HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են «գազային պայմանագրերը» հակասում ՀՀ Սահմանադրությանը

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան 

Սկիզբը

«Էնեգետիկ շուկաների եւ գազափոխադրման ենթակառուցվածքի զարգացմանը», «գազամատակարարաման հուսալիության ապահովմանը»,  «գազի բնագավառում երկարատեւ փոխշահավետ համագործակցությանը» «միտված» Համաձայնագրի հոդված 1-ով կարգավորվում են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փաթեթը (12.600.000 հատ սովորական անվանական բաժնետոմսեր 63.333.900.000 հայկական դրամ արժեքով) առուվաճառքի պայմանները, դրանք «Գազպրոմ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով հանձնելու կարգը եւ ժամկետները: Խնդրո համատեքստում կողմերի, մասնավորապես ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները հակասում են թե միջազգային իրավունքի պահանջներին, թե ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների:

Մասնավորապես,  համաձայնագրի այդ հոդվածով սահմանվում է, թե ««Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումը իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով` առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների եւ թույլտվությունների ստացման անհրաժեշտության` այդ թվում հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»: Սույն դրույթը հակասում է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներով սահմանված այն սկզբունք-պարտավորությանը, որը պետությանը եւ նրա իշխանությանը վերապահում է սեփական օրենքներն ու կարգավորումները սահմանելու իրավունքը: Մինչդեռ նշված դրույթով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարագայում փաստացի չգործող են ճանաչվում ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի համար անհրաժեշտ համաձայնությունները եւ թույլտվությունները ստանալու ներպետական պարտադիր կարգավորումները, որոնք ՀՀ Ազգային ժողովն ու Կառավարությունը սահմանել են համապատասխանաբար ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 62-րդ եւ 85-րդ հոդվածներով: Այսինքն, չգործող են ճանաչվում ՀՀ համապատասխան օրենքները եւ կառավարության որոշումները:

Նույն հոդվածով «Գազպրոմ» ԲԲԸ-ին տրվում է իրավասություն՝ ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանց  (տնտեսական ընկերություններ, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին-Ս.Ս.) յուրաքանչյուրին՝ Հայկական կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի»: Առաջ անցնելով նշենք, որ Համաձայնագրի 6-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «բաժնետերերի որոշմամբ վերջինիս վերակազմակերպման՝ միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման, վերակազմակերպման ձեւով, ինչպես նաեւ կանոնադրական կապիտալի չափի փոփոխման ազատ իրականացման հետագա հնարավորությունը»:

Բացի այն, որ համաձայնագիրը որեւէ կերպ չի սահմանում «անհիմն մերժման» եւ «հիմնավոր մերժման» չափանիշները, անմիջապես հաջորդող նախադասության մեջ Հայաստանի կառավարությանը զրկում է անգամ «հիմնավոր» կամ «անհիմն» մերժում տրամադրելու իրավունքից եւ ինքնիշխանությունից. ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գույքի եւ իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն՝ առանց սույն հոդվածի չորրորդ պարբերությունում նշված՝ Հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության»: Այսինքն, «Գազպրոմ» ՓԲԸ-ին ոչ միայն վերապահվել է  ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի կողմից սահմանված ներքին կարգավորումները՝ օրենքներ եւ որոշումներ ոտնահարելու իրավունք, այլեւ միանձնյա ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող որոշումներ կայացնելու իրավասություն, ինչը կրկին երկրի ինքնիշխանության եւ ժողովրդին պատկանող իշխանության զավթում է եւ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանցագործություն: 

Որքան էլ համաձայնագրով պայմանագրի կողմ է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը, սակայն նրա 3-րդ հոդվածով սահմանվում է, թե «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ծավալները, ժամկետները, գինը եւ այլ պայմանները սահմանվում են ինքնուրույն երկարաժամկետ պայմանագրի կողմեր հանդիսացող «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կամ իր դուստր ընկերության, որի բաժնետոմսերի/բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը, եւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի Համաձայնագրի դրույթները»: Իսկ հոդված 5-ով Հայաստանի Հանրապետությանը պարտադրվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ սպառողներին մատակարարվող գազի, էլեկտրաէներգիայի գնի սահմանումը, դրանց պարբերական վերանայումը (ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ) ՀՀ իրավասու մարմինների կողմից ապահովել ոչ թե իր ներպետական կարգավորումների, այլեւ «Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Հավելվածով սահմանված կարգի համաձայն»:

Կրկին, Հայաստանի Հանրապետությունը եւ նրա կառավարությունը, որպես պայմանագրի կողմ, զրկված են միջազգային իրավունքով եւ ՀՀ սահմանադրությամբ իրենց վերապահված ինքնիշխանութանը ներհատուկ իրավունքների եւ իշխանության իրականացման հնարավորությունից: Նրանց փոխարեն ՌԴ սեփականությունը հանդիսացող երկու ընկերություններ՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն են որոշում բնական գազի առաքման ծավալները, ժամկետները, գինը եւ այլ պայմանները իրենց միջեւ կնքված «ինքնուրույն» երկարաժամկետ պայմանագրի հիման վրա: Իսկ ՀՀ կառավարությանը, մասնավորապես Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը հոդված 2-ով վերապահված է, որպես հայկական կողմից «իրավասու մարմին», իրականացնել «համաձայնագրով պարտավորությունների կատարման հսկողությունը», եւ ոչ ավելին: Սա ոչ ինչ է, քան ժողովրդին պատկանող, նրա կողմից ընտրություններով ձեւավորված մարմիններին կամ Սահմանադրությամբ եւ օրենքներով պաշտոնատար անձանց պատվիրակված իշխանության բռնազավթում «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից:

Դրա փոխարեն հոդված 3-ով ռուսական կողմին է վերապահված ««Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից  բնական գազի առաքումը Հայաստանի Հանրապետություն այն ծավալներով, որոնք բավական են Հայաստանի Հանրապետության ներքին կարիքների լրիվ բավարարման համար, առաքվող բնական գազի դիմաց հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից լրիվ եւ ժամանակին վճարման իրականացման պայմանով, եւ հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետություն բնական գազի տարանցման հնարավորությունները, ներառյալ գազի փոխադրման օբյեկտների տեխնիկական վիճակը»: Զավեշտալի է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ներքին կարիքների չափը, դրանց «բավարարման համար բավական» համարվող բնական գազի ծավալները, ժամկետները, գինը եւ այլ պայմաններ,  ինչպես վերը նշվեց, սահմանում են «Գազպրոմ» ԲԲԸ-ը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը: Համաձայնագրի հոդված 8-ով հայկական կողմի ներկայացուցիչին ընդամենը թույլատրված է «որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների Խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով»: Այսինքն, եթե հայկական կողմի ներկայացուցիչը գաղտնապահությունը չպահի, կարող է զրկվել նաեւ այդ իրավունքից:

Հենց այդ եւ մյուս կարեւորագույն հարցերում (որոնք միջազգային իրավունքով եւ ՀՀ սահմանադրությամբ վերպահված են ՀՀ-ին) Հայաստանի ու նրա կառավարության ինքնիշխան իրավունքների իրականացումը բացառելու նպատակով էլ «գազային պարտքի» դիմաց Հայաստանի Հանրապետությունից վերցվում են «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը: Այդպիոսվ, նախ հիշյալ ընկերությունում վերացվում է Հայաստանի Հանրապետության ձայնը եւ նրա քաղաքականության վրա ազդելու իրավունքը/հնարավորությունը, ապա բռնազավթվում ու «ՀայՌուսգազարդ» ՓԲ-ին են փոխանցվում պետության ինքնիշխանության իրավունքները: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածի հանգույն ոչ մի հանրաքվեով, ոչ մի ազատ ընտրությամբ ինքնիշխանությանը ներհատուկ այդ իրավունքները չի պատվիրակել «Գազպրոմ» ՓՓԸ-ին ու «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: Ճիշտ հակառակը՝ ՀՀ Սահմանադրությամբ ժողովուրդը դրանք պատվիրակել է պետական եւ տեղական իշխանության մարմիններին ու պաշտոնատար անձանց: 

Հոդված 3-ից բխում է նաեւ, որ եթե ՀՀ տնտեսվարողներից որեւէ մեկը լրիվ ծավալով եւ ժամանակին չվճարի գազի դիմաց պարտքը, ապա ռուսական կողմը, ավելի ստույգ՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ը կամ «ՀայՌւոսգազարդ» ՓԲԸ-ը կարող են դադարեցնել ՀՀ առաքվող գազամատակարարումը: Մինչդեռ, եթե խնդիրներ առաջանան դեպի Հայաստանի Հանրապետություն գազի տարանցման հետ (օրինակ, Վրաստանի տարածքում) կամ գազի փոխադրման օբյեկտների տեխնիկական վիճակի հետ կապված, ապա գազամատակարարաման դադարեցումը հարգելի կլինի: Տարանցիկ երկրի տարածքում դրա համար ոչ մեկ պատասխանատու չէ եւ որեւէ բան գրված չէ, թե ի՞նչ եւ որքա՞ն ժամկետում է անելու ռուսական կողմը տարանցիկ երկրում գազի մատակարարման «հարգելի պատճառների» վերացման կապակցությամբ: Դրան հակառակ,  Հայաստանի տարածքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերի, գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտների, ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարության, վերակառուցման եւ շահագործման, ներառյալ՝ տեխնիկական սպասարկման, ախտորոշման եւ վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պարտականությունը դրված է հայկական կողմի վրա (Հոդված 4): Այս ամենը առնվազն վկայում է կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունների անհամաչափության եւ անհավասարության, ավելի ստույգ՝ պայմանագրի ոչ փոխշահավետության եւս հերթական ապացույցի մասին:  

ՀՀ Սահմանադրության մեկ այլ դրույթի հակասում է Համաձայնագրի հոդված 5-ով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին վերապահված այն իրավունքը եւ ՀՀ-ի այն պարտավորությունը, որով երաշխավորվում է, որ ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սովորական տնտեսական գործունեության մեջ օգտագործվող տեղեկությունները չեն կազմում Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիք»: Ակնհայտորեն դրա մեջ են մտնում գազի ստորգետնյա պահեստարանների, գազափոխադրման ու բաշխման համակարգերին, անգամ սպառողներին վերաբերող տեղեկությունները: Ստացվում է, որ ՀՀ-ի համար անվտանգության նշանակության տվյալները չեն կարող գաղտնիք համարվել ռուսական ընկերությունների համար, մինչդեռ «ՀայՌուսգազարդի» Տնօրենների Խորհրդի նիստերի ժամանակ հրապարակված տեղեկատվությունը գաղտնիք է եւ հայկական կողմի ներկայացուցիչը պետք է պահպանի գաղտնապահության պայմանը, այլապես կզրկվի նաեւ դիտորդի կարգավիճակով ու առանց ձայնի իրավունքի դրանց ներկա գտնվելու իրավունքից:

Այսպիսի բացառիկ, մենաշնորհային, պետության ինքնիշխան իրավունքները կլանող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին Համաձայնագրի 5-րդ հոդվածով տրված է նաեւ «ՀՀ-ում գազատարերի եւ դրանց հետ կապված օբյեկտների, ինչպես նաեւ՝ գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտների շինարարության եւ զարգացման օբյեկտների պատվիրատուի գործառույթներ»: Ոչ մի սահմանափակում առկա չէ, թե ո՞ր երկրի ընկերություններին նա կարող է պատվիրել նման օբյեկտների շինարարությունը...

Հայաստանի Հանրապետության Սամանադրությամբ եւ միջազգային իրավունքով ինքնիշխանությանը ներհատուկ իրավունքներին հակասում է նաեւ Համաձայնագրի 5-րդ հոդվածը, որով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին վերապահվում է «Հայաստանի Հանրապետության սպառողների համար նախատեսված՝ Ռուսաստանի դաշնության տարածքից առաքվող/տրվող գազի ներմուծման բացառիկ իրավունք»: Գազամատակարարման ոլորտում «ՀայՌուսգազարդին» մենաշնորհ տրամադրելու հանգամանքը հակասահմանադրական է ոչ միայն նրանով, որ Համաձայնագրի կողմերը հոդված 1-ով հրաժարվում են այդ ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի բնագավառում ենթարկվել հակամենաշնորհային մարմինների համաձայնություններին, այլեւ ՀՀ Սահմանադրության հոդված 33.1-ի համատեքստում. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»:

Մինչդեռ, Համաձայնագրում որեւէ խոսք չկա այն մասին, որ մենաշնորհի տրամադրումը կատարվում է «հանրության շահերի պաշտպանության համար»: Ճիշտ հակառակը: Այն հակասում է «հանրության շահերին», քանի որ  Հայաստանի Հանրապետությանը զրկում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան գազամատակարարման ոլորտում հանրային շահերի պաշտպանությունց ելնելով այլ պետությունների, միջազգային իրավունքի սուբյեկտների հետ բարիդրացիական, փոխշահավետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու ինքնիշխան իրավունքից (ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդված): Հարկ է նորից հղում կատարել Հելսինկյան եզրափակիչ ակտի այն սկզբունքին, որի համաձայն մասնակից պետություններն ունեն միջազգային իրավունքին եւ այդ ակտի ոգուն համապատասխան «իր հարաբերությունները որոշելու եւ վարելու իրավունքը, ինչպես որ ինքն է ցանկանում»:  Իսկ Համաձայնագիրն ասում է, որ 30 տարի շարունակ Հայաստանի ներկայիս «ցանկությունը» («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին ռուսական գազի մատակարարման բացառիկ իրավունք տրամադրելը») չի կարող փոխվել:

Համաձայնագրի այդ դրույթի ու դրան փոխշաղկապված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին վերապահված իրավունքների ու պայմանագրի կողմ ՀՀ-ին վերապահված պարտավորությունների հակասահմանադրականությունն էլ ավելի խորանում ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածի մեկ այլ պահանջի կապակցությամբ. «Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են»: Համաձայնագրի 5-րդ հոդվածով, ի թիվս ՀՀ-ի վրա դրվող մի շարք ստրկացուցիչ պարտավորությունների, դրված է նաեւ այս մեկը. «Հայկական կողմը երաշխավորում է, որ չի օգտագործի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման հատուկ իրավունքները, որոնք կխախտեն եւ/կամ կոտնահարեն տնտեսական ընկերությունների մասին օրենսդրությանը համապատասխան «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերին տրամադրված իրավունքների ծավալը, ներառյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կառավարման մեջ մասնակցելու հատուկ իրավունքի («ոսկե բաժնետոմսի») գործարկումը»: Ասել է թե՝ ՀՀ կառավարությունը երբեւեի չպետք է իրավունք ունենա վերանայել շուկայում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրված մենաշնորհը, եթե անգամ դա պահանջի «հանրության շահերի պաշտպանությունը», այսինքն, ՀՀ-ը զրկված է նաեւ այս հարցում իր ներքին կարգավորումները կատարելու սահմանադրական եւ ինքնիշխան իրավունքից, ինչպես նաեւ՝ պետք է զերծ մնա «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման մեջ մասնակցելու «ոսկե բաժնետոմսի» իր իրավունքի իրականացումից:

Դրանից զատ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է  նաեւ «լիակատար եւ անվերապահ պաշտպանության» տակ վերցնել ոչ միայն ««Գազպրոմ» ԲԲԸ-ի ներդրումները եւ եկամուտները, այդ ընկերությանը կամ նրան փոխակապակցված անձանց պատկանող ցանկացած գույք», այլեւ պարտավորվում է երբեւէ չդիմել դրանց «ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի կամ այլ միջոցների», եթե երկրի ազգային անվտանգությունն ու հանրության շահը դա պահանջեն: Իսկ այդպիսի միջոցների դիմելու դեպքում սահմանված են փոխհատուցման ու միջազգային արբիտրաժի այնպիսի ընթացակարգեր, որոնց պարագայում Հայաստանն էլ ավելի թանկ կվճարի:

Համաձայնագրի հոդված 6-ով սահմանափակվում է ՀՀ եւս մեկ ինքնիշխան իրավունք՝ համապատասխան վճարի դիմաց իր կարիքների համար պահանջվածից ավելի մեծ խմբաքանակով գազի ծավալի ձեռքբերումը եւ արտահանումը: Այսպես. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ««Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունից (կամ նրա փոխկապակցված անձից) գնվող գազի սպառումը բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում՝ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի երրորդ պայմանի պահպանմամբ», ինչպես նաեւ երաշխավորում է «Հայաստանի Հանրապետության սպառողների համար նախատեսված՝ Ռուսաստանի Դաշնության տարածքից առաքվող/տրվող գազի ներկրման «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բացառիկ իրավունքը» (հոդված 5):

Առաջին պարտավորությունը նշանակում է զրկվել առաքված գազի վերավաճառման իրավունքից, իսկ երկրորդը՝ հավերժ հարգել «ՀայՌուսգազարդի» մենաշնորհային իրավունքները, եթե անգամ ՀՀ ազգային անվտանգության ու հանրային շահերը այլ բան թելադրեն (օրինակ փոխշահավետության սկզբունքով Վրաստանին վերավաճառել գազ, եթե նա էլ բավարարի ՀՀ անվտանգության մեկ այլ կարիք):

Սա ապագայում չափազանց տեսանելի է դարձնում նաեւ Վրաստանի գլխին կուտակվող ամպերը, եթե Կրեմլին հաջողվի նրան շրջափակել «կապիտուլացված» Ուկրաինայի եւ Հայաստանի, միգուցե նաեւ խաղի մեջ մտցված Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով` այդ երկրին զրկելով փոխօգնության որեւէ հնարավորությունից (շաբաթներ առաջ մամուլի ասուլիսում եմ կանխատեսում հայտնել, որ առաջիկայում բավականին մեծ են Կրեմլի հակարեւմտյան/հակաեվրոպական, այդ թվում՝ հակավրացական քաղաքականություններում Հայաստանին ներքաշելու ռիսկերը): Վրաստանի համար նմանատիպ անհրաժեշտություն առաջացավ տարիներ առաջ, երբ նա գազի անհրաժեշտ խմբաքանակը ստացավ Ադրբեջանից:

Վերոնշյալի համատեքստում է նաեւ կարեւոր դառնում Իրանից Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման հարցը եւ հեռանկարը, որի մասին վերջերս խոսեց Հայաստանում ԻԻՀ դեսպանը՝ ՀՀ կառավարությանը բացահայտ առաջարկելով ավելի փոխշահավետ պայմաններով համագործակցություն այդ ոլորտում: Մինչդեռ Համաձայնագիրը փաստացի արգելում է դա, քանի որ Հայաստանում առկա էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ Հայաստան-Իրան գազամուղի հայաստանյան հատվածը պատկանում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, իրեն պատկանող վերջին քսան տոկոս բաժնեմասը այդ ընկերությանը հանձնելուց հետո Հայաստանը ձայնի ոչ մի իրավունք չի ունենա այդ ընկերության Տնօրենների Խորհրդում եւ որեւէ կերպ չի կարող ազդել նրա «գազային քաղաքականության» վրա, այդ թվում՝ չի կարող նրան համոզել/պարտադրել իրեն պատկանող խողովակաշարով Հայաստան ներկրել իրանական գազ: Սա ոչ ինչ է, քան այլ երկրների հետ փոխշահավետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու Հայաստանի ու նրա կառավարության ինքնիշխան իրավունքներից զրկում (ՀՀ Սահմանադրություն, հոդված 9):

Համաձայնագիրը սահմանում է նաեւ Հայաստանի ինքնիշխանության վերը հիշատակված բոլոր իրավունքների սահմանափակման, զավթման ժամկետը. «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթիվի դրությամբ իրավունքները եւ շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետկանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության» (հոդված 7): Հայաստանի ինքնիշխան օրենսդիր, գործադիր քաղականություններ վարելու իրավունքի բացահայտ ոտնահարում է նույն հոդվածի այն դրույթը, թե «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի եւ/կամ չեղյալ հայտարարի եւ/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը եւ/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային եւ արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվային ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների եւ/կամ սահմանափակումների գործարկում)»»:  Ստացվում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը ամեն տարի կարող են Հայաստանի Հանրապետության փոխարեն որոշել նրա կարիքները, ամեն տարի վերանայել Հայաստանի Հանրապետություն առաքվող գազի ծավալները, գինը, ժամկետները եւ այլ պայմաններ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը 30 տարի շարունակ իրավունք չունի վերանայել «համագործակցության» պայմանները, կամ անգամ՝ իր ինքնիշխանության շրջանակներում փոփոխել ներքին կանոնակարգերն ու օրենքները, որոնք կփոխեն «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի իրավունքները եւ շահերը: Ինչպես նշվեց, սա ոչ միայն ՀՀ ինքնիշխան իրավունքների բռնազավթում է, այլեւ Համաձայնագրի ոչ փոխշահավետության (ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդված) եւս մեկ ապացույց:

Համաձայնագիրը նաեւ սահմանում է, որ եթե ՀՀ նորմատիվ ակտերով «անորոշ անձանց համար» սահմանվի շահութահարկի նոր դրույքաչափ, որն ավելի ցած է քան «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համար» 2013թ. հունվարի 1-ից սահմանված 20 տոկոսը, ապա  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը նույնպես կվճարի այդ ցածր շահութահարկը: Իսկ, եթե հակառակը, մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը սահմանվի ավելի բարձր շահութահարկ, կամ «որեւէ նորմատիվ իրավական ակտ կփոփոխի, չեղյալ կհայտարարի կամ որեւէ կերպ կոտնահարի սույն Համաձայնագրով «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը, ապա կկիրառվեն մինչ այդպիսի նորմատիվ ակտի ընդունման պահը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պայմանները»: Այսինքն, եթե երեսուն տարիների ընթացքում երկրում կամ նրանից դուրս ստեղծվեն կենսական նշանակության իրավիճակներ ու հանգամանքներ, որոնք կհարկադրեն ՀՀ նախագահներին, Ազգային ժողովներին եւ Կառավարություններին վերանայել գործադիր, օրենսդիր քաղաքականությունները, ընդունելու իրավիճակին համահունչ նոր օրենքներ եւ որոշումներ, ապա դրանք չեն գործի հիշյալ երկու ընկերությունների համար: Դրա փոխարեն այդ երկուսի վրա կտարածվեն մինչ այդ վերանայումներն ու փոփոխությունները գործած օրենսդրական պայմանները, անկախ նրանից, թե ինչ է գրված նոր կարգավորումներում: Զորօրինակ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ը կշարունակի վճարել 20 տոկոս շահութահարկ, եթե այդ հարկատեսակի դրույթաչափը բարձրացվի այլոց համար, մինչդեռ պատրաստ է վճարել ավելի ցածր, եթե դրույքաչափը իջեցվի: Կամ նա շարունակելու է գործել նույն իրավունքներով ու պայմաններում, ինչ մինչեւ վերանայումն էր առկա, եթե անգամ դա չցանկանա ՀՀ կառավարությունը:

Համաձայնագրում չի ասվում, որ եթե խաղի կանոնները հետագայում փոխվեն, որոնք կազդեն երկու ընկերությունների, նրանց իրավահաջորդների իրավունքների եւ շահերի վրա, ապա ռուսական կողմը կդիմի վեճի կարգավորման արբիտրաժային դատարան: Համաձայնագիրը ասում է, որ «Գազմպրոմը» եւ «ՀայՌռուսգազարդը» կգործեն իրենց շահեկան կարգավորումների դաշտում: Իսկ եթե երկրի ներքին նոր կարգավորումներին չենթարկվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը ձեռանարկի միջոցներ, ինչպիսիք են «ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի կամ այլ միջոցները, որոնք իրենց հետեւանքներով հավասարազոր են բռնագրավմանը, ազգայնացմանը կամ ռեկվիզիցիային (ավելի ստույգ՝ այդպիսին կգնահատվեն ռուսական կողմից), ապա դրա համար Հայաստանը պատասխան կտա միջազգային դատարանում, այդ թվում «համարժեք փոխհատուցմամբ»:

Համաձայնագրի սույն դրույթները մյուսների հետ համակցված կարող են «Գազպրոմ» ԲԲԸ-ին եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում բնութագրել մեկ ձեւակերպմամբ՝ ժամանակից եւ վերահսկողությունից դուրս, օրենքից եւ Սահմանադրությունից վերեւ, պետության  ու ինքնիշխանության իրավունքներով:

Այսպիսով ամփոփենք. Հայաստանի Հանրապետության նախագահի «բարձր հովանու ներքո» Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունները հակասում են միջազգային իրավունքով, պայմանագրերով պետություններին, դրանցով ու ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությանը վերապահված ինքնիշխանությանը ներհատուկ ներքին ու արտաքին իրավունքներին, մասնավորապես՝ երկրի ներսում ինքնիշխան կերպով օրենսդիր, գործադիր քաղաքականություններ իրականացնելու, ներքին կարգավորումներ եւ օրենքներ սահմանելու իրավունքներին, այլ պետությունների հետ ինքնիշխան կերպով, փոխշահավետության սկզբունքի հիման վրա արտաքին ու պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքին, ուզուրպացնում են ժողովրդի կողմից հանրաքվեով, ազատ ընտրություններով, ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով պաշտոնատար անձանց վերապահած եւ ժողովրդին պատկանող իշխանությունը,  այն վերապահում են սահմանադրորեն չնախատեսված ոչ պետական մարմինների՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ին ու «ՀայՌուսգազարդ» ՓԲ-ին, այդպիսով վտանգում են Հայաստանի ինքնիշխանության ներքին ու արտաքին իրավունքները 30 տարով, իսկ համաձայնագրերով սահմանված միջպետական հարաբերությունները ամենեւին փոխշահավետ չեն Հայաստանի Հանրապետության համար:  Մինչդեռ ՍԴ կարծիքով այս ամենը «միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան է եւ հետապնդում է բարիդրացիության, փոխշահավետության նպատակներ»...

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված մյուս երկու համաձայնագրերը, որոնք նույնպես վերաբերում են էներգետիկ ոլորտում «համագործակցությանը», մասնավորապես բնական գազի, նավթամթերքների եւ այլ ոլորտներին, էստ էության այս մի Համաձայնագրի հավելվածն են: Հենց այս մեկով են 30 տարվա կտրվածքով սահմանվում խաղի ստրկական, ոչ փոխշահավետ, նվաստացուցիչ ու ինքնիշխանությունը կլանող կանոններ Հայաստանի Հանրապետության համար: Հետեւապես, դրանց վավերացումը ենթակա է մերժման նույն իրավական պատճառաբանություններով ու հիմնավորումներով:

Արդ, բոցաշունչ քաղաքական ճառերը, իշխանություն-ընդդիմություն փոխադարձ խայթոցներն ու վիրավորանքները այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն, եւ պետք է կոնկրետ արդյունք՝ պայմանագրերի չվավերացում.

  1. երեք պայմանագրերն էլ միանշանակ չեն կարող վավերացվել իրենց հակասահմանադրական բովանդակության պատճառով,
  2. ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր պատգամավորները պարտավոր են քվեարկությունից առաջ բարձրացնել պայմանագրերի սահմանադրականության հարցը, պահանջել, որ դրանք դուրս բերվեն ԱԺ օրկարագից եւ ընդմիջումներ վերցնել՝ ժամանակ տալով ՀՀ ղեկավարությանը դա անելու համար,
  3. ՀՀ նախագահը պարտավոր է ետ կանչել երեք պայմանագրերը Ազգային ժողովից,
  4. ԱԺ նախագահը չպետք է պայմանագրերի վավերացումը դնի քվեարկության, եթե անգամ ՀՀ նախագահը դրանք ետ չկանչի,
  5. ԱԺ ոչ մի պատգամավոր իրավունք չունի քվեարկելու հակասահմանադրական պայմանագրերին «կողմ», ըստ այդմ՝ ՀՀ սահմանադրությանը «դեմ»,
  6. Ընդդիմությունը պարտավոր է ամեն գնով թույլ չտալ քվեարկության կազմակերպումը,
  7. Հասարակությունը պարտավոր է իր ձայն ասել ԱԺ դարպասների դեմ:

Այլապես շատ ուշ եւ դժվար է լինելու: Իսկ թե որոնք կարող են լինել հաջորդ քայլերը, այդ մասին հաջորդիվ: 

Հետգրության փոխարեն

Որեւէ իրավական պետության մեջ մեծագույն զավեշտ եւ սկանդալ կլիներ, եթե միջազգային պայմանագրերի օրենսդիր վավերացման նպատակով կառավարությունը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացներ այն ժամանակ, երբ, կարծեք թե, նրա համար պետք է որ պարզ չլինեին ՍԴ համապատասխան որոշումների բովանդակությունը կամ հընթացս ՍԴ-ում դրանց քննության: ՀՀ նախագահը այդ երեք պայմանագրերի սահմանադրականության ստուգման հարցով ՍԴ է դիմել դեկտեմբերի 12-ին, իսկ ՍԴ-ն էլ իր պաշտոնական կայքում դեկտեմբերի 16-ին է նիստերի ժամանակացույց տեղադրել՝ հայտարարելով, որ դեկտեմբերի 19-ը նշանակված է միջազգային պայմանագրերի քննության հրապարակային դատական նիստ: Հաշվի առնելով այն փաստը, որ կառավարության նիստը սկսվել է նոյեմբերի 19-ին ժամը 11:00-ին, ստացվում է, որ ՍԴ-ը այդ օրը հրապարակային նիստում, բանավոր ընթացակարգով «հասցրել» է քննել երեք հակասահմանադրական պայմանագրերը, առանձին-առանձին լսել է յուրաքանչյուր պայմանագրով զեկուցող նշանակված դատավորներին, անցել խորհրդակցական սենյակ, ապա «երեք որոշում հրապարակել»:

Այսինքն, Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումն ընդունելիս կա’մ վստահ է եղել, որ պայմանագրերը «հաստատապես կհամապատասխանեն» ՀՀ Սահմանադրությանը, կա’մ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը առավոտ կանուխ վազել է Սահմանադրական դատարան, որտեղ արագ ներկայացրել է պայմանագրերը, հնչել են դատավորների զեկուցումները եւ հրապարակվել են երեք որոշումներն այնպես, որ նախարարը ժամը 11:00-ին հասնի կառավարության նիստին ու ավետիս տանի այն մասին, որ ՍԴ օքեյից հետո դրանք կարող են «վավերացվել» նաեւ ԱԺ-ում: Ահա թե ինչպես է Հայաստանում իրականացվում սահմանադրական արդարադատությունը եւ ինչպես են գործում իշխանության մարմինները՝ անգամ թքած ունենալով, որ «արագացված» արդարադատության առարկան Հայաստանի ինինքիշխանությունն է:  Տիգրան Սարգսյանը եւ Գագիկ Հարությունյանը համաձայնել են, որ կառավարությունը, ՍԴ-ը վեր ածվեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության: Մնում է ԱԺ-ի վերջնական դեմքը տեսնենք քվեարկության կամ չքվեարկության արդյունքում...

Մեկնաբանություններ (1)

Gevorg
Այսքան զիջումների դիմաց ի՞նչ ենք ստանալու: Միայն այն որ առաջիկա 5 տարում (քանի դեռ Սերժն է նախագահ) առանց այդ էլ թանկ գազի գինը չի բարձրանալու, իսկ երկիրը ծախում են 30 տարով: Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter