Կիրակի, 23 սեպտեմբերի

«Իմ ծննդյան օրն է, բայց ես ուրախ չեմ». Շահեն Հարությունյան



«Հետքը» զրուցել է Շանթ Հարությունյանի որդու`Շահեն Հարությունյանի հետ` մոր` Ռուզաննա Բադալյանի թույլտվությամբ 

-Շահեն, կպատմե՞ս քո մանկական հիշողությունների մասին: Հայրիկին ինչպե՞ս ես հիշում: Խաղո՞ւմ էր քեզ հետ:   

-Պապայի հետ հիշում եմ, որ շաշկի ու շախմատ էինք խաղում, տղայական խաղեր, գզվում էինք խալու վրա: Ֆուտբոլ շատ ենք սիրում երկուսս էլ, պապայի հետ բակում` դաշտում ֆուտբոլ էինք խաղում: Բայց այդ բոլոր խաղերը այնքան քիչ էին լինում: Իսկ երբ լինում էին, իմ ուրախության, երջանկության պահերն էին: Նեղանում էի, որ քիչ էր խաղում հետս: Բայց հիմա եմ հասկանում, թե ինչու էր պապան միշտ մտահոգ, մտազբաղ: Հիմա էլ չեմ նեղանում, գիտակցում եմ, որ Հայաստանի ճակատագրով էր մտահոգ:   

-Կա՞ մի բան, որ մանկական հիշողություններում ամենավառն է տպավորվել: 

-Լավ հիշում եմ` 7-8 տարեկան էի, պապան «Խորհրդավոր կղզի» վեպն էր ցույց տալիս ինձ ու ասում. «Շահեն ջան, Մուկ ջան, կարդա այս գիրքը, շատ գիրք կարդա»: Մայրիկս ու հորաքույրս էլ միջամտում էին, թե Շահենը դեռ փոքր է այդ մեծ վեպը կարդալու համար: Պապան միշտ ձգտել է, որ շատ կարդամ, գրագետ, ազնիվ, արժանապատիվ քաղաքացի դառնամ: Հա, ինձ սիրում էր Մուկ ասել: 

-Երբ փոքր էիր, ի՞նչ էիր երազում դառնալ, պահպանե՞լ ես մանկական երազանքդ: 

-Հիշում եմ` երբ փոքր էի, ինձ շատ էին հարցնում` ինչ ես ուզում դառնալ: Ես էլ լուրջ-լուրջ միշտ պատասխանում էի` արտգործնախարար: Այդ տարիներին Վարդան Օսկանյանն էր արտգործնախարարը: Չգիտեմ` ինչու` նրա տեղում էի ինձ պատկերացնում: Իսկ այժմ երազում եմ ֆուտբոլիստ դառնալ: Թեպետ ոտքի վիրահատություն եմ տարել, բայց, միևնույն է, երազում եմ պրոֆեսիոնալ մեծ ֆուտբոլի մասին: Պարապում եմ առաջին դասարանից: Հիմա սովորում եմ նաև ֆիզիկամաթեմատիկական թեքումով դասարանում: 

-Հիմա նոր ընկերներ ունես` քեզանից ավելի մեծ` ակտիվիստ ընկերներ: Պայքարում ես Շանթ Հարությունյանի ազատության համար: Թռուցիկներ բաժանելիս քո նկատմամբ բռնություն էր կիրառվել: Չե՞ս վախենում: 

-Վախենում եմ ֆուտբոլի համար, բայց պապայի ազտությունն ինձ համար հիմա ամենակարևորն է: Մամայիս հետ օրեր առաջ գնացինք ոստիկանություն, անչափահասների բաժին: Այնտեղ իմ անունով քարտ բացեցին, այսպես ասած` հաշվառման են ուզում վերցնել ինձ, ասում էին, որ պիտի ինչ-որ մասնագետներ զբաղվեն ինձնով, որ ես դեռ անչափահաս եմ և թռուցիկներով, պայքարով զբաղվելու իրավունք չունեմ: Բայց ես էլ, մաման էլ պատասխանեցինք, որ մեր պայքարը Շանթի և մյուսների ազատության համար է: Ես շարունակելու եմ նրանց ազատության համար պայքարել:  

-Իսկ Շանթ Հարությունյանի պայքարն ինչի՞ համար է, ինչպե՞ս ես պատկերացնում: 

-Իմ հայրը պայքարում է արժեքների համար: Այդ արժեքներն են արժանապատվությունն ու ազատությունը: Նա մանկուց իմ մեջ հենց այդ արժեքներն է սերմանել: Ասում էր, որ ինչպես քաղաքացին պիտի ազատ ու արժանապատիվ լինի, այնպես էլ պետությունը, որտեղ ապրում է հասարակությունը: 

-Ինչքա՞ն ժամանակ է չես տեսել հայրիկիդ: 

-Նոյեմբերի 5-ից հետո մենք նրան չենք տեսել, արգելված են նաև զանգերը: Նրա առողջության մասին լուրեր ստանում ենք փաստաբանից ու մամուլից:  

-Այսօր քո ծննդյան օրն է, դառնում ես 15 տարեկան: Ինչպե՞ս ես նշելու, ինչպես մի՞շտ: Ի՞նչ երազանք ես պահելու տորթի մոմերը փչելիս:  

-Միշտ, ամեն տարի նշել ենք ընտանիքով, ընկերներով, հարազատներով: Ես երջանիկ ու ուրախ եմ եղել իմ ծննդյան օրերին: Այսօր էլ եմ երջանիկ, որ ծնողներս հենց այսպիսին են ու կամ, բայց ուրախ չեմ. պապան մեր կողքին չէ: Երևի ոչինչ էլ չեմ ձեռնարկի: Բայց երեկոյան հարազատներս ինձ անակնկալ արեցին. բերեցին մի տորթ` վրան սիրուն գրված «Ազատություն քաղբանտարկյալներին»:  Երազանքս հենց դա է, որ Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ: Իսկ երբ մեր երկրում, մեր բանտերում քաղբանտարկյալներ չլինեն, երբ պապան էլ կողքիս լինի, ուրախ ծննդյան տոներ կլինեն, ես էլ հանգիստ կզբաղվեմ միայն ֆուտբոլով: Մի խնդրանք ունեմ, այսօր նաև քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանի ծննդյան օրն է: Կոչ եմ անում, որ քաղաքացիները շնորհավորական բացիկներով ողողեն «Նուբարաշենի» բանտը: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ