HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Coca-cola-ի հովանոցը և Սբ. Վառվառայի վանքը. ժամանակի կերտածը, որ տեսանք երեք երիտասարդներով

Արայի լեռան ստորոտում տեղակայված մի քանի տասնյակ առանձնատներից մեկում, որն ուներ կաթոլիկ եկեղեցուն հատուկ ապակիներ, երեք երիտասարդներով որոշեցինք հանգստանալ: Մինչ այդ գիշերով փորփրել էինք բոլոր այն տների ներսը, որտեղ այլևս ոչ ոք չի բնակվում, որոնց դռները կրնկի վրա բաց էին և սպասում էին հերթական այցելուին:

Դրանցից մեկում ժամանակին հաստատ երեխա էր ապրել. կիսախելառ խաղալիքներ, օրորոց, պատռտված շորեր... Պատերին միզած էր. ես մտածեցի, որ մարդիկ մշտապես ամաչում են միզել բոլորի աչքի առաջ, դրա համար էլ ընտրում են լքյալ պատերը...

***

Քունս մի կերպ հաղթահարած՝ ծուլորեն վեր եմ կենում անկողնուցս: Նայում եմ՝ կողքի սենյակում երկու ընկերներս դեռ քնած են: Մեկը ծածկված է մինչև վերջ, մյուսը՝ կիսատ:

Կիսատ ծածկված ընկերս Ալիկն է՝ Ալեքսանդր Իրադյանը, որը երկու ամիս առաջ ավարտեց N2 «Վեց պատասխան» սիմֆոնիան և ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթին: Մյուսը Դավիթն է, որ տարիներ առաջ է տեղափոխվել Երևան և նկարչությամբ է զբաղվում:

Ես նախաճաշ եմ պատրաստում կեսօրին: Ճամբարային հատուկ տոնով հայտարարում եմ վերկացը, և մենք նախաճաշում ենք:

-Այսօր պետք է գնանք Սբ.Վառվառայի վանքը. ասում են՝ շատ լավ տեղ ա:

Ես ու Դավիթը նայում ենք միմյանց:

Տնից մինչ Վառվառայի վանքը քսան կիլոմետրից ավելի է, արդեն կեսօր է, և մենք, բացի դրանից, ճանապարհը չգիտենք:

Բայց ասվածն արված է: Արագ հավաքվում ենք. վերցնում ենք ջուր, քաղցր մի քանի բլիթներ ու դուրս գալիս տնից:

Ես՝ անգլիացի տատիկին հատուկ ձևով հագնված, արևից այրված քթով, Ալիկը՝ սրբիչը գլխին, և Դավիթը՝ ուսապարկով: Ճանապարհը հարթ է բարեբախտաբար: Բնակելի տներն արդեն չեն երևում: Մի ճանապարհ միայն, և կողքից հոսող ջրանցքը: Արդեն մոտ տասը կմ քայլելուց հետո մենք կանգ առանք մի տնակի առաջ. յոթանասունին մոտ մի կին՝ ազնիվ դեմքով և մաքուր սպիտակ շալով, դուրս եկավ ներսից.

-Ո՞նց հասնենք Վառվառայի վանք:

Մինչ կինը կպատասխաներ, փեթակների մոտից նրա ամուսինն առաջ եկավ...

-Էրեխեք ջան, ուշ եք դուրս էկել... բայց արդեն շատ չի մնացել: Էսպես գնացեք, հետո էսպես... Ու արագ, որ գելի բաժին չդառնաք,- ձեռքով բացատրելով ճանապարհն՝ ասաց պապիկը:

Մենք էլի առաջ ենք շարժվում: Արդեն ժամը հինգն է: Իսկ մենք դեռ նույնիսկ վանքը չենք նշմարում:

-Գիտես, երբ ներկայացնում էի գործս Խաչատրյանի մրցույթին, ներսումս արդեն հաղթանակած էի: Բայց մեկ է, մտածում էի՝ Հայաստանում ենք ապրում: Հիմա, երբ հաղթել եմ մրցույթը, էլի մի տեսակ ցավ եմ ապրում, որ դա, բացի ինձնից, ոչ մեկին պետք չի,- ասում է Ալիկը:

Ես գլխով դրական պատասխան եմ տալիս՝մտքումս փորձելով վերականգնել նրա ստեղծած երաժշտությունը:

-Կարծում եմ՝Հայաստանից գնալ է պետք: Մի տեսակ հոգնել եմ... Անարդյունավետ վիճակաում ենք: Զգո՞ւմ եք: Վերջին անգամ, երբ Վանաձորում էի, հրաշալի նախաճաշ էի պատրաստել: Եղբայրս չնկատեց. կերավ ու դուրս էկավ տնից: Սիրտս ցավեց. մի տեսակ գեղեցիկը նկատելու ժամանակներն անցել են,- ասում է խոհարարական դասընթացները նոր ավարտած ընկերս՝ Դավիթը:

Ըստ ցույց տրված ուղու՝ մեզ մնացել է շրջանցել մի փոքրիկ բարձրունք և վերջ: Ճանապարհի քարերին վառված մոմեր են. մտածում ենք՝ նրանք, ովքեր չեն կարողացել հասնել Վառվառայի վանք, հենց այստեղ են իրենց երազանքը ևս մեկ անգամ կրկնել մտքում և վառել արագ հանգչող մոմերը:

Նշմարում ենք վանքը: Եվ միանգամից ցնցվում: Հեռվում երկու անսպասելի պատկեր է ուրվագծվում: Հազար յոթ հարյուր տարուց ավելի պատմություն ունեցող վանքի պատը և մեր հազարամյակի «խորհրդանիշը»՝ coca-cola-ի մեծ հովանոցը:

Զարմանալի է: «Երևի երեկ շատ խոսեցինք աբսուրդից»,- մտածում եմ ես ու հրճվում:

Բարձրանում ենք վերջին մի քանի մետրը: Մարդկանց ձայներ են լսվում: Վերևում՝ վանքի դռան մոտ, չորս հոգի են:

-Էստեղ ենք արդեն վաթսուն թվից,- ասում է Երջանիկ տատիկը: Ապրում ենք էս քարանձավում, մեկ-մեկ էլ իջնում քաղաք, բալես:

Իսկ քարանձավը անմիջապես վանքի տակին է՝ նույն լեռան մեջ:

Խոնավ, մութ, միստիկ: Ներսում ամենուրեք արբապատկերներ են, չորացրած դեղաբույսեր, չաշխատող սառնարան:

Քիչ ավելի վերևում՝ վանքի աստիճանների կողքին, քառասունն անց մի տղամարդ վաճառում է իր պատրաստած հուշանվերները: Էջմիածնեցի Ագուլն է: Ծխախոտից սևացած մատներով ցույց է տալիս փայտյա խաչերն ու հպարտանում իր «վարպետ» լինելով:

Մեզ վանք է ուղեկցում Երանուհի տատիկը, ով ապրում է այստեղ՝ նույն քարանձավում, Երջանիկ տատիկի և նրա ամուսնու՝ Թուխ Մանուկի հետ:

Անբացատրելի վիճակում ենք. երեքս էլ լռել ենք:

Վանքի ներսում կաթկթում է: Ասում են սուրբ ջուր է, որը մի անգամ աչքերին քսելով՝ վերականգնում են տեսողությունը: Մենք կանգնել ենք. կաթիլներն իջնում են դեմքիս, ձեռքերիս, ոտքերիս. սառն է: Ձեռքս սահեցնում եմ հազարամյակների խորհուրդ ունեցող դամբարանի վրայով:

Ագուլը պատմում է, որ Սբ. Վառվառան խոշտանգվել է քրիստոնյա դառնալու համար: Եվ հենց հավատքի պատճառով էլ իշխանի դուստրը փախել է այս լեռները, սակայն նրան հետապնդել են և խոշտանգել:

Ներսում լուռ է. այդտեղ բույն դրած կկուն ժամանակ առ ժամանակ անհանգստանում է ձագուկների համար:

Աստիճաններին ենք. արդեն ժամը յոթն է, իսկ մենք դեռ տուն պետք է վերադառնանք:

Երեքս էլ լռել ենք: Անսպասելիությունը մեծ էր: Այս կորսված վայրում գտնել այսքան կենդանի պատկեր, անհավանական էր:

Մի քանի կմ մենք չենք խոսում: Ես մտքումս կրկնում եմ երազանքս: Ընկերներս ամուր բռնել են ձեռքերս:

***

Բլիթների մասին հիշեցինք, երբ արդեն տունդարձի ճանապարհի կեսին էինք: Նստեցինք խոտերին:

Կտրված էինք քաղաքից, իրարից, առօրյայից... Ամենից, որ կարելի էր պատկերացնել:

Իսկ հիմա ժամանակն է... ժամանակն է վերդառնալու: Ժամանակ, որ կարող է իրար կողքի կանգնեցնել վանքն ու Coca-cola-ի հովանոցը, նկարչին, գրողին և երաժիշտին, լքված տներն ու պահպանվող արժեքը, ճանապարհի գյուղական ազնվությամբ աղջնակին և գերմանական նոր մեքենան... Ժամանակ, որ, տարածությունն անտեսելով, պատմում է ամենի մասին, ինչ կերտել է:

Անուշ Քոչարյան

Մեկնաբանություններ (11)

Գայանե
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։
Hrach
ka estex mard ov apruma TSAXKAVANQ-in motik.aveli konkret yeghvardum ?
marina
հետաքրքիր մեկնաբանություն էր, շատ շատերը ձեր փոխարեն կնայեին, բայց չէին տեսնի այն, ինչ դուք տեսել ւ այդպես դիպուկ նկարագրել եք
marine
Ap8es, Anush jan...hachuyqov kardaci
Հրաչ
Շնորհակալություն հոդվածի համար, հետաքրքիր էր, կփորձենք այս ամառ գնալ և տեսնել սեփական աչքերով
Անուշ
Ծաղկեվանք անվանումը ընդհանուր վանքի անվանումն է,իսկ Վառվառան այն կույսն է,որին խոշտանգել են եւ որի անունով էլ տեղացիներն անվանում են սրբատեղին: Իսկ ահա սա է վկայությունը. : Ահա այսպես է սկսվում նրա պատմությունը:Եւ հենց հոր ձեռքով էլ հետագայում աղջիկը սպանվում է:
ԱՆուշ
Սիրելի Մարինա. նախ հստակ պատմություն գոյություն ունի,որը ես ուսումնասիրեցի արդեն քաղաք վերդառնալուց հետո:Երկրորդ`բազմաթիվ անուններ կան,որոնք հայուհու չեն,սակայն մենք կրում ենք:Եթե ձեզ հետաքրքիր է այդ պատմությունը,հաջորդ քոմենթում կգրեմ:
Անուշ
Ես այդ մարդկանց հետ շփվել եմ կես ժամ միայն...Ակնարկը հիմնականում ճանապարհի,զգացողության եւ պատմական անցքի մասին էր...
Արման
Ավելի շատ կուզեի կարդալ այդտեղ ապրող մարդկանց մասին, մի տեսակ խառնած էր` ձեր զգացողություններն ու այդ մարդկանց կյանքը: Կարելի էր առանձնացնել
Aram
Would a four wheeler get you any closer to Varvara?
Karen
es exel em Tsaxkevanqum 30 tari araj, ernek dzez ! LAV HODVATS ER.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter