HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորի ընկերությունը երկու շաբաթ է` չի սպասարկում 4 գյուղերի երթուղին

Դեկտեմբերի 25-ից Արմավիրի մարզի Դողս, Ամբերդ, Լեռնամերձ, Աղավնատուն գյուղերի բնակիչները զրկված են հասարակական տրանսպորտից: Այս գյուղերը հարեւան են եւ սպասարկվում են հասարակական նույն տրանսպորտով: Սովորաբար օրական 10 անգամ ավտոբուս պետք է մտնի նշված համայնքներ, սակայն տոներից առաջ եւ հիմա բնակիչները նույնիսկ մեկ ավտոբուսի են կարոտ: Երթուղին սպասարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ընկերությունը:

Պատգամավորի հայրենի Արշալույս գյուղում իր ընկերության ավտոբուսները սպասարկում են անխափան, սակայն վերը նշված գյուղերի, ինչպես նաեւ մի շարք այլ համայնքների երթուղիները սպասարկվում են քմահաճույքով: Իսկ այն օրերին, երբ ավտոբուսները «գիծ» են դուրս գալիս, մնում են կես ճանապարհին և ստիպված են կես ճանապարհից հետ գնալ, քանի որ «Պազիկ» ավտոբուսները գրեթե պիտանի չեն շահագործման եւ անընդհատ անսարքություններ են ի հայտ գալիս:

Վերջերս էլ վարորդներից մեկը չէր կարողանում կանգառներում կանգնել, որովհետեւ ճանապարհի կեսից արգելակները սկսեցին չաշխատել: Ավտոբուսում վախից քարացած մարդկանց հորդորում էր պատուհանները բացել եւ կանգառում սպասողներին տեղեկացնել, որ չկանգնելու պատճառը արգելակների խափանումն է:

Էջմիածնից նշված գյուղեր եւ հակառակը տաքսիները մարդկանց տանում են 1000-1300 դրամով: Դեկտեմբերի 25-ից գյուղացիները երթեւեկում են բացառապես տաքսիներով, ինչը թանկ հաճույք է: Վիճակը սարսափելի է հատկապես առավոտյան եւ երեկոյան, երբ մարդիկ գնում են աշխատանքի, դասի կամ վերադառնում են տուն:

Երեկ միջին տարիքի մի կին աշխատանքից վերադառնում էր տուն՝ Դողս գյուղ: Ժամը 18.30-ի սահմաններում Արշալույսի ավտոբուսներով եկել էր ճանապարհի մի հատվածը, հետո մթության մեջ սպասում էր իրենց գյուղ տանող ճանապարհի` «Մուղանի խաչմերուկ» կոչվող տարածքում, որպեսզի Դողս գնացող մեքենաները իրեն էլ տեղ հասցնեին: Երկար սպասելուց հետո կինը նստեց Աղավնատուն գնացող տաքսի եւ Դողսի ու Աղավնատան բաժանման կետում իջավ, որպեսզի այնտեղից էլ այլ ավտոմեքենա նստեր կամ մոտ 2 կմ ճանապարհը ոտքով անցներ:

«Մի օր շան ու գելի բաժին ենք դառնալու, էս ինչ վիճակ ա, ավտոբուսին արդեն «կակա» ենք ասում»,- դժգհեց կինը եւ իջավ ավտոմեքենայից: Եւ այսպես ամեն օր:

Երթուղին սպասարկող ընկերության տնօրեն Մանվել Վարդանյանն այս օրերին «անհասանելի» է դարձել դժգոհող քաղաքացիների համար: Նա կամ տեղում չի լինում կամ անջատում է հեռախոսը, կամ էլ՝ «բաժանորդն անհասանելի է, փորձեք ավելի ուշ»:  Գյուղացիները հույս ունեն, որ խնդրով կզբաղվի տրանսպորտի նախարարությունը. չէ՞ որ «Էջմիածնի ԲՈՒԱՏ»-ը երթուղին սպասարկում է մրցույթում հաղթելուց հետո, իսկ այժմ, խախտելով իր ստանձնած պարտավորությունը, սպասարկում չի իրականացնում:

Լուսանկարը` www.autopro.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter