HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավագանու անդամներն իրենց կանանց համայնքի հաշվին լավություն են արել

Այս տարվա հոկտեմբերի 11-ին Ֆերիկ համայնքի ավագանին համայնքի հինգ բնակիչների, որոնք ներկայացվել են որպես անապահով, որոշել է հատկացնել 90.000-ական դրամ ֆինանսական օգնություն: Նշենք, որ ավագանին այս տարվա ընթացքում առաջին անգամ է համայնքային բյուջեից օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել: Ի դեպ` օգնություն ստացող հինգ անձինք էլ կանայք են:

«Հետքը» պարզեց, որ Ֆերիկի ավագանու անդամներ Շամալ Հսոյանը, Մամե Մամոյանը, Մերալի Մրադյանը, Օնիկ Շամոյանը եւ Թոռուն Քյալաշյանը ֆինանսական օգնություն հատկացրել են հենց իրենց կանանց:

Նորիկ Հայրապետյանը հաստատեց, որ օգնություն ստացողները եղել են ավագանու անդամների կանայք, սակայն նշեց, որ այդ օգնությունից նրանց բաժին է հասել ընդամենը 10.000-ական դրամ, որը «ծախսել են իրենց կարիքների համար», իսկ 80.000-ները նրանց ձեռքից վերցրել են եւ այդ գումարով գյուղի դպրոցահասակ երեխաների համար հագուստ են գնել:

Ֆերիկի համայնքապետ Ն. Հայրապետյանն ասաց, որ համայնքի բյուջեով դպրոցահասակ երեխաների համար Ամանորի նախաշեմին որոշել են նվեր անել` դպրոցական համազգեստի տեսքով: Նրա խոսքով`համազգեստի համար 400.000 դրամ է հատկացվել: Հագուստներն արդեն դպրոցում են եւ առաջիկա օրերին կբաժանվեն աշակերտներին: Սակայն, չգիտես ինչու, ավագանին բավականին խորհրդավոր ձեւով է որոշել համայնքային բյուջեից գումար հատկացնել երեխաների հագուստների համար:

«Ասացի՝ թող երեխաներն իրենց լավ զգան, բայց վաղը մյուս օրը դրա վրա էլ է խոսակցություն լինելու, մեկը ասելու է եղավ, մյուսը՝ երեխուս հագով չեղավ այդ հագուստը եւ այլն»,- նշում է համայնքապետը:

Հարցին, թե ավագանին ինչու հենց հագուստ ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու որոշում չի կայացրել, այլ իրենց կանանց անունով օգնություն է ձեւակերպել, համայնքապետը պատասխանեց, թե խնդիրը գումարի դուրս գրման մեջ է: «Կա'մ պետք է փոխանցում արվեր, կա'մ էլ առձեռն տայինք: Փոխանցման համար համապատասխան հաշիվ չտրամադրեցին, մենք էլ որոշեցինք կանխիկով ավագանու որոշմամբ գումարը վերցնել ու տալ իրենց: Ինչ վերաբերում է օգնություններ տալուն, ասեմ, թե ինչու չենք հատկացրել: Եթե որեւէ մեկին 1000 դրամի օգնություն տամ, հաջորդ օրը ամբողջ գյուղը դիմումները ձեռքներին կգան այստեղ օգնություն խնդրելու»,- ասաց Ն. Հայրապետյանը:

Համայնքապետն արդարանում է, որ այլ գյուղացիների չէին կարող գումար տալ ու հետ վերցնել, այդ իսկ պատճառով սոցիալական օգնությունը ձեւակերպվել է ավագանու անդամների կանանց անունով:

Նշենք, որ 1-2 ամիս առաջ մարզի մի քանի համայնքներում ինչ-որ կազմակերպություն անվճար համազգեստ է հատկացրել դպրոցահասակներին: Թե ինչպես է ստացվել, որ մարզի կարիքավոր գյուղերից մեկը` Ֆերիկը, դուրս է մնացել այդ ծրագրից, եւ համայնքապետը «ստիպված» համայնքային բյուջեից հատկացված գումարներով է համազգեստի հարցը լուծել, անհասկանալի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter