HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյան. «Թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է http://2rd.am-ի հարցին և անդրադարձել օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած որոշ գնահատականներին. 

Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը և մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը:

Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ  իրականության հետ (ինչպես և այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին: 

Այսպիսով, ինչու՞ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում:

1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո:            

2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի «հիփոթեքից»: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին և գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաև աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին:

3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես ձեռնարկելուն: 

Ահա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց  ոչ՝ մի քանի հատուկ «շնորհալիների» համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝  ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:
    
Հ.Գ. Հավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչև՞ Նոր Տարին, թե՝ հետո:

Մեկնաբանություններ (4)

ominac
Արդեօք Քոչարեանի սխալն է որ հայ ազգը ձգեց որ տարիներով տիրապետուի այս անձին կողմէ, եւ նայեցէք հիմա ինչ կըլլայ, ամեն անգամ որ այս անձը խօսի, հոգ չէ թէ ինչ կըսէ (12 տարի կեցաւ բան մը չըսաւ որ մէկը յիշէ), հիմա բոլոր ազգով մտիկ կընէք, իսկ ինքն ալ իր կողմէ դիտուած իրական կը կարծէ որ բան մը ըսաւ․ չեմ կրնար որոշել որ կողմը աւելի անպէտք է․
GB
Armenia's ex president criticism does not make Armenia a better place. Armenians should have a united voice in order to improve our way of life in a country that we want the best for her people!! May God bless Armenia!!
Karen
TESNES LAPELY ev KSHTANALY CHAPMAN MIAVOR KA ?
Varujan
Among all these talented people that Armenia has, how such uncivilized money hungry chobans were able to grab the power for the last 20-25 years? How long the diaspora with its complicity will support this situation? Why this silence? Why we cannot sue them in international courts?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter