HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Օֆշորային սկանդալի «պատահականությունների» շղթան

Վարչապետն անընդհատ ասում է, որ ինքը Կիպրոսում չի եղել, բայց մենք երբեւէ ասե՞լ ենք, թե վարչապետը եղել է Կիպրոսում, կամ ի՞նչ նշանակություն ունի նրա՝ Կիպրոսում լինել-չլինելը, մյուս բաժնետեր Նավասարդ Կճոյանն էլ եղել է Կիպրոսում, դրանից ինչ- որ բան փոխվո՞ւմ է:

Վարչապետը եւ նրա թիմակիցները անընդհատ «Հետքին» ուզում են տեղափոխել իրենց քաղաքական խարդավանքերի դաշտը: Մի ժամանակ Հովիկ Աբրահամյանի հետ փորձեցին կապել մեզ, հետո էլ՝ Վարդան Օսկանյանի հետ: Ես մի անգամ էլ եմ ասում, որ դրանք զուր ջանքեր են, մենք քաղաքական խաղերի մեջ չկանք: Մեզ չեն հետաքրքրում վարչապետի հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, դաշնակցականների, մնացած օլիգարխների, այս կամ այն խմբագրի, լրագրողների հետ: Դա ձեր խաղն է, խաղացեք՝ ինչպես եւ ինչքան ուզում եք, խաղընկեր դարձրեք ում ուզում եք:

«Ես հանդիսացել եմ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը, ատենապետը հանդիսանում է Տիգրան Սարգսյանը, իսկ թեմի առաջնորդը՝ սրբազան Կճոյանը: Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»: Այս տողերի հեղինակը ադամանդագործ Աշոտ Սուքիասյանն է: Այս մասին Ա. Սուքիասյանը նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ «Հետքի» գրած նամակում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) Կճոյանը եւ Աշոտ Սուքիասյանը մոտ հարաբերություններ ունեին: Նրանք պարբերաբար հանդիպումեր էին ունենում Աշոտ Սուքիասյանի առանձնատանը, որը գտնվում է Արարատյան թեմի առաջնորդարանի հարեւանությամբ: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հետքի» հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց Ն. Կճոյանը: Նրանք հայտարարեցին նաեւ, որ չգիտեն՝ ինչպես են իրենց անունները հայտնվել WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերի մեջ: Եվ ոստիկանությունն արդեն ամիսներ շարունակ փորձում է պարզել՝ արդյոք Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերում առկա՞ է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, թե՞ ոչ: Փորձաքննությունը  չստացվեց, քանի որ նրանք բնօրինակներն են պահանջում, եւ Հայաստանի դատախազությունը դիմել է Կիպրոսի դատախազությանը, որպեսզի վերջինս բնօրինակներն առգրավվի եւ ուղարկի Հայաստան: Կարելի է ենթադրել, որ նման բան չի լինելու, քանի որ Կիպրոսի եւ Հայաստանի դատախազությունների միջեւ ստորագրվել է ընդամենը մի հուշագիր, որը կարծես թե ոչ մի իրավական ուժ չունի: Այսինքն, ըստ այդ հուշագրի՝ Կիպրոսի դատախազությունը որեւէ պարտավորություն չունի այդ գործողությունը կատարելու: Առայսօր չեն հարցաքննվել ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ Նավասարդ Կճոյանը: Վերջինս երկու անգամ եղել է Կիպրոսում հենց Աշոտ Սուքիասյանի հետ (Նավասարդ Կճոյանը հայտարարել է, որ մի անգամ է եղել Կիպրոսում Աշոտ Սուքիասյանի հետ): Մենք պնդում ենք երկու հանդիպումը: Դա ապացուցելու համար ոստիկանությանը մի քանի րոպե է անհրաժեշտ: Բայց քանի որ չկա քաղաքական որոշում, ոստիկանությունը չի անելու:

Չգիտես ինչու՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ վարչապետը, թե՛ Կճոյանը, թե՛ Աշոտ Սուքիասյանը խոսում են Կիպրոսում գրանցված միայն մեկ՝ WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության մասին: Մինչդեռ խոսքը երկու ընկերությունների մասին է, ընդ որում՝ հիմնական գործարքները կատարվել են երկրորդ ընկերության «A.B.S. GLOBAL LIMITED»-ի միջոցով: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից Աշոտ Սուքիասյանը 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում օֆշորային երեք ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններն են`

  1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին` 7 մլն 20 հազար 450 դոլար,
  2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
  3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

«A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ի հաշվեհամարին Ա. Սուքիասյանը «Ամերիաբանկից» փոխանցել է  7 մլն 20 հազար 450 դոլար: Իսկ այդ ընկերության 66 տոկոս բաժնետերը եղել է  WLISPERA HOLDINGS LIMITED-ը: Այսինքն՝ Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Կճոյանը: Եվ այդ ընկերության շրջանառությունը, ըստ մյուս բաժնետերերից մեկի, եղել է 35 մլն դոլար:

Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լիոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ: Վերջինս ունի ադամանդի եւ ոսկու հանքավայրեր: Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «A.B.S. GLOBAL LIMITED»-ի շահերը դատարանում, ինչպես մի անգամ արդեն նշել ենք, ներկայացնում է Շերմոն Սիսին: Վերջինիս Աշոտ Սուքիասյանը լիազորագիր է տվել «A.B.S. GLOBAL LIMITED»-ի գործերով որպես լիազոր ներկայացուցիչ հանդես գալու: Շերմոն Սիսիի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Աշոտ Սուքիասյանը Երեւանում՝ կառավարության շենքում, հանդիպել են 2008 թվականի նոյմեբերի 7-ին:

«A.B.S. GLOBAL LIMITED»-ի մնացած 34 տոկոսի բաժնետերերը երեք ընկերություններ են, դրանց բաժնետերերից երկուսը՝ Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին, 2010-ի հուլիսին Երեւանում՝ կառավարության շենքում, հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանին:  

«Պատահականությունների» շարքը թափով աճում էր. կառավարությունը որոշում է զարգացնել ադամանդագործությունը Հայաստանում, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը «պատահաբար» իր մոտ է հրավիրում 23 կազմակերպությունների ներկայացուցիչների եւ նրանց ներկայացնում «պատահաբար» իր մոտ գտնվող ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին: Ներսես Երիցյանը հետո «պատահաբար» միջնորդում է «Ամերիաբանկի» ղեկավարներին, որ բանկը վարկավորի մի բիզնես ծրագիր: «Ամերիաբանկում» նստում եւ մի «պատահական» բիզնես ծրագիր են գրում: Բանկը որոշում է իր «պատահական գրած» բիզնես ծրագրով 12 մլն դոլար տալ Աշոտ Սուքիասյանին: Գրավադրվեց Փայլակ Հայրապետյանի ամբողջ ունեցվածքը՝ 30 մլն դոլար շուկայական արժեքով: Եվ ահա, միանգամայն «պատահական», այդ գույքն այժմ անցել է «Ամերիաբանկին»:

«Պատահականությունների» այս շարքը մենք չենք հնարել, սրանք սոսկ չոր փաստեր են: Այսքանից հետո ստորագրությունները կուղարկե՞ն փորձաքննության, բնօրինակները կպահանջե՞ն Կիպրոսից, կտա՞ն, թե՞ չեն տա՝ ի՞նչ նշանակություն ունի:  

Մեկնաբանություններ (4)

Վ.Առաքելյան
Տեղադրում էս այս երեքի նկարները Ֆոտոշոփ կոչված ծրագրում և ծրագիրը չգիտես ինչու այս երեքին որպես մեկ անձ է ճանաչում, և հետն էլ որպես ,,ավազակ,, ,,կաշառակեր,, մականուններով է մեծարում:
Bulo
Mek@ Iranq bolor@ naxagahi glaxavorutuan kpatjven Bolor@
Արբագ
Այս քաջատես այրեր մեծապես կխորհուրդանշին հայաստանի գործուարար, իշխանական եւ հոգեւօր երեք ճիուղերն: Արդիօք որեէ այլ խոսք կրնանք աուելացնիլ տեսանելի դարձնելու համար թե ինչ ահաուօր փտախտին մեջ ընկղմուած է այդ դժբախտ երկիր!!!
Gor
Ուզում են համոզել, որ Սերժը կապ չունի:Էն մարզպետը, որ հիմա Սերժի հոտ է, նա է կողքինի տեղը մուծելու չգիտե*ք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter