HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ինչու՞ է ոստիկանությունը լռեցնում Շանթ Հարությունյանին

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանին քննիչները արգելել են տեսակցել հարազատների, լրագրողների և անգամ ԱԺ պատգամավորների հետ: ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող ընդդիմադիրին կտրել են աշխարհից ու հարազատներից, ինչի հետևանքով նա հացադուլ էր անում:

Շանթ Հարությունյանին մեղսագրվող արարքները, կարծես թե, պատկերված են տեսանյութերում, և որևէ նախաքննական (կամ հարակից) գաղտնիք, կարծես թե, չկա, որի հրապարակումը կխանգարի «նախաքննության օբյեկտիվությանը»:

Սակայն, կան հանգամանքներ, որոնք չեն երևում տեսանյութերում, և որոնց չհրապարակման մեջ խիստ շահագրգռված է ՀՀ ոստիկանությունը:

Առաջին պայթեցնողը ոստիկա՞ն էր 

Նմանօրինակ մի էպիզոդ է, այսպես կոչված, «բրոնզ-մարգանցովկա»-ի առաջին պայթյունը: Տեսանյութերում այն երևում է, լսվում է ուժգին ձայնը… Սակայն չի երևում պայթեցնողը: Ու թեև ակնհայտ է, որ այդ պայթյունն է դարձել բախման սկիզբ, միևնույն է, ոստիկանները չեն հրապարակում պայթեցնողի անունը:

Այստեղ հարկ է նկատել, որ Շանթ Հարությունյանի համակիրները բռնություններ գործադրեցին ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակցի դեմ:

Մի կողմ թողնելով քաղաքացիական հագուստով այդ ոստիկանի` բողոքի ցույցի վայրում գտնվելու անօրինականությունը՝ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչու հենց նրան ծեծեցին ընդդիմադիրները:

Տեսանյութերում հստակ է, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցող դեպքերի ժամանակ ընդդիմադիրները նպատակ չեն հետապնդում ոստիկաններին ծեծելու: Չի երևում որևէ դեպք, որ ակտիվիստները ծեծեն կամ հարվածեն համազգեստով ոստիկանի:

Այսինքն, թմրանյութերի դեմ պայքարի համար պատասխանատու ոստիկանը ինչ-որ մեղք ունի, որի համար նրան ծեծեցին: … Այստեղ ակամայից հիշում ես, որ ոստիկանները որևէ կերպ չէին դիմադրում Հարությունյանի կողմից նախագահականը այրելու հայտարարություններին, փայտեր ու դիմադրության այլ միջոցներ բերելուն ու բոլորի աչքի առաջ մարդկանց բաժանելուն:

Ընդդիմադիրները գնում էին Բաղրամյան պողոտա և մտադիր չէին կռիվ անել Օպերայի մոտակայքում… Բայց դա տարամիտում էր ոստիկանության պլանների հետ:

Որպեսզի Շանթ Հարությունյանին ոչ թե պարզապես բերման ենթարկեն ու 3 ժամ հետո ազատեն, պետք էր կռիվ… Իսկ կռվի համար պետք էր սադրիչ:

Սակայն, եթե այլ դեպքերում սադրիչը ընդամենը ագրեսիվ կոչեր անողն է, այս դեպքում սադրիչը գտավ է՛լ ավելի լավ մեթոդ` ծխաաղմկային («մարգանցովկա-բրոնզով») պայթյուն: Սադրիչը պայթեցնում է Շանթի բաժանած ռումբերից մեկը, սկսում է քաշքշուկ, ապա՝ կռիվ, և ընդդիմադիրների գլխին քրեական հոդվածը պատրաստ է:

Հենց այդ սադրանքն էր զայրացրել ընդդիմադիրներին, առավել ևս, որ դրանից րոպեներ առաջ էր Շանթ Հարությունյանը հայհոյում սադրիչներին:

Այս վարկածը հաստատեց նաև ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, ով պնդեց, որ այդ օրը առաջին պայթյունի «հեղինակ»-ը հենց ընդդիմադիրների կողմից ծեծված ոստիկանն է:

Ակնհայտ է, որ ոստիկանի կողմից ռումբ պայթեցնելու միջոցով բախումներ հրահրելը չի կարող պատիվ բերել ոստիկանությանը… Եվ ոստիկանությունը պետք է փորձի ամեն կերպ հերքել այս վարկածը և լռեցնել հակառակը պնդող ականատեսներին` այդ թվում կալանավորվածներին տեսակցություններից զրկելու մեթոդով:

Ոստիկանապետի ապտա՞կը

Բախումների հաջորդ օրը Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր հետ զրույցում Շանթ Հարությունյանն ասել է, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա տեղակալ Հունան Պողոսյանը:

Անշուշտ, Հարությունյանի կողմից ԶԼՄ-ների հետ հանդիպելու և նման բռնությունների մասին հայտարարելու հեռանկարը բացարձակապես չի բխում ոստիկանության շահերից:

Շանթ Հարությունյանը ազնիվ մարդու համբավ ունի և իր կողմից «ոստիկանապետական» բռնությունների մասին հայտարարությունները բավականին հավաստի կընկալվեն հանրության կողմից… Ու քանի դեռ իր հետ հանդիպելը արգելված չէր, նա արդեն հասցրեց Նիկոլ Փաշինյանի միջոցով պատմել այդ բռնության մասին:

Այս երկու հանգամանքների ֆոնին ակնհայտ է, թե ինչու են քննիչները արգելում Շանթ Հարությունյանին իր իմացածը հանրությանը պատմել:

Այն պարագայում, երբ բոլոր մեղադրյալները կալանավորված են, ոչ մեկ չի կարող փախչել, համարյա ամենը կա տեսանյութերում, ոստիկաններն արգելում են տեսակցությունները ավելի երկար, քան մարտի 1-ի գործով (ուր կային սպանվածներ և հետախուզվողներ):

Որքա՞ն

Ըստ ամենայնի, ոստիկանությունը փորձում է հնարավորինս տևական ժամանակով լռեցնել Հարությունյանին և իր ընկերներին, քանի դեռ հանրության ուշադրությունը չի շեղվել: Մարտի 1-ի և այլ դեպքերի փորձը ցույց է տալիս, որ ոստիկանությունը իր մեղքերը փորձում է քողարկել կարճաժամկետ կտրվածքով, իսկ վաղուց կատարված մեղքերի համար չի ամաչում… Ուստի, Շանթ Հարությունյանը տեսակցություններից զրկված կմնա այնքան, քանի դեռ 2013 թվականի նոյեմբերի 5-ը չդառնա «վաղուց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter