HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության «գերիները»

Գերեվարված բոնոբոյի ճակատագիրը բնապահպանության նախարարին չի՞ հուզում

«Հետքը» հոդված էր հրապարակել միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված կենդանիների` Հայաստան ներկրման և առք ու վաճառքի մասին: Հրապարակել էինք կոնկրետ փաստեր և լուսանկարներ, որ աֆրիկյան ծագում ունեցող բոնոբո (pan paniscus) տեսակի կապիկը ցուցադրված է «Ջամբո» ակումբում: Մինչդեռ բոնոբոյի արտահանումը ծագման երկրից` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից արգելված է: Չնայած արտահանող Արթուր Խաչատրյանը պնդում է, որ կապիկը բուծված է Գվինեայում և այնտեղից էլ ներկրել է, աֆրիկացի մեր գործընկերների միջոցով պարզել ենք, որ Գվինեայում այդպիսի բուծարան գոյություն չունի: Եվ Գվինեայից կեղծ փաստաթղթերով կենդանիների արտահանման բազմաթիվ դեպքեր արդեն իսկ բացահայտվել են: 

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) համակարգողը ՀՀ բնապահպանության նախարարությունն է, ի դեմս Կենսառեսուրսների կառավարման գործակալության:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին գրավոր հարցում ուղարկեցինք, որպեսզի ճշտենք, թե տեղյակ է արդյոք ՀՀ բնապահպահպանության նախարարությունը, թե`

  • ինչպե՞ս է Հայաստանում հայտնվել Միջազգային կարմիր գրքում գրանցված pan paniscus տեսակը,
  • ի՞նչ նպատակներով է այն օգտագործվում «Ջամբո» էկզոտիկ այգում,
  • քանի՞ տարեկան է կենդանին,
  •  այգու սեփականատերն ունի՞ կենդանին ցուցադրելու օրինական փաստաթուղթ, ներկրման, առք ու վաճառքի կամ վարձակալության մասին վկայող այլ փաստաթղթեր:

Խնդրել էինք տրամադրել բոնոբոյի ներկրման CITES թույլտվության պատճենը:

Նույն` «Ջամբո» այգում ցուցադրված են նաև 4 շիմպանզեներ, որոնք նույնպես վտանգված տեսակ են համարվում: Խնդրել էինք հայտնել, թե ե՞րբ են այդ շիմպանզեները ներկրվել Հայաստան, որ երկրից և CITES թույլտվության որ տեսակով են ներմուծվել ՀՀ: Այգու սեփականատերն ունի՞ շիմպանզեները ցուցադրելու օրինական փաստաթուղթ` ներկրման կամ առք ու վաճառքի մասին վկայող:

Նախարարին ուղարկել էինք նաև հոդվածի հղումը` մեր հրապարակած փաստերին ծանոթանալու համար: 

Ի  պատասխան մեր գրությանը, ստացել ենք հետևյալ պատասխանը. «..Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն կապիկներ ներմուծելու վերաբերյալ հայտ չի ներկայացվել և ներմուծման թույտվություն չի տրվել: Չի ներկայացվել նաև դիմում` գրության մեջ նշվող Pan paniscus և 4 այլ շիմպանզե տեսակի կապիկներ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վարվող ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառելու նպատակով, հետևաբար, նախարարությունը չի  կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել»:  

Նախարարությունը, ստանձնելով կոնվենցիայի համակարգողի գործառույթը, պետք է նաև քաջածանոթ լինի կոնվենցիայի պահանջներին, մասնավորապես, հոդված VIII-ին.

Կողմերի կողմից ձեռնարկվելի միջոցները

1. Կողմերը պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման և դրանց խախտման դեպքում նմուշների առևտուրն արգելելու համար: Այս միջոցները ներառում են.

ա) պատժամիջոցների կիրառում նման նմուշների առևտրի կամ տնօրինման կամ երկուսի համար, և

բ) առգրավելը կամ նման նմուշները վերադարձնելը արտահանող պետությանը: 

3. Հնարավորության դեպքում Կողմերն ապահովում են, որ առանց ուշացման նմուշները ենթակա են առևտրի համար պահանջվող ձևակերպման: Ձևակերպման նման իրականացումը խթանելու նպատակով Կողմերը կարող են նշել ելքի և մուտքի կետեր, որտեղ նմուշները պետք է ներկայացվեն մաքսային ձևակերպումների համար: Կողմերն ապահովում են, որ բոլոր կենդանի նմուշները տարանցիկ փոխադրման, պահման կամ փոխադրման ցանկացած ժամանակահատվածում պատշաճ կերպով խնամվեն այնպես, որ նվազագույնի հասցվի վնասվելու, առողջության վտանգի կամ կոպիտ վերաբերմունքի ռիսկը: 

Հիշեցնենք, բոնոբոներից մեկը, ըստ ներկրողի, Հայաստան բերվելուց հետո սատկել է: Իրավասու մարմնին չի՞ հետաքրքրում, թե ինչպես են տեղափոխվել այս կապիկները, ինչ պայմաններում են ապրում և ինչու է սատկել Կարմիր գրքում գրանցված բոնոբոն:

Ավելին, ըստ նույն հոդվածի 6-րդ կետի, «յուրաքանչյուր Կողմ կվարի I, II և III հավելվածներում ընդգրկված տեսակների նմուշների առևտրի գրանցումները, որոնք պետք է ներառեն.

ա) արտահանողների և ներմուծողների անուններն ու հասցեները, և

բ) տրամադրված թույլտվությունների և հավաստագրերի թիվն ու տեսակը, այն պետությունները, որոնց հետ կատարվում է նման առևտուր, նմուշների թիվը կամ քանակը և տեսակները, I, II և III հավելվածներում ընդգրկված տեսակների անվանումները, եթե կիրառելի է, տվյալ նմուշների չափսն ու սեռը: 

Ավելին` կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադրման կարգի 33-րդ կետն էլ սահմանում է.

ՀՀ տարածքում նմուշներ տիրապետող, անազատ պայմաններում կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում բույսեր աճեցնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու նպատակով իրենց նմուշների տեսակների ու քանակի մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը

Փաստորեն, նախարարությունը չի տիրապետում նաև այս տեղեկություններին: Այս ամենից հետևում է, որ կոնվենցիան համակարգող մարմինը ձախողել է կոնվենցիան, չի կատարել իր գործառույթները և նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի են դառնում կենդանիների ներկրման փաստեր (այս մասին հայտնել էինք գրավոր նամակում), չի ստուգում և չի հետևում դրանց ճակատագրին: Հնարավոր է նաև, որ նախարարությունն օժանդակում է Կարմիր գրքում գրանցված կենդանիների ներկրմանը և արտահանմանը` գործարքի մեջ մտնելով ներկրողների հետ: 

Ոստիկանությունը ստուգողական գործողություններ է կատարելու

Պարզելու համար, թե կենդանիների ներկրման վերաբերյալ մեր հրապարակման փաստերը արդյոք ստուգել է ՀՀ գլխավոր դատախազությունը, դիմեցինք գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին.

«Հոդվածում նշված հագամանքները պարզելու ուղությամբ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով կատարել ստուգողական գործողություններ»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հ. Բադալյանը և պատճենն ուղարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գնդապետ Ռ. Զաքարյանին` ստուգողական գործողությունները կատարելու համար: 

Տեսանկարահանումը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Gerard
First of all a Bonobo is an Ape and not a monkey... This case stinks as money talks in casses like this. The only place this Bonobo came from was the forrest of the DRC to which it should be returned (the sanctuary for Bonobo´s in the DRC). As Always where is CITES ???!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter