HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների հարցերով ԱԺ-ին մեկ տարում դիմել են 215 անգամ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը 2013 թ. ստացել է 215 դիմում: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: 2012 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին, այսինքն՝ 5-րդ գումարման ԱԺ-ի առաջին տարում, հանձնաժողովը ստացել է 115 դիմում, իսկ 2013-ին դիմումների թիվն ավելացել է 100-ով: 

Հարցին, թե դա ենթադրո՞ւմ է, որ 2013 թ. մարդու իրավուքններն ավելի շատ են խախտվել, Է. Վարդանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, դժվարանում եմ համեմատական անցկացնել: Այդպես չէ, որ 2012 թ. մարդու իրավունքներն ավելի պաշտպանված են եղել: Ցավոք, մենք պետք է ֆիքսենք մի փաստ, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով մեր երկրում տարեցտարի գոնե դրական քայլեր չեն արձանագրվում: Եվ համեմատականներ անցկացնելը սխալ եմ համարում, որովհետև գոնե դրական առումով էլ ոչինչ չեմ կարող ասել»:

Թե ինչ բովանդակությամբ են լինում դիմումները, Է. Վարդանյանն ասաց. «Դիմումները բազմաբնույթ են` սկսած տարբեր պետական մարմինների գործողությունների դեմ բողոքելուց մինչև անձնական տիպի դիմումներ, որոնց շատ հաճախ ընթացք տալ հնարավոր չի լինում: Պետք է նշեմ, որ 2013 թ. դիմումների մեծ մասը մենք հետագայում հասցեագրել ենք  դատախազությանը, գլխավոր դատախազին, որովհետև անմիջապես վերաբերել են տարբեր իրավախախտումների, որոնք կատարվել են, ինչու չէ, նաև քննչական մարմինների կողմից»:

Հանձնաժողովը տարեկան զեկույց չի ներկայացնում, քանի որ, ըստ հանձնաժողովի նախագահի, նման պարտավորություն և իրավասություն չունի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե քանի դիմում է լուծում ստացել, նա նշեց. «Իրականում պետք է նշեմ, որ քանի որ Ազգային ժողովը, ինքներդ էլ գիտեք, օրենսդիր մարմին է, լուծումներ տալու իրավասություն չունի, կարողանում է միջնորդավորված այդ դիմումները և գրություններն ուղարկել այս կամ այն պետական  մարմիններին, և պետք է ֆիքսեմ, որ այս դեպքում այդ մարմինները շատ ավելի հետևողական են լինում, և առանձին դեպքերում իրականացվող գործողություններն ու արդյունքները գոհացուցիչ են լինում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter