HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս են հավաքագրվում ադրբեջանցիները. վարձկաննե՞ր, թե՞ մոջահեդներ

Ստեփան Սաֆարյան, Քաղաքական վերլուծաբան 

Սկիզբը 

Ինչպես արդեն նշել ենք վերլուծության նախորդ մասում, միջազգային զեկույցներում ու ԶԼՄ-ներում ադրբեջանցի սունի վարձկանների մասին հիշատակումները սկսվեցին 2013թ. գարնանը: Եթե անցած տարիների ընթացքում Աֆղանստանում ու Պակիստանում 200-250 ադրբեջանցի գրոհայինների ներգրավվածությունը «Թալիբանի» եւ «Ալ-Քաիդայի» խմբավորումներում նորություն չէր, ապա անցնող տարեվերջի դրությամբ Սիրիայում կռվող ծայրահեղականների շարքերում արդեն մի քանի հարյուր ադրբեջանցիների վավերագրված փաստը լուրջ անակնկալ էր: Ըստ որում, ադրբեջանցիները գերազանցապես ներկայացված են երկու խմբավորումներում՝ «Ալ-Քաիդայի» բջիջը համարվող «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ում (Ալ-Նուսրա ճակատ) եւ «Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ-Անսար»-ում (Էմիգրանտների եւ անսարների բանակ), որի հրամանատարությունը ստանձնել է «Կովկասի էմիրաթներ»-ը: 

Կովկասի Էմիրաթները եւ Ադրբեջանը 

Ինչպես 2013թ. մարտին հաղորդեց «Կովկասի էմիրաթներ» խմբավորման պաշտոնական կայքերից Kavkaz Center-ը, Սիրայում Ամիր Ումար աշ-Շիշանի հրամանատարությամբ կռվող Քաթաիբ ալ-Մուհաջիրին (Մուհաջիրների բրիգադ) ստորաբաժանմանը միացան սիրիական մոջահեդների «Խատտաբ» եւ «Ջեյշ Մուհամմադ» բրիգադները:  Դրա արդյունքում որոշում ընդունվեց միացյալ բրիգադները վերակազմավորել բանակի, ըստ այդմ՝ հայտարարվեց Մուհաջիրների եւ անսարների բանակի («Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ-Անսար») ստեղծման մասին, որում այդ ժամանակ հաշվվում էր 1000-ից ավելի մոջահեդ, «նրա դրոշի ներքո կռվում էին տարբեր երկրներից կամավոր մահմեդականներ, այդ թվում՝ Կովկասի էմիրաթներից»: Արաբական Al-Quds Al-Arabi լրատվամիջոցը նույնպես հաստատեց «Ալ-մուհաջիրիների» (թարգմանաբար՝ էմիգրանտներ) կազմում չեչենական ստորաբաժանման եւ դրանում մինչեւ հազար մարդու ներգրավվածության մասին: Բանակը ղեկավարում էր չեչեն Աբու Աբդուրահմանը, ով սպանվեց 2013թ. ապրիլին: Տեղակայված լինելով եւ հիմնականում գործելով Հալեպի պրովինցիայում, նրանց համար ստեղծվել էր հատուկ ճամբար (Խանդարաթ բազան), որտեղ մինչեւ կառավարական զորքերի դեմ կռիվ գնալը «Կովկասյան էմիրաթների» խողովակով կամ այլ կերպ ծայրահեղական խմբավորմանը անդամագրվածները ռազմական նախապատրաստություն էին/են անցնում: 

«Կովկասի էմիրաթներ» կազմակերպությունը ստեղծվել է 2007թ.՝ չեչենական անջատողական շարժման տրանսֆորմացիայի արդյունքում, ընդատակում գտնվողների, մասնավորապես՝ Իչկերիայի չեչենական հանրապետության նախագահ Դոկկա Ումարովի կողմից: Ավանդույթով «Կովկասի էմիաթները» ղեկավարել են չեչեններ, թեպետ ռազմական ընդատակի ակտիվության կենտրոնը 2009թ.-ից տեղափոխվել է Դաղստան: Այն Հյուսիսային Կովկասի վարչատարածքային սահմաններին հանգույն ունի բավական լավ ճյուղավորված կառուցվածք՝ վիլայաթներ (Նոխչիյչո վիլայաթ (Չեչնիա), Գալգայչո վիլայաթ (Ինգուշեթիա եւ Հյուսիսային Օսիա), Չերքեսիա վիլայաթ (Ինգուշեթիա եւ Կրասնոդարի երկրամասի հարավ), Դաղստանի վիլայաթ, Կաբարդայի, Բալկարի (Կաբարդինո-Բալկարիա) եւ Կարաչայի (Կարաչայ-Չերքեսիայի մեծ մասը) համատեղ վիլայաթ, Նոգայ տափաստանի (Կրասնոդարի երկրամասի հյուսիսային մասը եւ Ստավրոպոլի երկրամասը) վիլայաթ, Իրիստոնի (Հյուսիսային Օսիա) վիլայաթ, որը 2009թ. կազմալուծվեց ու միացվեց Գալգայչո վիլայաթին): Յուրաքանչյուր վիլայեթում նշանակվում է ամիր եւ քադի (դատավոր): 

Չնայած դրան, «Կովկասի էմիրաթների» կազմում հատկապես ռազմական գործունեության համար ստեղծվել են նաեւ դրա աշխարհագրական սահմանները գերազանցող մարմիններ՝ ջամաատներ: Մասնավորապես Սիրայում ստեղծվել են ադրբեջանական, ղրիմի, վրացական, թուրքական եւ այլ ջամաատներ: Ադրբեջանի ջամաատի ամիր էր նշանակվել 2013թ. սեպտեմբերին սպանված Աբու Յախյա ալ Ազերին, Ղրիմի ջամաատի ամիր՝ Իբրահիմ Աբդուլքարիմը, Վրաստանի էթնիկ չեչենեների համար՝ ամիր Թարխան Բատիրաշվիլին կամ նույն ինքը՝ ամիր Ումար աշ-Շիշանին եւ այսպես շարունակ: Դեռեւս 2007թ. Դոկկա Ումարովն ինքն էր հաստատել, որ ապստամբական շարժումն այլեւս «իրեն չի սահմանափակում Չեչնիայի սահմաններով», որ «բազմազգ Կովկասի հազարավոր մոջահեդներ ոտքի են ելել Ջիհադին մասնակցելու համար» եւ «մեր բազաները սփռված են Ադրբեջանից մինչեւ Աբխազիա»: 

Արդեն չեչենական 2-րդ պատերազմի ժամանակ հայտնի փաստ դարձավ, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է հազարավոր վարձկանների ու մոջահեդների` Չեչնիա ներթափանցելու համար: Այդ ուղին այսօր էլ անխափան գործում է, սակայն, այս անգամ՝ «Կովկասի էմիրաթների» վիլայաթներից՝ Չեչնիայից, Դաղստանից, Կաբարդինո-Բալկարիայից, Հյուսիսային Կովկասի ու Ռուսաստանի հարավի այլ վայրերից հավաքագրված վարձկանների ու մոջահեդներին Սիրիա փոխադրելու համար: Ահաբեկչության հարցերով բազմաթիվ փորձագետներ, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասի իսլամական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռուսլան Գերեեւը, Միջազգային ճգնաժամային խմբից եւ այլք հայտնել են, որ Հյուսիսային Կովկասից Սիրիա վարձկանների տրանզիտի համար օգտագործվում են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Աջարիայի տարածքները: Դրան առնչվող փաստեր հայտնվել են նաեւ ռուսական «Известия», «Росбалт», «Петербургский дневник» լրատվամիջոցներում: 

Տասնամյակով վարձկաններին ու ֆանատ մահմեդականներին պահանջված վայրը փոխադրելու ուղին, որը ներառում է Ադրբեջանը, ինչպեսեւ՝ Դոկկա Ումարովի հիշատակած բազաներից մեկի այնտեղ գտնվելը, վկայում են նրա մասին, որ այդ երկիրն ու նրա ղեկավարությունը որոշակի կապեր է պահպանում իսլամիստական ու ահաբեկչական խմբավորումների եւ ցանցերի հետ: Այլապես, դժվար թե Ադրբեջանում, որտեղ երկրի իշխանությունները վերահսկում են ամեն մեկի ու ամեն մի տեղաշարժը, տեղյակ չեն դրա մասին կամ չեն կարողանում կանխել «վարձկան տուրիզմը»: Ավելին, մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վարձկանների ու մահապարտ մահմեդականների մատակարարաման հարցում սերտորեն համագործակցում է ընդդեմ Ասադի կառավարության ռազմական գործողություններն ու խմբավորումներին համակարգող Թուրքիայի ղեկավարության հետ, որտեղ եւս գործում են վարձկաններ/մոջահեդներ հավաքագրելու ու վարժեցնելու ճամբարներ:  

Չնայած նրան, որ «Կովկասի էմիրաթներ» կազմակերպությունը գործում է ընդհանուր հրամանատարության եւ նպատակների վրա, այն մնում է ապակենտրոնացված եւ բարձր ինքնակազմակարեպմամբ: Կազմակերպությունը տասանորդական հարկ է նշանակել բիզնեսի եւ իշխանության վրա. նրա ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ ստանում են տեղական ամիրի տեսաուղերձը պարունակող էլեկտրոնային կրիչ, որում պահանջվում է վճարել «ջիհադի հարկը»: Այդպիսով, բացի գաղափարական շարժառիթներով «ջիհադի հարկը» վճարելը, առկա է նաեւ ռեկետ եւ քրեական տնտեսություն: 

Կազմակերպությունն ունի օպերատիվ աշխատող բազմալեզու կայք՝ Kavkaz Center, իսկ Սիրիայում կռվող «դրսեկ սունի ապստամբները» հենց ռուսալեզու լսարանի համար պահում են  FIsyria կայքը, որոնք ոչ միայն ծառայեցվում են անհավատների դեմ ջիհադի մասին նորություններ ու զեկույցներ տարածելու, այլեւ նորեկներին հավաքագրելու համար: Ռեկետի ու կրիմինալ տնտեսության արդյունքում հավաքագրված ֆինանսական միջոցները եւ «Ալ-Քաիդայից» ֆինանսական հատկացումները օգտագործվում են թե’ հավատավոր մահմեդականներ հավաքագրելու ու նրանց ընտանիքներին ֆինանսավորելու, թե’ մարդասպաններ վարձելու ու նրանց վճարելու համար, ըստ որում՝ ընդհուպ Ռուսաստանից ու սլավոնական ծագմամբ: 

Մոջահեդներին միանալ ցանկացողների համար վերոնշյալ կայքերում տեղադրվել են բաց հայտարարություններ. ջիհադին միանալ ցանկացողները կարող են անդամագրվել իրենց ցանկացած խմբավորմանը, պարտավոր են հրաժեշտ տալ նախկին կյանքին ու ապրելաձեւին, ենթարկվել համընդհանուր կանոններին՝ ներքուստ պատրաստ լինել ջիհադին, սկսնակները պետք հատուկ ճամբարում անցնեն 35-40 օրյա մուասկարա՝ ռազմական վարժանքներ, 4 ամիս դուրս չգան Սիրայի սահմաններից անձնական ու ընտանեկան դրդապատճառներով (բացառությամբ ղեկավարության կողմից անհատական մոտեցման դեպքերի): Նրանց միայն 6 ամիս Սիրայում անցկացնելուց հետո է թույլատրվում այնտեղ տանել իրենց ընտանիքներին, չամուսնացածներին թույլատրվում է ամուսնանալ միայն ջիհադի մեկ տարին լրանալուց հետո, ամուսնական արարողության եւ մոջահեդների ընտանիքներին ապրելու համար Բայթուլ-մալից տրամադրվում է ֆինանսական օգնություն եւ սննդամթերք: Մնացած պայմանները ենթակա են դեմ առ դեմ քննարկման...:     

Այսպես. անցած տարի Ռուսաստանում մեծ աղմուկ եւ մտահոգություն հարուցեցին ոչ միայն Սիրիայում հյուսիսկովկասյան ազգությունների կամ Ռուսաստանի այլ տարածքներից սունի մահմեդականների աճող ներգրավվածության փաստերը, այլեւ հենց «Սլավոնական կորպուսի» (Slavonic Corps Limited) ներկայությունը, որը Սանկտ Պետերբուրգից վարձկանների ջոկատ էր՝ պայմանագրով ու որոշակի վարձավճարի դիմաց Սիրիա հրավիրված, որի անդամները սկզբում կարծել են, թե Սիրիա են մեկնում ռուսական ու սիրական իշխանությունների ոչ բացահայտ պայմանավորվածության հիման վրա, սակայն այնտեղ այդպես էլ չեն հասկացել, թե ում կողմից են կռվում (ավելի շատ հակված են կարծելու, թե կռվել են Ասադի ուժերի կողմից): Մյուս կողմից էլ` անցած ապրիլին Սիրիայի հյուսիսում Ռաքքա քաղաքի մոտ գտնվող Մաշխադ Ռուխին գյուղը գրավվել էր Աստրախանի բնակիչներ Աբու Խալիֆի (Շամիլ Իզմայիլով) եւ Աբու Բանատեի (Մահոմեդ Աբդուրախմանով) կողմից, որը ստացավ «ռուսական գյուղ» անվանումը, եւ որտեղ Եգիպտոսում կրոնական կրթություն ստացած, հավատացյալ մահմեդականներ դարձած ու «սրբազան պատերազմին» միացած ռուսաստանցի այդ գրոհայինները փորձել էին դաժան մեթոդներով հաստատել «անկախ խալիֆայություն»՝ շարիայի օրենքներով: 

Հավաքագրվելու թե ֆինանսական, թե կրոնական շարժառիթներ առկա է նաեւ ադրբեջանցիների պարագայում: Բացի «Ալ-Քաիդայի» հետ սերտորեն կապված ֆունդամենտալիստական խմբավորումներում մահապարտ կռվողներից, առկա են նաեւ պարզ վարձկաններ: Անցած տարի հոկտեմբերին Սիրայում կռվող ադրբեջանցիների ու նրանց վարքագծի մասին ուշագրավ վկայություն տվեց բրիտանացի վիրաբույժ Դեվիդ Նոտը, ով հինգ շաբաթ կամավոր էր աշխատել Սիրիայի հիվանդանոցներից մեկում եւ իր գործընկերների հետ ականատես եղել սահմռկեցուցիչ ու դժոխային փաստի. սննդամթերք բերելու համար փոխհրաձգության գոտով անցնող հղի կանայք եւ երեխաները պարբերաբար կենդանի թիրախ էին դառնում դիպուկահարների համար: Մի քանի շաբաթյա դիտարկումների հիման վրա բրիտանացի բժշկի բացահայտած օրինաչափության համաձայն՝ դիպուկահարները կրակում էին բացառապես հղի կանանց փորին, կրծքերին, վզին: Իսկ բժշկին ու նրա գործընկերներին հասած տեղեկության համաձայն, պահանջված քանակությամբ «թիրախներ» խոցելու դիմաց նրանք վարձատրվել են մի քանի տուփ ծխախոտով: Եւ վերջապես, Նոտը բրիտանական The Times-ի էր փոխանցել իր լսած ասեկոսեները, թե դիպուկահարները Ադրբեջանից ու Չինաստանից հրավիրված վարձկաններ են, որոնք աշխատում են Ասադի վարչակազմի համար, ինչը, ըստ լրագրողի, անհնար էր պարզել:  

Եթե արեւմտյան կառավարությունները ֆինանսավորում են հիմնականում Ասադի աշխարհիկ, ժողովրդամետ հակառակորդներին, եւ մտահոգվում նրանց կողքին կռվող ու ահաբեկչության հետ կապ ունեցող խմբավորումների համար, ապա Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան չեն խորշում լավ վարձատրել նույնիսկ «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ահաբեկչական կազմավորումներին: Իսկ փող աշխատելու հեռանկարը չի կարող գրավիչ չլինել Ադրբեջանի ու այլ երկրների՝ աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող հասարակությունների անդամների համար. այդ երկրներում քիչ չեն նրանք, ովքեր կարող են «հաճելին»՝ կրոնական պարտքը կատարելը, համատեղել «օգտակարի»՝ փող աշխատելու հետ:  

Ինչպես կնկատենք հաջորդիվ, Սիրայում իր երկրից մեծաքանակ «ապստամբների» ներգրավվածության համար Ադրբեջանը Դամասկոսի ու աշխարհի առջեւ արդարացավ մարդկանց «ազատ ընտրությամբ»: Մինչդեռ վերը բերված փաստերից իրականությունն այլ է. Ադրբեջանի իշխանությունները, կարծես թե, պաշտոնական մակարդակով Ասադին են տրամադրում վարձու դիպուկահարներ, իսկ Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական խաղերի շրջանակում անուղղակի մատակարարում են հավատավոր մոջահեդներ Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից, Կենտրոնական Ասիայից՝ նրանց փոխադրելով Թուրքիա Ասադի վարչակազմի դեմ կռվելու համար:      

Հավաքագրման գործընթացում ֆինանսական խթանիչներից զատ էական դեր են խաղում նաեւ կրոնական տեքստերը եւ դրանց ծայրահեղական մեկնաբանությունները: Վերջին տասնամյակում ու տարիներին Հյուսիսային Կովկասի, Ադրբեջանի, Թուրքիայի իսլամականացումը նպաստավոր հող է ստեղծել, որպեսզի երիտասարդները կրոնական կրթություն ստանալու համար մեկնեն Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Եմեն եւ այլուր, եւ ոչ միայն «ուսման», այլեւ հենց իրենց երկրներում հավաքագրման լավ հումք դառնան: 2013թ. գարնանից այդպիսիսիներին հավաքագրելու բազում ուղերձներ հղեցին հենց «Կովկասի էմիրաթներ» կազմակերպության տարբեր ջամաատների ամիրներ՝ «հավատավոր եղբայրներին» կոչ անելով միանալ «սրբազան պատերազմին»՝ Սիրայի դեմ ջիհադին: 

Իսլամական կրոնական տեքստերում՝ հադիսներում Սիրայի Շամ երկրամասը հիշատակվում է  որպես Ալլահի ընտրյալ հող, որտեղ պետք է հաստատվեն նրա կանոնները՝ Շարիայի օրենքները ու խալիֆաթ: Սակայն, ֆունդամենտալիստների ու ծայրահեղականների մատուցմամբ, քանի որ Ասադի վարչախումբը թույլ չի տալիս այնտեղ իսլամական պետություն հաստատել, բնականաբար նրանք «սրբազան հողում Բարձրյալի խոսքը հռչակելու համար ջիհադ են հայտարարել» Սիրայի ղեկավարությանն ու նրան սատարող բոլոր անհավատներին: Տարբեր երկրներում՝ Ադրբեջանում, Ռուսաստանում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում ու այլուր ապրող մահմեդականներին էլ ներկայացվում է, թե «եկել է մարգարեւության ի կատար ածվելու ժամանակը»: 

«Գնա Շամ, գնա Շամ, գնա Շամ...» 

Դեռեւս 2013թ. ապրիլի 27-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ փակած դեմքով ադրբեջանցի վարձկանը ադրբեջաներեն կոչ էր անում իր հայրենակիցներին միանալ ջիհադին. «Ես այստեղ եմ աջակցելու եւ օգնելու իմ ադրբեջանցի այն հայրենակիցներին, ովքեր բոլորն այստեղ են... մենք, որպես մոջահեդների խումբ, հավատում ենք Ալլահի կամոք դեպի Դամասկոս ճանապարհին մեր շուտափույթ հաղթանակին: Մենք համագործակցում ենք [Ջեյշ ալ Մուհաջիրին վա ալ Անսար բանակի] մեր եղբայրների հետ, ովքեր իրենց կազմում նույնպես ներառում են թուրքական ծագումով, արաբներից եւ կովկասի էթնիկ խմբերից շատ այլոց: Ես կոչ եմ անում բոլոր մուսուլման հավատացյալներին, մեր եղբայրներին Ադրբեջանում միանալ մեր ջիհադին, քանի որ դա է Ալլահի հրամանը եւ դրան ենթարկվելու մեր պարտքը: Ես հրավիրում եմ մեր բոլոր եղբայրներին միանալ մեզ: Դուք չեք կարող Ադրբեջանում տանը նստել եւ ականատես լինել նրան, ինչ կատարվում է մեր եղբայրների հետ Սիրայում իրենց պայքարի ժամանակ: Մեր հաղթանակը շուտ է գալու: Մենք ձեզ հրավիրում ենք միանալու ջիհադին: Ուզում եմ առիթն օգտագործել` ձեզ բոլորիդ հիշեցնելով, որ համացանցում շատ կեղծ տեսանյութեր կան, որ շրջանառվում են մեր անունից: Մի հավատացեք դրանց: Մենք սա ենք. մեր բնագիր տեսանյութերը կրում են մեր դրոշի լոգոն, որը կարող եք տեսնել հենց իմ հետեւում: [խոսում է չեչեն եւ ադրբեջանցի գրոհայինների մասին]: Բարձրյալի կամոք մենք հաստատելու ենք Շարիայի իսլամական օրենքներ, այնպես որ զգուշացեք որոշ կեղծ տեսանյութերից այն խմբերի մասին, որոնք փորձում են նմանակել մեզ: Մեր անունն է՝ Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ-Անսար եւ մենք հաջողելու ենք Ալլահի կամոք: Ի վերջո, Ալլահը չի սիրում այն մարդկանց, ովքեր սուտ են տարածում, այնպես որ՝ մեզ վարկաբեկելու բոլոր վատ փորձերն էլ ձախողելու են: Ամէն: Ամենավերջում թույլ տվեք ձեզ ասել, որ Ադրբեջանում նստելով դուք չեք կարող օգնել: Որպես մոջահեդ եկեք այս երկիր [Սիրիա] եւ Ալլահը մեզ կօգնի մեր վերջնական հաղթանակի գործում»: 

2013թ. մայիսին «Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ-Անսարի» ադրբեջանական ջամաատի ամիրը՝ Աբու Յախյա ալ Ազերին անձամբ ադրբեջաներեն կոչով դիմեց մահմեդական հայրենակիցներին ջիհադին միանալու կոչով: Ի տարբերություն իր նախորդի, ով բավարարվել էր առանց խորը գաղափարական բացատրությունների հավատավոր ադրբեջանցիներին կոչ անելով, ամիրը դրա համար բերեց կրոնական հիմնավորումներ, որոնք մյուս ամիրներ են մեջբերել իրենց հայրենակիցներին դիմելիս: Իր ուղերձում նա ադրբեջանցի եղբայրներին հիշեցնում էր Շամում ջիհադի կարեւորության եւ մարգարեական նախախանամության մասին, փորձելով հերքել մահմեդականների շրջանում տարածված այն տեսակետները, թե «նրան այստեղ կռվում են փողի համար», «այստեղ նրանց Ամերիկան օգնում է» եւ այլն: «Մենք այստեղ չենք կռվում ո’չ Ամերիկայի, ո’չ Ռուսաստանի համար: Ալլահի ճանապարհով մեր պայքարը կայանում է բացառապես այս տարածքների վրա Նրա օրենքի հաստատման մեջ: Շատ եղբայրներ են եկել այստեղ իրենց ընտանիքներով, ջիհադ են կատարում, քույրեր են գալիս այստեղ իրենց երեխաների հետ միասին»: Այնուհետեւ ադրբեջանական ջամաատի ամիրը մեջբերում է մի հադիս, որտեղ Աբդուլլա իբն Խավալյան փոխանցում է, թե Ալլահի բանբերն ասել է. «Բանը կհասնի նրան, որ դուք կդառնաք հատընտիր զորքեր՝ զորք Շամում, զորք Եմենում եւ զորք Իրաքում»: Նա հիշեցրել էր Իբն Խավալյայի այն մարգարեւությունը, որտեղ ասվում է. «Օհ, Ալլահի բանբեր, ընտրիր իմ համար՝ եթե ես հայտնվեմ այդ ժամանակում»: Իսկ Ալլահի բանբերն էլ պատասխանում է. «Ուղեւորվիր Շամ, քանի որ իրավամբ Իր հողերից Ալլահն ընտրել է այդ հողը, եւ դրա համար Նա իր ստրուկներից ընտրում է լավագույններին: Եթե դուք չեք կամենում, ապա ուղեւորվեք ձեր Եմենը եւ ըմպեք ձեր աղբյուրներից: Իրավամբ, Ալլահն ինձ երաշիք է տվել Շամի ու նրա բնակիչների համար»: Ինչպես Աբու Յախյա ալ Ազերին է վերաշարադրում մարգարեւությունը՝ շեյխ Ալբանին հաստատել է հադիսի ճշմարտացիությունը. «Հակիմն ասում է՝ «իսնադ հադիսա-սախիխ» եւ դրա հետ համաձայնում է Զախաբին: Իսկ Րաբիան ասում է. «Ես լսեցի, թե ինչպես Աբու-Իդրիսն ասաց. «... իսկ նա, ում համար երաշխավորել է Ալլահը, նրան մահ չկա»»:  Աբու Յախյա ալ Ազերին մահմեդական հայրենակիցներին է փոխանցում նաեւ Աբդուլլա իբն Խավալյայի այս խոսքերը. «Օհ, Ալլահի բանբեր, նկարագիր ինձ այն երկիրը, որտեղ ես լինելու եմ: Եթե ես իմանայի, որ դու կմնաս, ապա ես չէի ընտրի [երկիրը, որտեղ ես եմ ապրում], որպեսզի քո կողքին լինեի»: Եւ Ալլահը ասում է. «գնա Շամ, գնա Շամ, գնա Շամ»:   

Իր ուղերձում սրբազան գրքերով ու մարգարեություններով հիմնավորելով մղվող կռիվը, Աբու Յախյա ալ Ազերին փաստորեն հիմնավորում է, թե ինչո՞ւ Սիրիա եւ ինչո՞ւ Շամ, որտեղ «Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ-Անսարը» եւ տասնյակներով ադրբեջանցիներ թեժ մարտեր են մղում Սիրիայի կառավարական ուժերի դեմ. «Մենք այստեղ մեր շարիաթական հանձնախումբն ունենք, բոլոր հարցերը լուծում են նրանց միջոցով: Նաեւ, մեր քաթիբում են աշխարհի տարբեր երկրներից մոջահեդներ: Ճանապարհը դեպի Սիրա բաց է, եկեք մեզ մոտ, մեր համար դուա կատարեք»,- կոչը եզրափակում է նա:   

Նույն շրջանում համանման կոչով իրենց երկրների մուսուլմաններին դիմեցին ահաբեկչական այդ խմբավորման այլ ամիրներ եւս: Այսպես. մայիսի 28-ին ուղերձով դիմեցին Ղրիմի ջամաատի ամիր Աբդուլքարիմը, ով ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվել էր, եւ ամիր Սեյֆուլլահը (բառացի նշանակում է՝ «Ալլահի թուր», իսկ իսլամական աշխարհում այն  տիտղոս է, ոը առաջինը տրվել է իսլամական զորավար Խալիդ իբն Վալիդին՝ Մուհամմեդ մարգարեի զինակցին, իսկ ներկայումս այն իսլամական պատվավոր կոչում է մուսուլմանների համար, ովքեր աչքի են ընկնում անհավատների դեմ իսլամի հաղթանակի գործում մարտական սխրանքի դեպքում): Վերջինս հավատացյալներին կոչ արեց «չվհատվել եւ չտխրել Ալլահի ճանապարհին» Ղրիմի ջամաատի ամիրի ստացած վերքից, քանի որ դա ընդամենը Բարձրյալի փորձությունն է. «Մեր եղբայր Աբդուլքարիմը վիրավոր է: Նա գործողություն է ղեկավարել բանտում: ԱլխամդուլիԼլյահ, որեւէ լուրջ բան նրա հետ տեղ չի ունեցել»,- պատմել էր ամիր ՍեյֆուԼլահը: Իսկ Ղրիմի ջամաատի ամիր Իբրահիմ Աբդուլքարիմն էլ վերքերի մեջ կարճ պաթետիկ կոչ էր արել. «Պետք է կռվել Ալլահի ճանապարհին, պետք է վեր բարձրացնել Ալլահի անունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես տուգուտը (կեղծ աստվածությունը) չի ցանկանում, որպեսզի այս հողի վրա շարիա լինի: ԻնշաաԼլահ, մենք կռվելու ենք Բարձրյալի ճանապարհին: Եկեք մեզ մոտ»:    

Հունիսի 7-ին կոչով Թուրքիայի մուսուլմաններին դիմեց նույն ամիր ՍեյֆուԼլահը. «Փառք Ալլահին, մենք Սիրայում ենք արդեն մի քանի ամիս շարունակ: Մենք դիմում ենք Թուրքիայի ժողովրդին: Օվ, մուսուլմաններ, մենք ձեզանից օգնություն ենք պահանջում հանուն Բարձրյալի: Խնդրում եմ, մի նստեք ձեռքներդ ծալած: Այսօր եկել է մուսուլմանական պետություն հաստատելու ժամանակը: Եթե մենք պարտություն կրենք այժմ, ապա այդ պարտությունը հավերժ կլինի: Իսկ եթե մենք հաղթենք, ապա այդ հաղթանակը հավերժ կլինի: Այստեղ սպանում են մուսուլմաններին, կտտանքների են ենթարկում նրանց, վերացնում են երեխաներին: Այստեղ, ինչպես գիտեք, 2 ամիս առաջ սպանեցին 800 մուսուլմանների, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց եւ երեխաների: Մինչեւ ե՞րբ պետք է հենց այնպես նստեք: Չենք հասկանում: Մենք դիմում ենք այն եղբայրներին, ովքեր անկեղծ են Բարձրյալի հետ: Այստեղ չկա այնպիսի ռազմական գործողություն, որոնց մենք չմիանանք: Այդ իսկ պատճառով, փառք Ալլահին, շատ ուղիներ արդեն բացվել են եւ վերանվաճված են շատ վայրեր: Օվ, մուսուլման եղբայրներ, թող Աստված ձեզ օգնի: Մի մոռացեք մեր մասին ձեր դուայում»: 

Նույն ուղերձում ամիր ՍեյֆուԼլյահը դիմեց ադրբեջանական ջամաատին. «ԱլխամդուլիԼլահ, այսօր մենք ջիհադ ենք կատարում Սիրայում: ԱլխամդուլիԼլահ, մենք վերանվաճել ենք այս հողերը Ալլահի թողտվությամբ եւ Նա մեզ նվիրել է այս հողերը: Ահա սրանք այն վայրերն են, որ դուք տեսնում եք: Առջեւում դեռեւս կա բանտը եւ մեր մտադրությունն է այդ վայրի գրավումն է: Այնտեղ գտնվում են գերյալ մահմեդականներ, եւ ինչպես ասում են ոմանք, նրանց թիվը հասնում է մինչեւ 7500-ի: Այդ բանտարկայլներին մենք նույնպես կազատագրենք, ինշաԼլահ: Իսկ թե ո՞վ եւ ինչի՞ համար է բռնվել, կդատենք Շարիայի օրենքներով, ինշաԼլյահ: Փառք Ալլահին, մեր մտադրությունն է կռվել այն բանի համար, որպեսզի Ալլահի խոսքը վեր լինի ամեն ինչից, իսկ անհավատների խոսքը՝ իջեցնել: Թող Ալլահ բարաքաթ տա բոլոր մոջահեդներին, ովքեր մարտի են դուրս եկել, եւ նրանց հաղթանակ տա»:  

Հուլիսի սկզբում մահմեդական եղբայրներին նոր տեսաուղերձով դիմեցին «Կովկասի էմիրաթների» ջամաատների ամիրները՝ հերթական անգամ հիշեցնելով Սիրայում մուսուլմանների վիճակի ու ջիհադի կարեւորության մասին, ամոթանք տալով անտարբեր մնացող մահմեդականներին եւ կոչ անելով ռամադանին ընդառաջ, Ալլահի հրամանով միանալ ջիհադին, գլխատել-մորթել կաֆիրներին (անհավատներին), օգնել իրենց ու Շամին եւ հաստատել Սիրական խալիֆաթ, այլապե ուշ կլինի, ինչպես նաեւ՝ կատարել Ալլահի կամքը, որտեղ առաջին տեղում ոչ թե իսլամի մասին գիտելիքի կարիքն է, այլեւ ջիհադը՝ իսլամի բարձրագույն աստիճանը, եւ Ալլահի առջեւ պարտքը կատարելը կամ դրան նյութապես օգնելը: 

Վերոնշյալ ուղերձների մեջբերումն էական է ցույց տալու համար, թե ադրբեջանցիների, հյուսիսկովկացիների հավաքագրման գործընթացում ինչպես է խաղարկվում «հողերի ազատագրման» գաղափարը, որը, օրինակ, Ադրբեջանում տասնամյակներով պետական քարոզչությամբ սերմանվում ու սնուցվում է «Ադրբեջանի բնիկ հողերը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի» վերանվաճման, կամ Ղրմում ու Հյուսիսային Կովկասում՝ անկախացման եւ ռուսական լծից ազատագրման համատեքստում: «Հողի պաշտամունքը» էական տեղ է զբաղեցնում հավաքագրման մեխանիզմում եւ պատահական չէ հենց այդ տարածաշրջաններից մոջահեդների թվի բազմապատկումը տարվա ընթացքում: Առավել եւս, երբ նրանց խմբավորումները ռազմական գործողություններ էին վարում Լաթակիայի, Հալեպի պրովինցիաներում, որտեղ բնակվող հայ, ալեւի եւ այլ «անհավատ» փոքրամասնությունները ոչ միայն պաշտպանում էին Ասադի վարչախմբին, այլեւ հարմար թիրախ էին վրեժխնդրության, անհավատներին վերացնելու միջոցով շահիդ դառնալու ու հերոսանալու համար:    

Պատահական չէ նաեւ, որ հենց 2013-ի սկսյալ ուժգնացավ սիրիական քաղաքացիական պատերազմի կրոնական ասպեկտը: Դրա վկայությունը ոչ միայն 2013-ի գարնանն ու ամռանը հնչած ուղերձներն էին ընդդեմ «անհավատների», այլեւ քրիստոնյաների ու այլ կրոնական ուղղությունների դավանողների կատարյալ ջարդերը Սիրիայում, քրիստոնեական, այդ թվում՝ հայկական եկեղեցիների վրա արյունալի հարձակումները: Իսկ ահաբեկչական այդ խմբավորման զորավարը՝ ամիր ՍեյֆուԼլյահը դա չէր էլ թաքցրել իր հունիսյան ուղերձում. «Մենք Ալլահի թողտվությամբ ոչնչացնում ենք նրանց, ովքեր կռվում են Նրա կրոնի դեմ: Մի մոռացեք մեզ համար դուա կատարել: Եւ հանուն Բարձրյալի մենք կշարունակենք մեր ջիհադը մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ Ալլահի խոսքը չի իշխի եւ կաֆիրը (անհավատը) չի անհայտանա երկրի երեսից, ԻնշաաԼլահ: Մենք, մուսուլմաններս, այստեղ ենք եկել, որպեսզի հռչակենք Ալլահի Խոսքը: Եւ քանի դեռ դա չի լինի, կռիվը կշարունակվի քրիստոնյաների, հուդայականների, մուշրիկների, մուրտադների դեմ: Մենք ոչ մեկից չենք վախենում, բացի Ալլահից, բիիզնիԼլահ: Նրանք, ովքեր դուրս կգան մեր կրոնի դեմ եւ կկռվեն մեր դեմ, պետք է անհայտանան: Մենք այստեղ ենք եկել շահիդի մահ ստանալու, այլ ոչ թե դրանից խուսափելու: Արդեն քանի տարի է մենք ապրում ենք առանց խալիֆաթի: Այժմ եկել է ժամանակը վերադարձնելու այդ ամենը: Եւ մահմեդականների համար եկել է ժամանակը արթանանալու եւ օգնելու միմյանց: Դա մեկ դրոշի ներքո հավաքվելու ժամանակն է: Այսօր եկել է սթափ վիճակով մահմեդականների միավորվելու ժամանակը: Մենք ոչ մեկից չենք վախենում, բացի Ալլահը: Եւ թող անհավատները գան մեզ սպանելու: Մենք տեղից էլ իրենց ենք փնտրում, ինշԱԼԼԱՀ: Եկել է խալիֆաթի ժամանակը: Մահմեդականների միավորման ժամանակն է: Մահմեդականներ, մինչեւ ե՞րբ եք ձեռքներդ ծալած նստելու: Հայտարարելով, որ ջիհադն այստեղ է Ֆարդ-կիֆայա ֆարդ ուլ-այն, մի’ տրվեք պառակտումներին, մահմեդականներ: Արթնացե’ք, արթնացե’ք: Եկել է Շարիա հաստատելու ժամանակը: Հետեւաբար, արթնացեք, մահմեդականներ»:     

2013թ.ապրիլից մինչեւ տարեվերջ այսպիսի կոչերի արդյունքները տեսանելի են. եթե տարվա կեսին խոսք էր գնում շուրջ 100 ադրբեջանցիների, ապա տարեվերջին՝ արդեն հարյուրների մասին: Ինչպես վերհանեցինք, անշուշտ, ադրբեջանցի ու այլ ազգի գրոհայինների շարքերում առկա են նաեւ վարձկաններ՝ վարձավճարի դիմաց կռվողներ: Սակայն, «հավատավոր մոջահեդների» առկայությունը նույնպես փաստ է եւ առավել մտահոգող ու վտանգավոր, ինչում բազմիցս համոզվեցինք 2013թ. ընթացքում ԱՄՆ-ում, Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ: Եւ եթե Հայաստանը դեռեւս բարեբախտաբար ուղղակիորեն չի բախվել ահաբեկչական ցանցերում ադրբեջանցիների ներգրավվածության վտանգին, ապա դա ամենեւին չի նշանակում, թե այդպիսի վտանգ ապագայում չի կարող լինել... Ըստ այդմ, ի՞նչ նպատակներ է հետապնդում Ալիեւի վարչախումբը ակնհայտորեն նպաստելով ահաբեկչական կազմակերպություններում ադրբեջանցիների ներգրավվածութան աճին...    

Շարունակելի   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter