HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գեղանկարիչ Սամվել Լաճիկյան. «Գնացի, որովհետեւ էլ անելիք չունեի»

Տնակի փոքրիկ սենյակում ցուրտ է: Էլեկտրական տաքացուցիչը, որքան հնարավոր է, մոտեցնում եմ ծնկներիս: Նկարակալի վրա անավարտ մի կտավ է՝ երիցուկների փնջի միջից ժպտացող երկու վարդով: Սենյակում մենակ եմ, ու քանի որ նկարից բացի ուրիշ հետաքրքիր բան չկա, սկսում եմ ուսումնասիրել: Ի վերջո, ավարտելով հեռախոսազրույցը` ներս է մտնում նկարի հեղինակը՝ գեղանկարիչ Սամվել Լաճիկյանը:

Նկատելով հայացքիս ուղղությունը՝ հարցնում է. «Հը, դուրդ եկա՞վ»: Ասում եմ. «Հա, սիրուն է, հատկապես` հայկական գորգերի հատվածը»: Տղամարդը, որ նկարակալի հետեւից է խոսում հետս, պտտվում ու կանգնում է նկարի դիմաց: «Ասում ես, դուրդ եկա՞վ, հա՜, բայց նկարը թարս է դրած, ճիշտն էս է, չնայած էնպես է նկարված, որ ամեն կողմից էլ դիտելիս ստացվում է, որ ճիշտը դա է»,- ասում ու գլխի վրա շուռ է տալիս կտավը: «Դե, էնպես էլ էր շատ սիրուն»,- արդարանում եմ ու շփոթմունքս թաքցնելու նպատակով սեղմում ձայնագրիչի կարմիր կոճակը:

«Ինչու՞ գնացիք»,- հարցնում եմ՝ հայացքս սպասողական հառած դեմքին: «Ու՞ր»,-երեխայի անմիջականությամբ հարցնում է դիմացս նստած, արդեն կես դար կյանքն ապրած տղամարդը: «Գյումրիից ինչու՞ գնացիք»: «Որովհետեւ էլ անելիք չունեի»,- պատասխանում է հարցիս մի փոքր ծուռ ժպիտով:

«1995թ-ին եմ գնացել: Գնացի ոչ թե նրա համար, որ վատ էր, չէ, շատ լավ էր՝ իմ համար, երեխեքիս, աշակերտներիս համար, նկարիչների, քաղաքացիների համար, բոլորի համար էլ լավ էր: Իրանց համար լավ էր, որ ես էստեղ էի՝ Գյումրիում, եւ իմ համար էր լավ, քանի որ իրանց մեջ էի»,- զրուցակցիս դեմքին տխրության հետք չկա, գուցե նրանից է, որ աչքերն անընդհատ ծիծաղում են՝ թաքցնելով իրական հույզերը:

«1987թ-ին, երբ նշանակվեցի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն, լիքը ծրագրեր ունեի: Իմ երազանքների դպրոցը պիտի սարքեի ու սարքեցի, թեպետ երկրաշարժը շատ բան կիսատ թողեց: Ես էն ժամանակները «Ղարաբաղ» կոմիտեի մեջ էի, միտինգների մեջ էի ու «հեղափոխությունը» փողոցից տեղափոխեցի դպրոց,-շարունակում է զրուցակիցս,- էն ժամանակ 35 տարեկան էի՝ լցված տարբեր առաջադիմական գաղափարներով, ֆանտազիաներով: Երազանքս էր, որ Գյումրին ունենար իսկական արվեստների մի դարբնոց»:

Երկրաշարժից Մերկուրովի անվան նկարչական դպրոցի շենքը դարձավ վթարային, ոչ պիտանի շահագործման համար: Այս անգամ էլ, նույն ավյունով, Սամվել Լաճիկյանը ձեռնամուխ է լինում արդեն տնակային դպրոցի կառուցմանը: Աղետից հետո մարդկանց միակ օթեւանը տնակներն (դոմիկ) էին: Նույնատիպ կառույցներում էին նաեւ հանրակրթական հաստատությունները: Գյումրու կենտրոնական այգու մի հատվածում կառուցվում է փայտաշեն ընդարաձակ ժամանակավոր մի շինություն, որտեղ տեղավորվում են Մերկուրովի նկարչական, թիվ 1 եւ 6 երաժշտական դպրոցները:

«Երկրաշարժից հետո հիշում եք չէ՞, թե ինչ վատ պայմաններում էին ապրում մարդիկ՝ սոված, առանց ջերմության, անլույս, բայց իրանց երեխեքին շարունակում էին ուղարկել նկարչական ու երաժշտական դպրոցներ: Իմ ղեկավարած դպրոցում 250 աշակերտ էր սովորում: Երեխաները շատ հաճախ դասի էին գալիս սոված, ուշաթափվում էին: Էդ երեխեքի համար մուրաբա էինք բերում, որ ուտեին,- հիշում է Սամվել Լաճիկյանը,- թուղթ, ներկ, վրձին, մատիտ ու կտավներ էի ճարում, որ նկարեն, որ սովորեն: Դպրոցը փայտաշեն էր, բայց բոլոր հարամարությունները կար՝ ջուր, լույս, զուգարան, տաքություն: Երեխեքը ժամերով մնում էին, դժվարությամբ էին տուն գնում: Իսկ էս վերջերս նայում եմ, հեռուստատեսությամբ նկարչականի ներկայիս տնօրենն էր ելույթ ունենում ու ասում էր, որ 50 թե 60 աշակերտ ունեն»:

Սամվելի աչքերից անհետանում են ծիծաղկուն կայծերը: Հիշում է, թե ինչպես են իր բազմաթիվ ծրագրերը՝ կապված նկարչական դպրոցի հետ համարվել «ուտոպիստական» ու մերժվել, թե ինչպես է շատ բաներ կարողացել անել միմիայն բնածին համառության, դռները համառորեն թակելու, մարդկանց համոզել կարողանալու իր շնորհով: Ու մի օր շրջադարձային որոշում է կայացրել՝ մեկնել Ամերիկա:

«Կոլոմբոսի ճանապարհորդության պես մի բան էր որոշումս,- զրուցակիցս ծիծաղում է,- միայն թե նա գնում էր երկրներ հայտնագործելու, իսկ ես ուզում էի ինքս ինձ գտնել կամ վերագտնել: Չգիտեմ, դժվար է բացատրելը: Ուզում էի տեսնել, կարողանալու եմ ապրել, ստեղծագործել, կայանալ, արդյոք կստացվի դա իմ մոտ օտար հողում: Ես, որ այդքան ուժեղ էի ինձ զգում իմ հայրենիքում, իմ հողի վրա, կարողանալո՞ւ էի ինքնահաստատվել, գտնել ինքս ինձ երկրագնդի հակառակ կողմում: Մեր զրույցի սկզբում ասի, հիմա էլ կրկնեմ. գնացի, որովհետեւ էլ անելիք չունեի Գյումրիում, էն ինչ հնարավոր էր անել քաղաքիս, իմ սիրելի դպրոցի համար՝ արել էի»:

Հարցերս ստիպում են զրուցակցիս առվազն 20 տարով հետ գնալ: «Ես չեմ ասում, թե հեշտ է եղել գնալը: Ես միշտ խելառ ձեւով եմ սիրել Լեննագանը: Էն ջահել տարիներիս էլ, թեկուզ գործերով, որ Երեւան էի գնում, ինձ թվում էր, թե առանց ինձ քաղաքս  քանդեցին, ավիրեցին, թալանեցին: Ուր գնացել եմ, աշխատել եմ, շուտ հետ գալ: Լեննագանցին իր սերը մի բառով կարտահայտե՝ «խելռիմգը», էն «գ»-ն էլ գուրգուրելն է, այ իմ սերն էդ տեսակ սերերից է: Բայց կյանքն ուրիշ պահանջ դրեց իմ առաջ, ես ինքս իմ առաջ պահանջ դրեցի»,-ասում է Սամվել Լաճիկյանը:

«Ինձ նկարիչ  չէին համարում, որովհետեւ ինքնուս էի»

«Խորհրդային տարիներին ինձ մեր հարգաժան նկարիչները չէին ընդունում, որովհետեւ ինքնուս էի, իրենց նման հերթականությամբ դպրոց ու համապատասխան ինստիտուտ չէի ավարտել: Ես, որ շատ շատերից լավ էի նկարում, միայն այն բանի համար, որ չէի ավարտել գեղարվեստի ինստիտուտ, ինձ նկարիչ չէին համարում,-Սամվելը քմծիծաղ է տալիս,-բայց ճակատագիրը հետաքրքիր բան է: Ես, ինքնուսս, 35 տարեկանում դարձա նկարիչների միության նախագահ, Գյումրիի Մերկուրովի նկարչական դպրոցի տնօրենն էի, քաղաքային խորհրդի դեպուտատ էի»:

«Ասպետ».1993 «Տիրամայր».1994

Սամվել Լաճիկյանի մայրը` տիկին Ժենյան, մի պահ ընդհատում է մեր զույցը՝ հիշելով, որ տղան նկարել սկսել է 3 տարեկանից: «Թղթի վրա արտանկարում էր լուցկու տուփերի վրա եղած նկարները»,- ասում է տիկին Ժենյան: Սամվելը մի քանի տարի հաճախել է նաեւ նկարչական դպրոց: Չի ափսոսում ժամանակին ակադեմիական կրթություն չստանալու համար: Հիմա, երբ վերլուծում է իր անցած ողջ ուղին, համարում է, որ հենց ինքնուս լինելն է եղել հաջողության գրավականը:

Շնորհակալ է մարդկանց, ովքեր իրենց մերժողական կեցվածքով ստիպեցին իրեն համառորեն առաջ գնալ: «Ես 29 տարեկանում որոշեցի ի վերջո ընդունվել Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարի բաժինը, որն ավարտեցի 3 տարում: Եթե նկարիչների ընտանիք ընդունվելու համար այդքան կարեւոր էր այդ դիպլոմը, ինչո՞ւ չունենայի: Իհարկե շնորհակալ եմ այդ տարիներին, Էդուարդ Իսաբեկյանին, այն բոլոր շնորհալի մարդկանց, որոնցից սովորելու բան եմ ունեցել»,- ասում է նա:

Սամվել Լաճիկյանը մասնագիտությամբ ինժեներ է, ճակատագրով՝ նկարիչ: Որքան իրեն հիշում է, միշտ նկարել է:  «Տասը տարի Գյումրիի Անալիտիկ սարքերի գործարանում եմ աշխատել, գործընկերներիս էի նկարում, գործուղման էի գնում՝ օդանավակայանի սպասասրահում նստածներին էի նկարում: Բանակում էլ էի նկարում: Բլոկնոտներս լիքն էին դիմանկարներով, բայց դրանց լրջորեն չէի վերաբերվում»,-ասում է զրուցակիցս:

Լրջորեն նկարչությամբ սկսել է զբաղվել 27 տարեկանում: Առաջին լուրջ գործը, որ կոչել էր «Նատյուրմորտ մոմով», ջրաներկ էր: 1981 թվականն էր, Գյումրիի նկարիչների միությունում կազակերպվել էր ցուցահանդես: «Նկարս դրեցի շրջանակի մեջ ու տարա նկարիչների միություն,- հիշում է Սամվելը,- եկավ Խաչիկ Վարդպարոնյանը՝ «ժուժուն» վզին կապած, վաստակավոր նկարիչ, նկարիչների միության նախագահ, տեսավ նկարս, հարցրեց` ե՞րբ ես ավարտել, ասի չեմ ավարտել, հարցրեց, բա դու պրոֆեսիոնալ նկարչական կրթություն չունե՞ս, ասի չէ, ինժեներ եմ: Ասեց գնա, դու իրավունք չունես մեր հետ ցուցադրվելու, դու ինքնուս ես»:

Սամվելի հեղինակած նատյուրմորտը եղբայրը՝ Լեւոն Լաճիկյանն ուղարկում է Մոսկվայում կազմակերպված Ջրաներկի համամիութենական 6-րդ ցուցահանդեսին, որին Հայաստանից ընդամենը 5 նկարիչ էր մասնակցում: Ցուցադրությունն իր հետ բերում է առաջին լուրջ հաջողությունը: Հաջորդ տարի նմանատիպ մեկ այլ ցուցադրության, որ կազմակերպվել էր Բաքվում, Սամվելն ուղարկում է ջրաներկով արված սեփական դիմանկարը:

«Ինքնանկար».1982

Դեռ այն ժամանակ, Ջրաներկի համամիութենական 7-րդ ցուցահանդեսի մասին պատմող տեսանյութի հեղինակը՝ առանձնացնելով Լաճիկյանի ինքնանկարը, նկատել էր. «Նայելով Սամվել Լաճիկյանի ինքնանկարին՝ հիշում ես հնուց եկած մի հին վեճի մասին. ինչի՞ն վերագրել ի վերջո ակվարելը (ջրաներկ)՝ գրաֆիկային, թե՞ գեղանկարչությանը»:

 «Ջրաներկը շատ քմահաճ նյութ է,- բացատրում է զրուցակիցս,- ջրաներկով եթե նկարեցիր ու չստացվեց, չես կարող ուղղել: Յուղաներկով դու սեւ գույն կդնես, դուրդ չեկավ, վրան կարող ես դեղին գույն դնել, իսկ ջրաներկը, եթե դեղին արեցիր, սեւով չես կարող ծածկել: Ջրաներկով աշխատելու ժամանակ դու պիտի պարզապես վրձնիդ հետ շնչես, ջրաներկը քեզ սխալվելու հնարավորություն գրեթե չի ընձեռում: Յուղաներկն ուրիշ է, էստեղ այլ կերպ ես աշխատում, իսկ ընդհանրապես՝ իրական արժեք ստեղծելու առումով նյութը կապ չունի»:

Սա բացատրելիս զրուցակիցս հակվում է դեպի ինձ՝ կարծես ցանկանալով ստուգել հասկացա արդյոք նկարչության վերաբերյալ իր հակիրճ բացատրությունը, մեկ էլ կտրուկ հետ թեքվելով  ու ձեռքը թափ տալով՝ պոռթկում է. «Դե եթե շատ ես ուզում իմանալ, ասեմ, որ նկարիչը խոսալու ժամանակ էլ է նկարիչ, քեֆի վախտ էլ է նկարիչ, հարբած վախտ էլ է նկարիչ, Ռուբեն Հախվերդյանն էլ է նկարիչ, չնայած որ երգում է, հոգին է կարեւորը, հոգին»:

«Գնալս քննադատվեց, հետ վերադարձս՝ սրերով ընդունվեց»

Տնակի ցուրտ հատվածից տեղափոխվել ենք շատ ավելի տաք սենյակ ու վայելում ենք տիկին Ժենյայի պատրաստած սուրճը: Ես դեռ ներս մտնելիս էի նկատել, որ Սամվելը մի թեթեւ կաղում է: «Անցած տարի դեկտեմբերին եմ ընկել, նոր մի շաբաթվա եկած էի, ընկա ոտքս կոտրեցի ու էս մի տարի է չի լավանում, -այնքան թեթեւություն կա ձայնի մեջ ասես ծննդյան տոներից է խոսում,- բայց ոտքս կոտրելու մեջ էլ լավ բան կար, դրական բան: Սկսեցի դիմանկարեր անել: Հորս նկարեցի, մորս նկարեցի: Երեք ամիս մի սենյակի մեջ կմնայինք ես ու հայրս: Էն չխոսացած տարիների տեղը լրիվ հանել եմ: Հետո հայրս մահացավ ու ինչ-որ տեղ սիրտս հանգիստ էր, որ իրա կողքին եմ եղել»:

Սամվել Լաճիկյանի ծնողների դիմանկարները

Վերադառնալուց հետո գեղանկարիչը հակասական տրամադրություն է նկատել արվեստակիցների շրջանում, հատկապես, երբ տեղյակ է պահել, որ վերահասատատվելու է Գյումրիում: «Իրանց թվաց ու հիմա էլ էդ կարծիքին են, որ իմ վերադարձով իրանց տեղը պիտի նեղանա: Էս մարդիկ էդպես էլ չհասկացան, որ գնալու համար ուժ ու ռիսկ էր պետք, իսկ վերադառնալու համար պիտի կրկնակի ուժեղ լինեիր»,-ասում է զրուցակիցս:

«Լենինական.ձմեռ».1987

1995թ-ին, երբ հեռանում էր Գյումրիից, կայացած անձնավորություն էր՝ իր ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետ, ուներ ճանաչում, հարգանք, հեղինակություն: Ամերիկայում հարկ եղավ ամեն ինչ սկսել զրոյից: «Ես մեկնելուցս հետո 2 տարի նկարել եմ: Մի տեսակ բացը լրացնելու ցանկություն կար, որ առաջացել էր Լեննագանում աշխատելու տարիներին: Հետո ստիպված եղա ոսկերչություն սովորել, զբաղվել դիզայնով: Տարիների ընթացքում Ամերիկայում ստեղծեցինք մեր բրենդային գործերը՝ ոսկու եւ արծաթի համաձուլվածքով: Մասնաճյուղ բացեցի Երեւանում: Հիմա վերադարձել եմ արմատներիս, ասում են ինչի՞ ես եկել, գնացել էիր, մնայիր էլի քո ամերիկաներում: Էդմոնդ Քեոսայանի կինը՝ Լաուրան պատմում էր, թե Էդմոնդը որ Մոսկվայից գալիս էր Երեւան ու մեկ ամսից ավել էր մնում, ամբողջ Հայֆիլմն իրար էր խառնվում՝ կարո՞ղ է Էդմոնդը մնա ընդմիշտ»:

Սամվելը մի պահ լռում է: «Միշտ եղել է էդ մտավախությունը, արվեստագետների մոտ դա շատ է տարածված: Օրինակ`ինչի՞ պիտի Փարաջանովը գնար Թիֆլիսի համար ստեղծեր: Փարաջանովին մինչեւ վերջին կաթիլը քամել են վրացիները, անգամ ունիվերմագի վիտրինաների ձեւավորումն են տվել իրան: Իսկ Հայաստա՞նը… Լավ է, որ «Նռան գույնը» նկարեց»,- շարունակում է նա:

Գյումրիում շնորհքով ու տաղանդավոր լինելուց զատ պիտի նաեւ ուժեղ անհատականություն լինես, համոզված է Սամվելը, այլապես քեզ «կոչնչացնեն»: Զրուցակիցս հիշում է խորհրդային տարիներից քաղաքում հայտնի խելառ Սարգիսին ու օրիորդ Վարսենիկին:

«Խելառ Սարգիսի համար ասում էին, թե Օքսֆորդի համալսարանն է ավարտել, 7 օտար լեզու գիտեր՝ հայրենսիրական մղումներով, ռոմանտիկ-ռոմանտիկ եկել, ընկել էր էս քաղաք, ու քանի որ թույլ էր, գորշությունն իրան կերավ: Փողոցներում մարդկանցից 20 աբասի (կոպեկ) կհավաքեր: Օրիորդ Վարսենիկը, ում վրա բոլորը ծիծաղում էին, Պետերբուրգի ակադեմիան էր ավարտել, ռուս աֆիցերի վրա էր սիրահարված եղել, էդ մարդը պատերազմ գնացել, չէր եկել, ու ինքը սաղ կյանքն էդ աֆիցերին է սպասել: Երկուսին էլ գժի տեղ էին դրել լեննագանցիք»:

Իր վերադարձի հետ կապված բոլոր տեսակի խոսակցությունների տհաճ շրջանը հաղթահարած գեղանկարիչն ասում է, որ ինքը ամաչելու բան չունի ոչ իր արարքների, ոչ ապրած կյանքի համար: Երկու զավակ ունի: Տղան դիզայներ է, աղջիկը՝ բժշկուհի: Երկուսն էլ ամուսնացած են: Սկզբում տխրել է, երբ հասկացել է, որ զավակներից ոչ մեկը նկարիչ  չի դառնալու, հետո իրեն հույս է տվել. նկարելու գենը թոռներից որեւէ մեկի մոտ ապագայում հաստատ ի հայտ կգա: Անցյալ տարի էլ արժանացավ վաստակավոր նկարչի կոչման ու նախագահի պարգեւին:

Գյումրիում մտադիր է ստեղծել իր դպրոցը: Կախարդական փայտիկ ունենալու դեպքում կցանկանար Հայաստանի ողջ բնակչությանը թեկուզ կարճ ժամանակով տեղափոխել բնակության Ամերիկա: «Որ իմանան` ինչ է աշխատելը, չարչարվելը, տանջվելը, օրենք հարգելը, որ փողոցում չթքեն, որ աղբը չտանեն հարեւանի դռանը լցնեն,- Լաճիկյանի աչքերում կրկին կայծեր են բռնկվում,- մեկը Գյումրիում մի օր հարցրեց. ի՞նչ էնենք, պարապ ենք, ասի` վարդ տնկի դռանդ առաջ ու ամեն օր ջրի»:

Մեկնաբանություններ (4)

Արամ Վրույրի Ավետիսյան
Սամվել ջան բոլոր գործերիդ մեջ նրբաճաշակությունը գերբարձր մակարդակի է Մարդուն նրբաճաշակ հատկություն տրվում է իվերուստ ու փոխանցվում գեներով
Գագիկ
Աշխատող ու տաղանդավոր մարդու ամենամեծ թշնամին ոչ թե մարդիկ են, այլ հուսահատությունը, երբեք չկորցնես հավատդ քո, հարազատներիդ, քեզ հասկացողների և գնահատողների նկատմամբ
Оганес
Самвел джан. нам с тобой делить нечего, а вспоминать есть что... Во всяком случае мне. Даже уйдя из этой жизни буду рад, что был знаком с таким человеком. Будь счастлив!!!
Երանուհի Սողոյան
Ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված գեղանկարիչ Սամվել Լաճիկյանը խնդրել է փոխանցել, որ աշխատանքներ տարվում են: Պարզապես խնդիր կա իր մոտ 40 մեծ կտավները Ամերիկայից տեղափոխելու: Երբ հավաքածուն ամբողջանա, այդ ժամանակ էլ կկազմակերպի անհատական ցուցադրությունն իր գործերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter