Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ելենայի խնդրանքը. «Գոնե տարեմուտը տոնենք տաք բնակարանում»




Սպիտակի Գոգարան գյուղի բնակիչ Ալվինա Ալեքսանյանի միակ երեխան` 12-ամյա Ելենան, 88-ի երկրաշարժի ժամանակ դպրոցի փլատակների տակ է մնացել: Երեխային ամուսնուն եւ հարեւաններին հաջողվել է հանել դեկտեմբերի 10-ին: Ալվինայի կորստի ցավն անցած 25 տարիներին չի մեղմացել: «Երեխայիս հուղարկավորելուց հետո, երբ ես եւ ամուսինս` Սարգիսը, վերադարձանք տուն, հարեւանի տղաները մեզ մխիթարելու համար ասացին, որ իրենք կդառնան մեր տղաները»,- պատմում է նա: 1990 թվականին ծնվում է Ալվինայի երկրորդ դուստրը, որին, ի հիշատակ երկրաշարժին նահատակված դստեր,կրկին անվանում է Ելենա:

Ալվինան, սակայն, անմասն չի մնում երկրաշարժի տառապանքներից. 1998թ-ին հիվանդանում է ինսուլտով, իսկ 2002-ին մահանում է նրա ամուսինը`Սարգիսը: Տան կարիքները հոգալու եւ հիվանդ մորը խնամելու հոգսը փոխանցվում է 12-ամյա Ելենային: «Այդ տարիքում մեկը պետք է լիներ ինձ խնամեր, օգներ դասերս պատրաստել: Այդ մեկը մայրս պետք է լիներ, նա էլ հիվանդացավ»,- ասում է Ելենան, ով 6-րդ դասարանից թողնում է ուսումը՝ հիվանդ մորը խնամելու համար:  

Գոգարանի համայնքապետարանից դեկտեմբերի 23-ին մեզ հայտնեցին, որ  Ելենան կարողանում է դիմել այստեղ-այնտեղ` իր եւ մոր կարիքները հոգալու համար: «Նրան հաջողվել է վերանորոգել տալ իրենց բնակարանը»,- ասաց համայնքապետարանի աշխատակցուհին: Համայնքապետ Արթուր Գալոյանն էլ ասաց, որ Լոռու մարզպետի գրավոր հանձնարարությամբ  երեք ամիս առաջ լույսի վարձի պարտքերը մարելու համար համայնքի բյուջեի սոցիալական օգնության գումարներից 20 հազար դրամ է տվել Ելենային: Վերջինիս լույսի պարտքը կազմում է 51 հազար դրամ: Վերանորոգված երեք սենյականոց բնակարանի երկու սենյակները դատարկ էին: Դռան մուտքից աչքի էր զարնում, որ երիտասարդ տանտիրուհին կոկիկ է եւ մաքուր: Սակայն  ներսի անսովոր ցուրտն անհրապույր էր դարձնում բնակարանը:

«Մեր բնակարանը շատ վթարային էր: Տան պատերը լրիվ քանդված էին: Մինչեւ վերանորոգումը լուսամուտները չէին փակվում: Կարծես տունը քարանձավ լիներ»,- ասաց Ելենան: Ելենան պատմում է, որ ամեն ինչ արել է հիվանդ մորը պատշաճ խնամելու համար: Նա 17 տարեկանում Վանաձորում ամուսնացել է՝ իր հոգսը տղամարդու հետ կիսելու համար: «Մի օր, երբ եկա Գոգարան՝ մորս տեսնելու, հարեւաններն ինձ հայտնեցին, որ ամուսինս թոշակի օրերին գալիս է գյուղ եւ մորիցս խլում է նրա թոշակը: Դրանից հետո մայրս հարեւաններից է ուտելիք ուզում: Հղի վիճակում ես բաժանվեցի եւ եկա մորս հետ ապրելու: Այստեղ էլ ցրտից երեխաս մահացավ»,- պատմեց Ելենան:

Այժմ մայր ու աղջիկ ապրում են Ալվինայի 29 հազար դրամ թոշակով եւ 16 հազար դրամ նպաստով: «Այս տարի վեց ամսվա նպաստը չեն տվել»,- ասաց Ելենան: Գոգարանի համայնքապետ Արթուր Գալոյանը Ելենային եւ նրա մորը համարեց սոցիալապես ապահովված: «Համ թոշակ են ստանում, համ նպաստ»,- ասաց նա: «Դա հազիվ  մորս դեղերին է հերիքում»,- բացատրեց  Ելենան: Վերջինս ասաց, որ օրվա հացի կարոտ են եղել եւ համայնքապետից  ստացած  20 հազար դրամն օգտագործել է մորը կերակրելու համար: «Չէ՞ որ մենք էլ ենք էս երկրի մարդ, մենք էլ ենք ապրել եւ ուտել ուզում»,- ասաց նա:

Ելենան Գոգարանում աշխատանք չի կարողանում գտնել, իսկ Գոգարանից 35 կմ հեռավորության վրա գտնվող Վանաձորում աշխատելու համար պետք է ամբողջ օրն անխնամ թողնի մորը: Նա ամռանը  ունեւոր հարեւանների համար տնային գործեր է անում: «Ես սիրում եմ աշխատել, ստեղծել, ունենալ, ես աշխատանքից փախչող մարդ չեմ»,- ասում է նա:  Ալվինայի  տունը գտնվում է Գոգարանի  ծայրամասում: «Գազի ներքին ցանցը հասցրել են մեր հարեւանի տան մոտ, չգիտեմ ինչու չեն հասցրել մեր տան մոտ: Դիմել եմ իրեն, նույնիսկ  դեմքիս չնայելով, ասաց, թե տեղյակ չէ ով է այդպես արել»,- համայնքապետից  դժգոհեց  Ելենան:  

Արդեն 6 ամիս է՝ Ալվինայի եւ Ելենայի բնակարանը հոսանքազրկված է:  Ելենան սկզբում ուտելիքը պատրաստել է հարեւանի սալօջախին, հետո հարեւաններից մեկը նրանց գազի փոքրիկ բալոն է տվել: 23-ամյա Ելենան ասաց, որ պակասությունից եւ երբեմն իր առջեւ ծառացած անլուծելի խնդիրների պատճառով արդեն նյարդային հիվանդություն ունի: Մայր ու աղջիկ դժգոհեցին, որ  հատկապես երեկոյան ժամերին ցրտից բնակարանում մնալ չի լինում: Ալվինայի հաշմանդամ ոտքը ցրտից ավելի է անզգայանում: Ալվինան եւ Ելենան ասում են, որ իրենք իրավունք ունեն տարեմուտի տոներն  անցկացնել գոնե տաք բնակարանում:

Ելենան ասում է, որ թեեւ ավերիչ երկրաշարժից անցել է 25 տարի, բայց ավերված Գոգարանի բնակիչներից շատերը շարունակում են մնալ աղքատության ճիրաններում եւ օգնության կարիք ունեն: Մինչդեռ համայնքապետ Արթուր Գալոյանը սվիններով ընդունեց երկրաշարժից տուժած Գոգարանի աղքատության վերացման, համայնքի բյուջեի եւ բյուջեի սոցալիական օգնությունների տողով նախատեսված գումարների մասին մեր հարցերը: Այդ հարցին կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածում:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Loussine18:56 - 24 դեկտեմբերի, 2013
Inchpes kareli e kapnvel Yelenaji het? Khndrum em indz nra kontaktnery tal, tsankanum em ognel.
2. Լարիսա Փարեմուզյան21:08 - 24 դեկտեմբերի, 2013
Ելենայի հեռախոսահամարն է` 098 4890 05
3. Շուշան20:55 - 25 դեկտեմբերի, 2013
ինչ հետաքրքիր ու տարօրինակ պատմություն էր.......... մի տարօրինակ բան հաստատ կար,որ անգամ լրագրողին չեն ասել........ տունը շատ-շատ լավն էր աղքատ լինելու համար, իրենք բավականին լավ տեսք ունեին, 46 հազար դրամ եկամուտ ունեն, անընդհատ Ելենան բարերարների է դիմում........... միշտ էս տեսակ պատմություններից շատ էի ազդվում, բայց էսդ մեկն ընդհանրապես ինձ չհուզեց, ինչ-որ կեղծ բան կար....... հա, ի դեպ, ընկերական կարգով՝ Լոռիում 2 գյուղ կա՝ համ Գոգարան, համ Գոգավան, իսկ նյութում մեկ էն անունն էր, մեկ մյուսը.... :)
4. Լարիսա Փարեմուզյան00:51 - 26 դեկտեմբերի, 2013
Շուշան, Ալվինա Ալեքսանյանի 12-ամյա դուստրը Գոգարանի դպրոցի այն 63 երեխաներից մեկն է, ով 88-ի երկրաշարժին մնացել է գյուղի քանդված դպրոցի փլատակների տակ և մահացել: Կա ?մեկը , ով բարեգործաբար վերանորոգված 3 սենյականոց բնակարանի ընդամենը մեկ սենյակում տեղավորված մեկ սովորական բազմոցը, մեկ պահարանը, և երկու հնամաշ մահճակալը կփոխարինի այն զգացումով , որ Ալվինան ապրել է իր մինուճար երեխային փլատակների տակից հանելիս տեսնելիս, այդ թվում նաև երեխայի կորստյան ցավն ապրելիս: Այդքան մի էժանացեք հա: Էլ ուրիշ ինչ տեսքով կցանկանայիք տեսնել ինսուլտով հիվանդ հաշմանդամ, անկողնային դժբախտ կնոջը: Նկատում եմ , Ձեր աչքին շքեղություն է երևացել Ելենայի հագի ձմեռային հագուստը: Այն արհեստական մորթիով , էժանագին հագուստ է: Ելենան ուրիշների համար տնային գործեր է անում: Գուցե նրանցից մեկն էլ այն նվիրել աղջկա: Դաժան մի եղեք: Ուղղակի Ելենան շատ մաքուր և կոկին մարդ էր: : Աղքատության իմ Ձեր ընկալումները տարբեր են: Եթե այս կանանց վիճակը Ձեզ չի հուզել, պրոբլեմները որոնեք Ձեզ մոտ: Ինչ վերաբերում է, Գոգարանի փոխարեն Գոգավան գրելուն , ներողություն եմ խնդրում, ուղղակի վրիպում է կատարվել: Անհապաղ կշտկենք:
5. Marine Asatryan20:26 - 30 դեկտեմբերի, 2013
Yelenayi ev Alvinayi nman shat u shat entaniqner kan, voroncov cavoq, mer karavarutyun@ chi zbaxvum. Astvac bolorin ognakan
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ