HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոգան. մանկատան «բնակիչը»

Գոգան` Գոհար Մանուկյանը, ապրում է Խարբերդի մասնագիտացված մանկատանը, որտեղ շատերը նրան Գոգա են դիմում: Իր ասելով` ծնվել է 1979 թ. մարտի 23-ին: Գոհարին մանկատանը թողել են ծննդից ի վեր: Մայրը անչափահաս տարիքում հղիացել էր: Երեխան դեռ չծնված՝ գոտիով փորձել էր սեղմել փորը, դեղեր էր խմել, որպեսզի ազատվեր նրանից: Երեխան ծնվել է` կրելով դրա հետևանքները` բնածին գաճաճությամբ, ներքին օրգանների խնդիրներով, աչքերի ակնաբյուրեղների բնածին բացակայությամբ, մի ոտքը մյուսից 9 սմ կարճությամբ: Մինչ օրս Գոհարի որևէ հարազատ նրան տեսակցության չի գնացել: Այս մասին ասաց մանկատան տնօրենը` Հարություն Բալասանյանը` հետաքրքրվելով. «Գոհարի պատմությունը շատ տխուր է, ինչո՞ւ եք ուզում գրել այդ մասին»:

Սովորական պատմություն ոչ սովորական աղջկա մասին

Գոհարին հանդիպել էի ամիսներ առաջ, երբ ծանոթներիցս մեկը մանկատանն օգնելու նպատակով այնտեղ էր գնացել: Գոհարը միանգամից ուշադրությունս գրավեց: Նա կանգնել էր մանկատան դարպասների մոտ, ու, կարծես, ինչ-որ մեկին էր սպասում: Տխուր էր: Աշխատակիցներից մեկը, նայելով Գոհարին, գլուխը տմբտմբացնելով, ասաց. «Վայ, Գոհար: Էլի սպասում է»: Քիչ անց մեզ միացավ Գոհարը, բարևեց: Նա նկատելիորեն կաղում էր, երբեմն վայր ընկնում` թույլ տեսողության հետևանքով, իսկ աշխատակիցները նրան խնդրում էին սպասել իրենց: Ջրավազանի դիմաց նստած սկսեցինք զրուցել: Չգիտեմ էլ որ կետից սկսեցինք խոսել, բայց Գոհարի մեջ կար մի բան, որն այսօր պակասում է մեր մարդկային աշխարհում` պարզությունը: Գոհարն ասում է այն, ինչ մտածում է` անկախ այն հանգամանքից, թե դա ծիծաղելու է, տխրելու է, լացելու է…

«Մարտի 23-ին ծնունդս էր, մենակ տեսնեիր` մազերս ֆենել էին, եղունգներս ներկել էին: Ես էնքան էի սիրունացել, գիտե՞ս ինչի….»,- ասաց նա ու մի պահ լռեց` ձեռքերը գրպանում դնելով, երեսը շրջելով դեպի մանկատան շենք: Ես նույնպես լռեցի: Ներսումս խեղդող զգացողություն էր` անսովոր: Հետո նա կոպերի անկանոն թրթռոցով դարձավ դեպի ինձ. «Որովհետև… Որովհետև ես սպասում էի, որ իմ ծննդին իմ մաման ու պապան կգային, գոնե կհիշեին, որ ես կամ, բայց չեկան, էլի չեկան: Ես էնքան էի սպասում, որ գոնե էս ծնունդիս կգան: Էլ ինչի՞ս էր պետք էդ տորթը… Ու վաաբշե պիտի չֆենեի էլ մազերս, մեկ ա` իրանք ինձ չեն սիրում»:

Խաղողի վազի ստվերն ընկել էր Գոգայի դեմքին, նա արագ հանեց մազակալը ու, մազերը առջևի մասում փունջ սարքելով, նորից հավաքեց: «Լսի, ես էնքան եմ սիրում ավտոներ, արի ինձ ավտոների մոտ նկարի, էլի»,- հանկարծակի աշխուժությամբ ժպտաց Գոգան: Նկարներն անելուց հետո ճշտեց, թե երբ պիտի ստանա դրանք, հետո ասաց. «Թանք յու, թանք յու վերի, վերի մաչ»: Ծիծաղեցինք: Նրա ճակատին ինչ-որ կնճիռներ հավաքվեցին, նայեց մեզ եկած մի տիկնոջ աչքերին ու ասաց. «Ուզում եմ ոտանավոր ասեմ: Էս ոտանավորը սովորել եմ, որ մամաս գա, ասեմ»: Շիրազից էին տողերը. «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ է նա, մեծ է ու անգին»: Մեզ հետ մանկատուն եկած տիկինը սկսեց լացել, իսկ Գոգան շարունակում էր արտասանել: Կինը խեղդվել էր արցունքների մեջ. «Անոր նայե, մորը երբեք չտեսած, բայց մոր մասին կարտասանե: Ախ, Աստված»:

Դրանից շաբաթներ անց ես ու Գոգան ընկերացանք: Երբեմն գնում էի մանկատուն` նրան տեսնելու համար: Տաք օրերին Գոգային կարելի էր գտնել դարպասների մոտ: Մեր զրույցներն սկսում և ավարտվում էին «էլի չեկանով»:

«Տխուր Նոր տարի ա»

Նոր տարուց առաջ որոշեցի տեսնել Գոգային: Այս անգամ նրան չգտա դարպասների մոտ: Պահակին խնդրեցի կանչել նրան: Զանգեց, մի քանի րոպե անց մանկատան դուռ բացվեց: Կապույտ բաճկոնով, իր մշտական սանրվածքով` Գոգան էր: Աշխատակիցներից մեկն անմիջապես դուրս եկավ նրա հետևից. «Զգույշ, սառած ա, կընկնես»: Արագ բարձրացա: «Գո՞գ, ոնց ես»: Զարմանալի էր, նա գրեթե միշտ ուրախանում էր: Ճակատին ինչ-որ վերք կար: Ասաց, որ ընկել է: Վատ տեսողության պատճառով նա հաճախ է ընկնում:

Գոհարի հետ մի քիչ խոսելուց հետո որոշ հարցերի պատասխաներ ստացա տնօրենից: Նրա խոսքով` իրենք Գոհարին ասել են, որ չեն կարողանում գտնել իր ծնողներին: «Գոհարն արտակարգ հիշողություն ունի: Նա բոլոր աշխատողներին անուն-ազգանուն-հայրանունով գիտի, գիտի` ով քանի երեխա ունի, ինչ խնդիրներ ունի: Եթե խնդրեմ, բոլորի մասին կպատմի ամեն ինչ: Գիտի բոլոր երեխաներին, գիտի, թե ով ինչ դեղ է ստանում, ով երբ է ստանում դեղը»,- նշեց մանկատան տնօրենը: Վերջինիս սենյակի հարևանությամբ Գոհարը սպասում էր:

Մանկատան երկրորդ հարկում առաջին անգամ Գոհարը սկսեց պատմել իր պատմությունը. «Ես Գյումրիից եմ եկել էս մանկատուն: Չգիտեմ` էդ վախտ քանի տարեկան էի: Չեմ հաշվել… Չեմ հիշում: Ես խոսացող չեմ եղել, որ ինձ թողել են մանկատանը: Հիմա մտածում եմ` գոնե ծնողս գա, տանի ինձ մանկատնից: Անցած տարի մտածում էի` հաստատ ծնունդիս օրը կգան, կտանեն ինձ էստեղից, գնացի, դարպասների մոտ սպասեցի, ասեցի` մարդ ես, կհիշեն, կգան, բայց էլի չեկան: Ես կուզեի, որ էս Նոր տարին ընտանիքիս հետ անցկացնեի»,- ասաց նա` ուղիղ նայելով աչքերիս: «Լավ կլինի»,- շփոթված արձագանքեցի: «Լավ չի լինի: Լավ կլինի, որ ես տանը լինեմ... Մամայիս անունը գիտեմ` Քնար ա, պապայիսը` Մհեր, պապիկներիսը` Սերոժ ու Խաչիկ: Թղթերում սաղ գրված ա, բայց մենակ հեռախոսահամարը չկա, որ զանգեմ գան: Երևի սպասում են, որ ես մեռնեմ, նոր գան իմ հետևից»,- պատասխանեց Գոհարը:

Միջանցքներում եռուզեռ էր, առաջին հարկում տոնածառն էին զարդարում: Գոգան այս ամենին, կարծես, անհաղորդ էր: Միասին իջանք տոնածառի մոտ: «Խաղալիք չե՞ս ուզում կախել»: «Չէ»,- նեղացած պատասխանեց Գոգան, հետո վերցրեց խաղալիքն ու մոտեցավ տոնածառին: Երբ արդեն հրաժեշտ էի տալիս նրան, ասաց. «Էս Նոր տարուն շատ կուզեի մի հատ տաք կուրտկա, մի հատ տաք ժիլետ, բայց բրդից չլինի, որ չծակի, համ էլ գրպաններ ունենա, որ հեռախոսս դնեմ մեջը, հա, մեկ էլ Շուֆուտինսկու հին դիսկն եմ ուզում»: Ժպտացի ու այնքան էի վախենում, որ գնալուցս առաջ նա ինձ նույն հարցը կտար` «Կգա՞ն»: Փոխարենը նրա աչքերում կուտակվել էր անսահման տխրություն, որն ամփոփում էր իր մեջ բոլոր հարցերը…

Մեկնաբանություններ (1)

нелли
Прочла статью, слезы стоят перед глазами!!!Не знаю с чего начать поиски, но мне кажется, что в этом детском доме должен был воспитываться мой брат, Габриелян Давид, ориентировочно 1964-65 г р , в семье говорилось, что он умер в пятилетнем возрасте, но есть основания полагать, что его отдали в детский дом, жили на тот момент в городе Арарат. Помогите мне, очень вас прошу!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter