Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Դերասանուհին հեռացել է թատրոնից նվազագույնից ցածր աշխատավարձի պատճառով



Ալավերդու քաղաքային թատրոնի դերասանուհի Սիլվա Նազարյանի բեմական կյանքի 35-ամյակը լրանալու է այս տարի: Դերասանուհին, սակայն, 2013թ.-ի օգոստոսից հեռացել է թատրոնից` ցածր աշխատավարձի պատճառով: Սիլվան հայտնեց, որ մինչև նվազագույն աշխատավարձի` 2013թ. հուլիսի 1-ի բարձրացումը, իր մաքուր աշխատավարձը կազմել է 36 հազար դրամ: Դերասանուհին, սակայն, քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղբեկյանին խնդրել է իրեն վճարել 26 հազար դրամ, որպեսզի կարողանա թոռնիկների անունով ստանալ 27 հազար դրամ նպաստ: Սիլվայի ամսվա եկամուտը այդ պարագայում կազմել է 53 հազար դրամ, որը սահմանված մաքուր աշխատավարձից 17 հազար դրամով  ավելի է: Բացի դա Ալավերդու քաղաքապետարանը տարվա 8 ամիսն է քաղաքային թատրոնի դերասաններին վճարում աշխատավարձ, այս դեպքում  դերասանուհին նպաստը դիտել է կայուն վճար` տարվա մնացած չվճարվող 4 ամիսներին իր գոյությունը պահպանելու համար:

Նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ սահմանվելուց հետո Սիլվան Նազարյանը մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանին հայտնել է, որ հրաժարվում է նպաստից և խնդրել է իր աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ: «Մի քանի օր հետո տնօրենը  ինձ կանչեց իր աշխատասենյակ և ասաց, որ հնարավոր չէ բարձրացնել  իմ աշխատավարձը, և ես շարունակելու եմ աշխատել 26 հազար դրամ աշխատավարձով»,- ասում է Սիլվա Նազարյանը:  

Հետայդու Սիլվա Նազարյանը հրաժարվել է գլխավոր դերերից, ապա դիմում է տվել և հեռացել թատրոնից: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը Սիլվա Նազարյանի հեռանալը մեծ կորուստ է համարում ոչ միայն քաղաքային թատրոնի, այլև Ալավերդու մշակութային կյանքի համար: Հրաչյա Պապինյանը կարծում է, որ քաղաքային թատրոնը պետք է «կամ մարդավարի պահել, կամ փակել»: «Քաղաքապետը նախորդ տարի վստահեցնում էր, որ դերասաններին 10 ամիս կվճարի աշխատավարձ, բայց չկարողացավ: Այս տարվա բյուջեով նախատեսել է դերասաններին 6 ամիս տալ աշխատավարձ: Արտավազդ Վարոսյանն ասում է. «Ձեր ինչ գործն է, երկու ամսվա աշխատավարձն էլ վճարելու եմ խնայողությունների հաշվին»»,- հայտնեց Հրաչյա Պապինյանը:

Սիլվա Նազարյանը Ալավերդու թատրոնում կերտել է 40-ից ավելի կանացի կերպարներ: Վաստակել է կնոջ դերակատարման 12 գլխավոր մրցանակներ: Դերասանուհին խաղացել է Քլեա (Գիլերմի Ֆիգեյրեդո, «Եզոպոս»), կոմսուհի (Բոմարշե, «Ֆիգարոյի ամուսնություն»), խելագարված կին (Էդուարդե դե Ֆիլիպո, «Ուրվականներ»), Հեղինե (Լետրան, «Հեղինեի առևանգում»): Ալավերդցի թատերասերները  չեն մոռանում Սիլվայի Օլգան (Ռազումովսկա, «Անհող այգի»):

«Անհող այգի» ներկայացման ժամանակ

«Չգիտեմ` լավ, թե վատ եմ խաղացել, սակայն իմ կյանքից չի ջնջվում Պոլյակովի «Սոխակների գիշերը» դրամայի գլխավոր հերոսուհու` Ինգայի իմ  կերտած կերպարը»,- ասում է  դերասանուհին: Սիլվա Նազարյանը բեմական իր գեղեցիկ արտաքինով, գունեղ և հմայիչ ձայնով ու բացառիկ անկեղծությամբ կարողանում է մարմնավորել կանացի հետաքրքիր ու կենդանի կերպարներ: Հանդիսատեսը նրա հերոսուհիներին զգում, սիրում է և ներկայացումների ընթացքում արտասվելով, մերթ էլ  քրքջալով դերասանուհու խաղը ընդհատում է ծափահարություններով: «Կյանքիս մեծ մասը թատրոնում է անցել: Թատրոնն ինձ համար այն աշխարհն է եղել, որտեղ ապրել եմ կյանքում չիրականացված երազանքերս: Բեմում եղել եմ թագուհի, իշխանուհի, եղել եմ հասարակ հավաքարար, վերապրել եմ իմ երիտասարդությունը: Կյանքը զգալու լայն հնարավորություններ է ինձ տվել թատրոնը»,- ասում է 55-ամյա դերասանուհին:

Սիլվան կարծում է, որ Ալավերդու քաղաքապետերը տարիներ շարունակ աշխատավարձ սահմանելիս շահարկել են թատրոնի հետ դերասանների կապվածությունը. «Թատրոնը սիրում է իրեն լիովին նվիրվել: Ղեկավարությունն էլ այդ առիթն օգտագործել է. «Եթե այս մարդկանց   ոչինչ չենք տալիս, բայց դրա դիմաց ստանում ենք պրոֆեսիոնալ բարձր մակարդակի աշխատանք, ինչու վճարենք»»,- ասում է նա:

Սիլվա Նազարյանը` ներկայացման ժամանակ

Հետո դերասանուհին հիշեց ցուրտ ու մութ տարիները, երբ փակվել էր անգամ Սունդուկյանի թատրոնը. «Այդ տարիներին Ալավերդու թատրոնը ծաղկում էր: Այդ տարիներին ենք բեմադրել «Եզոպոսը», «Ուրվականները», «Անհող այգին»: Քաղաքային թատրոնը այդ ժամանակ ղեկավարում էին Հրաչյա Պապինյանն ու Գարիկ Էվոյանը, ովքեր նույնպես թատրոնի նվիրյալներ էին և գնահատում էին դերասանին»:

Դերասանուհուն ցավ է պատճառում նաև այն հանգամանքը, որ Ալավերդու քաղաքապետերին տարիներ շարունակ չի հետաքրքրել, թե Ալավերդուն պատիվ բերող թատրոնի դերասանը ինչպես է ապրում 36 կամ 27 հազար դրամ աշխատավարձով: «Հետքը» այսօր քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի հետ քննարկեց քաղաքային թատրոնի խնդիրները:

«Երբ տեղեկացել եմ դերասանուհու թատրոնից հեռանալու տրամադրության մասին, ես շատ մտահոգվել եմ: Սիլվան մեծ ավանդ ունի քաղաքային թատրոնի կյանքում: Իմ առաջին արձագանքը եղել է նրան առաջարկություններ անել փոխհամաձայնության գալու` թատրոնում աշխատանքը շարունակելու համար: Նաև հասկացել եմ, որ սիրված դերասանուհու` թատրոնից հեռանալու հանրային արձագանքը դրական չի լինելու: Սակայն ինձ տեղեկացրել են, որ նա վճռականորեն չի ուզում աշխատել»:  

Անդրադառնալով  դերասաններին 8 ամիս աշխատավարձ վճարելու փաստին` Արտավազդ Վարոսյանն ասաց, որ նրանց աշխատավարձի ֆոնդը կազմում է 5 մլն. դրամից մի փոքր ավելի: Այս տարի  դերասաններին 6 ամիս աշխատավարձ տալու փաստի հետ կաված  Արտավազդ Վարոսյանն ասաց , որ աշխատավարձ վճարելու  է կրկին 8 ամիս, վերջին երկու ամսվա աշխատավարձը վճարելու է  բյուջեի պահուստային ֆոնդից:

Արտավազդ Վարոսյան

Քաղաքապետը նշեց, որ բոլոր դերասանները ստանում են նվազագույն աշխատավարձ: «Մենք այս տարի նախատեսել ենք բյուջեի պահուստային ֆոնդից  քաղաքային թատրոնի հատկացնել լրացուցիչ ֆինանսավորում. վերջին հաշվով մեր նպատակն է հասնել նրան, որ ամբողջ տարին  քաղաքային թատրոնի դերասաններին վճարենք աշխատավարձ»,- ասաց Արտավազդ Վարոսյանը, ով դրա  անհրաժեշտությունը տեսնում է նաև այս տարվա հոկտեմբերին կայանալիք «Թատերական Լոռի» փառատոնում դերասանների ծանրաբեռնվածության պատճառով: Արտավազդ Վարոսյանը խոստացավ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանի հետ հանդիպել և թատրոն  վերադարձնել Ալավերդու սիրված դերասանուհի Սիլվա Նազարյանին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Սերգեյ19:57 - 9 հունվարի, 2014
Ցավալի էր, որ նման դերասանուհին բեմում չէր, ինչի վրա էին հույս դրել էդ թատրոնի ղեկավարները որ նման դերասանուհուն դուրս էին թողել թատրոնից: Շնորհակալություն հայտնենք տիկին Փարեմուզյանին էդ քաղաքի ղեկավարների ուշադրութոյւնը էդ խնդրի վրա կենտրոնացնելու
2. Նարինե12:18 - 10 հունվարի, 2014
"Մանես՛՛ հիմնադրամ ունենք, էս ունենք , էն ունենք, 150 միլիոն դրամ սրան ենք տվել, հիսուն միլիոն դրամ նրան ենք տվել, մեկ երկու միլիոն հնարավոր չէր տալ, էդ քաղաքը քաղաք պահող թատրոնին, էդ քաղաքի քաղաքային միջավայրն ուդ եմքը պահող դերսանաներին, թէ վերջնականապես գյուղ պտի դարձնեք ավանդաշատ Ալավերդին, թէ հիմնադրամի գումարները ավելի տեղ եք ուղղում, որտեղից կարելիա ատկատ անել՞, Ընկեր Փարեմուզյան, կարելիա մի հոդված էլ գրեք ինչի վրա են ծախսում էդ հիմնադրամի միջոցներնը, որ մասնա ուղղված ապագային, թէ փոսեր են լցնում, աղբ են հեռացնում,,,, մեկն ըլներ դրանց հեռացներ, բա մարզպետն ինչա ասում՞
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ