HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թեկնածուների ունեցվածքը պաշտոնական տվյալներով

 

Արթուր Վահանի Բաղդասարյան 

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահը, որն առաջադրվել է իր ղեկավարած քաղաքական ուժի կողմից, հայտարարագրել է 01.01.2006-31.12.2006 ժամանակաշրջանում ունեցած գույքն ու եկամուտները:

Ըստ Բաղդասարյանի հայտարարագրի` այդ ժամանակ ինքը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Նշենք, որ տվյալ ժամանակաշրջանի մի հատվածում` մինչեւ 2006-ի մայիսի 29-ը, նա զբաղեցրել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը, որից հրաժարվել է: Իր ներկայացրած հայտարարագրի համաձայն` նախագահի այս թեկնածուն հաշվառված է Երեւանի Կենտրոն համայնքում` Բայրոնի 3 հասցեում, սակայն որեւէ անշարժ գույք կամ փոխադրամիջոց վերոնշյալ ժամանակահատվածում չի ունեցել: Ա. Բաղդասարյանը որպես եկամուտ հայտարարագրել է միայն ԱԺ-ից ստացած 3,4 մլն դրամ աշխատավարձը: Այս եկամտից զատ նախագահի թեկնածուն 2006-ի տարեվերջին ունեցել է 8,1 մլն դրամ եւ 190 հազ. դոլար դրամական միջոցներ (2006-ի տարեսկզբին Բաղդասարյանն ունեցել է 7,9 մլն դրամ եւ 216 հազ. դոլար): 

Արտաշես Մամիկոնի Գեղամյան 

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդն էլ նախագահի թեկնածու է առաջադրվել իր կուսակիցների կողմից: ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագիրը ներառում է 01.01.2006-01.01.2007 ժամանակահատվածը:

«Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» տողի դիմաց Գեղամյանը գրել է, որ ԱՄԿ նախագահն է: Բայց թերեւս ավելի ճիշտ կլիներ նշել, որ հաշվետու փուլում ինքը եղել է ԱԺ պատգամավոր, ինչպես գրել են նրանք, ովքեր այդ ժամանակ պատգամավոր էին եւ պատգամավորի աշխատավարձ էին ստանում: Ամեն դեպքում, Գեղամյանը աշխատավարձի տողի դիմաց գրել է, որ ԱԺ-ից այդ մեկ տարում ստացել է 4 մլն դրամ աշխատավարձ: Բացի այդ` նախագահի այս թեկնածուն 2007-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 39 հազ. դոլար (2006-ի հունվարի 1-ին Գեղամյանն ունեցել է 43 հազ. դոլար): 

Ի տարբերություն Ա. Բաղդասարյանի` Ա. Գեղամյանը 2006-ի համար անշարժ գույք հայտարարագրել է: Այսպես` Երեւանի Մաշտոցի 18 հասցեի տան այն բնակարանը, որտեղ հաշվառված է Գեղամյանը, նրա միանձնյա սեփականությունն է: Բնակարանի մակերեսը 106 քառ.մ է: Ա. Գեղամյանը որպես համասեփականատեր հայտարարագրել է նաեւ երկու ավտոտնակ (18 քառ.մ եւ 36 քառ.մ) Ամիրյան 18 շենքի բակում: Թեկնածուն չի լրացրել մյուս համասեփականատերերի թիվը: Ըստ փաստաթղթերի` Ամիրյան 20 հասցեում է հաշվառված պրն Գեղամյանի կինը: ԱՄԿ առաջնորդը 2006-ին փոխադրամիջոց չի ունեցել: 

Տիգրան Կարապետի Կարապետյան

Իր գլխավորած Ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Կարապետյանը 01.01.2006-31.12.2006 ժամանակահատվածի համար հայտարարագրել է 4 շինություն եւ 5 փոխադրամիջոց: 

Ըստ այդմ` նա մեկ այլ անձի հետ (հավանաբար` կնոջ) համասեփականության կարգով բնակարաններ ունի Այգեձորի եւ Գրիբոյեդովի փողոցներում: Առաջին տան մակերեսը, որտեղ հաշվառված է թեկնածուն, 290 քառ.մ է, երկրորդինը` 43,6: Ընդ որում` այս երկրորդ բնակարանը ձեռք է բերվել հենց 2006-ի ընթացքում: Կարապետյանը հայտարարագրել է նաեւ երկու արտադրական շինություն Կոմիտասի 59 (2024 քառ.մ) եւ Մամիկոնյանց 27ա (307,5 քառ.մ) հասցեներում, որոնց միանձնյա սեփականատերն է: Կոմիտասի 59 հասցեում կրկին որպես միանձնյա սեփականատեր նա հայտարարագրել է 1200 քառ.մ մակերեսով արտադրական նշանակության հողամաս: Հենց Կոմիտասի 59 հասցեում է գտնվում Կարապետյանի «ԱԼՄ Հոլդինգ» ՍՊԸ-ն: 

Նախագահի այս թեկնածուն 2006-ի համար 5 փոխադրամիջոց է հայտարարագրել` չորս մեքենա` Dodge (1996-ի արտադրության), Jeep (1993), երկու Mercedes (1991 եւ 1995), եւ մեկ «Իկառուս» ավտոբուս (1975): 

Ու չնայած այս ամենին` պրն Կարապետյանը, ըստ իր հայտարարագրի, 2006-ին դրամական միջոցներ չի ունեցել, աշխատավարձն էլ չնչին է եղել` «ԱԼՄ Հոլդինգ» ՍՊԸ-ից` 360 հազ դրամ, «Ալբատրոս» ՍՊԸ-ից` 240 հազ դրամ: Տարվա եկամուտներից մեկն էլ նշված է անհայտ օբյեկտի վարձակալության դիմաց ստացած 999 հազ. դրամը: Հետաքրքիր է, թե միայն 1,6 մլն դրամ եկամուտ ունեցած Կարապետյանն ինչպե՞ս է նոր բնակարան ձեռք բերել Գրիբոյեդովի փողոցում: Համենայնդեպս, ըստ իր լրացրած փաստաթղթի, Կարապետյանը 2006-ին որպես նվեր կամ ժառանգություն գույք չի ստացել: 

Արամ Սերգեյի Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը, որն առաջադրվել է իր համակիրների կողմից, 01.01.2006-31.12.2006 ժամանակաշրջանի համար ներկայացրել է հետեւյալ հայտարարագիրը: 

Այսպես` նախագահի այս թեկնածուն համասեփականության կարգով 44,7 քառ.մ մակերեսով բնակարան ունի Լվովյան 9 հասցեում, որտեղ եւ հաշվառված է: Համասեփականատերերի թիվը նշված չէ: Հարությունյանի մյուս գույքը 2003-ի ԳԱԶ-3110 մակնիշի մեքենան է, որի միանձնյա սեփականատերն է: 2006-ին այս թեկնածուն, ըստ իր լրացրած հայտարարագրի, ունեցել է «0 (զերո) ՀՀ դրամ» դրամական միջոց, միակ եկամուտն էլ եղել է ԵՊՀ գիտաշխատողի 540 հազ. դրամ աշխատավարձը: 

Վահան Էդուարդի Հովհաննեսյան 

«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության թեկնածուն հայտարարագրել է 01.01.2006-01.01.2007 ժամանակաշրջանում ունեցած իր գույքն ու եկամուտները: 

Ըստ հայտարարագրի` Հովհաննեսյանը հաշվառված է Կորյունի 10 հասցեում, որտեղ գտնվող նրա բնակարանը ունի 68 քառ.մ տարածք: 2006-ին Հովհաննեսյանը ձեռք է բերել 53,5 քառ.մ մակերեսով մեկ այլ բնակարան Խաչատրյան 22 հասցեում: Նախագահի ՀՅԴ-ական թեկնածուն 3300 քառ.մ տնամերձ ունի Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Ե՛վ բնակարանները, եւ՛ տնամերձը համատեղ սեփականություն են: Վ. Հովհաննեսյանը 2006-ի համար որեւէ փոխադրամիջոց չի հայտարարագրել: Փոխարենը 2006-ի հունվարի 1-ին նա ունեցել է 4 մլն դրամ, 8000 դոլար եւ 220 հազ. եվրո, որից տարվա ընթացքում պրն Հովհաննեսյանի եվրոներն են միայն պակասել` տարվա վերջին դառնալով 170 հազ (հավանաբար այդ 50.000-ը ծախսվել է Խաչատրյան 22 հասցեի տան գնման համար): 

2006-ին Վ. Հովհաննեսյանի հիմնական եկամուտը եղել է ԱԺ-ից ստացած 3,4 մլն դրամ աշխատավարձը: Սրան հավելենք ԵՊՀ-ից ստացած ընդամենը 40 հազ. դրամ խորհրդանշական վարձատրությունը: 

Վազգեն Միքայելի Մանուկյան

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդն ու թեկնածուն 01.01.2006-31.12.2006 ժամանակահատվածի հայտարարագրում ներկայացել է որպես ԱԺ պատգամավոր` հետեւյալ ունեցվածքով` Բաղրամյան պողոտայի առաջին փակուղում գտնվող 359 քառ.մ տարածքով բնակարան (այստեղ են հաշվառված Վ. Մանուկյանը, կինը եւ երեք դուստրերը), ձեղնահարկ (175 քառ.մ), ավտոտնակ (24 քառ.մ), տնամերձ (178 քառ.մ), 1991 եւ 2003 թթ. արտադրության երկու ՎԱԶ-2121 մակնիշի մեքենա: Այս բոլորը Մանուկյանի միանձնյա սեփականությունն է: 

Հաշվետու ժամանակահատվածում Մանուկյանը դրամական միջոցներ չի ունեցել, միակ եկամուտն էլ եղել է պատգամավորի 3 մլն դրամ աշխատավարձը: 

Արման Վարդանի Մելիքյան

01.01.2006-31.12.2006 շրջանի հայտարարագրից իմանում ենք, որ քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Ա. Մելիքյանը 2006-ին աշխատել է ԼՂՀ նախագահի աշխատակազմում որպես խորհրդական եւ ստացել է մոտ 2,5 մլն դրամ աշխատավարձ: Տարեսկզբին Մելիքյանն ունեցել է 2,7 մլն դրամ դրամական միջոց, որը տարեվերջին դարձել է 3,5 մլն: 

Ըստ հայտարարագրի` Երեւանի Հալաբյան 35 հասցեում հաշվառված Ա. Մելիքյանը որեւէ անշարժ գույք կամ փոխադրամիջոց չի ունեցել:

Սերժ Ազատի Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ եւ թեկնածու, 2007-ի ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ նշանակված Ս. Սարգսյանը 01.01.2006-31.12.2006 ժամանակահատվածի իր հայտարարագրի երկրորդ տողում` «աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը», գրել է` «ՀՀ վարչապետ»: Նշված ժամանակահատվածում ՀՀ վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր, Սերժ Սարգսյանն այդ ժամանակ պաշտպանության նախարար էր: 
Ըստ Ս. Սարգսյանի հայտարարագրի երրորդ բաժնի, որը վերաբերում է եկամուտներին եւ դրանց գոյացման աղբյուրներին, 2006-ին նա աշխատել է Գ. Չաուշի 60 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ ստացել է 3,6 մլն դրամ: Այլ եկամուտներ Ս. Սարգսյանը, 2006-ի հայտարարագրի համաձայն, չի ունեցել: 

Որպես դրամական միջոց Ս. Սարգսյանը 2006-ի սկզբին ունեցել է 27 մլն դրամ եւ 69 հազ դոլար, տարեվերջին` 58 մլն դրամ եւ 0 դոլար: 

ՀՀԿ-ի թեկնածուն հաշվետու ժամանակահատվածի համար որպես «մշակութային արժեքներ եւ այլ հնաոճ իրեր» հայտարարագրել է ժամանակակից նկարիչների 32 կտավ, Բաշինջաղյանի, Խանջյանի, Սարյանի, Մինասի, Հակոբյանի, Գյուրջյանի կտավների հավաքածու, 18-20-րդ դարերի արձանիկներ, քանդակներ եւ այլ իրեր: 

2006-ի դրությամբ Ս. Սարգսյանը միանձնյա սեփականության կարգով ունեցել է 1992-ի արտադրության մեկ «Mitsubishi» ավտոմեքենա եւ համասեփականության կարգով (համասեփականատերերի թիվը նշված չէ) մեկ բնակարան Ստեփանակերտում (96 քառ.մ): Ըստ հայտարարագրի, սակայն, Ս. Սարգսյանը հաշվառված է Ձորափի 72 հասցեում, որտեղ ՀՀ կառավարական ամառանոցն է:

Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյան 

ՀՀ առաջին նախագահը, որն այժմ թեկնածու է առաջադրվել քաղաքացիական նախաձեռնությամբ, ԿԸՀ-ին ներկայացրել է 01.01.2007-31.12.2007 ժամանակաշրջանի գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Տեր-Պետրոսյանը նշել է, որ Մատենադարանի ավագ գիտաշխատող է, սակայն այդտեղից եկամուտ չի ունեցել, քանի որ աշխատել է հասարակական կարգով` անվճար: Հաշվետու ժամանակամիջոցում նրա եկամտի աղբյուր են եղել ՀՀ նախկին նախագահի կենսաթոշակը` 3,6 մլն դրամ, եւ Վարդանանց 5ա հասցեի հասարակական նշանակության երկու տարածքների վարձակալության վճարները` ընդհանուր 4,3 մլն դրամ: 

Որպես գույք Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող 813 քառ.մ տարածքով բնակարանը (առաջին նախագահը հաշվառված է այստեղ), 10 հազ. քառ.մ հողամասը եւ Կորյունի 19ա հասցեում գտնվող հասարակական նշանակության անշարժ գույքը (311 քառ.մ): Սրանք նրա միանձնյա սեփականությունն են: Բացի այդ` նախկին նախագահը մեկ այլ անձի հետ համասեփականության կարգով տիրապետում է Վարդանանց 5ա հասցեում գտնվող անշարժ գույքի` ընդհանուր 203 քառ.մ մակերեսով, հասարակական նշանակության: 

Առաջին նախագահի փոխադրամիջոցը 1997-ի արտադրության «Lincoln» մակնիշի մեքենան է, որը ձեռք է բերվել 1998-ին:

Որոշ դիտարկումներ

Միանգամից նշենք, որ նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը տարբերվում են իրարից: Խոսքը ոչ թե բովանդակության, այլ հենց ԿԸՀ-ի տված հայտարարագրերի եւ թեկնածուների լրացրած ձեւի մասին է:

Զարմանալիորեն միայն Ա. Հարությունյանի (06.12.07), Վ. Հովհաննեսյանի (03.12.07), Վ. Մանուկյանի (03.12.07) եւ Լ. Տեր-Պետրոսյանի (27.11.07) հայտարարագրերի վրա լրացման ամսաթվի տեղ կա: Հայտարարագրերը լրացվել են 2007-ի նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը, սակայն մյուս հինգ թեկնածուների լրացումների կոնկրետ ամսաթվերը բացակայում են: 

Թեկնածուներից Ա. Գեղամյանը եւ Վ. Մանուկյանը չեն զլացել լրացնել նաեւ այն բաժինը, որը վերնագրված է «տվյալներ ղեկավար աշխատողներին փոխկապակցված անձանց եւ խնամառուների վերաբերյալ», իսկ փակագծում գրված է` «չի լրացվում»: Այդտեղ նրանք նշումներ են կատարել իրենց տիկնանց, Մանուկյանը` նաեւ երեք դուստրերի մասին: 

Հայտարարագրերի վերաբերյալ էական հարցերից մեկը դրանց լրացման կարգն է` մասնավորապես հաշվետու ժամանակաշրջանը: Ամենասկզբում հայտարարատուն պետք է լրացնի, թե ո՞րն է հաշվետու ժամանակամիջոցը, այսինքն` ինքը ո՞ր ժամանակին վերաբերող գույքն ու եկամուտներն է հայտարարագրում: Թեկնածուներին տրամադրված ձեւաթղթերի այդ մասում գրված է. «Նշվում է ընտրությունների անցկացման նախորդ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանը»: Եվ ահա, բոլոր թեկնածուները, բացառությամբ Տեր-Պետրոսյանի, նշել են 2006 թիվը, իսկ առաջին նախագահը` 2007-ը: Մամուլում հրապարակում եղավ, թե միայն վերջինս է «պահպանել սահմանված ժամկետը», իսկ ԿԸՀ-ն հակադարձեց, որ հենց այն է` միայն Տեր-Պետրոսյանն է «խախտել սահմանված կարգը»: Այս հարցի շուրջ որոշակի իրարանցում սկսվեց այն պատճառով, որ ԿԸՀ-ն կարգի խախտումն արձանագրել է (18.12.2006) մամուլի հրապարակումից հետո միայն, այնինչ Լ. Տեր-Պետրոսյանն իր փաստաթղթերը ԿԸՀ-ին ներկայացրել էր դրանից օրեր առաջ, եւ անճշտությունների դեպքում ԿԸՀ-ն դրանք ուղղելու համար նրան պետք է 48 ժամ տար (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 73): Տեր-Պետրոսյանի աջակիցների կարծիքով` ԿԸՀ-ն այդպես մտադիր էր խոչընդոտներ ստեղծել առաջին նախագահի համար ու, թերեւս, հետագայում չգրանցել նրան: Չնայած ԿԸՀ-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը անճշտությունների մասին ծանուցում չէր ստացել, այնուամենայնիվ, հունվարի 18-ին ԿԸՀ-ն հայտարարեց, որ գրանցել է առաջադրված բոլոր թեկնածուներին: 

Եվ ամենաէականը: Ակնհայտ է, որ այս հայտարարագրերից գոնե մի քանիսը չեն համապատասխանում իրականությանը: ԿԸՀ-ն ասում է, որ թեկնածուները պետք է տրամադրեն այն տվյալները, որոնք նշված են Հարկային պետական ծառայությանը (ՀՊԾ) ներկայացրած գույքի ու եկամուտների վերջին հայտարարագրում: Այս պարագայում դրանք եղել են 2006-ի տվյալները, քանի որ 2007-ի տվյալները դեռ չկան: Այսինքն` նախագահի թեկնածուների` 2006-ին ունեցած գույքի ու եկամուտների մասին ՀՊԾ-ն տվյալներ ունի: Եվ ընդհանրապես, ամեն տարի քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ` օրենքով նախատեսված այլ անձինք պարտավոր են հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները եւ ներկայացնել ՀՊԾ-ին, որն ունի այս գործընթացը վերահսկելու լծակներ: 

ՀՊԾ-ի համար հավանաբար մանրախնդրություն, որոշ դեպքերում էլ` սեփական ուժերի գերագնահատում կլիներ նախագահի թեկնածուների փաստաթղթերը մի լավ ստուգելը: Ինչպես ասել էր Վ. Հովհաննեսյանը թեկնածուների ունեցվածքի վերաբերյալ «Հետքի» ընթերցողներից մեկի հարցին ի պատասխան. «Տխուր եմ մեր երկրի եւ հասարակության համար, քանի որ քաղաքացիները տեսան իրականության եւ պաշտոնական խոսքերի նման ցցուն տարբերությունը»: 

Հ.Գ. Այսօր` հունվարի 21-ին, պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter