HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ ծննդյան գիշերը Մոսկվայի հայկական եկեղեցին փակել է դռները և այցելուներին ետ ուղարկել

«Սուրբ ծննդին գնացինք եկեղեցի, ժամը 24:00-ն էր: Մեզ ասացին, որ եկեղեցին փակ է, և որ մենք գնանք տուն, վաղը գանք»,- պատմում է Մոսկվայում բնակվող Շուշան Ա.-ն (խնդրեց ազգանունը չհրապարակել):

Մոսկվայի նորակառույց՝ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու գլխավոր մուտքի դարպասները այցելուների համար փակ են եղել հունվարի 6-ին, և Սուրբ ծննդյան գիշերը եկեղեցի այցելած հայ հավատացյալներին պահակը հորդորել է վերադառնալ տուն, առավոտյան 10:30-ից հետո նոր այցելել եկեղեցի:

Շուշանը պատմում է, որ այդ ժամին դարպասների մոտ շուրջ 50 մարդ կար. «Խնդրում էինք, որ ներս թողնեն, մեզ չէին թողնում եկեղեցի»: Պահակին շատ խնդրելուց հետո միայն վերջինս Շուշանին և նրա ընտանիքի անդամներին, մի քանի անգամ նորից խնդրելուց հետո՝ նաև մյուս հավաքվածներին ետնամուտքից առաջնորդել է եկեղեցի:

«Շատ էինք նեղվել: Ես ասում եմ՝ փոխանակ կանչեք եկեղեցի, վանում եք: Ասացին՝ վերևից հրաման ենք ստաացել, որ ժամը 24:00-ին եկեղեցի մարդ չթողնենք»,- պատմում է Շուշանը:

Զարմանալիորեն դրսում հավաքվածները եկեղեցու ներսում տեսել են բազմաթիվ մարդկանց: Նրանք կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, հյուրերի շարքում եղել են ինչ-որ «հեղինակավորներ», որոնց նեղություն չտալու համար մյուս այցելուներին հետ են ուղարկել:

«Մորաքրոջս աղջկա բարեկամներն էլ են էդ ժամանակ եկել եկեղեցի, բայց ասել են, որ փակ է, ետ են գնացել: Իսկ հաջորդ օրը ռուսական եկեղեցին էր նշում Սուրբ ծնունդը ու մինչև լույս բաց էր: Իսկ մեզ ասացին՝ գնացեք, վաղը 10:30-ից հետո եկեք, բայց վաղը 10:30-ին հաստատ բոլորը չէին գալու, ու էդպես հային վանում են եկեղեցուց»,- պատմեց Շուշանը:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո քարտուղար Ալվարդ Նազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ գիշերը՝ ժամը 12-ին, եկեղեցին իսկապես փակ է եղել, որովհետև արարողությունն արդեն ավարտված է եղել, սկսվել է առավոտյան ժամը 11-ից, ամբողջ օրը եկեղեցին բաց է եղել. «Քանի որ ռուսական եկեղեցին գիշերն է արարողությունն անում, իրենց թվացել է, որ մեր եկեղեցին էլ է բաց, ու իրենք գիշերն են եկել, ուշ ժամի»,- ասաց Ալվարդ Նազարյանը: Ալվարդ Նազարյանը ենթադրում է, որ մարդիկ թյուրիմացաբար գիշերն են եկել՝ մտածելով, որ ռուսական եկեղեցու նման իրենք էլ արարողություն ունեն:

«Ներսում մարդ հնարավոր չի, որ լիներ, որովհետև պահակակետում ասացին, որ երբ որ մարդկանց հոսքը դադարել է, տեսել են մարդիկ չեն մտնում, փակել են: Պահակներն էդպիսի լիազորություն չունեն, որ ներսում մարդ լինի, քահանաները լինեն, իրենք դուռը փակեն»:

Ալվարդ Նազարյանը նշեց, որ ընդհանրապես ամեն օր առավոտից եկեղեցին բացվում է, մինչև ուշ երեկո բաց է մնում, բայց քանի դեռ եկեղեցին շինարարական գործընթացի մեջ է, նկատի ունենալով նաև անվտանգությունը, մշտապես բաց չի լինում, քահանաներն էլ դեռ ամբողջությամբ չեն սպասարկում եկեղեցին: «Ճիշտը եկեղեցի գալն է պատարագին, հաղորդությանն ու ջրօրհնությանը մասնակցելը»,- ասաց Ա. Նազարյանը: 

Մեկնաբանություններ (2)

Արա Սուքիասյան
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո քարտուղար Ալվարդ Նազարյանին իր պաշտոնից վռնդել է պետք: Ինքն է՞ որոշում եկեղեցի գնալու ժամերը: Հըլը դրան նայի:
Sam
Церковные менеджеры и их боссы превратили церковь в бизнес проект, откровенно выплясывая перед дядями с толстыми кошельками. Люди видят всё это! И очень скоро призовут к ответу и церковных и олигархическоБлатных и всяких прочих заводных!! Добро всегда побеждает Зло!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter