HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էթավուր բաները մենք խի՞ տենք իմանալ»

Լոռու մարզի Ախթալա քաղաքում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ՀՀ Աժ նախկին պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ, Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանն է:

Դա առավել դրսեւորվում է հանրապետական ընտրությունների ժամանակ, որին ախթալացիները գնում են «մեր Վազգենի թասիբի համար» նշանաբանով: Այս կապակցությամբ ինքը` պրն Խաչիկյանը, փաստեց, որ 2007 թ. մայիսին կայացած Աժ ընտրություններին Ախթալայի երեք ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած 1350 ընտրողների 1000-ից ավելի քվեներ տրվել են Հանրապետական կուսակցությանը: Նա այդ փաստը հետեւյալ կերպ բացատրեց. «Մարդիկ նայելով, որ իշխանության մեջ ինչպիսի մարդիկ կան իրենց համայնքից, համակրանք ունեն իշխանությունների նկատմամբ, հիմա ես չեմ ուզում բացարձակ շեշտել իմ գործոնը»: 

Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանն էլ գտնում է, որ ընտրությունների գործում մեծ է լինում նաեւ իր լուման: Ասենք, որ նրա կինը` Ախթալայում հարգված մանկաբույժ Անահիտ Ղազարյանը, մեծ ազդեցություն ունի բնակչության շրջանում, որի պատճառը բժշկուհին բացատրեց. «Ես աղքատ բնակչության սիրելի բժշկուհին եմ, որովհետեւ վճարի խնդիր չենք դնում»: Ախթալայում ազդեցության ոլորտի պատճառով էլ Վազգեն Խաչիկյանի ու քաղաքապետ Սուրեն Թամազյանի ջուրը նույն առվով չի հոսում: Սակայն հարցն այն է, որ համայնքի երախտագետ բնակչությունը ընտրություններին իշխող կուսակցության ձեւավորած կառավարության առջեւ համայնքի հիմնախնդիրների լուծման պահանջ չի դնում` ապավինելով առավելապես այդ կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանին: Մինչդեռ Ախթալայում տիրող վիճակը փաստում է, որ նրանց քվեներն ղեկավարության առաջ պարզերես են դարձնում առաջին հերթին Վազգեն Խաչիկյանին: 

Վերջին մեկ տարում Վ. Խաչիկյանն ակնառու բիզնես ծավալեց Ալավերդիում: Քաղաքի Շահումյան-Սանահին կայարանային թաղամասերի ճանապարհահատվածում նա կառուցեց «Ձորագազ» կոչվող գազի հսկայական լցակայանը, ընդամենը 1-2 շաբաթ առաջ գնել է նաեւ Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Եսայանին պատկանող Ալավերդի-Ախթալա ճանապարհահատվածում գտնվող գազի լցակայանը եւ 36 մլն դրամով` Ալավերդի-Երեւան- Ալավերդի երթուղային տաքսիների գիծը: Ծանրակշիռ ներդրումներով ստեղծել է «Ձորի տաքսի» ծառայությունը, որը վերահսկում է քաղաքի ներհամայնքային տաքսիների ոլորտը: Այս հիմնարկներում աշխատող մարդիկ Վ. Խաչիկյանին իրենց շեֆն են համարում: Սակայն դրանց մասին մեր հարցմանը պրն Խաչիկյանը խառնաշփոթ պատասխաններ տվեց: Սկզբում ասաց, որ դրանք պատկանում են շնողցի ինչ-որ տղայի, հետո բացատրեց, որ դրանց սեփականությունը 50-50 է: Վերջում էլ ասաց. «Այդ ամենը իմը չեն, ես պարզապես հովանավոր եմ եղել, դրանք պատկանում են հորս` Մոսկվայում բնակվող եւ սեփական ռեստորան ունեցող հորաքրոջ տղային, ուղղակի իմ եղբայրները աշխատում են գազի այդ լցակայանների տնօրեններ»: 

Ալավերդիում եւ Ախթալայում Վազգեն Խաչիկյանի հաջողությունների համար մարդիկ չեն տխրում: Մարդը աշխատատեղեր է ստեղծել, ձեռքի հետ էլ մեկ-մեկ բարերարություն է անում: Ցավալին այն է, որ նրա ձեռքբերումներին զուգընթաց` գոնե մի փոքր չի լավանում յուրայինի հարգը իմացող ախթալացիների կյանքը: Որպես դրա վկայություն` ախթալացի Մեխակ Մկրտչյանն ասաց. «Ախթալայում ով հիվանդանում է, տանում են քարիցը դվեր գցում»: Գառնիկ Ադամյանն էլ պարզաբանեց. «Ով փող չունի, տանը անօգնական մեռնում է»: Բժշկուհի Անահիտ Ղազարյանն էլ հայտնեց, որ արդեն երկու օր է Ախթալայի Բարիտ թաղամասի բնակիչ Վոլոդյա Ամիրջանյանը ծանր ինսուլտ է ստացել, եւ քանի որ հնարավոր չէ տեղափոխել Ալավերդի, նրա բուժումը մնացել է բուժքրոջ հույսին: 
«Ախթալայի ամենահրատապ խնդիրը մարդկանց առողջության եւ հիվանդանոցի պահպանման խնդիրն է»,- ասաց քաղաքապետ Սուրեն Թամազյանը: Պարզվում է` 70 մահճակալանոց, Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Ախթալայի հիվանդանոցը փակվել է: Քանի որ հիվանդանոցի տնօրեն Կարեն Ազարյանը տեղում չէր, հաշվապահ Մուշեղ Մաթոսյանն ասաց. «Սկսած 1998 թ.-ից` հիվանդանոցի աշխատավարձի եւ սոցվճարների պարտքը կազմում է 6,3մլն դրամ, 2007 թ. հունվարի 1-ից հիվանդանոցը փակվել է եւ ստեղծվել է պոլիկլինիկական ծառայություն, ներկայումս ունենք 21 աշխատող»: 

Բժշկուհի Անահիտ Ղազարյանը հիվանդանոցի անառողջ ֆինանսական վիճակը բացատրեց. «Իհարկե, պարտքեր կգոյանան, որովհետեւ ֆինանսները արդյունավետ չեն ծախսվում»: Նա նաեւ հայտնեց իր դժգոհությունը այն փաստի առթիվ, որ 2400 բնակչություն ունեցող Ախթալան չունի ոչ Շտապ օգնության ծառայություն, ոչ էլ շտապ օգնության մեքենա: 

«Ընտանեկան բժիշկներն ու բուժքույրերը գիշերը վատացած հիվանդների երակային ներարկումների անհրաժեշտության դեպքում, քանի որ պայմաններ չեն ստեղծված, շատ դեպքերում հիվանդին տանում են իրենց տուն»,- ասաց Անահիտ Ղազարյանը: 

«Հիվանդանոցի պահպանման համար պայքարել ենք միայն ես եւ ավագանին, Վ. Խաչիկյանը խոչընդոտել է, թե այստեղ պետք չէ հիվանդանոց»,- բացատրում է քաղաքապետ Սուրեն Այվազյանը: 

«Չէի ասի, թե հիվանդանոցը Ախթալայի ամենահրատապ խնդիրն է, եթե ես փող ունենամ, կգնամ Երեւանում կբուժվեմ, էլ խի՞ եմ Ալավերդիում կամ Ախթալայում բուժվում»,- հակադարձում է Վազգեն Խաչիկյանը` ավելացնելով,- շտապ օգնության խնդիրը ես չգիտեի, էդ մասին ինքս անձամբ չեմ մտածել, որ ասում եք շնորհակալություն եմ հայտնում, գուցե շտապ օգնության ժամանակակից մի մեքենա կարողանանք ունենալ»: 

Վազգեն Խաչիկյանը նաեւ ասաց, որ իր ջանքերով Ախթալան գազաֆիկացվել է: Սակայն պարզվեց` գազի աբոնենտներ Ախթալայում գրեթե չկան: 

«Որ ասում են գազի համար միանգամից 100 հազար պետք է մուծեք, իմ 30 հազար դրամ թոշակից էդքանը ո՞նց մուծեմ, մենք էլ ասում ենք` գազը քաշեք, հետո մեր թոշակից պահեք»,- դժգոհում է թոշակառու Մեխակ Մկրտչյանը:

«Հետն էլ ասում` փողը տարեք Ալավերդի մուծեք, Ախթալայում դրամարկղի մի կետ ստեղծելը դժա՞ր ա»,- ավելացնում է Գուրգեն Վարդումյանը: 

Ախթալայում ջուր ունենում են 4 օրը մեկ: «Ընտրությունների շեմին ամեն օր են տալիս, ուրեմն խնդիրը հնարավոր է լուծել»,- ասաց քաղաքապետ Սուրեն Թամազյանը: Այս կապակցությամբ Վազգեն Խաչիկյանը հակադարձեց. «Իմ միջնորդությամբ Հունաստանի կառավարությունն Ախթալայում 2002 թ. ջրամատակարարման մեծ ծրագիր է իրականացրել, փողերն էլ տվել են քաղաքապետարանին, ծրագիրը քաղաքապետն է իրականացրել, լավ քաղաքապետ էր, թող կառուցեր այնպես, որ ջուր լիներ»: Ապա հավելեց. «Գիտե՞ք, թե ինչքան է քաղաքապետարանի բյուջեն եւ ինչպես է ծախսվում այն: Հարցրե՞լ եք քաղաքապետին, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ 34մլն դրամ եկամուտներ ունեցող բյուջեից 7 մլն դրամով իր համար «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է գնել, երբ «Մերսեդես» մակնիշի մեքենա Լոռու մարզում իր համար համարձակվել է գնել մեկ էլ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, այն էլ 4-5 հազար դոլարով»: 

Քաղաքապետ Սուրեն Թամազյանը համայնքային բյուջեի մասին ասաց. «Բյուջեն նորմալ վիճակում է»: Ախթալա համայնքի տարեկան բյուջեն կազմում է 34,5մլն դրամ: Սեփական հարկային եկամուտներ պլանավորվել են 9,6մլն դրամ, փաստացի կատարողականը կազմել է 17մլն դրամ: Քաղաքապետը գերակատարումը բացատրեց հնում ունեցած 8մլն դրամ պարտքի մուտքագրմամբ եւ նշեց, որ բյուջեն աշխատավարձի եւ այլ պարտքեր չունի: ՀՀ կառավարության կողմից հատկացված դոտացիան կազմել է 16մլն դրամ:

Բյուջեի ծախսային մասը կազմել է 32,6մլն դրամ, որից 16մլն դրամը կատարվել է «ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ» հոդվածով: Համայնքի ֆոնդային բյուջեն պլանավորվել է 8,2մլն դրամ, փաստացի կատարողականը կազմել է 7,3մլն դրամ: Սրանից էլ քաղաքապետ Սուրեն Թամազյանը շուրջ 7 մլն դրամ է տրամադրել եւ գնել է Վ. Խաչիկյանի ասած «Մերսեդես» մակնիշի ծառայողական ավտոմեքենան: Ակնհայտ էր նաեւ այն, որ Ախթալայի բնակիչները տեղյակ չեն համայնքի բյուջեի ծախսերին: Այս կապակցությամբ սպառիչ էր ախթալացի Գառնիկ Ադամյանի պատասխանը. «Էթավուր բաները մենք խի՞ տենք իմանալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter