HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համակարգի պատասխանատուներն ինչ-որ առումով մահապարտներ են»

Երկու հարց քաղաքագետ Ստեփան Դանիելյանին

-Պարոն Դանիելյան, ըստ Ձեզ` ո՞րն է 2013 թ. Հայաստանի քաղաքական կյանքում ամենամեծ ձախողումը:

-Բնականաբար «Գազպրոմի» հետ կնքված պայմանագիրը: Դա պետականության հանձնում է, և շատ կարևոր է հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ: Պատճառները շատ պարզ են: Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ քրեական և պետական հանցագործություններ, սկսած ընտրությունների կեղծիքներից, վերջացրած պետական կոռուպցիայից և մեծ ծավալի հափշտակություններով ու մեքենայություններով: Այդ հանցագործություններին մասնակից են եղել պետական ու քաղաքական գործիչներ, իրավապահ և դատական մարմինների ղեկավարներ, գործարարներ և այլն: Պարզ է, որ իշխանության փոփոխության դեպքում առաջ է գալու պատասխանատվության հարցը: Ըստ ֆրանսիացի սոցիոլոգ Սերժ Մոսկովիչի, ոչինչ այնպես չի միավորում մարդկանց, որքան միասին կատարած հանցագործությունը: Այդ հանցագործությունները հենց հանդիսանում են գործող համակարգի ցեմենտը: Այստեղ հասկանալի է դառնում նաև այն ֆենոմենը, որ շատ դեպքերում հենց իշխող խումբն է այդ հանցագործությունների մասին արտահոսքեր կազմակերպում: Այդ արտահոսքով մեծացվում է պատասխանատուների ցանկը և դրա միջոցով նրանց վրա վերահսկողությունը: Այստեղ նաև կարևոր է հոգեբանական գործոնը:

Համակարգի պատասխանատուներն ինչ-որ առումով մահապարտներ են և այդ իմաստով շատ վտանգավոր են: Նրանք պայքարում են ազատության մեջ մնալու յուրաքանչյուր օրվա համար և նրանք գնալու են մինչև վերջ, այլ տարբերակ չունեն: Սակայն այդ համակարգն ունի նաև թույլ կողմեր: Նրանց հիմնական թույլ կողմն այն է, որ նման պայմաններում երկիրը չի կարող անվերջ գոյատևել, և գալիս է մի պահ, երբ երկրի ռեսուրսները սպառվում են: Արտաքին պարտնյորներն էլ չեն ցանկանում այլևս օժանդակել նման կառավարման համակարգը: Իմ կարծիքով՝ մենք մոտենում ենք հենց այդ կրիտիկական պահին, և, բնականաբար, ռեժիմի պատասխանատուները դա լավ են հասկանում: Եթե ուշադիր ուսումնասիրեք համաշխարհային պատմությունը, ապա կտեսնեք, որ պատմությանը հայտնի «դավաճանները», այսինքն՝ այն մարդիկ, որոնք ի հաշիվ իրենց երկրի շահերի գործել են այլ երկրի օգտին և անգամ դրսից նվաճողներ են հրավիրել, հիմնականում նման դրդապատճառներ են ունեցել` պարտակել կատարված հանցագործությունը:

Դրա ամենավառ օրինակը հենց Ղարաբաղի դավաճան մելիք Շահնազարն է, ով թյուրքերին հրավիրել է Ղարաբաղ, իր եղբորը` օրինական մելիքին սպանելու և նրա գահին տիրանալու համար կատարված հանցագործության համար պատժից խուսափելու համար: Ժամանակակից տերմինալոգիայով ասած, տեղի է ունեցել «ընտրակեղծիք» և իշխանության ոչ լեգիտիմ ձևավորում, որի հետևանքները մենք մինչև այսօր շատ լավ ենք տեսնում, ի դեմս Ղարաբաղի խնդրի, որն վերածվել է աշխարհաքաղաքական թնջուկի: Անցել է 200 տարի, սակայն քանի սերունդ է տառապում այդ ընդամենը մեկ հանցագործության պատճառով: Կարելի է զուգահեռ անցկացնել ներկայիս գործընթացների հետ: Հայաստանում տեղի ունեցած ընտրական հանցագործությունների պատճառով հանրավոր է, որ դեռ բազում սերունդներ տառապեն:

Այսինքն՝ նման կարգի կառավարիչները իրենց երկիրը հանձնել են նվաճողներին՝ օրինական պատժից խուսափելու համար: Իմ կարծիքով՝ սա է այդ պայմանագրի բուն էությունը:

-Իսկ կարո՞ղ եք մատնանշել, թե ինչ նշանակալի ձեռքբերում ունեցանք նախընթաց տարում:

-Կա մի հին հրեական ասացվածք. «Ես այսօր կորցրեցի հինգ ռուբլի, բայց խելոքացա հինգ ռուբլով»: Եթե մենք կարողանաինք սովորել մեր սխալների վրա, ապա գործող իշխող խմբի ձախողումը կարող էր դառնալ նաև ձեռքբերում` կատարված սխալների օգնությամբ դառնալ ավելի խոհեմ, սակայն դա կարծես թե տեղի չի ունենում: Ամենակարևոր հետևությունը կլիներ այն, որ չի կարելի աշխարհաքաղաքական պայքարը բերել ներքաղաքական ոլորտ և արտաքին ուժերի պայքարը վերածել ներքաղաքական մրցակցության, սակայն դա տեղի չի ունենում: Ես նկատի ունեմ «արևմտամետ»-«ռուսամետ» դիսկուրսի արհեստական ներմուծումը:

1915 թվականի ողբերգությունից մենք հետևություններ չենք անում և պատճառն այն է, որ մենք այդ ժամանակվա դեպքերի քաղաքական գնահատականը մեզ համար չենք տվել: Ես դա ասում եմ հանրային դիսկուրսի համար, սակայն որպես քաղաքական տեխնոլոգիա, այլ բան է տեղի ունեցել: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու համար գիտակցված և վաղուց մտածված որոշում է կայացրել, և հասկանալի էր, որ նման դեպքում պետք է հուժկու քննադատության ենթարկվեր, և դրա համար նա հենց ինքն է ձևավորել վերահսկելի «արևմտամետ» բևեռ, որպես այդ քննադատությունը դարձնի վերահսկելի: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա միակ ձեռքբերումը, կարծես թե, ի տարբերություն նախորդ տարվա, կարտոֆիլի բերքի ավելացումն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter