HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսիմ Հակոբյանին պատկանող ընկերություններում վթար է եղել

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» հետ զրույցում ասաց, որ այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, Նոր Աստղաբերդ (տեղացիները նաև Աջաբաջ են անվանում) համայնքում գործող, Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին պատկանող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքում վթար է տեղի ունեցել: Խոսքն այն ընկերության մասին է, որը Մ. Հակոբյանը գնել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից:

Ա. Փարսադանյանի խոսքով՝ վթարի հետևանքով պոչանքները լցվել են Նոր Աստղաբերդով հոսող գետը: Այդ համայնքում են գտնվում Կապանի ջրամատակարարման ակունքները: «Վթարի մանրամասների մասին չեմ կարող ասել, բայց ակնհայտ էր, որ գետով պոչանքներ էին հոսում»,- ասաց Ա. Փարսադանյանը:

Երկրորդ վթարը տեղի էր ունեցել ժամը 15:00-ի սահմաններում. ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարի հոսքաջրերը թափվել էին Նորաշենիկ գետը: Ի դեպ, նման վթար եղել էր այս տարվա սեպտեմբերին:

Ա. Փարսադանյանը նշեց, որ այդ վթարների մասին ինքը տեղեկացրել է թե՛ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետին, թե՛ ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնին: Բնապահպանական տեսչությունը երկու վթարների դեպքում էլ նմուշներ է վերցրել:

Հարցին, թե ինչ սպասումներ ունի բնապահպանական պետական տեսչությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ բոլոր վթարների դեպքում հիշյալ տեսչությունը սահմանափակվել էր միայն «համեստ» դրամական տուգանքներ սահմանելով, Ա. Փարսադանյանը պատասխանեց. «Միամիտ պետք է լինել, որ ինչ-որ սպասումներ լինեն: Չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ կան արտադրության կազմակերպության հետ, որ պարբերաբար խնդիրներ են առաջանում, վթարներ են տեղի ունենում, բայց մի բան ակնհայտ է, որ ընկերության տնօրինությունն անտարբեր է բնապահապանական խնդիրների հանդեպ»:

Բնապահպանի խոսքով՝ կապանցիների շրջանում լուրջ մտահոգություն է  առաջացրել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող «Գեղի գոլդ» ՍՊԸ-ն: «2012 թ. նոյեմբերին մոտ երկու ժամ առանձնազրույց եմ ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Իմ բացասական դիրքորոշումն եմ հայտնել Գեղիում նոր հանք բացելու վերաբերյալ, և իմ կարծիքը մնում է անփոփոխ»,- նշեց Ա. Փարսադանյանը:

Նրա խոսքով՝ Գեղիի բնակիչներն ասում են, որ այդ հանքի բացումը ռիսկային է: Հարցին, թե ինչու է հիմա մտահոգում այդ հարցը, եթե, ըստ տեղացիների, այժմ դադարեցված են այդ հանքավայրի ուսումնասիրությունները, նա պատասխանեց. «Ինձ մտահոգել է Սուրեն Խաչատրյանի՝ վերջերս տված հարցազրույցը, որ ինքը մտադիր է զարգացնել իր գործունեությունը հանքարդյունաբերության ոլորտում: Չեմ կարող ասել, թե հանքը սկսելու է աշխատել կամ ոչ, բայց այն, որ Սուրեն Խաչատրյանը նման մտադրություն ունի, դա արդեն մտահոգիչ է»: 

Հ.Գ. Արմեն Փարսադանյանը տեսագրել է երկու վթարներն էլ: Տեսագրությունները կներկայացնենք քիչ ավելի ուշ: 

Լուս.՝ aravot.am

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դա,իհարկե, լավ/անհրաժեշտ է,որ (տեղի) ՀԿ-ները անընդհատ ստուգում/ահազանգում են այսպիսի կոպիտ խախտումների մասին:Բայց սա բավարար չէ՛. ՊԻՏԻ նաև ԴԱՏԻ ՏԱԼ բոլոր նրանց,ովքեր օրենքը խախտում են՝ լինեն դրանք հանքատերերը,թե ՀՀ Բնապ.Նախարարությունը:Պիտի դատի տալ նաև Բնապ.Նախարարության տեսուչներին՝իրենց գործը պատշաճ չկատարելու համար:Սա ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ է. միջազգային փորձը ցույց է տվել,որ դատի տալն (ու ի շահ համայնքի փոխհատուցում պահանջելն) է ամենաարդյունավետ միջոցը: Հայաստանում դատարաններն եթե անկախ էլ չեն,կարևոր չէ. միայն դատի տալու փաստն ԱՐԴԵՆ արդյունավետ նվաճում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter