HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ալկոհոլային լոբբինգն ակտիվացել է

Ալկոհոլային լոբբինգ

Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնություն են ցուցաբերել՝ հեռուստատեսությամբ ալկոհոլի գովազդը թույլատրելու մասին: Նախաձեռնության հեղինակներն են ՀՀԿ խմբակցության անդամներ՝ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արթուր Գևորգյանը, ինչպես նաև՝ Էդմոն Մարուքյանը: Նախագծի նախաձեռնողներն են Արման Սահակյանն ու Սամվել Ֆարմանյանը: Այդ եզրակացությանն ենք գալիս, քանի որ ՀՀ կառավարության կայքում տեղակայված նամակի պատճեում մյուսների անուններն ավելացված են գրիչով։

Հիշեցնենք, որ Արման Սահակյանը ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ընկերության նախագահն է, ինչպես նաև՝ սիգարետի ներմուծմամբ զբաղվող «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերության նախագահը (2008-12 թ.թ. այդ ընկերությունը Philip Morris International-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն էր): Իսկ Սամվել Ֆարմանյանը ներկայացնում է մեդիա դաշտը (ներկայացնում է մեդիախմբերից մեկի շահերը): Այսպիսով՝ մենք գործ ունենք ալկոհոլային բիզնեսի ու մեդիայի համատեղ լոբբինգի դասական տարբերակի հետ:

Պատգամավորներն առաջարկում են հետևյալը: Թույլատրել թունդ ալկոհոլի (20% և ավելի սպիրտի պարունակությամբ) գովազդը հեռուստատեսությամբ երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան ժամը 6:00-ն: Սա հիմնավորվում է նրանով, որ այդ ժամերին անչափահասները հեռուստացույց չեն դիտում, իսկ ճգնաժամի մեջ հայտնված հեռուստատեսային ընկերությունները լրացուցիչ 1 մլրդ դրամի գովազդային պատվերներ կստանան:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ թունդ ալկոհոլային խմիչքներից հեռուստատեսությամբ թույլատրվում է միայն կոնյակի գովազդը, դա էլ արված է կոնյակի տեղական արտադրությունը խթանելու համար: Սակայն թունդ ալկոհոլի գովազդը թույլատրված է տպագիր մամուլով (բացառությամբ առաջին ու վերջին էջի, իսկ ամսագրերում՝ նաև կազմի վրա):

Ալկոհոլի գովազդի սահմանափակումներն այլ երկրներում

Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում ալկոհոլի նկատմամբ սահմանափակումներն այնքան էլ մեծ չեն: Բազմաթիվ երկրներում ընդհանրապես արգելված են բոլոր տեսակի գովազդները, իսկ շատերը ընթանում են այդ ճանապարհով: 2013 թ. հունվարի 1-ից Ռուսաստանն ընդհանրապես արգելել է բոլոր տեսակի ալկոհոլի (անգամ՝ գարեջրի) գովազդը նույնիսկ տպագիր մամուլում, իսկ էլեկտրոնային մամուլում լրիվ արգելվել է թունդ ալկոհոլի գովազդը: Թուրքիայում մի օրենք են ընդունել, որով շուտով  կստիպեն հեռուստաընկերություններին՝ ֆիլմերից հանել այն կադրերը, որտեղ ալկոհոլի օգտագործումը դրական լույսի ներքո է: Հյուսիսային Եվրոպայի երկրներում ալկոհոլի վաճառքը իրականացվում է միայն պետության միջոցով (Իսլանդիա, Սկանդինավյան երկրներ): Ալկոհոլային գովազդի սահմանափակումների են գնում անգամ հարավային Եվրոպայի երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, որտեղ լիովին արգելել են թունդ ալկոհոլի հեռուստատեսային գովազդը: Հիմա Ֆրանսիայում քայլեր են իրականացվում նաև ոչ թունդ ալկոհոլի (առաջին հերթին՝ գինու) գովազդի սահմանափակման ուղղությամբ: Ալկոհոլային գովազդի մասնակի արգելքներ գործում են Ուկրաինայում (երեկոյան 23:00-ից հետո), Մեծ Բրիտանիայում (ընդհակառակը՝ արգելվում է գովազդել 21:00-ից հետո); Գերմանիայում ալկոհոլային գովազդը թույլատրվում է միայն սպոնսորության միջոցով: Ալկոհոլային գովազդին լոյալ են վերաբերում  միայն ԱՄՆ-ում, քանի որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ալկոհոլի գովազդի և օգտագործման միջև ուղղակի կապ չկա:

Բացի այդ՝ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունն ընդունել է մի շարք որոշումներ, որով անդամ երկրները պարտավորվում են նվազեցնել ալկոհոլի վնասակար ազդեցությունը և դերը ոչ վարակիչ հիվանդությունների տարածման գործում: Համարվում է, որ ալկոհոլը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների տարածմանը, բռնությունների ու ճանապարհատրանսպորտային պատահարների աճին: Դրա վրա հիմնվելով էլ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորների օրենսդրական եզրակացությանը: Սակայն, անսպասելիորեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 9-ի կառավարության նիստում պաշտպանեց պատգամավորների առաջարկությունը:

Ալկոհոլի գովազդի դրական ու բացասական կողմերը

Փորձը ցույց է տալիս, որ ալկոհոլի կտրուկ, չհիմնավորված  սահմանափակումները նպաստում են ալկոհոլի ստվերային շրջանառության աճին, թմրամիջոցների տարածմանը: Բժշկությունը դեռ չի ապացուցել, որ չափավոր քանակով ալկոհոլի օգտագործումը վնաս է մարդու առողջությանը (կան նաև տեսակետներ, որ ընդհակառակը՝ դա օգտակար է): Սակայն, այնուամենայնիվ, ալկոհոլի գովազդից վնասներն ավելի շատ են, քան օգուտները: Բանն այն է, որ խանութներում վաճառվող ոչ բոլոր ալկոհոլային խմիչքներն են բարձրորակ, իսկ գովազդատուն հիմնականում կենտրոնանում է խմիչքի արտաքին նշանների վրա (շիշ, բրենդ, պիտակ և այլն): Մենք Հայաստանում այդպիսի օրինակներ ունենք, երբ մեծ թափով գովազդվել է անորակ ալկոհոլային խմիչքը: Հայաստանում բարձրորակ օղիների արտադրությունը մինչ հիմա էլ խնդրահարույց է, իսկ ցածրորակ օղիների գովազդն ուղղակի ցանկալի չէ: Բացի այդ՝ Հայաստանն այն երկրներից է, որտեղ կեղծ ալկոհոլային խմիչքները տարածված են, իսկ դրանց դեմ պայքարը շատ ցածր մակարդակի վրա է: Հայաստան մեծ քանակությամբ ներկրվում են Ռուսաստանում շշալցված կեղծ օղիներ, իսկ սուպերմարկետներում անարգել վաճառվում են ցածրորակ, էժանագին ու արտասահմանյան ապրանքային նշաններին նմանակած օղիներ: Պատկերացրեք մի անոմալ վիճակ, երբ հեռուստատեսությունները սկսում են գովազդել կեղծ օղիները: Կարծում եմ՝ այս պահին կառավարության համար առաջնահերթ է այս ոլորտում կարգուկանոն մտցնել, իսկ եթե դա անհնար է՝ ավելի լավ է ձեռնպահ մնալ սահմանափակումների թուլացման քաղաքականությունից:

Մեկնաբանություններ (2)

Ani
Բա Վարչապետն ազգին խմցնի, որ իր արարքները քիչ ըմբռնեն մարդիկ... Իբր լավ վիճակում էր ազգս, հիմա էլ շատանան ալկոհոլիկները...
Lolita
Lfiki araxnery reklameq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter