմեբրի 26-ին): Այդ կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ պետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է բավարարի 4 պայմանների, այն է՝ ունենա ա) մշտական  բնակչություն, բ) սահմանված տարածք, գ) կառավարություն, եւ 4) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:  Հոդված 4-ը ամրագրում է, որ «պետություններն իրավաբանորեն հավասար են, օժտված են նույն իրավունքներով, ունեն դրանք կյանքի կոչելու հավասար կարողություններ: Յուրաքանչյուր պետության իրավունքները կախված չեն այն հզորությունից, որը նա տնօրինում է իր գործառնությունն ապահովելու համար, այլ կախված է իբրեւ սուբյեկտ միջազգային իրավունքի ներքո գտնվելու բուն փաստից»: Թեպետ այս կոնվենցիան ընդունվել է Ազգերի լիգայի օրոք, որին փոխարինելու եկավ ՄԱԿ-ը, այդուհանդերձ, այն չափազանց ազդեցիկ է մնում թե միջազգային իրավունքում, թե պետությունների ճանաչման, նրանց պարտավորությունների եւ իրավունքների որոշակիացման առումով:

Միջազգային ժամանակակից իրավունքում ինքնիշխանությունը սահմանվում է որպես «բարձրագույն, բացարձակ եւ անվերահսկելի իշխանություն, որով անկախ պետությունը կառավարվում է, եւ որից ածանցվում են բոլոր յուրահատուկ քաղաքական իշխանությունները՝ պետության գիտակցված տարածքային անկախությունը, որը համակցված է առանց արտաքին միջամտության իր ներքին գործերը կարգավորելու իրավունքի եւ իշխանության հետ: Ինքնիշխանությունը դա պետության իշխանությունն է անել անհրաժեշտ ամեն ինչ ինքզինքը կառավարելու համար, ինչպես օրինակ օրենքներ ստեղծելն ու կիրառելը, հարկեր պարտադրելն ու հավաքելը, պատերազմ հայտարարելն ու խաղաղություն կնքնելը, եւ պայմանագրեր կնքելն ու օտար այլ պետությունների հետ առեւտրի մեջ մտնելը» (օրինակ, West's Encyclopedia of American Law):

Խնդրո համատեքստում արժե նաեւ հիշատակել ԵԱՀԿ Հելիսինկյան եզրափակիչ ակտի 10 հանրահայտ սկզբունքներից մասնավորապես 2-րդը, որը վերնագրված եւ սահմանում է «ինքնիշխան հավասարությունը, ինքնիշխանությանը ներհատուկ իրավունքների հարգանքը»: Այն ամրագրում է, որ «մասնակից պետությունները պետք է հարգեն միմյանց ինքնիշխան հավասարությունը եւ անհատականությունը, ինչպես նաեւ՝ այն բոլոր իրավունքները, որոնք ներհատուկ են եւ ընդգրկում են նրա ինքնիշխանությունը, ներառյալ՝ մասնավորապես յուրաքանչյուր պետության իրավական հավասարության, տարածքային ամբողջականության եւ քաղաքական ազատության եւ անկախության իրավունքը: Նրանք նաեւ պետք է հարգեն իրենց քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային համակարգերն ընտրելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ՝  իր օրենքներն ու կարգավորումները սահմանելու մեկը մյուսի իրավունքը: Միջազգային իրավունքի շրջանակներում բոլոր մասնակից պետություններն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ: Նրանք պետք է հարգեն միմյանց՝ այլ պետությունների հետ միջազգային իրավունքին եւ սույն Հռչակագրի ոգուն համապատսախան իր հարաբերությունները որոշելու եւ վարելու իրավունքը, ինչպես որ ինքն է ցանկանում: <...> Նրանք նաեւ իրավունք ունեն պատկանել կամ չպատկանել միջազգային կազմակերպություններին, կողմ դառնալ կամ չդառնալ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերում, ներառյալ դաշինքային պայմանագրերի կողմ դառնալու կամ չդառնալու իրավունքը. նրանք նաեւ չեզոքության իրավունք ունեն»:

ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որի 1-ին հոդվածով կազմակերպության հետապնդած նպատակներից մեկն է համարվում «ազգերի միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծումը, որը հենվում է ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա», իր հոդված 2-ում հռչակում է. «Կազմակերպությունը հիմնված է իր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա»: Այսինքն, միջազգային, այդ թվում՝ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնող ՄԱԿ անդամ պետությունները պարտավոր են հարգել մեկը մյուսի ինքնիշխան հավասարությունը, եւ նրանց ինքնորոշման փաստի անմիջական արդյունքը հանդիսացող ինքնիշխանության արտաքին ու ներքին իրավունքները:

Երկրների սահմանադրությունները առավել առարկայական բացում են ինքնիշխանության ներքին չափումները: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին hոդվածով ամրագրվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Իսկ 2-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Հանրապետության նախագահի ինստիտուտին վերաբերող 3-րդ գլխի հենց առաջին՝ 49-րդ հոդվածով ամրագրված է. «Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը  հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության  երաշխավորն է»: Ըստ այդմ, Հանրապետության նախագահի փաստացի պարտականություններից մեկն է հանդիսանում մասնավորապես Սահմանադրության 4-րդ գլխում Ազգային ժողովին նվիրված հոդվածների, այդ թվում 62-րդ հոդվածի գործնական եւ լիարժեք կիրառության ապահովումը. «Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը»: Նույնը հավասարապես ճիշտ է կառավարության կապակցությամբ, որի առնչությամբ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածն ասում է. «Կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների: <...> Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով»:

Այսինքն երկրի ինքնիշխանության ներքին չափումներից է այն, որ Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի ինքնիշխան կերպով իրականացնել գործադիր ու օրենսդիր քաղաքականություններ, իրենց իրավասության ներքո գտնվող հարցերով ընդունել նորմատիվ իրավական ակտեր՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակում: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունը օրենսդիր եւ գործադիր մարմիններին, ինչպես նաեւ իրավասու պետական մարմիններին թույլ է տալիս ինքնիշխան կերպով ներքին կարգավորումներ սահմանել մենաշնորհների արգելման, բացառման կամ վերացման կապակցությամբ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածը ամրագրում է. «Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են: Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»:

Միջազգային իրավունքով եւ ՀՀ Սահմանադրությամբ ինքնիշխանությանը, դրան ներհատուկ իրավունքներին, պարտականություններին եւ դրանց իրացմանը վերաբերող այս շարադրանքից հետո այժմ դառնանք «գազային պայմանագրերին», եւ հատկապես դրանց առանցքը կազմող «2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին: Մյուս երկու համաձայնագրերը սերտորեն կապված են այս մեկի հետ եւ իմաստ ունեն նրա հետ փոխկապակցված, ավելին՝ խորացնում են Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնիշխան իրավունքների կորուստը դրանցում թվարկված ոլորտներում:   

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter