HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը, Ալ-Քաիդան եւ գլոբալ ահաբեկչությունը՝ սիրիական պատերազմի լույսի ներքո

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան  

Սիրիայում Ասադի վարչախմբի դեմ կռվող մոջահեդներին պատկանող երկու կայքեր հունվարի 4-ին տեղեկություն տարածեցին այն մասին, որ կառավարական բանակը սպանել է իսլամիստ ծայրահեղական ջոկատներում կռվող երկու ադրբեջանցիների՝ Նամիգ Ասկերովին, ով կռվում էր «Ալ-Քաիդա» գլոբալ ահաբեկչական կազմակերպության հետ սերտորեն կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի (Ալ-Նուսրա ճակատ) շարքերում, եւ Ազերի Սեյֆուլլահ մականունով Սոլթանին: Կայքերը տարածել էին ոչ միայն սպանվածների լուսանկարները, այլեւ նրանց մասնակցությամբ տեսանյութեր: Անգամ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հերքում, որ 2014թ. հունվարի դրությամբ տարբեր խմբավորումների կազմում Սիրիայի կառավարության դեմ կռվում են «հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնցից տասնյակներ սպանվել են մարտերի ժամանակ»:   

Ավելի վաղ՝ 2013թ. սեպտեմբերյան թեժ մարտերում, սպանվել էին եւս հինգ ադրբեջանցիներ: Սեպտեմբերի 16-ին արյունաքամությունից մահացավ նաեւ վեցերորդը՝ Աբու Յախյա ալ Ազերին, ով «Կովկասի էմիրաթներ» իսլամիստական կազմակերպության ադրբեջանական ջամաատի ամիրն էր եւ չեչեն Աբու Օմարի «Ալ Անսար բանակի» կազմում ղեկավարում էր ադրբեջանցիների ջոկատը: Երեք օր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, նա ծանր վիրավորվել էր սիրիական Համա քաղաքի համար մղվող մարտերում, երբ իր ջոկատով դարանակալել էր ռազմական բազան, որտեղ տեղակայված էր Սիրիայի կառավարական զորքերի 66-րդ վաշտը, ու ենթարկվել էր ավիահարձակման: 2013թ. սեպտեմբերի դրությամբ ադրբեջանական պետական ու անկախ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Սիրիայում «կռվում են 60-ից ավելի ադրբեջանցիներ»՝ ակնհայտորեն այդ կերպ թաքցնելով նրանց իրական թիվը. դեռեւս ապրիլի սկզբին թուրքական կայքերն էին տեղեկություն տարածել Սիրիայում ընթացող մարտերում զոհված շուրջ 30 վարձկան ադրբեջանցիների մասին, հետեւաբար աշնանը նրանց իրական թիվն ավելին էր՝ ինչպես կնկատենք ստորեւ:

Ընդհանրապես, օտարերկրյա սուննի վարձկանների շարքերում թե՛ կռվող, թե՛ սպանված ադրբեջանցիների մասին հիշատակումները առավել հաճախակիացան տարվա երկրորդ կեսին: Նկատելի է, որ ջիհադիստների կազմում ադրբեջանցիների թիվը մի քանի անգամ ավելացել էր 2013թ. գարնանից հետո, ինչը վկայում է նրանց հավաքագրմանն ուղղված արդյունավետ քայլերի մասին, որի արտացոլումներից մեկը Կովկասի էմիրաթներ կազմակերպության ադրբեջանցի, թուրք ամիրների հրապարակային ուղերձներն էին թուրք եւ ադրբեջանցի մուսուլման եղբայրներին: Ըստ որում, նույն ժամանակահատվածում սուննի վարձկանների թվի աճը օրինաչափություն էր ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ Հյուսիսային Կովկասի ազգությունների (չեչեններ, դաղստանցիներ, կաբարդինո-բալկարներ), անգամ՝ ռուսների եւ եվրոպացիների համար:

Իրականում ովքե՞ր են նրանք՝ վարձկաննե՞ր, որ փողի դիմաց կռվում են (ի վերջո, անհերքելի փաստ է, որ արեւմտյան կառավարությունները ֆինանսավորում են Ասադի կառավարական ուժերի դեմ կռվող ընդդիմադիր խմբավորումներին), թե՞ մոջահեդներ՝ հավատավոր իսլամիստներ, ովքեր անհավատների դեմ «սրբազան պատերազմի» են գնացել «սրբազան երկիր»: Ինչպե՞ս, ի՞նչ կրոնական-գաղափարական տեքստերով, ի՞նչ մեխանիզմով ու շահագրգռություններով եւ ո՞ր երկրներում են նրանք հավաքագրվում ու փոխադրվում Սիրիա: Ինչպե՞ս է Ադրբեջանը մասնակցում դրան եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում: Ինչպե՞ս են հավաքագրվում հենց ադրբեջանցի գրոհայինները: Արդյո՞ք Հայաստանը պետք է մտահոգվի դրանից: Ի՞նչ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու ադրբեջանցիների ներգրավումը գլոբալ ահաբեկչական ցանցերում: Արդյո՞ք դրա հետ կապված բոլոր մարտահրավերներն են տեսանելի մեզ: Ի՞նչ կարող է եւ պետք է անեն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, խորհրդարանական ու քաղաքացիական դիվանագիտությունները:

Այս հարցերի պատասխանները շարադրելուց առաջ հարկավոր է հասկանալ թե՛ Սիրիայում տեղի ունեցող գործընթացների ուղղվածությունը, թե՛ դրանց օտար վարձկանների մասնակցության դինամիկան ու ժողովրդագրությունը:

Սուննի վարձկանների մասին որոշ վիճակագրություն 2013-ի առաջին կիսամյակի համար

Որքան էլ Ասադի վարչախումբն իր հակառակորդին, այդ թվում՝ արտասահմանցի սուննի վարձկաններին ներկայացնի մեկ համընդհանուր անվան ներքո՝ «վահաբիթներ եւ մարդասպաններ», դրսեկներին Սիրայում կառավարական ուժերի դեմ մահաբեր կռվում ներգրավվելուն դրդած շարժառիթները բավական անհամասեռ են. դրանք սկսում են Արաբական գարնան ոգեշնչումից, ժողովրդավարամետ նկրտումներից մինչեւ ամենածայրահեղ սեկտարյան եւ իսլամիստական կոշտ գծի դավանանքը:  Ըստ այդմ՝ օտարեկրացի սունի վարձկանները հարել եւ հարում են Ազատ սիրական բանակի տարբեր ստորաբաժանումների կամ իսլամիստական խմբավորումների մեյնսթրիմներին:

2013թ. գարնանը եվրոպական երկրների ԶԼՄ-ներում սկսեցին տվյալներ հրապարակվել այդ երկրներից Սիրիայում կռվող մուսուլման հավատացյալներ մասին: Այսպես՝ The Independent-ը հաղորդեց Բրիտանիայի ավելի քան 100 քաղաքացիների մասին: Le Figaro-ն Ֆրանսիայի համար հաղորդեց 50-80 թիվը: Գերմանական Der Spiegel-ը հայտնել էր տասնյակ գերմանացիների մասին, իսկ Jyllands-Posten-ը Դանիայի համար վկայակոչել էր 45-ը: Նիդեռլանդները ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել էր «զգալի» մակարդակի վրա` հաղորդելով Սիրիա մեկնած 100-ի կարգի վարձկանների մասին, որոնցից ոմանք կարող են վերադառնալ հայրենիք ու ներգրավվել ահաբեկչական գործողություններում:   

 Ապրիլին Վաշինգտոնի Մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Աարոն Զելինը Լոնդոնի թագավորական քոլեջում գործող Ռադիկալիզացիայի ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում հրապարակեց այդ շրջանի նախնական գնահատականները պարունակող զեկույց Սիրիայում կռվող օտարերկրյա վարձկանների վերաբերյալ: Այն բացառապես վերաբերում էր եվրոպական երկրներից Սիրիա մեկնածներին եւ հանրագումարել էր, որ 2011թ. սկզբից Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր շուրջ 2.000-5.000 օտարերկրյա վարձկան է մեկնել Սիրիա` ընդդիմադիր ուժերի կազմում կռվելու: Օտարերկրյա վարձկաննների հանրագումարում եվրոպական փայաբաժինը կազմում էր 135-590 մարդ կամ 7-11%-ը:   

Հունիսի 3-ին վաշինգտոնյան մերձավորարեւելյան ԶԼՄ-ների հետազոտական ինստիտուտը եւ Flashpoint Global Partners խորհրդատվական կենտրոնը  համատեղ հրապարակեցին "Convoy of Martyrs in the Levant"/«Նահատակների շարասյունը Լեվանտում» համատեղ զեկույցը: Ուսումնասիրվել էին մայիսի 30-ին նախորդած 11 ամիսների ընթացքում սպանված (որոնց մասին հաղորդվել էր) 280 օտարերկրացի սուննի գրոհայինների ժողովրդագրությունն ու կենսագրությունը: Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այդ պահի դրությամբ Սիրիայում Ասադի զորքերի դեմ կռվող օտարերկրյա վարձկանների/մոջահեդների շարքում առաջատարը լիբիացիներն են (21%), իսկ նրանց հաջորդում էին սաուդցիները (16%): Անակնկալ կերպով երրորդ տեղում հայտնվել էին թունիսցիները (16%): Իբրեւ դրա բացատրություն նշվել էր, որ հյուսիսային Աֆրիկայում արաբական գարնան շղթայից հետո Սիրիայում կռվող օտարերկրացի սուննի վարձկանների շարքում ավելացել էին Թունիսում ու Եգիպտոսում ժողովրդավարամետ ընդվզումներում ներգրավվածները, ովքեր Լիբիայում միացան Քադաֆու վարչախմբի դեմ կռիվներին, իսկ դրանից հետո էլ տեղափոխվել էին Սիրիա` Ասադի ռեժիմը տապալելու համար: Ի տարբերություն թունիսցիների` հաջորդող հորիզոնականները այնքան էլ զարմացնող չէին. չորրորդը՝ հորդանանցիներ (11%), հինգերորդը` եգիպտացիներ (10%), վեցերորդը՝ լիբանանցիներ (8%), յոթերորդը՝ պաղեստինցիներ (3%):

Չնայած համեմատության մեջ փոքր թվին` զեկույցի գնահատականով հաջորդ անակնկալը (7-րդ հորիզոնականից ներքեւ) ռուսաստանցիների (2.50%), չեչենների (1.79%), դաղստանցիների (1.43%) տոկոսային թիվն էր: Ռուսաստանի մյուս ռեգիոնների թիվը հանած` խոսքը վերաբերում էր ռուսական Կովկասից՝ Չեչնիայից, Դաղստանից եւ Կաբարդինո-Բալկարիայից սպանված 9 մոջահեդի, ինչը կազմում էր ամբողջի 3%-ից ավելին: Զեկույցում հյուսիսկովկասցիների համար նման վիճակագրությունը մասամբ բացատրվել էր տարածաշրջանի աշխարհագրական մերձավորությամբ, ինչը հեշտացնում է այդպիսի անհատների ճամփորդությունը Թուրքիայով դեպի Սիրիա: Իբրեւ պատճառաբանություն նշվել էր նաեւ, որ դա կարող է լինել նրանց եւ սիրիացի ապստամբների «համակրանքի պատասխանը» իրենց ընդհանուր թշնամուն՝ Մոսկվային, որը էական օգնություն ու աջակցություն է ցուցաբերում Ասադի ռեժիմին:

Ուսումնասիրության առարկա 280 սպանվածներից մեկը եղել էր ադրբեջանցի (0.36%), մեկը՝ Թուրքիայից (0.36%), մեկը՝ Ուզբեկստանից (0.36%), իսկ 7-ը եղել էին արեւմտյան երկրներից՝ Ֆրանսիայից, Դանիայից, Ավստրալիայից, Միացյալ Թագավորությունից եւ ԱՄՆ-ից: Սպանվածների գրեթե մեկ երրրոդը (31%) պատկանել էին Ալ-Քաիդայի սիրիական բջիջին՝ Ջաբհատ-ալ-Նուսրային, մնացյալը՝ Ազատ սիրիական բանակին (5%), Ահրար ալ-Շամին (2.50%), Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ Անսարին (2%), Սուքուր ալ-Շամին (1.4%), Ջաբհատ-ալ-Նուսրայի մասնաճյուղը համարվող Ջունոդ ալ-Հաք Բուկամալին (1%), Լիվա ալ-Ումմահին (0.71%), Մաջլիս Շուրա ալ-Մուջահիդին Ֆի աշ-Շամին (0.71%), 0.36%-ական տոկոս (կամ 1 սպանված)՝ Քաթիբաթ ալ-Բարա'բին Մալիկին, Քաթա'իբ ալ-Թավհիդին, Լիվա' ալ-Ռուսայֆահին, Լիվա' ալ-Ումմահին, Լիվա'աթ Թավհիդին, Սուննի առյուծների բրիգադին, Սուքուր Ֆաթահ ալ-Իսլամին:   

Զեկույցի համաձայն՝ 2013թ. հունիսին նախորդած ամիսների ընթացքում ռուսական Կովկասից, անգամ՝ Չինաստանից, Ավստրալիայից (ինչպես ստորեւ կնկատենք այլ աղբյուրների՝ Ղրիմից, Թաթարստանից, Ադրբեջանից) վարձկանները հատկապես գրկաբաց ընդունվել էին արտասահմանցիներից կազմված «Մուհաջիրների բրիգադում»՝ Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ Անսարում, որը ստեղծել են լիբիացիները Լաթակիայում ու կռվում են հենց այդ շրջանի բնակավայրերում (ինչպես արեւմտյան լրատավամիջոցներն էին ոչ պատահականորեն ընդգծել՝ Լաթակիայից 30 կիլոմետր հյուսիս գտնվող Քեսաբը նախկինում եղել է հայկական բնակավայր, որտեղ աստիճանաբար հիմնավորվել են ալավիտները, որոնք հայերի ու այլ փոքրամասնական ազգությունների հետ միասին պաշտպանում են Ասադի վարչախմբին): Հենց այս բանակի կազմում են գերազանցապես կռվում «Կովկասի էմիրաթներ» ծայրահեղական կազմակերպության անդամները, այդ թվում՝ սեպտեմբերին սպանված ադրբեջանական ջամաատի ամիրն ու նրա ստորաբաժանման անդամները: Իսկ 2014թ. սկզբին սպանված ադրբեջանցիները հարել են Ալ-Քաիդայի սիրիական բջիջին՝ Ջաբհատ-ալ-Նուսրային:

Ընդհանուր առմամբ, զեկույցի ընդգրկած 11 ամիսների ընթացքում սպանվել էին «Կովկասի էմիրաթներից» ու Ռուսաստանից Սիրիա գնացած 17 մոջահեդներ: Չնայած հրապարակված թվերին, ըստ ամենայնի, այդ կազմակերպության հետ կապ ունեցող կայքերից մեկը չափազանցված համարեց թե՛ այդ, թե՛ սպանված մոջահեդների 280 ընդհանուր թիվը:

Նույն այդ շրջանի համար չափազանց արժեքավոր են նաեւ ռուսական հատուկ ծառայությունների հրապարակած թվերը: Հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների եւ Ռուսաստանի ԱԴԾ-ի գործընկեր պետությունների իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցությունից հետո հայտարարեց, թե «Ռուսաստանի դաշնությունից մոտ 200 դրսեկ Սիրիայում կռվում է ահաբեկիչների կողմից»:

Նույն օրը Սիրիայի տարածքում ռազմական հակամարտության մեջ չեչենների մասնակցության խնդրով Գրոզնիում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված Չեչնիայի տնտեսական եւ հասարակական անվտանգության խորհրդի նիստից հետո այդ կառույցի անհայտ մնալ ցանկացած աշխատակիցը հայտնել էր, թե Սիրիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին մասնակցում են Չեչնիայի 29 քաղաքացիներ, այդ թվում՝ 25-30 տարեկան երիտասարդ մարդիկ, ովքեր ավելի վաղ էին մեկնել Մերձավոր Արեւելք կրոնական կրթություն ստանալու, իսկ նրանցից 7-ը սպանվել են սիրիական բանակի հետ մարտերի ժամանակ: Ի հակադրություն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի հայտարարած բավական մեծ ու մտահոգիչ թվերի` Չեչնիայի ներկայացուցիչները նույնպես հակված են եղել ակնհայտորեն նվազեցնել այդ երկրամասից Սիրիա մեկնած մոջահեդների իրական թիվը: 

Հուլիսի 11-ին ադրբեջանական «Ֆաքթհաբեր» կայքին տված իր մեկնաբանություններում ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսն էլ հայտնել էր, թե «մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Աֆղանստանում եւ Պակիստանում ահաբեկչական խմբավորումներին միացել են 200-250 երիտասարդ ադրբեջանցիներ: Նրանցից 3-ը կանայք են: Իսկ Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվում են 100 ադրբեջանցիներ: Նրանցից 40-ը, ստեղծելով իրենց հատուկ բանդան, կռվում են միեւնույն քաղաքներում: Նրանք նույնիսկ ամեն օր թարմացվող սեփական կայքն ունեն»: Ակնհայտորեն, Արիֆ Յունուսը նկատի ուներ «Կովկասի էմիրաթներ» իսլամիստական կազմակերպության ադրբեջանական ջամաատի ամիր Աբու Յախյա ալ Ազերին, ով «Ալ Անսար բանակի» կազմում ղեկավարում էր ադրբեջանցի մոջահեդների ջոկատը: Յունուսի վկայությունը լավագույնս համադրվում է նաեւ ադրբեջանցի լրատվամիջոցների կողմից պարբերական հղման առարկա հանդիսացող «մոջահեդների հետ կապ ունեցող երկու կայքի» հետ: Դրանցից երկրորդն էլ, հավանաբար, պատկանում է Ջաբհատ-ալ-Նուսրայի կազմում կռվող ադրբեջանցիներին, եւ այդ երկու կայքերի նորություններն էլ լավագույնս ու գրագետ շրջանառում են Ադրբեջանի պետական ու անկախ (մոջահեդներին համակրող) լրատվամիջոցները:      

Այսպիսով, տարբեր երկրներից օտարերկրացի սուննի վարձկանների թվաքանակի ավելացման միտումներն արդեն անցած տարվա կեսին արձանագրել էին թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական, թե՛ բրիտանական ու այլ հետազոտական կենտրոնները եւ հատուկ ծառայությունները: Վերջիններս նաեւ լուրջ մտահոգություններ էին հայտնել դրա կապակցությամբ, եւ ինչպես հետագան ցույց տվեց՝ ամենեւին ոչ անտեղի: Ի հակառակ դրա՝ Ադրբեջանում լավագույն դեպքում հասարակության իսլամականացման խորացող միտումներով, Սիրիայում ու այլուր կռվելու համար հավաքագրված ադրբեջանցի վարձկանների թվի աճով անհանգստացած էին բացառապես անկախ փորձագետները, բայց ոչ՝ իշխանությունը: Որքան էլ Իլհամ Ալիեւի վարչախումբը այս տարիներին անողոք է վարվել Իրանի իսլամական հանրապետության կրոնական կազմակերպությունների ազդեցության տակ գտնվող իսլամական խմբավորումներ հանդեպ՝ նրանց հարյուրներով բանտարկելով, այդուհանդերձ, չափազանց «չեզոք» կամ «հանդուրժող» է իր տարածքով Թուրքիա, ապա՝ Սիրիա մեկնող ադրբեջանցի ու հյուսիսկովկասցի սուննի վարձկանների հանդեպ: Իսկ դա իր պատճառներն ու հետապնդած նպատակներն ունի...

(շարունակություն) 

Ստեփան Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան  

Մեկնաբանություններ (1)

Նուբար Ասլանյան
Ժողովրդական լավ ասացվածք կա՝«սրա ձենը հետո կլսենք»: Ցավոք,կարծում եմ հեռու չէ այդ օրը...Բայց, սա միայն Հայաստանի խնդիրը չէ, եւ եթե աստառը շուռ տված Եւրոպան,ահաբեկչության դեմ «մեծ պայքար»մղող Ամերիկան ու հատկապես Իսրայելը միահամուռ չմտնեն«խաղի մեջ»,ապա լավ հոտ չի գալու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter