HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ մանկապարտեզ պետք չէ, մանկապարտեզը որ կառուցեն, մնալու է համայնքապետարանի վրա»

22 մլն դրամ եկամուտներ ունեցող Գոգարանի համայնքապետին անհանգստացնում է մանկապարտեզ ունենալու միտքը:

 1988թ. երկրաշարժի ժամանակ Սպիտակի տարածաշրջանի Գոգարան գյուղի դպրոցի փլատակների տակ նահատակվել է 63 աշակերտ եւ 12 աշխատակից: Վթարային են դարձել 1460 բնակիչ ունեցող գյուղի գրեթե բոլոր բնակելի տներն ու սոցիալ-կենցաղային օբյեկտները: Երկրաշարժից 25 տարի անց, գոգարանցիների մեծ մասը դեռեւս տնակներում է ապրում: Տնակային պայմաններում են աշխատում նաեւ համայնքապետարանը, փոստը, բժշկական ամբուլատորիան: Գյուղը մշկույթի տուն, մանկապարտեզ,  գրադարան,  մարզադպրոց  չունի: Գոգարանում  2002թ. շվեյցարական «Կազա» հիմնադրամը կառուցել է դպրոցի ներկայիս շենքը:

Համայնքապետ Արթուր Գալոյանն ասում է, որ երկրաշարժից հետո առաջին երկու տարիներին  «Գլեդել Հիլզ» շինարարական կազմակերպությունը գյուղում  կառուցել է 32 բնակարան: Անավարտ բնակարանների եւ տնակներում բնակվող գոգարանցիների ցանկը համայնքապետարանը չունի: «Չունենք, չենք հանել, որովհետեւ պետությունը բան չի տալիս, իսկ այնպես կիսատ, որքան հիշում եմ, 17 բնակարան է: Տուն կա, ինչպես Տանյա Գասպարյանի բնակարանը, այս երեք տարի է՝ տանիքը դրվել է, բայց բնակարանի ներսում որեւէ շինարարական աշխատանք չի կատարվել»,- ասաց Արթուր Գալոյանը:

Լոռու մարզպետարանը 2013թ. կառավարության  հրատապ ծրագրով 30 մլն դրամ է հատկացրել Գոգարանում հանդիսությունների տուն կառուցելու համար, ծրագրում ներդրում  է կատարվել նաեւ համայնքային բյուջեից: Շենքը դեռեւս չի շահագործվել: «Մնացել է շենքի ներքին հարդարման աշխատանքները կատարել»,- տեղեկացրեց համայնքապետը:  Գոգարանցիների ականջին հասել է, որ հանդիսությունների տան կառուցումը «Շինարար» ՍՊԸ-ն դադարեցրել է ֆինանսավորման պատճառով: «7 մլն դրամի խնդիր ա:  Հայրիկյանին վեր կալան 25 մլն դրամ տվին, որ գնա բուժման: Նրան էդ մեծ գումարը երկրի բյուջեից հասնում էր, մեր երկրաշարժից տուժած գյուղին 7 մլն դրամ չի հասնու՞մ, որ շենքն ավարտեն, ժողովուրդը գնա էդ շենքում իր հանգիստը կազմակերպի»,- ասաց Քյարամ Հարությունյանը:

Երկրաշարժից հետո ռուս շինարարների կողմից Գոգարանում կառուցվող մանկապարտեզի շենքը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անավարտ է մնացել: Անցած 25 տարիներին Գոգարանի երեխաները մանկապարտեզ չեն հաճախել: «Այս տարի գյուղում 24 երեխա է ծնվել: Նախորդ տարիներին նորածինների թիվը հասել է մինչեւ 12-ի»,- հայտնեցին համայնքապետարանում: Այդուհանդերձ, համայնքապետ Գալոյանը գյուղում մանկապարտեզի շենք կառուցելու անհրաժեշտություն չի տեսնում: «Այսօր գյուղի կանայք մեծամասամբ չեն աշխատում, իրենք եւ տնեցիները երեխաներին պահում են»,- ասաց նա: Այս դիրքորոշմամբ էլ Արթուր Գալոյանն իր պաշտոնավարման 7  տարիներին գյուղում մանկապարտեզ կառուցելու հարց չի ներկայացրել Լոռու մարզպետարանին: «Եթե այդ մանկապարտեզի շենքը հիմա սարքեն, մանկապարտեզը մնալու է համայնքապետարանի վրա: Ճիշտ ա, լավ բանա մանկապարտեզը, բայց մեր հնարավորություններն այդքան չեն ներում   մանկապարտեզի ծախսերը հոգալու համար»,- պատճառաբանեց նա:

Համայնքապետարանի հաշվապահ Գրիշա Ղազարյանը, սակայն, կարծում է, որ 22 մլն դրամ սեփական եկամուտներ ունեցող համայնքը կարող է ֆինանսավորել մանկապարտեզի պահպանության ծախսերը: «Երեք թոռ ունեմ: Թոռներս ո՛չ զբաղմունք ունեն, ո՛չ էլ մանկապարտեզ կա: Ուզում ենք երեխեք շատ ունենանք, բանակի համար մեծացնենք: Դե որ հենց մանուկ հասակից երեխաների համար չմտածենք, ո՞վ ենք մենք: Մեր երեխաները շատ-շատ են: Համայնքապետը մանկապարտեզի հարցը չի բարձրացրել, էս պահին մենք ենք բարձրացնում: Ամենաճիշտը այն է, որ էդ քյորփեքը գնան մանկապարտեզ»,- ասաց գոգարանցի Սիմոն Սերգոյանը:

«Հիմա քյորփեքի մասին ո՞վ ա մտածում: Ինը երեխա ունեմ: Նպաստի ցուցակում ամեն տարի երկու ամսվա նպաստի դիմացը սաղ չվա, չվա են  դնում»,- զրույցին խառնվեց  գյուղի բնակիչներից Աշոտ Գալոյանը: Հավաքվածները  բացատրեցին, որ չվա նշանակում է չվճարել: «Որպես ի՞նչ ա երեխու փողը կտրում: Երկու ամսվա փողը տուր, ասում ա, նպաստդ տամ: Նպաստի վախտն արի, տես, որ գեղըմը սաղի նպաստի 2 ամսվա դիմաց չվա ա դրված»,- Սպիտակի սոցիալական ծառայության պետ Հրաչյա Հովհաննիսյանից  բողոքեց Աշոտ Գալոյանը:

Համայնքի բյուջեի մասին մեր հարցերից համայնքապետ Արթուր Գալոյանը բորբոքվեց: Զայրույթից անջատեց աշխատանքային սեղանին դրված ձայնագրիչս: «Տեղիցը վեր կացող լրագրողին պետք է մեր բյուջեի մասին տեղեկություն տանք»,- ասաց նա: Հետո հանդարտվեց ու ասաց, որ   գոգարանցիների 80%-ը սոցիալապես անապահով է: Մնացածներն ապրում են արտագնա աշխատանքով: Ա. Գալոյանն անտեղյակ էր համայնքի 2013թ.  բյուջեի՝ իր պլանավորած եկամուտներից: «Ես էդ թվերը կարում չեմ հիշեմ»,- խոստովանեց նա: Համայնքապետարանի հաշվապահ Գրիշա Ղազարյանն  ասաց, որ  համայնքի  2013թ. բյուջեւում 22 մլն դրամի սեփական եկամուտներ են նախատեսվել: Սոցիալական ծայրահեղ վիճակում գտնվող գյուղացիների  օգնության համար բյուջեով նախատեսվել է 3,2 մլն դրամ, որը Գոգարանում իր հայեցողությամբ բաշխում է համայնքապետ Գալոյանը: Վերջինս ասաց, որ Լոռու մարզպետարանի կայքում տեղադրված են համայնքի անապահովներին սոցիալական օգնությունների բաշխման մասին իր որոշումները: Գոգարանի համայնքի ավագանու եւ համայնքապետի որոշումները  տեղադրված էին մարզպետարանի կայքում, դրանց մեջ, սակայն, համայնքի բյուջեի թափանցիկ ծախսումները հիմնավորող որեւէ որոշման չհանդիպեցինք:  


Գոգարանում հիմնախնդիր են նաեւ խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած փայտե էլեկտրասյուները: Սամսոն Աթոյանի  9 անձից կազմված ընտանիքը բնակվում է դրանցից մեկի հարեւանությամբ: «Գյուղապետին դիմել եմ, էլեկտրացանցին դիմել եմ, հիմա էդ փտած հենասյունը նավթուլով կապել եմ, եթե ընկավ տանս վրա, հրդեհ է բռնկվելու»,- անհանգստանում է Սամսոնը:

Այդուհանդերձ, համայնքապետ Արթուր Գալոյանը կարծում է, որ Գոգարանի կարեւոր խնդիրը գյուղում աշխատատեղեր ստեղծելն է, իսկ գյուղի 626 հա վարելահողերը մշակելով ու  անասնապահությամբ զբաղվելով՝ Գոգարանում զարգացում չեն կարող ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter